Ներկայացնում ենք ականաւոր քպ-ական Ալէն Վանիչկայի Աղազարեանի՝ Հայաստանի հասարակաց հեռուստատեսութեանը տուած բացառիկ հարցազրոյցի սղագրութիւնը․
-Պարոն Աղազարեան, մեծ աղմուկ է բարձրացել ձեր տիրոջ կողմից վերջերս արտայայտած միտքը՝ ընտրութիւն կատարել Արարատի և Արագածի միջև։ Խնդրում եմ ասել՝ այդ հարցը նախապէս քպ-ի խորհրդում քննարկուած եղե՞լ և արժանացե՞լ է հայվանութեան։ Եթէ ո՛չ, ապա դուք անձամբ ինչպէ՞ս եք վերաբերուում նման մօտեցմանը։
-Միանգամից ասեմ, որ նման հարց քպ խորհրդի նիստում չի քննարկուել։ Վերջին քպ նիստում քննարկուել է միայն ՏԻՄ ընտրութիւններում մեր յաղթանակների և սպասուելիք յաղթանակների մասին։ Մեր տէրը մեզ հաւաստիացրեց, որ հանգիստ լինենք և որ ինքը թոյլ չի տա որևէ համայնքում, բուհում, այլ կառոյցում ոչ քպ-ականի յայտնուելը, իսկ դիմադրողները կյայտնուեն բանտում։ Ինչ վերաբերում է տիրոջ վերջերս յայտնած Արարատի և Արագածի միջև ընտրութեան մասին խօսքին, ապա այն բոլորիս համար և՛ անսպասելի էր, և՛ միաժամանակ 100%-ով ընդունելի։
-Այսինքն ինչպէ՞ս բոլորի, պարոն Աղազարեան։
-Այո՛, բոլորիս․ այդպէս էլ չհասկացաք, որ երբ ասում ենք քպ, հասկանում ենք Նիկոլ Փաշինեան, երբ ասում ենք Նիկոլ Փաշինեան, հասկանում ենք քպ։ Այո՛, մեր տիրոջը հաւատարիմ ծառայելն է մեր առաքելութիւնը, իսկ մենք մեր նպատակը տեսնում ենք մեր ընտանիքների բարեկեցութիւնը, մեր երեխաների ապագան ապահովելու մէջ։
-Հասկանալի է, պարոն Ալէն Վանիչկայի, ամեն մարդ ձգտում է հասնել իր ընտանիքի բարեկեցութեանը, բայց արդեօ՞ք ամեն գնով՝ մոռանալով սկզբունքներ, արժանապատուութիւն, հայրենիք։
-Այդ ի՞նչ յիմար հարցեր եք տալիս։ Ի՞նչ սկզբունք, ի՛նչ արժանապատուութիւն, ի՛նչ հայրենիք։ Թքած ունենանք, այդ այսպէս կոչուած, արժէքների վրայ։ Մինչև հիմա չէ՞ք հասկացել, որ Ղարաբաղ, Սիւնիք, տօ՛ հենց՝ Հայաստան, էդ բոլորի, նաև մեր հայրենակիցների վրայ թքած ունենանք, որն էլ արդեն ապացուցել եմ։ Մենք մեր տիրոջ առջև ծնկաչոք երդում ենք կերել՝ մոռանալ բոլորին, ամեն ինչ, նոյնիսկ մեր ծնողներին և հաւատարիմ ծառայել մեր տիրոջը, փոխարէնը ստանալ ամեն ինչ՝ փող, առանձնատուն, պաշտօն, արտասահմանեան շրջագայութիւններ, վայելքներ։
-Քանի որ խօսեցիք երեխաների ապագայի մասին, յուսով եմ, արդեն այն ինչ-որ չափով ապահովուած է։ Կարծում եմ, ինչպէս շատ քպ-ականներ, այնպէս էլ նրանց որդիներն ազատուած են բանակում ծառայելուց։
-Մի կարծէք, այլ համոզուած եղէք։ Այդ էր պակաս, որ մեր տղաները գնան կանգնեն, առայժմ, մեզ թշնամի ադրբեջանցիների առաջ։ Դրա համար կան անապահով ընտանիքների զաւակներ, նաև ընդդիմադիր գործիչներ և նրանց տղաներ։
-Պարզ է, պարոն Աղազարեան, իսկ ձեր և մեր տիրոջ կողմից այդ Արարատի և Արագածի միջև ընտրութիւն կատարելու խօսքից յետոյ քննարկումներ եղե՞լ են յաջորդ քայլերի վերաբերեալ։
-Քննարկումներ՝ ոչ, բոլորս մեր տիրոջը մեր հիացմունքն ենք յայտնել նրա հերթական իմաստուն խօսքերի համար և նա յատուկ յանձնարարականներ է տուել այդ ընտրութիւնն առարկայացնելու համար։
-Եւ ինչպիսի՞ն են այդ յանձնարարականները։
-Կարճ ասեմ, վերացնել Արարատ անվանումը Հայաստանի բոլոր խորհրդանիշներից՝ դրանք փոխարինելով Արագած անուանումով և ընդհանրապէս հայ ժողովրդի յիշողութիւնից ջնջել Արարատ, Մասիս անունները։
-Պարոն Աղազարեան, այդ նախաձեռնութիւնը որքանո՞վ է իրատեսական։ Չէ՞ որ Արարատ լեռն առկայ է Հայաստանի զինանշանի վրայ, որն էլ ամրագրուած է Սահմանադրութեամբ։
-Հենց դա է նախկիններից մնացած ամենամեծ չարիքը, որը հիմնական խոչընդոտներից է հայ-թուրքական բարիդրացիական համայարաբերութիւնի ստեղծման և զարգացման համար։ Մեր տէրն արդեն յանձնարարել է սահմանադրական յանձնաժողովի անդամներին փոխել այդ չարաբաստիկ յօդուածը։ Բայց, քանի որ այն կարող է ուշանալ, շուտով ԱԺ-ում այդ հարցի լուծումը կտրուի։
-Այսինքն, առանց հանրաքուէ՞։
-Հա՛, հա՛, հա՛, իհարկէ, մոռացե՞լ եք, թէ Սահմանադրական դատարանի օրէնքն ինչպէս փոխեցինք։ Թող ընդդիմութիւնը դիմի ՍԴ, հա՛, հա՛, հա՛, արդեն ՍԴ-ն մերն է, ներեցէք՝ մեր տիրոջը։
-Կարելի՞ է իմանալ՝ էլ ինչպիսի փոփոխութիւններ են սպասուում։
-Խնդրեմ, Արարատեան դաշտը կվերանուանուի Արագածեան դաշտ, Արարատի մարզն ու Արարատ քաղաքը, համապատասխանաբար՝ Դավալուի մարզ և Դավալու քաղաք։ Այս անուանափոխումը կնպաստի նաև հայ-ադրբեջանական բարեկամութեան և խաղաղութեան հաստատմանը։ Արարատ ֆուտբոլային թիմը՝ Արագած, և այդպէս շարունակ։
-Իսկ «Արարատ» կոնյա՞կը։
-Այն այլևս կկոչուի հայկական բրենդի։
-Իսկ պարոն Աղազարեան, ինչպէ՞ս եք վարուելու հայ դասական գրականութեան մէջ Արարատ, Մասիս անուանումների հետ։
-Որտեղ հնարաւոր է Արարատ անվանումը կփոխարինուի Արագածով, իսկ անհնարինութեան դէպքում նման ստեղծագործութիւնները կարգելուեն և կոչնչացուեն։ Արդեն ԿԳՄՍ նախարարութիւնն արգելել է դպրոցներում, բուհերում հայ ժողովրդին փչացնող, ազգային մտածողութիւն, արժանապատուութիւն սերմանող հեղինակներ՝ Միքայէլ Նալբանդեան, Ռափայէլ Պատկանեան, Րաֆֆի, Յովհաննէս Շիրազ, Պարոյր Սևակ, նոյնիսկ՝ անունները տալ։
-Իսկ Տերեա՞ն․ «Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն,
այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն»։
Չարե՞նց․ «Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ․
Ինչպէս անհաս փառքի ճամփայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»
-Մեր կողմից նշանակուած գրականագէտները պարզել են, որ Խաչատուր Աբովեանը Ֆրիդրիխ Պարրոտի հետ բարձրացել է ոչ թէ Արարատի, այլ Արագածի գագաթը, Վահան Տերեանը նկատի է ունեցել Արագած լեռը, իսկ Չարենցի այդ անտաղանդ բանաստեղծութիւնը կարգելուի։
-Եվ վերջին հարցը, պարոն Աղազարեան, իսկ Արարատ Միրզոեա՞նը․․․
-Ոչ թէ Արարատ, այլ Աղրիդաղ Միրզոեան։
-Շնորհակալութիւն, սիրելի պարոն Ալէն Վանիչկայի Աղազարեան, ձեզ ցանկանում ենք միայն ու միայն հաջողութիւններ, բոլոր նախաձեռնութիւններում։
Հարցազրոյցը վարեց Ղազար Թաթուլեանը
«Հարցազրոյցը սղագրեց» Աւետիք Իշխանեանը
Հիմնական աղբիւրը՝ www.7or.am