2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո հայերը ստիպված են դիմակայել նոր իրողությունների, գրում է blankspot.se-ը՝ արցախյան թեմայի շուրջ իր շարքի չորրորդ մասում։
Ռեպորտաժի հեղինակ Ռասմուս Կանբեկը վերլուծում է Հայաստանի նոր սահմանամերձ գոտու հետևանքները: Հեղինակի թույլատրությամբ այն ներկայացնում ենք թարգմանաբար՝ որոշ բացատրական հավելումներով։ Նշենք, որ այն առաջին անգամ հրապարակվել է շվեդական Բլանքսփոթ պարբերականում։
—
Ճանապարհը սարահարթից իջնում է ձորը։ Նախ հայկական անցակետն է, հետո՝ ռուսականը, կամրջի մյուս կողմում, իսկ վերևում՝ ադրբեջանականն է։
Լաչինի միջանցքն է։
Դեկտեմբերի 12-ից՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման սկսվելուց ի վեր ոչ մի օտարերկրյա լրագրողի թույլ չի տրվել այս ճանապարհով առաջանալ: Անվտանգության ստորաբաժանման մեզ ուղեկցող երկու հայ երիտասարդ զինծառայողները լարված տեսք ունեն։
«Չնկարե՛լ: Պայման է։ Պա՞րզ է»,- ասում է վերադսի տեսք ունեցողը։
Գլխով հաստատության նշան եմ տալիս։
Ասում է, որ շուտով ծառայությունն ավարտում է։ Մնացել է երկու ամիս, այնուհետև կսկսվի ուսումը՝ համալսարանում։ Երկու տարի առաջ այս ճանապարհով ես հասա Լեռնային Ղարաբաղ՝ թերևս որպես վերջին արտասահմանյան լրագրողը։
Այսօր կարող եմ միայն բնապատկերին նայել։ Սև «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա հայկական կողմից իջնում է դեպի ռուսական անցակետ. կանգ է առնում այնքան ժամանակ, մինչև որ իրեն թույլ են տալիս առաջ շարժվել։
Այն անհետանում է Լեռնային Ղարաբաղի լեռնագագաթների միջև թանձրացող ամպերում։ «Սև լեռների այգի» կամ պարզապես «Սև այգի» անվանումը, որը նշանակում է Լեռնային Ղարաբաղ, երեք տարբեր լեզուների միաձուլում է, որ հենց արտացոլում է այս սարերի տեսարանը։
Մեքենայով ավելի քան մեկ ժամ ճանապարհի հատվածը անցնում է Շուշի (ադրբեջաներեն Շուշա) քաղաքի մոտով։ Շրջադարձին, հենց այն սարահարթի տակ, որի վրա նստած է քաղաքը, այնքան մոտ եք հայտնվում ադրբեջանական զորամասերին, որ կարող եք ուղիղ նայել իրենց զինված զինվորների աչքերին։
Ճանապարհորդի և ադրբեջանցի զինվորների միջև միայն ռուս խաղաղապահներն են։
Այդպես էր մինչև դեկտեմբերի 12-ը։
Ապա ճանապարհը փակեցին ադրբեջանցի բնապահպան ակտիվիստները։ Համենայն դեպս, իրենք իրենց այդպես են անվանում։ Ավելի քան 125 օր շրջափակումից հետո, որը Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց անօրինական, շատ քչերը, բացառությամբ ադրբեջանական ռեժիմի, դեռ շարունակում են պնդել, որ այսպես կոչված էկոակտիվիստներն իրոք բնապահպան են:
Մասնավորապես, այժմ արդեն հայտնի է, որ ակտիվիստներից շատերը բուհերում հավաքագրված ուսանողներ են։ Ասում են՝ ուսանողներին խոստանում են քննություններ դրական հանձնում, բնակարան ու սնունդ՝ մի քանի օր ճանապարհ փակելու համար։
Նաև նախագահ Իլհամ Ալիևը գովել է նրանց։ Դեռ ավելին, շրջափակման ժամանակ նկարահանված բազմաթիվ ֆիլմեր ցույց են տալիս, որ ակտիվիստների համար էլ բնորոշ է ադրբեջանական բանակին գովեստի երգեր երգելը։
Ճանապարհի վերջում այն վայրն է, ուր 120.000 հայ է ապրում, և այն կարելի է համարել աշխարհի ամենամեկուսացված բնակավայրերից մեկը։
Ադրբեջանից բխող ատելություն հրահրելու հռետորաբանությունը գնալով ավելի է այլասերվում։ Մարտի 19-ին՝ Նովրուզի տոնին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի միակ պայմանն այն է, որ Հայաստանը պետք է կատարի ադրբեջանական բոլոր պայմանները, հակառակ դեպքում Հայաստանը խաղաղ կյանք չի ունենա։
Նմանատիպ հաղորդագրություններ են տարածում ադրբեջանական ռեժիմին հավատարիմ լրատվամիջոցները և սոցիալական ցանցերում լրատվական պորտալները։ Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող caliber.az, ռեժիմի համար հարմար տեղեկատվական ռեսուրսը, նախ պնդում է, որ Հայաստան ներխուժումը տեղի է ունենալու Նովրուզից առաջ, հետո՝ տոնի ընթացքում և վերջապես՝ դրանից հետո։
Նովրուզն անցավ, այդպես չեղավ։ Բայց և այնպես․․․
Համենայն դեպս ոչ ավելի, քան սահմանների երկայնքով տեղի ունեցող փոխհրաձգությունները։ Հաղորդվում է, որ հայ զինվոր է սպանվել Երասխում՝ Երևանից հարավ, մեքենայի 45 րոպե ճանապարհի վրա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այդ մասին գրում է նաև caliber.az-ը։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն լռում է։
Հայ վերլուծաբան Սոսի Թաթիկյանը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմավարությունն անվանում է «սողացող անեքսիա», իսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմավարությունը՝ «սողացող էթնիկ զտումներ»։
Սահմանների այս դանդաղ շարժումը հիշեցնում է Ռուսաստանի պահվածքը Հարավային Օսիայում (Վրաստան), որտեղ օգտագործվում է նմանատիպ «սողացող սահմաններ» տերմինը։
Գիշերվա ընթացքում ռուսական զորքերը տեղափոխում են սահմանային պատնեշներ, ինչի արդյունքում տները գտնվում են կողմերի գրավված սահմանների երկու կողմերում։
Նմանապես, Ադրբեջանի ռազմական շարժումները և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Հայաստանում հանգեցնում են նրան, որ Ադրբեջանը վերահսկում է սահմանամերձ շրջանները՝ առանց հայերի գործողությունների հնարավորության, հատկապես Լեռնային Ղարաբաղում, որտեղ ռազմական առճակատումը հեշտությամբ կարող է կործանարար դառնալ:
Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո դանակ է դրել Հայաստանի կոկորդին, մի դանակ, որն Ադրբեջանը, ինչպես արդեն ապացուցեց, որ պատրաստ է գործի դնել։ Դրա վկայությունն էր անցյալ սեպտեմբերի 12-14-ը Հայաստան ներխուժումը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին։
ԵՄ հանձնաժողովը և այլ կարևոր միջազգային դերակատարներ դատապարտեցին ներխուժումը և կոչ արեցին հետաքննել Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները: Բացի այդ, ըստ հայկական կողմի, այդ ժամանակվանից Ադրբեջանը օկուպացրել է 41 հազար քառակուսի մետր հայկական տարածք։
Եղեգնաձորում գտնվող տարածքային գրասենյակում՝ Հայաստանի խաղողագործական շրջանի սրտում, հանդիպեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ։ Հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 23-ին։
Հայաստանում դիտորդական առաքելությունը (EUMA) ի սկզբանե եղել է վրացական առաքելության շարունակությունը, որի նպատակն է պահպանել հրադադարի ռեժիմը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում։
Անցած սեպտեմբերին Հայաստան ներխուժումից հետո էր, որ ԵՄ-ը Հայաստանի խնդրանքով որոշեց երկարաձգել առաքելությունը նաև Հայաստանում։ Այն ի սկզբանե կարճաժամկետ առաքելություն էր, սակայն ԵՄ-ում արագ որոշում կայացնելուց հետո քաղաքացիական առաքելությունն ընդգրկվեց երկու տարով՝ մինչև 2025 թվականը։
Այսօր Հայաստանում կա 103 մարդ, որոնց կեսը քաղաքացիական դիտորդներ են, մնացածը՝ վարչական անձնակազմ։ Մանդատը գործում է միայն Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի տարածքում։ Չնայած դրան, դիտորդական առաքելությունն իր աշխատանքում պետք է առնչվի Ադրբեջանի հետ։
«Մենք սահմանային գոտում պարեկություն ենք իրականացնում: Երբ դա անում ենք, մեր ծրագրերից մեկ շաբաթ առաջ տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջոցով տեղեկացնում ենք Բաքվին: Դա նրա համար է, որ նրանք իմանան, թե որտեղ ենք մենք և ինչ ենք անում: Նաև այդպիսով կանխում են թյուրիմացություններն ու միջադեպերը։ Այսպես ենք շփվում Ադրբեջանի հետ»,- ասում է Մարկուս Ռիտերը։
Ինչ վերաբերում է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության և Ադրբեջանի փոխգործակցությանը, Մարկուս Ռիտերը բացատրում է, որ մինչ այժմ եղել է դրա միայն մեկ օրինակ։ Ըստ Ռիտերի՝ մի քանի շաբաթ առաջ Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի միջոցով խնդրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն այցելել հյուսիսային Հայաստանի ադրբեջանական էքսկլավներ:
Թեև էքսկլավների և անկլավների կարգավիճակը վիճելի հարց է, սակայն դրանք ադրբեջանական անվանելու պատմական և իրավական հիմքերը թվում են թույլ: Դրանք սահմանագծման և սահմանազատման շարունակական գործընթացի առարկա են, որտեղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ունի իր դերակատարությունը:
Այնուամենայնիվ, Տոյվո Կլաարի հետ պատմությունը նորից ստուգելուց հետո մենք պարզեցինք, որ Ռիտերի հետ հարցազրույցի տեղակություններից բացակայում են հիմնարար նրբերանգներ: Կլաարը պնդում է, որ այցը էքսկլավներ Ալիևի խնդրանքով չի եղել, այլ հենց սկզբից եղել է դիտորդական առաքելության ծրագրերի մեջ։
Կլաարը բացատրում է, որ էքսկլավների հարցը բազմիցս քննարկվել է երկու կողմերի հետ՝ ընդգծելով, որ դրանք կարող են լինել սահմանային բանակցությունների պոտենցիալ առարկա, և, հետևաբար, կարևոր է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելեն դրանք՝ ավելի լավ հասկանալու համար:
Տոյվո Կլաարը նաև պարզաբանում է, որ իրենց շաբաթական գրաֆիկը ադրբեջանական կողմին է փոխանցվում յուրաքանչյուր շաբաթվա սկզբից մեկ կամ երկու օր առաջ, և ոչ թե մեկ շաբաթ առաջ, ինչպես կարելի է մեկնաբանել Մարկուս Ռիտերի մեջբերումից։
Բացի այդ, Կլաարը նշում է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների զեկույցները տարածվում են Եվրոմիության ներսում:
Նա հավելում է, որ առաքելությունը ԵՄ-ի համար կարևոր է տարածաշրջանում՝ գրելով էլեկտրոնային նամակում. «Մենք կարծում ենք, որ առաքելությունը կարևոր դերակատարություն ունի և՛ որպես ԵՄ-ի ներգրավվածության հստակ ցուցադրում, և՛ որպեսզի ԵՄ-ն կարողանա ավելի լավ հասկանալ իրավիճակը և տեղում կատարվող զարգացումները»։
Մարկուս Ռիտերն ընդգծում է, որ ի սկզբանե դիտորդական առաքելությունը պետք է լիներ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, սակայն Ադրբեջանը չընդունեց առաքելությունը։
caliber.az-ը հարցազրույցի օրը դիտորդական առաքելությանը մեղադրել է Ադրբեջանի գնդակոծության ժամանակ հայկական բանակի թիկունքը ծածկելու մեջ։ Մարկուս Ռիտերը տեղյակ է, թե ինչ են տարածում լրատվամիջոցները և հերքում է այդ մեղադրանքները։
«Դուք կարող եք տեսնել ադրբեջանական կողմից (մամուլում) հայտարարություններ, որոնք մի փոքր ավելի թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ: Սկզբում քննադատությունը (երկու կողմերի լրատվամիջոցների կողմից) վերաբերում էր ռուսական ներկայությանը, հիմնականում՝ «ձեզանից ի՞նչ օգուտ», չէ՞։ Այժմ՝ այս ամենօրյա հաղորդումներնն ու մեղադրանքներն են, թե մենք կոծկում ենք սահմանին հայկական ուժերի կուտակումը։ Այսօր էլ ավելի վատ էր․ թե մենք մի տեսակ վահան ենք տրամադրում հայերին, որպեսզի նրանք ինչ-որ միջադեպեր կազմակերպեն, կրակեն հակառակորդի ուղղությամբ։ Այնպես որ, հիմա ամեն ինչ ավելի բացասական է դարձել»,- ասում է Մարկուս Ռիտերը։
Մարկուս Ռիտերը հավելում է, որ լրատվամիջոցների պատմությունների և իրականության պատկերները միանգամայն տարբեր են։
«Բայց սա են լրատվամիջոցները: Մենք իրականում որևէ բախում չենք տեսնում՝ տեղում գտնվող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ: Միակ բանը, որը փոխվել է, ձմռանից սկսած, մեր ամենօրյա պարեկության պայմաններն են, քանի որ եղանակն ավելի լավ է: Կարողանում ենք ավելի շատ տեղեր հասնել», – ասում է նա Մարկուս Ռիտերը:
Տարածաշրջան գալուց ի վեր փոփոխություններ տեսնու՞մ եք։
«Հոկտեմբերին այստեղ գալուց ի վեր մենք կանգնած ենք իրերի նույն դրության առջև, էական փոփոխություններ չկան ո՛չ ժողովրդի մեջ, ո՛չ էլ մեր դիտարկման մեջ, սակայն իշխանություններից և տեղի բնակչության կողմից ազդանշան ենք ստանում, որ օգնում ենք նվազեցնել միջադեպերի թիվը։
Բավական անգամ լսել ենք դա և մեկնաբանել այն որպես մեր ներկայության դրական արձագանք»,- ասում է Մարկուս Ռիտերը։
Վերջում Մարկուս Ռիտերը բացատրում է, որ մոնիտորինգային առաքելության զեկույցներն ուղարկվում են Բրյուսել (CPCC), ապա փոխանցվում ԵՄ մի քանի տարբեր ինստիտուտներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչին՝ Տոյվո Կլաարին: Դրանից հետո քաղաքական գործիչներն ու որոշում կայացնողները պետք է եզրակացություններ անեն։
Մարկուս Ռիտերը պատմում է, որ հարցազրույցից մեկ օր առաջ ինքը եղել է Երասխում, որտեղից ստացվել է հայ զինվորի մահվան մասին հաղորդագրությունը։
Հարցին, թե ինչ-որ բան նկատե՞լ է արդյոք, նա կարճ պատասխանեց՝ «ո՛չ»:
Փակված Լաչինի միջանցքի մոտ ժամանակի ընթացքում հայտնի դարձավ, որ կա այլընտրանքային երթուղի։ Նրանք, ովքեր հայտնում են այս երթուղու վրա, բեռնատարի հետևում դժվար և խորդուբորդ ճանապարհորդություն են ունենում: Այն հարմար է միայն լավառողջ երիտասարդների համար:
Մարտի սկզբին՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից անմիջապես հետո, այլընտրանքային ճանապարհը ենթարկվեց Ադրբեջանի հարձակմանը։ Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները հայտնել են, որ մի քանի պարեկային սպաեր են սպանվել։
Չնայած մահաբեր հարձակմանը, ճանապարհի օգտագործումը շարունակվել է մինչև մարտի 25-ի երեկոն։ Ադրբեջանական զինուժի նոր հարձակման արդյունքում ադրբեջանական կողմը լիովին վերահսկում է ճանապարհը, և, հետևաբար, ճանապարհի կողքին գտնվող մի քանի հայկական գյուղեր այժմ արտաքին աշխարհից մեկուսացված են ։
Լեռնային Ղարաբաղից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զորքերը գտնվում են մայրաքաղաք Ստեփանակերտից 300 մետր հեռավորության վրա։
Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի հայերին մեղադրում է ճանապարհով տարածաշրջան զենք տեղափոխելու մեջ, ինչը տեղի իշխանությունները հերքում են։
Փաստն այն է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը նույն մեղադրանքն առաջ բերեց հայկական կողմին՝ չստանալով արձագանք։
Նոյեմբերին Ադրբեջանում անանուն պաշտոնյան առաջարկեց, որ միջանցքի շրջափակումը կլուծի իրավիճակը: Գաբրիել Գավինի eurasianet.org-ի հոդվածում պաշտոնյան ասել է՝ «Ինչպե՞ս կարելի է շնչել առանց օդի»:
Պատասխանն է, որ 125 օր անց նա արհեստական շնչառությամբ գոյատևում է։
Շրջափակման միջով կարող են անցնել միայն Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեքենաները։ Կարմիր Խաչն ունի օրական մեկ ավտոշարասյուն, իսկ ռուսական զորքերը՝ ավելի կանոնավոր հոսք։
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հերթը շրջափակման սկզբից նվազում էր, սակայն մարտին այն բաղկացած էր 3000 անունից։ Ըստ մեր զրուցակից աղբյուրների, միակ պահանջը հայ, ադրբեջանցի և ռուս գործընկերների հետ անունների ցուցակների փոխանակումն է, ո՛չ ավելին:
Ինչպես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ամեն պարագայում, այն աղբյուրները, որոնք մենք վստահելի ենք համարում, չեն կարող հրապարակային լինել։
Իրավիճակը շատ լարված է, և յուրաքանչյուր սխալ մեջբերում կամ սխալ կարող է հանգեցնել քաղաքականության լուրջ փոփոխությունների, հատկապես՝ ադրբեջանական կողմում։ Քաղաքականության փոփոխությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը որդեգրել է վերջին 3 տարիների ընթացքում, սակայն առանց իրավիճակի բարելավման։
Գորիսում՝ Լաչինի միջանցքին ամենամոտ հայկական խոշոր քաղաքում, մենք տեղավորվեցինք մի հյուրանոցում, ուր ղարաբաղցի հայերն ու ռուս խաղաղապահները մնացել էին՝ շրջափակման մյուս կողմում։
Նրանք սովորել են միմյանց ներկայությանը։ Կանանցից մեկը, ով չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ, ռուսներից մեկին խնդրում է իր հարազատներին ծխախոտ տանել։ Նա ժպտում է և ասում, որ դա կանի անվճար կերպով: Ավելի քան 100 օր շրջափակումից հետո նրանք ներվեցին։
Երբ ռուս զինվորականները նկատում են, որ հյուրանոցում օտարերկրյա լրագրող կա, փակում են սենյակների դռները։ Զինվորական հագուստները դրսում կախված են՝ չորանալու համար, իսկ հյուրանոցի սպասուհին օգնում է դրանց ծալել:
Շրջափակումից մի քանի շաբաթ հետո Իլհամ Ալիևն ասել է, որ նրանք, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, կարող են ձեռք բերել միակողմանի տոմս։ Նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, պետք է պատրաստ լինեն դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Սա մի քաղաքականություն է, որի հետ քչերը, եթե կան այդպիսիք, համաձայն են: Ստեփանակերտցի Նունեն դեռ սպասում, որ վերադառնալու իր հերթը հասնի։
«Այլընտրանք չկա, ես ուզում եմ վերադառնալ իմ տուն, իմ ընտանիք, իմ արմատների մոտ, ես Ղարաբաղից եմ և երբեք չեմ տեղափոխվի»,- ասում է նա։
Չե՞ք անհանգստանում, թե ինչ կլինի, եթե նոր պատերազմ սկսվի։
«Մեզ՝ հայերիս, հետապնդել են հարյուրավոր, չէ՝ հազարավոր տարիներ: Այսպես կամ այնպես հետապնդել են: Եվ մենք միշտ շարժվել ենք՝ դեպի ավելի մեծ հնարավորություններ: Այս անգամ դա չենք անի: Որովհետև եթե անենք, դա կարող է մեզ հասցնել տանի մեր դառը ավարտին»,- ասում է Նունեն։
Սա տարածված մոտեցում է։
Շատերն այս հակամարտությունն անվանում են հայերի համար «գոյաբանական»։ Այն կապված է 1915 թվականին հայերի և քրիստոնյաների ցեղասպանության հետ, որը, չնայած այն հանգամանքին, որ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, դեռևս ներկա է: Հայերի մեծամասնությունը ունի հարազատներ, ովքեր ուղղակի ընտանեկան շառավղով փախստական են դարձել թուրքական Օսմանյան կայսրությունից:
Նունեի ընկերուհի Կարինան՝ Լեռնային Ղարաբաղի Շարթառից, ավելացնում է, որ կան մարդիկ, ովքեր վերջերս սկսել են կասկածել, թե ինչն է մնալու Լեռնային Ղարաբաղում։
«Մենք ուզում ենք տուն վերադառնալ։ Սա պարզ է։ Բայց ես լսել եմ, որ կան մարդիկ, ովքեր կասկածում են՝ արժե՞ մնալ Ղարաբաղում, որ չեն դիմանա մեր դեմ բանեցվող հոգեբանական տեռորին։ Բայց մենք պետք է համառենք»,- ասում է նա։
Ավելի քան 100 օր շրջափակումից հետո կանայք ասում են, որ ռուսները կսկսեն հետ տանել նաև շրջափակման հայկական կողմում մնացած ղարաբաղցի հայերին։ Պատճառը Կարմիր Խաչի սահմանափակ հնարավորությունն է, իսկ հերթը պարզապես կամացուկ է նվազում։
Երկու շաբաթ անց Ադրբեջանի խեղաթյուրված հռետորաբանությունը որոշ չափով հանդարտվել է, համենայն դեպս՝ այս հոդվածի պահի դրությամբ: Սակայն նույն օրը երեկոյան, երբ պետք է հրապարակվեր զեկույցը, կրկին կրակոցների մասին լուրեր հասան Տեղից՝ Կոռնիձորի և Լաչինի միջանցքի նախկին սկզբնակետի միջև ընկած գյուղից։
Հայկական կողմը հայտնել է չորս զոհի և վեց վիրավորի մասին, իսկ ադրբեջանականը՝ երեք զոհի մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարության տեսանյութը ցույց է տվել, որ հարձակումների նախաձեռնողը եղել է Ադրբեջանը, իսկ ադրբեջանական բանակը Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ։
Հրազենային կռիվները համարվում էին ավելի լուրջ, քան մեկ-մեկ պատահող կրակոցները, որոնց ոչ ոք չի ցանկանում ընտելանալ, բայց դրանք դեռ պատահում են:
Խեղաթյուրված հռետորաբանությունը, որին հաջորդում է կրակոցները, դիտվում է որպես հրահրման ցիկլ, որը շարունակվում է 1988 թվականի փետրվարից, երբ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայերը քվեարկեցին Ադրբեջանի փոխարեն Հայկական Խորհրդային Հանրապետությանը միանալու օգտին:
Տեղի խորհրդարանում անցկացված հանրաքվեն, որն անտեսված էր թե՛ Բաքվի և թե՛ Մոսկվայի կողմից, 35-ամյա տառապանքի մեկնարկային կետն էր, որը թվում էր, թե երբեք չի ավարտվել: Խեղաթյուրված հռետորաբանության և սերնդեսերունդ էկզիստենցիալ վախի ցիկլը ժամանակ առ ժամանակ նյութականանում է, երբ հրթիռները կրկին հարվածում են քաղաքացիական դիրքերին:
Տարածաշրջանը շրջապատված է համաշխարհային խոշոր տերություններով, որոնք վերահսկում և մրցում են Կովկասում բույն դրված գոտու վրա Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև ազդեցության համար:
Արդյունքում, բոլոր տառապանքների կենտրոնը դառնում է փոքրիկ ու աղքատիկ շրջանը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել վերջին 35 տարիների ընթացքում անվերջ հակամարտությունների պատճառով, իսկ ավելի քան մեկ միլիոն փախստականներ լքել են իրենց տները:
Այս ամենը հանուն սև այգու, որի անունը Լեռնային Ղարաբաղ կարող է թարգմանվել տարածաշրջանի շատ լեզուներով։
—
Հեղինակի մասին. Ռասմուս Կանբակը 2020 թվականից լուսաբանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին «Ամեն օր դանդաղ մահանում եմ» գրքով:
Թարգմանեց՝ Մարիամ Խաթլամաջյանը
Հիմնական աղբյուրը՝ blankspot.se