«Չէ՞ք հասկանում, որ մեզ վստահել և իշխանութեան են բերել, որպէսզի Ղարաբաղը յանձնենք Ադրբեջանին։ Եւ մեր ցոփ ու շռայլ կեանքը, հսկայական գումարները այդ ամենի արդիւնքներն են»։
Անկեղծ «Հարցազրոյցը վարեց» Աւետիք Իշխանեանը

-Պարոն Աղազարեան, Թուրքիան փակել է իր օդային տարածքը, քանի որ Երևանում բացուեց հայոց Նեմեսիսի հերոսներին նուիրուած յուշակոթող։ Ի՞նչ եք կարծում, սա արդեօք չի՞ խոչընդոտում հայ-թուրքական բարեկամական յարաբերութիւններին ուղղուած բանակցութիւններին։

-Այո՛, այդ, այսպէս կոչուած, յուշարձանը՝ առանց մեր կուռք-վարչապետի իմացութեան, նախագծել և տեղադրել էին նախկին կոռումպացուած իշխանութեան ներկայացուցիչները։ Սա խայտառակութիւն է, Երևանում տեղադրել ահաբեկիչներին նուիրուած յուշարձան։ Բոլորը պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն։ Մենք արդեն որոշել էինք ապամոնտաժել Հայաստանի բոլոր նման յուշարձանները՝ զօրավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայեանի, Արամ Մանուկեանի, Սողոմոն Թեհլերեանի, նաև Սարդարապատի և, այսպէս կոչուած, Ցեղասպանութեան յուշահամալիրները, քանի որ դրանք խոչընդոտում են հայ-թուրքական, ինչպէս նաև հայ-ադրբեջանական բարեկամութեանը և խաղաղութեան պայմանագրին։ Եւ ահա, բացուում է այդ չարաբաստիկ յուշարձանը։ Մնում էր, որ բացուեր նաև Ասալայի ահաբեկիչներին նուիրուած յուշարձան։ Բարեբախտաբար, մեր կուռք-վարչապետի թութակ-նախագահը խստօրէն դատապարտել է Ասալայի գործողութիւնները, որը և ողջունել են Թուրքիայի մեր բարեկամ գործընկերները։

-Բայց, պարոն Աղազարեան, այդ յուշարձանի բացմանը ներկայ էր և ելոյթով հանդէս եկաւ ձեր կուսակցութեան Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Սա ինչպէ՞ս կբացատրէք։

-Ցաւօք, մեր կուսակցութեան պատմութեան մէջ առաջին անգամ, կուսակցութեան անդամը, առանց մեր կուռքին հարցնելու, ինքնագործունէութեամբ է զբաղուել, որն էլ առաջացրել է մեր կուռքի ցասումը։ Քաղաքապետի թեկնածուն ծնկաչոք ներողութիւն է խնդրել կուռքից, բայց դեռևս մեզ յայտնի չէ կուռքի որոշումը նրա ապագայի մասին։

-Իսկ, գուցէ նա իր ներկայութեամբ և ելոյթով, ցանկացել է մայրաքաղաքի ընտրողների սիրտը շահել՝ գիտակցելով այժմ ձեր կուսակցութեան և, ինչպէս դուք եք ասում, կուռքի գահավիժող վարկանիշը։

-Ձեր ասածն ուղղակի ծիծաղելի է։ Ի՜նչ վարկանիշ, ի՜նչ բան, իշխանութիւնն ամբողջովին գտնուում է մեր կուռքի ձեռքերում և նա ում ուզի կնշանակի, կամ եթէ ուզում եք՝ կառաջադրի բուհի, համայնքի ղեկավարի պաշտօնում։ 18թ․ մեր կուռքը ձեռ առաւ բոլոր երևանցիներին՝ քաղաքապետ նշանակելով միմոսի, հիմա էլ ում ուզի կնշանակի, օրինակ ձեզ, նոյնիսկ՝ ինձ։ Պա՞րզ է։

-Պարոն Աղազարեան, իսկ ինչ պլաններ ունէք իրավիճակը շտկելու վերաբերեալ։

-Արդեն մի շարք քայլեր արուած են։ ԱԺ փոխխօսնակը, որը բանակցութիւններ է վարում Թուրքիայի ներկայացուցչի հետ, նրանից և ողջ թուրք ժողովրդից ներողութիւն է խնդրել և խոստացել շտկել կատարուած թիւրիմացութիւնը։ Վարչապետի թութակ-նախագահը նոյնպէս ներողութիւն է աղերսել թուրքական կառավարութիւնից և թուրք ժողովրդից։ Թուրքիա է մեկնում ԱԺ խօսնակը, որը հենց Թուրքիայում ծնկաչոք ներողութիւն կխնդրի իր թուրք գործընկերոջից։

Կարծում եք այդ ամենը բաւարա՞ր է, զսպելու համար թուրքերի զայրոյթը։

-Իհարկէ՝ ո՛չ։ Ձեզ մի գաղտնիք բացեմ։ ԱԺ փոխխօսնակի և Թուրքիայի ներկայացուցչի վերջին հանդիպմանը թուրք դիւանագէտն առաջարկել էր, որ Հայաստանը ճանաչի Կիպրոսի թուրքական չճանաչուած հանրապետութիւնը և այդ դէպքում, Թուրքիան Ադրբեջանին կառաջարկի Լեռնային Ղարաբաղին տալ որոշակի մշակութային ինքնավարութիւն, իհարկէ՝ Ադրբեջանի կազմում։ Ցաւօք, այդ տեղեկութեան արտահոսք էր տեղի ունեցել և Յունաստանը սառեցրել էր Հայաստանի քաղաքացիներին շենգենեան վիզայի տրամադրումը։ Ստիպուած մենք հրաժարուեցինք այդ նախաձեռնութիւնից, և մեր կուռքը պատուիրակութիւն ուղարկեց Կիպրոս իրավիճակը շտկելու համար։ Այժմ, նկատի ունենալով հայ-թուրքական լարուած համայարաբերութիւնը՝ քննարկում ենք, այո՛ Կիպրոսի թուրքական հանրապետութիւնը Հայաստանի կողմից պաշտօնապէս ճանաչելու մասին։

-Պարոն Աղազարեան, այդ դէպքում, արդեօք, աւելի նպատակայարմար չէ՞ ճանաչել Ղրիմը՝ որպէս Ռուսաստանի մաս։ Գուցէ այն նպաստի Արցախի ճանաչմանը Ռուսաստանի կողմից։

-Այդ ինչեր եք ասում։ Չէ՞ք հասկանում, որ մեզ վստահել և իշխանութեան են բերել, որպէսզի Ղարաբաղը յանձնենք Ադրբեջանին։ Եւ մեր ցոփ ու շռայլ կեանքը, հսկայական գումարները այդ ամենի արդիւնքներն են։

-Շնորհակալութի՛ւն, պարոն Աղազարեան, անկեղծ զրոյցի համար։

-Խնդրե՛մ։

«Հարցազրոյցը վարեց»՝

Աւետիք Իշխանեանը

Հիմնական աղբիւրը՝ 7or.am