«Ոչ մեկին մեղադրելու իրաւունք չունենք, եթէ մի կողմում հեծանուորդն է ու իր խաշլաման, միւս կողմում՝ հեծանիւն ու խաշլաման քննադատողները»․ նշում է hraparak.am-ի զրուցակից, Ալընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։
– Խնդրում եմ անդրադառնալ Պուտինի՝ Բաքվում արած յայտարարութիւններին, մասնաւորապէս՝ Ռուսաստանի պատմական գերգրգռուածութիւնը Հարաւային Կովկասում։ Ի՞նչ ուղերձ էր դա, ո՞ւմ է ուղղուած։
– Մենք պէտք է հասկանանք, որ Ռուսաստանը գտնուում է հաւաքական Արեւմուտքի հետ բառացիօրէն պատերազմական վիճակում՝ ռազմական գործողութիւններ, տնտեսական ճնշումներ, տեղեկատուական պատերազմ եւ այլն։ Անկախ բոլոր դժուարութիւններից՝ Ռուսաստանը գերտէրութիւնն է, որը փորձում է կառավարել ռիսկերը, գնահատել նորերը եւ, իհարկէ, ունի ստրատեգիական պլանավորման պետական աւանդոյթ։ Ռուսաստանը Հարաւային Կովկասը գնահատում է թէ՛ որպէս պոտենցիալ ճգնաժամի նոր աղբիւր, եւ այդ պատճառով քայլեր է ձեռնարկում, թէ՛ որպէս զարգացման եւ իր ստրատեգիական շահերի սպասարկման կարեւոր ուղղութիւն։ Նոյնը, ի դէպ, անում է տարբեր ուղղութիւններով՝ իր ազգային շահերի սպասարկման համար, սխալ է կարծել, թէ միայն մեր տարածաշրջանի վրայ է կենտրոնացած։ Այսօր, բառի բուն իմաստով, երրորդ համաշխարհային պատերազմից րոպէներ են պակաս, ինչի մասին արդեն բաց են խօսում գերտէրութիւնները, եւ փոքր պետութիւններն իրենց յիմարութեան պատճառով, կոպիտ պատմական սխալների պատճառով կարող են կրել ծանր կորուստներ՝ ենթարկուել էթնիկ զտումների, ցեղասպանութիւնների, պետութեան կորստի, եւ դա այս պայմաններում կհամարուի «նոր նորմալութիւն»։ Ամեն ինչ մեր աչքի առաջ է, եւ, ցաւօք, մենք մեր մաշկի վրայ ենք դա զգում։ Իհարկե, Ռուսաստանն ուղերձ է յղում տարածաշրջանի պետութիւններին, նոյնն անում է Իրանը, նոյնը՝ Արեւմուտքը։ Բայց ամենակարեւորը տարածաշրջանային պետութիւնների ադեկվատութիւնն է։
– Ալիեւ-Պուտին օրակարգում Հայաստանին վերաբերող հարցեր են եղել, արդեն վատ աւանդոյթ է դառնում, որ մեր խնդիրներն առանց մեզ են քննարկում։ Սրա հետեւանքն ի՞նչ կարող է լինել, երբ ՀՀ իշխանութիւնները նախապատուութիւն են տալիս արեւմտեան հարթակներին։
– Մինչ մենք արհեստականօրէն եւ դրսի ցուցումով վատացնում ենք մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, Ադրբեջանը խորացնում է դրանք։ Մինչ մենք մեզ խաբում ենք, թէ Արեւմուտքի հետ սերտացնում ենք մեր յարաբերութիւնները եւ իբր գնում ենք Եւրոպա, Ադրբեջանը Եւրոպայի համար դառնում է կարեւորագոյն գործընկեր, ու նրան ներուում է էթնիկ զտման փաստն Արցախում։ Մինչ մենք դատարկաբանում ենք Չինաստանի հետ մեր՝ իբր լաւ յարաբերութիւնների մասին, Ադրբեջանը Չինաստանի հետ ստորագրում է ստրատեգիական գործընկերայինն մասին յուշագիր։ Լուրջ կեցուածք ունի Վրաստանը, որի իշխանութիւնները, բառի բուն իմաստով, իրենց երկիրն ու իրենց ժողովրդին կարողացան զերծ պահել ողբերգութիւններից, որի հնարաւորութիւնները բաւական մեծ էին։
Պուտինն ունի իր օրակարգը, որը փորձելու է ամեն գնով առաջ տանել, եւ, իհարկէ, նա փորձելու է հնարաւորինս պահել իր յարաբերութիւնները բոլոր երկրների հետ. սա է միջնորդի դերակատարումը։ Բայց եթէ տեսնի, որ Հայաստանը շարունակում է հակառուսական թելադրուած իր կուրսը, որ Հայաստանը, որպէս պետութիւն, շարունակում է մնալ անիմաստ մի բան, ապա նա իր անելիքը կանի՝ առանց ձեւականութիւնների։ Ժամանակակից աշխարհն այլ հնարաւորութիւններ ուղղակի չի թողնում։ Այստեղ մենք փոխանակ սկսենք հարցին մօտենալ ինչ-որ առասպելական «բարոյականութեան» տեսանկիւնից, պահանջներ ներկայացնենք «մեր դաշնակցին», պիտի ընդամէնը սառը, ռացիոնալ հաշուարկներ անենք․ մեզ հիմա էմոցիաները միայն վնասում են։
– Առաջիկայում սպասուում է ՌԴ նախագահի այցը նաեւ Թուրքիա, որտեղ գլոբալ խնդիրների հետ, հաւանաբար, Հարաւային Կովկասում զարգացումներին անդրադարձ կլինի։ Տարածաշրջանում ի՞նչ պրոցեսներ են գնում։ Արդեօ՞ք Ռուսաստանը փորձում է վերագտնել կորցրած կամ թուլացած դիրքերը տարածաշրջանում` հակակշռելով թուրքական ազդեցութեանը։
– Շատ դժուար է լինելու Ռուսաստանին՝ վերագտնել այն դիրքերը, որոնք նա ունէր նախքան Արցախեան պատերազմը։ Ռուսաստանը շատ լաւ հասկանում է, որ դա ուղղակի հնարաւոր չէ։ Թուրքիան արդեն Հարաւային Կովկասում է, կա ստորագրուած Շուշիի դեկլարացիա, որը նախատեսում է Թուրքիա-Ադրբեջան լրիւ այլ որակի համագործակցութիւն, չկայ հայկական Արցախ, եւ կորսուած են Ադրբեջանի վրայ ունեցած ազդեցութեան շատ լծակներ։ Հիմա Ռուսաստանն ինքն է կախուած Թուրքիայի եւ Ադրբեջանի լոգիստիկ ու տարանցիկ հնարաւորութիւններից։
Բայց, միւս կողմից, հիմա ակտիվօրէն գնում է Հարաւային Կովկասի նոր ճարտարապետութեան ձեւաւորումը։ Վերադարձ հնին չկայ, բայց նորի համար լուրջ պայքար է գնում։ Մեզ սա տալիս է ե՛ւ նոր հնարաւորութիւններ, ե՛ւ նոր ռիսկեր։
– Իսկ Իրան-Իսրայել սրացումը մեզ համար ի՞նչ նոր ռիսկեր կարող է ստեղծել` հաշուի առնելով Ադրբեջան-Իսրայէլ ռազմավարական համագործակցութիւնը։ Ինչպէ՞ս պէտք է արձագանքի այդ ռիսկերին Հայաստանը։
Այս հարցն ունի շատ յստակ պատասխան. նրանում, որ այս իշխանութեան օրօք մենք դեռ չենք կորցրել Սիւնիքը, մեծ դերակատարում ունի Իրանը։ Եւ Իրանի ցանկացած «զբաղուածութիւն» այլ ճակատներում, Իրանի դիրքերի թուլացումն այսօր մեզ համար կենսական սպառնալիք են։
– Խօսեցիք Վրաստանի մասին, այնտեղ ուշագրաւ զարգացումներ են, Վրաստանի հայեացքը դէպի Մոսկուա է թեքուում։ Այնտեղ հնարաւոր սցենարներն ինչպէ՞ս կազդեն տարածաշրջանի ու Հայաստանի վրայ։
– Համամիտ չեմ ձեւակերպման հետ, թէ «Վրաստանի հայեացքը դէպի Մոսկուա է թեքուում»։ Վրաստանն իր իշխանութիւնների եւ իր վերնախաւերի շնորհիւ իրեն պահում է որպէս լուրջ պետութիւն, իր նախկին սխալներից խորքային հետեւութիւններ արած հասարակութիւն։ Վրաստանի ներկայ իշխանութիւնները սպասարկում եւ առաջնորդում են Վրաստանի ազգային շահերը, եւ այդ երկիրը բուռն զարգացման մեջ է։ Եթե անէին այն սխալները, ինչն արել են Հայաստանի իշխանութիւնները, լինելու էին գրեթէ նոյն վիճակում, ինչ մենք՝ հիմա։
– ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բաց տեքստով յայտարարեց, թէ Հայաստանն է սաբոտաժ անում տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակման խնդիրը, եւ խօսեց 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնութեան մասին։ Մի կողմից, սա ուղիղ ցուցիչ էր առ այն, որ տարածաշրջանում, այսպէս կոչուած, միջանցքը վերահսկելու մրցակցութիւն է ընթանում, միւս կողմից, այդ ապաշրջափակման դրոյթից բացի, նոյեմբերի 9-ի փաստաթղթում այլ չկատարուած կէտեր էլ կան։ Լավրովի յայտարարութիւնն այս տեսանկիւնից կարո՞ղ է իրավիճակը շտկելու շանս տալ Հայաստանին։
Հարաւային Կովկասում եւ աշխարհում նոր իրողութիւնները ենթադրում են ճանապարհների որոշակի ապաշրջափակում։ Պէտք չէ մեղադրել բոլորին՝ իրենց շահերն առաջ տանելու համար։ Պէտք է մեղադրենք ինքներս մեզ, որ չենք կարողանում ձեւակերպել, թէ մեր շահը որն է։ Աւելի անպատասխանատու ու աւելի անբան իշխանութիւն շատ դժուար է գտնել։ Լավրովը խօսում է արդեն ոչ դիւանագիտական լեզուով, դա, իհարկէ, հաճելի չէ։ Իսկ ո՞վ է այսօր մեզ հետ խօսում դիւանագիտական լեզուով։ Ամերիկացի Օ, Բրայե՞նը, թէ՞ եւրաչինովնիկները, որ Արցախի դատարկման ֆոնին Ալիեւին իրենց հաւատարիմ գործընկերն են դարձրել։ Բայց եկէք վերյիշենք, թէ ինքներս մեզ, մեր ձեռքով քանի անգամ ենք արել ծայրայեղ վատութիւններ ու մեզ դրել այսօրեայ վիճակում։ Երբ կար հայկական Արցախ, երբ կար կենսական Լաչինի միջանցք, կային հնարաւորութիւններ (ու նաեւ պարտաւորութիւններ)՝ առաջ շարժուելու, գտնելու բարդ լուծումներ, որոնք կապահովէին մեր ազգային շահերը, մենք չարեցինք։ Աւելին՝ արեցինք լրիւ հակառակը. մեր բոլոր յաղթաթղթերը զրօեացրինք։ Եթէ մեզ թուում է, թէ հրաժարուելով նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարեւոր կէտերից, մենք ստիպում ենք Ադրբեջանին ու այլոց՝ հրաժարուել իրենց կարեւոր կէտից, ապա մենք ցուցադրում ենք միջպետական յարաբերութիւններ եւ իրավիճակ ընկալելու մեր բացարձակ անկարողութիւնը։ Արտաքին աշխարհը սա արձանագրում է շատ արագ։ Այսքանով հանդերձ, լուրջ իշխանութեան դեպքում մենք դեռեւս ունենք հնարաւորութիւններ՝ իրավիճակ փոխելու, Հարաւային Կովկասի կոյրաղիքի կարգավիճակից դուրս գալու համար։ Մենք ունենք հնարաւորութիւն՝ շատ բաներ հետ պտտելու։
– Եթէ ամփոփենք, Հայաստանի «տնային աշխատանքն» այս բարդ ու յարափոփոխ իրավիճակում ո՞րը պէտք է լինի։ Մի պահ պատկերացնենք, թէ «կեցցէ հեծանիւի» փոխարէն ադեկուատ իշխանութիւն ունենք։
– Ես վստահ եմ, որ մեր բոլոր աղէտների հիմքում մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է։ Կա իշխանութիւն, որը Հայաստանին ահռելի պատմական վնաս է տուել, բայց մենք այն հանդուրժում ենք։ Աւելին, մենք չենք կարողանում ստեղծել լուրջ բովանդակային եւ կառուցվածքային այլընտրանք, որը նոր բան կառաջարկեր Հայաստանին, հայ հասարակութեանը, հասկանալի կլիներ հարեւանների ու միջնորդների համար ու երկրի կառավարումն իր ձեռքը կվերցներ՝ փրկելով մեր երկիրը պատմական աղէտից։ Մենք ոչ մեկին մեղադրելու իրաւունք չունենք, եթէ մի կողմում հեծանուորդն է ու իր խաշլաման, իսկ միւս կողմում՝ հեծանիւն ու խաշլաման քննադատողները։ Հայաստանի միակ փրկութիւնը նոր սոլիդ իշխանութիւնն է, սա աքսիոմա է, բայց որպէսզի դա հնարաւոր դառնայ, պէտք են նոր բովանդակութեամբ, իրական խնդիրները հասկացող, իրականութիւնն իրապէս հասկացող նոր բովանդակութեամբ քաղաքական-հանրային միաւորներ, նոր էլիտաներ, որոնք կառաջարկեն նոր ճանապարհ ու կստանձնեն պատասխանատուութիւն։ Եթէ մենք սա չանենք, ապա իրաւունք եւ հնարաւորութիւնն չենք ունենայ պետականութիւն ունենալու։
Երբ մի պետութիւն չի կարողանում ոչ մէկի հետ ճիշտ օրակարգով աշխատել, երբ չի կարողանում իր ազգային շահերը որպէս աշխատանքային օրակարգ ձեւակերպել ու սպասարկել դրանք, եւ մի հասարակութեան ամբողջական վերնախաւեր չեն հասկանում, թէ ինչ է կատարուում իրենց շուրջ ու իրենց հետ, ապա լինում է մեծ աղէտ։
Հիմնական աղբիւրը՝ hraparak.am