«Հիմնական խնդիրն՝ արցախցիների՝ Արցախ վերադառնալու գծով, հարցը միջազգային օրակարգի վրայ պահելն է»,- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբի ղեկավար Կիրօյ Մանոյեանը: Կիրօյ Մանոյեանի դիտարկմամբ՝ հաշուի առնելով ՀՀ իշխանութեան յայտնի կեցուածքը՝ Արցախից հրաժարուելու եւ Արցախի էջը փակ պահելու մասով, խօսում է այն մասին, որ հարցն առհասարակ կարող է դուրս գալ միջազգային օրակարգից ու այստեղ մեծ անելիք ունի թէ Սփիւռքը, թէ Արցախի ղեկավարութիւնը:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառումը՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան անկախութեան 33-ամյակին: Այն նպատակ ունէր ստեղծուած ծանրագոյն իրավիճակում արժևորել պատմական օրուայ խորհուրդը, նաև ներկայացնել մօտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրաւէրների և քաղաքական լուծումների, համազգային յանձնառութիւնների և Արցախահայութեան անօտարելի իրաւունքների իրացման վերաբերյալ։
Ներկայ էին Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամաւորները, «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, ՀՀ պետական և քաղաքական գործիչներ, հոգևոր և հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց մէկ րոպէ լռութեամբ. ներկաները յարգանքի տուրք մատուցեցին արցախեան պատերազմներում զոհուածների յիշատակին։ Այնուհետև հնչեցին Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների օրհներգերը։
Միջոցառման բացումը կատարեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը՝ տէրունական աղօթքով:
«Սեպտեմբերի 2-ը մեր հաւատաւոր ժողովրդի հերոսական կամքի ու ազգային միասնականութեան հանդէպ անհատում հաւատի հաստատուած մի վկայութիւն է։ Արցախի հանրապետութեան անկախութիւնը մեր ժողովրդի ազատութեան ու խաղաղ երկնքի տակ ապրելու արդար բաղձանքի ամենավառ դրսևորումներից մեկն է, որն իր արժանի տեղն ունի Հայոց հազարամեայ պատմութեան մէջ»,- ասաց նա:
«1980-ականների վերջին սկիզբ առած Արցախեան շարժումը, որը միտուած էր խաղաղ կերպով, հաւատարիմ մնալով մարդու իրաւունքների միջազգային սկզբունքներին, հասնելու հայկական Արցախի մայր հայրենիքին վերամիաւորմանը, ցաւալիօրէն Ադրբեջանի կողմից արժանացաւ բռնութեամբ լի արձագանքի։ Սակայն ազգիս անկոտորում կամքը թոյլ չտուեց, որ մեր ժողովրդի իրաւացի պահանջը ճնշուի․․․»։
Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանն իր ելոյթում շեշտեց, որ Արցախի հարցը բնաւ փակուած չէ։
«Ազգային բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի պարտականութիւնն այսօր պէտք է լինի Արցախի ժողովրդի Հայաստանում արժանապատիւ կեանքի իրաւունքի կեանքն ապահովելը։ Արցախցի մեր եղբայրները չպէտք է մայր հայրենիքում զգան որպէս օտարներ, այլ՝ որպէս լիիրաւ քաղաքացիներ իրենց հայրենիքի»,- ասաց նա:
Հնչեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի ուղերձը:
Ելոյթներով հանդէս եկան Արցախի ԱԺ նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը, յայտարարեց, որ Երկարաշունչ պայքարի ուղի է մեզ սպասուում․ «Պատահական չէ, որ այս միջոցառման խորագիրը վերադարձն է։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի ներկայ փուլի կարևորագոյն հանգրուանը Վերադարձն է։ Հայրենիքում ապրելու, զարգանալու և բարգաւաճելու իրաւունքից մեզ ոչ ոք չի կարող զրկել։ Այդ իրաւունքի իրացումը, շատերիս համոզմամբ, միայն մէկ ճանապարհ ունի, սակայն այն միջազգային բեմերում արծարծելու և իրաւատէր ներկայանալու ընթացքը ևս անհրաժեշտ է ու անժամանցելի։
Մենք հանգրուանել ենք մեր Հայրենիքում։ Հանգրուանել ենք այն հաւատով ու համոզմամբ, որ ազատագրելու ենք հայրենիքի բռնազաւթուած հատուածը՝ Արցախը։ Սակայն մինչ այդ երանելի օրը պէտք է հայ ժողովրդի տարագիր այս հատուածը ունենայ արժանապատիւ ու սոցիալական տեսակէտից ապահով կենցաղային պայմաններ, դա ևս մեր ուշադրութեան ու առօրեայ աշխատանքի մաս է կազմում։
Եւ, վերջապէս, մենք մենակ չենք լինելու մինչև այն պահը, որ վճռակամ ենք պայքարելու, ունենք բարեկամներ, ունենք հայրենակիցներ ու օտարներ, ովքեր պատրաստ են համամարդկային արժէքների ազատութեան ու արդարութեան համար պայքարել ու հայ ժողովրդի կողքին լինել։ Այսօր դուք ականատեսը կլինէք այդ բանակի զինուորներից մի քանիսի ողջոյնի խօսքերին։
Իսկ ամենակարևորը՝ լինենք կազմակերպուած։ Պետութիւնը հանրութեան կազմակերպման լաւագոյնն ու կատարելագործուած համակարգն է։ Արցախի պետական մարմինները, յատկապէս ժողովրդավարական կարգով՝ ընտրութեամբ ձևաւորուած համակարգը, անհրաժեշտ է կենսունակ պահել թէ՛ ներքին կազմակերպուածութիւնն ապահովելու և թէ՛ արտաքին ճակատում ներկայացուցչական մարմնի դեր ստանձնելու համար։
Երկարաշունչ պայքարի ուղի է մեզ սպասում։ Այդ ընթացքին ամեն ոք կարող է վայր ընկնել, կարող է ցաւից մղկտալ, մի պահ տարտամել, կասկածել, բայց կարևորն այն է, որ նրա զինակիցն ու ընկերը թոյլ չտա, որ անհատը մնա կէս ճամբին, պէտք է վերականգնուել ու շարունակել ուղին։ Թև ու թիկունք դառնանք միմիանց, երբեք չխոնարհուենք կեղծիքի ու ստի առջև, ազգային արժանապատուութիւնն ու իրաւունքի համար արդար պայքարը թող լինի բոլորիս կեանքի իմաստն ու կենսունակութեան աղբիւրը»։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէւորգ Ղուկասեանը ընդգծեց, որ Ադրբեջանը չի կարող մարսել իր պատերազմական հականերգործութիւնը․ «2020թ․ սեպտեմբերից սկսած Հայ դատի համաշխարհային ցանցը, միջազգային համայարաբերութիւնի խիստ անբարենպաստ պայմաններում, պարբերաբար ստիպուած է եղել իրականացրել քաղաքական առաջնահերթութիւնների և գործունէութեան հիմնական ուղղութիւնների մարտավարական փոփոխութիւններ՝ իր առջև դնելով նոր իրավիճակային խնդիրներ։
Ըստ այդմ, Հայ դատի համակարգի ներկայ առաջնահերթութիւններն են․
- Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը,
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան և միւս գերիների ազատ արձակումը,
- Ադրբեջանի դէմ պատժամիջոցների կիրառումը,
- Արցախահայութեան հումանիտար օժանդակութիւնը,
- Հայաստանին տնտեսական և ռազմաքաղաքական օժանդակութեան տրամադրումը, ադրբեջանական հերթական ագրեսիայի կանխումը,
- Մարդու իրաւունքների խախտումների ուսումնասիրութիւնը և միջազգային իրաւաքաղաքական գործընթացների նախաձեռնումը,
- «Եւրոպացիները յանուն Արցախ»-ի հարթակի օրինակով, միջազգային և տարածաշրջանային հարթակների ստեղծումն ու օժանդակութիւնը,
- Արցախի պատմամշակութային ժառանգութեան պահպանութիւնը,
- Խորհրդաժողովների, քննարկումների, հայկական և միջազգային պատուիրակութիւնի փոխադարձ այցելութիւնների միջոցով միջազգային իրազեկագիտութեան բարձրացումը և այլն։
Սրանցից իւրաքանչիւրի հետևում խիստ իւրայատուկ, բարդ ու տևական աշխատանքներ են, որոնց միայն արդիւնքներն են, որ երբեմն հրապարակուում են։
Վերջին շրջանում իրականացուած գործողութիւնների արդիւնքում՝
- Ամերիկայի Միացեալ Նահանգներում վերջին 22 տարուայ մէջ առաջին անգամ կիրառման մէջ է մտել «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածը, որով արգելուում է ամերիկեան կառավարության որևէ օժանդակութիւն Ադրբեջանին։ Աւելին, 2023թ․ դեկտեմբերին Կոնգրեսը միաձայն ընդունել է S.3000 բանաձևը՝ նպատակ ունենալով վերացնել 907-րդ բանաձևի ամէնամեայ շրջանցման նախագահական իրաւասութիւնը։ Ներկայումս Կոնգրեսում իրաւական ընթացակարգերի մէջ են մեզ համար կարևոր նշանակութեան՝ շուրջ մէկ տասնեակ նախագծեր։
- Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում նախատեսուում է բաւական ներկայացուցչական մի միջոցառում, որի քննարկման առանցքը լինելու է վերադարձի իրաւունքի ապահովման գործում ամերիկեան առաջնորդութեան ապահովումը։ Նոյն օրը նախատեսուում է նաև Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի ելոյթը Կոնգրեսի՝ մարդու իրաւունքների յանձնաժողովում։
- Հայ դատի Եվրոպայի գրասենեակի գործողութիւնների արդիւնքում նաև Եւրոպական խորհրդարանն այսօր Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերյալ թերևս ամէնաօբյեկտիվ միջազգային կառոյցն է, որի քաղաքական դիրքորոշումներն արտացոլուել են վերջին տարիների ընթացքում ուղղակի կամ անուղղակի Արցախին վերաբերող աւելի քան մէկ տասնեակ փաստաթղթերի ընդունմամբ։ Խիստ զգուշաւոր լաւատեսութեամբ ցանկանում ենք նշել, որ փոփոխութիւն է նշմարուում նաև ԵՄ գործադիր իշխանութեան դիրքորոշումներում՝ մասնաւորապէս Հայաստանի անվտանգութեան և արցախահայութեան վերադարձի իրաւունքի համատեքստում։
- Ըստ ամենայնի առաջիկայում համաեւրոպական մակարդակում կարձանագրենք նոր հաջողութիւններ՝ քաղաքական և քարոզչական բնոյթի։
- Հայ դատի Կանադայի յանձնախմբի նպատակաուղղուած աշխատանքների արդիւնքում, որոնք հանգեցրեցին նոյնիսկ պետական հետաքննութեան՝ Կանադական կառավարութիւնը Ադրբեջանի նկատմամբ կիրառում է ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման էմբարգո։
- Վերջին ամիսների ընթացքում միջազգային յարաբերութիւններում կարևոր երկու կենտրոններում Հայ իրաւական կենտրոնի կողմից մուտք են արուել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան 42 ներկայացուցչի նկատմամբ պատերազմական յանցագործութեան դրուագներով պատժամիջոցների կիրառում և իրաւական պատիժ պահանջող թղթածրարներ, որոնք ներկայումս անցնում են ընթացակարգային փուլեր։
- Նմանաբնոյթ աշխատանքները շարունակուում են նաև մի շարք երկրների համապատասխան գերատեսչութիւնների հետ՝ գործակցաբար իրաւապաշտպան այլ կազմակերպութիւնների հետ։
Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման պահանջը Հայ դատի համակարգի կողմից որդեգրուել է ողբերգական իրադարձութիւններից անմիջապէս յետոյ, ներկայումս այն միջազգային լայն ընկալունակութիւն ունի։ Վերադարձի իրաւունքի խնդիրը պաշտօնապէս կարևորուել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանի, Եւրոպական միութեան, Եվրոպայի խորհրդի, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Ֆրանսիայի, Կանադայի, Միացեալ Թագաւորութեան, Իրանի և այլ երկրների ու վերպետական կազմակերպութիւնների կողմից։ 2023թ․ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդում արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման դրոյթ պարունակող՝ Ֆրանսիայի կողմից տարածուած յայտարարութեանն են միացել աւելի քան երեսուն եւրոպական պետութիւններ։
Սիրելի հայրենակիցներ, իրաւունք թէ՞ քաղաքական շահ դիլեման մշտապէս եղել է միջազգային յարաբերութիւններում։ Անվիճելի է, որ միջազգային քաղաքական գործընթացների վայրիվերումների պայմաններում քաղաքական շահը առաջին պլան է մղուում, սակայն չի կարելի թերագնահատել այն հսկայական կազմակերպական դերը, որ իրաւունքն ունի։
Հետևաբար մենք հետքայլի իրաւունք չունենք, յատկապէս այն պարագայում երբ թշնամին, քարոզչական ու ֆինանսական հսկայական ռեսուրսների ներգրաւմամբ, Հայ դատի համակարգի դէմ սանձազերծել է կեղծիքի ու ստի հերթական արշաւը՝ յատկապէս Ամերիկայում և Եւրոպայում։ Ադրբեջանը չպէտք է և չի կարողանալու մարսել իր պատերազմական յանցագործութիւնները։ Միջազգային իրաւունքը մեզ տալիս է այդ հնարաւորութիւնը։ Իրաւունքի և ուժի համադրման պարագայում մենք կարո՛ղ ենք հաջողութեան հասնել։
Արցախն իր անկախութիւնը հռչակել է միջազգային իրաւունքի հետ անխոցելի համաձայնութեամբ։ Դրան հակադրուած ադրբեջանական ագրեսիան զուրկ է որևէ հիմնաւորումից։ Աւելին, իր պատերազմական յանցագործութիւններին 2023թ․ Ադրբեջանը աւելացրեց ևս մէկը՝ իրեն դիրքաւորելով որպէս «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ․ կոնվենցիայի յանցակազմը գործադրած պետութիւն՝ ապագայում դրանից բխող բոլոր հետևանքներով։
Թշնամական պետութիւնում սրա մասին շատ լաւ գիտեն։ Գիտեն նաև, որ փոքր պետութիւնների համար միջազգային յարաբերութիւններում յաճախ բացուում են կարճաժամկէտ հնարաւորութիւնների պատուհաններ, երբ նախկինում ձևաւորուած ստատուս քուոն կարող է անկանխատեսելիօրեն փոխուել։ Նրանք վախենում են մեր ժողովրդի պայքարի յաջորդ փուլից ու իրենց համար նպաստաւոր այս ժամանակաշրջանի աւարտից, որն արդեն ուրուագծուում է։
Սիրելի հայրենակիցներ, մեր անասելի կորուստների համատեքստում վերն ասուածը գուցէ շատ փոքր թուա, սակայն մեծ ու արժէքաւոր է այն ուղերձը, որ մեր համեստ հաջողութիւններն ունեն․ այն է՝ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ։ Ուժի կիրառման արդիւնքում միայն խորացել են հակամարտութեան հետևանքները։ Հակամարտութեան լուծում չի արձանագրել դրա իրաւասութիւնն ունեցող կամ հակամարտութեան բանակցային գործընթացում միջազգայնօրէն ներգրաւուած որևէ կողմ։ Յանուն ազատութեան, անկախութեան և ի վերջոյ՝ յանուն միացման մեր պայքարը չի՛ աւարտուել»։
ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը աւելացրեց, որ պարտութիւններ բերողը մեր ժողովրդին չպէ՛տք է ղեկավարի․ փակե՛նք պարտութեան այս էջը, որ արցախցին վերադառնայ իր տուն, Հայաստանն իր Սիւնիքով մնա հայկական․
«Առաջին անգամ Արցախի ժողովուրդը իր անկախութիւնը նշում է իր հող ու ջրից կտրուած, հայրենի Արցախից դուրս»,- այս մասին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի նախաձեռնած «Վերադարձ» խորագրով միջոցառմանն ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ յաւելելով․
«Մենք ապրում ենք մեր պատմութեան ամէնաամօթալի ժամանակները, երբ առաջին անգամ մեր պատմութեան մէջ հայոց անկախ պետականութեան առկայութեան պայմաններում տեղի ունեցաւ հայերի նոր ցեղասպանութիւն։ Այսօր պահն է հասկանալու, թէ ինչ և ինչպես դա տեղի ունեցաւ։ Մի բան արդեն իսկ պարզ է. եթէ հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպէս, մեծն Թումանեանի խօսքերով ասած՝ «դաւին անտեղեակ, ցաւին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ պետականութեան վերջին էջը»։
Թէ ինչու հասանք այսօրուան, և ինչպես յաղթանակած ժողովրդին հնարաւոր եղաւ տանել պարտութեան, Արմէն Ռուստամեանի խօսքով՝ կարելի է բերել իրար լրացնող բազմաթիւ պատճառներ։
«Գլխաւորն, ըստ իս, մեկն է հետևողականօրէն արժեզրկուեց մեր համազգային յաղթանակը, վարկաբեկեցին այդ յաղթանակն ապահովուած հերոսները և կտրեցին մեր ժողովրդին իր սեփական ուժի աղբիւրներից։ Բոլորս տեսանք, թէ ինչպես մեր յաղթական ազատամարտը ստորադասուեց 2018-ին կատարուածին, թէ ինչպես մեր միջից մէկի լեզուն պտտուեց ասելու, որ մեր հերոսները զոհուել են յանուն ոչնչի, թէ ինչպես միւսն էլ յայտարարում է, որ մինչև 2018 թիւը մի ողջ ժողովուրդ ըստ էութեան սխալ է ապրել պատմական, երևակայական, բայց ոչ երբեք իրական Հայաստանում։
Բայց ահաւորն այն է, որ մեր աչքի առջև շարունակում են քանդել մեր յաղթանակների և ազգին ազգ պահող բոլոր հենասիւնները, հանրութիւնը միաւորող, հային հայի հետ կապող և մեզ յաղթանակներ ապահովուած ամեն ինչ հետևողականօրէն աւերւում է։
Աւելի կոնկրետ.
— Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, որը կենսատու աղբիւրն է եղել մեր համազգային ներուժի, պղտորուում ու ցամաքեցուում է,
-հայութեան գոյութիւնը, ինքնութիւնն ու նկարագիրը պահպանելուն կոչուած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և համազգային կառոյցները հետապնդում և հալածուում են,
— «Ազգ-բանակ» գաղափարը կենսագործելուն կոչուած Հայոց Բանակը կորցնում է իր տէրն ու նշանակութիւնը,
-ժողովրդի իշխանութիւնն ապահովելուն կոչուած ՀՀ սահմանադրական կարգի շարունակական ոտնահարումները բերել են պետութեան և իշխանութեան նոյնացմանը, իսկ նոյն այդ կարգը պաշտպանելու կոչուած ուժային կառոյցները վեր են ածուել սոսկ վարչապետի պահակազօրքի։
Եւ, վերջապէս, դէպի ամբողջական կապիտուլյացիայով ազգակործանում տանող ճանապարհին այս վարչախմբին մնացել է մի աւարտական արար՝ լիակատար հրաժարում Հայաստանի անկախութեան և ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրերի կենսագործման պարտաւորութիւնից։
ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրից հրաժարուեցին, արդիւնքը չուշացավ՝ եղաւ Արցախի հայաթափումը»։
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ Հայաստանի անկախութեան մասին Հռչակագրից հրաժարուելու անխուսափելի հետևանքը լինելու է հայոց ինքնիշխան պետականութեան կորուստը և հայաստանի թուրքացումը։
«1988 թուականին մեր սերնդի համար ակնյայտ էր կապը Արցախի ազատագրութեան և Հայաստանի անկախութեան միջև։ Եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախութիւնը ձեռք է բերուել Արցախեան ազատամարտի պայմաններում։ Հիմա դժուար չէ պատկերացնել թէ ինչ կմնար Հայաստանի անկախութիւնից ու տարածքներից, եթէ չլիներ Արցախեան ազատամարտում մեր ժողովրդի յաղթանակը։
Չտեսնել փոխկապուածութիւնը Արցախի հայկականութեան և Հայաստանի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան միջև, նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով։ Ինչն էլ դժբախտաբար հաստատուած է այսօր։ Այո՛, հենց այսօր, երբ վարչախումբը լծուել է ազատամարտի արդիւնքները փոխելու գործին, և միանգամից հարց է առաջացել, թէ ինչ է մնալու արդեն Հայաստանի տարածքային ամբողջականութիւնից և ինքնիշխանութիւնից։ Այս վարչախումբը ոչ միայն այս կապը չի ուզում արձանագրել, այլ մեր ժողովրդին համոզում է, թէ՝ տուեցինք Արցախը, կփրկենք Հայաստանը՝ այն տրամաբանութեամբ, որ իբր զիջել ենք մասը, որ փրկենք ամբողջը։ Սակայն երբ զիջում ես՝ չզիջելու ռեսուրս չկուտակած, յայտնւում ես մաս-մաս զիջելու վիճակում։ Առաւել ևս, երբ դիմացինդ քեզանից ամբողջն է ուզում։ Այդպէս դու ոչ թէ հաշտութիւն ես կնքում թշնամու հետ, այլ պարզապէս ստիպում ես քեզ քեզ՝ հաշտուել քո իսկ անձնատուր վիճակի հետ։ Սա է պարտուած և պարտութեամբ հպարտացող ցանկացած մէկի ճակատագիրը։
Սա հենց այն է, ինչ անում է այս վարչախումբը, ում քաղաքական հաւատամքն է պարտուողականութիւնն ու զիջողականութիւնը, և, որպէս հետևանք, այս կառավարութիւնը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները հիմնաւորողը, լեգիտիմացնողն ու կատարողը։ Աւելին, շարունակաբար մեր ժողովրդին վախեցնելով պատերազմով, այդ պատերազմով անխուսափելի պարտութեամբ՝ այս վարչախումբը ստիպում է ապաւինել Ադրբեջանի խոստացած խաղաղութեանը։ Ակնյայտ է, որ այդ խաղաղութիւն կոչուածի երաշխաւորն է լինելու է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հայ ժողովուրդն իր պատմութեամբ գիտի, թէ ինչ է լինում, երբ ցեղասպանը պէտք է երաշխաւորի իր անվտանգութիւնը: Եւ ուրեմն, եթէ միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրուի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն Արևմտեան Ադրբեջանի։
Բաւ է։ Պարտուածը և պարտութիւններ բերողը մեր ժողովրդին չպէտք է ղեկավարի։ Պէտք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից և հռչակած ծրագրային նպատակներից հրաժարուած, այլևս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը, և, քանի դեռ ուշ չէ, որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ։ Այդ ուղեգիծը նախ և առաջ պէտք է բխի Հայաստանի անկախութեան մասին Հռչակագրից, որից շեղումն էլ հենց եղել է մեր ձախողումների և նահանջների պատճառների պատճառը։ Այս ուղեգծով առաջնորդուող նոր ազգային իշխանութիւններն առաջնահերթ քայլեր պէտք է ձեռնարկեն հետևեալ ուղղութիւններով.
-վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխութիւնը, սեփականութիւնը պահպանելու և զարգացնելու նպատակի շուրջ,
-վերականգնել զինուած ուժերի մարտունակութիւնն ու անվտանգութեան համակարգերի արդիւնաւէտութիւնը,
— ռազմաքաղաքական յարաբերութիւններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութիւն ապահովելու համար։
— Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն իրականացնել կողմերի օրինական շահերի յարգմամբ։ Համաձայնեցման ենթակայ բոլոր հարցերի լուծումներն ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրայ որպէս նախապայման առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զօրքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահուող անձանց վերադարձը և մշակութային ժառանգութեան պահպանումը։
-մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգաւորումը, հետապնդել արցախահայերի հաւաքական հայրենադարձութեան իրաւունքը՝ հիմնած էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկուած և բռնի տեղահանուած անձանց իրաւունքների լիարժէք յարգման վրայ,
-ապահովել Սրցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծաւալով արցախահայութեանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխաւորուած քաղաքական և քաղաքացիական իրաւունքները։
Մենք յայտնուել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնութիւնը պահպանելու և սերունդներին ժառանգելու հրամայականի առջև։ Մենք կարող ենք և պարտաւոր ենք դա անել, մենք զաւակներն ենք 88 թուականի համազգային զարթօնքի ու յաղթանակներ կերտած ժողովրդի։
Ազատագրենք մեր հոգիները, փակենք այս էջը պարտութեան, որ արցախցին ետ դառնայ իր տուն, որ Հայաստանն իր Սիւնիքով մնա հայկական, որ հայն իր երկրում ու աշխարհում քայլի վստահ ու յաղթական»,- ասաց նա։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը յիշեցրեց, որ Արցախն է՝ հայրենիքը պաշտպանելու, նորից գործօն դառնալու, վերականգնուելու մեր բանալին․ «Մեզ համար դժուար է այսօր նշել և արժևորել Արցախի Հանրապետութեան օրը, երբ Արցախը հայաթափուած է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը՝ Բաքուի բանտերում։ Բայց մենք պէտք է արժևորենք այս օրը, որովհետև մեզ համար Արցախի Հանրապետութեան և Արցախի էջը փակուած չէ։
Նախ դիմում եմ արցախցիներին։ Սիրելի՛ արցախահայեր, այսօր թշնամական քարոզչութիւնը թիրախաւորել է ձեզ, ցաւօք, նաև Մայր հայրենիքում։ Փորձում են Արցախի հայաթափումը ներկայացնել ձեր՝ չպայքարելու և զէնքը վայր դնելու արդիւնք։
Շատ յստակ ուզում եմ ասել, դուք չէ՛ք պարտուել, դուք դաւաճանուել՛ էք։ Արցախը չի՛ ընկել, Արցախը յանձնուե՛լ է։ Արցախը յանձնուել է Ադրբեջանի մաս ճանաչելով, մնալով մենակ, Արցախը յանձնուել է Փաշինեան-Ալիև-Էրդողան համագործակցութեամբ և յանցաւոր համաձայնութեամբ։
Արցախցին երեք պատերազմներում կռուած, քաջութեան անպատկերացնելի օրինակներ դրսևորած ժողովուրդ է։ Դուք մեր հայրենիքի սահմանները սեփական արեամբ գծած ժողովուրդ էք։ Դուք ժողովուրդ էք, որի ամեն ընտանիք զոհ և զինուոր ունի։
այսօր շատ անկեղծ զրոյցի կարիք ունենք։ Մենք պարտաւոր ենք հասկանալ մեր այս ծանր կացութեան պատճառները, գտնենք վերականգման ուղիները։
Այսօր է պահը վերիմաստաւորելու մեր մօտեցումները, մեր ուղենիշերը սահմանելու ինքներս մեզ համար և՛ անձնական, և՛ ազգային մակարդակներում, քանզի ոչ թէ աղէտների քանակը կամ մասշտաբը, այլ դրանցից յետոյ ոտքի կանգնելու ունակութիւնն է որոշում ազգերի ճակատագիրը։
Այսօր հայկական աշխարհում բախուում են երկու արժեհամակարգներ՝ հայակենտրոն ու օտարահպատակ։
Այսօր մեզ անընդհատ ասում են, թէ ցանկանում են խաղաղութիւն բերել, բայց սրանց բերածը նոր պատերազմ է՝ ամեն անգամ աւելի մօտ մեր տներին։ Եւ ցանկացած ուժ, որն ընդդիմանում է կապիտուլյացիային՝ յայտարարւում է ռազմատենչ։
Այսօր մեր պետութիւնը ղեկավարում են վախկոտներն ու վաճառականները։ Նոյնիսկ այսպիսի միջոցառումներն են ներկայացնում պատերազմի վտանգ։ Եւ ամեն օր վախի նոր չափաբաժին է ներարկուում հանրութեանը, որպէսզի կապիտուլյացիային ընդդիմացողները յայտարարուեն արկածախնդիրներ, իսկ կապիտուլյացիան ներկայացուի միակ ու անխուսափելի ելք։
Իրականում, սակայն, Հայրենիքի համար անզիջում պայքարը, այդ ճանապարհին զոհողութիւնները երկիրը ոչ միայն փորձութիւնների և արկածախնդրութեան տանել չէ, այլ ստեղծած իրավիճակից միակ ելքն է։
Մենք ուզում ենք Հայաստանը ոտքի կանգնի այս ծնկած վիճակից, իրենք ուզում են բոլորին իրենց պէս ծնկի իջեցնել, որպէսզի ստացուի, որ միայն իրենք չեն ծնկած, այլ ողջ հայութիւնը։
Մենք ասում ենք՝ նոր որակի ազգային պետութեան կառուցումն այլընտրանք չունի, նրանք պնդում են, որ մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու կենացային։
Մենք ասում ենք՝ ճիշտ առաջնորդութեան դեպքում մեր ժողովուրդը կարող է պայքարել իր ազատութեան համար, ապահովել երկրի անվտանգութիւնը, նրանք, թշնամու հետ համահունչ, մեզ յայտարարում են ռևանշիստներ։
Մենք պնդում ենք՝ ոչ մի արտաքին ուժ չի՛ կարող որոշել, թէ մենք ինչ սահմանադրութիւն պէտք է ունենանք, մեր երեխաները հայոց պատմութիւնն ինչ դասագրքերով պէտք է սովորեն, մեր զինանշանի վրայ ինչ պէտք է պատկերուի։ Նրանք մեզ ասում են՝ եթէ չփոխենք, կհրարձակուեն։
Մենք ասում ենք՝ խաղաղութիւն անհրաժեշտ է ապահովել, բայց չես կարող խաղաղութիւն ակնկալել մէկից, ում նպատակը քեզ ոչնչացնելն է։ Խաղաղութիւնը պէտք է նուաճուի, խաղաղութիւնը պէտք է պարտադրուի, ինչպես եղել է երկու տասնամեակների ընթացքում։ Նրանք շարունակում են մուրալ խաղաղութիւն՝ բերելով նոր պատերազմ և նոր կորուստներ։
միմեանց հակասող այս աշխարհայեացքների բախման կիզակէտում է մեր ժողովուրդը։ Ուրեմն հենց հիմա է պահը համատեղ ուժերով ձևակերպելու թշնամական և ինքնաոչնչացման առաջարկի մեր այլընտրանքը, որը պէտք է դառնայ պայքարի ու ապաքինման նոր ուղենիշ։ Ու հենց այստեղ է, որ մենք կրկին մեր հայեացքը հառում ենք դէպի Արցախ։ Արցախեան շարժումը ծնունդ տուեց երկու հայկական պետութիւնների, տարածաշրջանում ապահովեց ուժերի բալանս, մեզ աշխարհում դարձրեց գործօն։
Արցախ ունենալը ոչ միայն պատիւ էր, այլեւ անվտանգութիւն։ Արցախ կորցնելը խարան է, որը խոցելի է դարձնում հայկական սահմաններն ու Հայաստանին զրկում բանակցային ուժից։
Ուստի, եթէ ցանկանում ենք պաշտպանել Հայաստանը և հայկական շահը, ապա Արցախեան օրակարգն այլընտրանք չունի։
Ուրեմն, Արցախն է՝ վերականգնուելու, նորից գործօն դառնալու, հայրենիքը պաշտպանելու մեր բանալին։
Բոլորս գիտենք՝ ինչ է այսօր մեր ազգին առաջարկուում Ադրբեջանի բռնապետի և Հայաստանի կառավարիչների կողմից, բազմիցս ներկայացրել ենք, այսօր էլ խօսուեց այդ ճանապարհի կործանարար լինելու մասին։ Ուրեմն, կործանման այդ ճանապարհը մերժելուն զուգահեռ, հրամայական է ազգային նոր այլընտրանքային առաջարկի ձևաւորումը։ Այլընտրանք, որը կդառնայ համազգային նոր ուղենիշ։ Այդ այլընտրանքը պէտք է հիմնուած լինի աշխարհաքաղաքական իրավիճակի իրատեսական գնահատման, սեփական կարողութիւնների հաշուարկման վրայ, բայց միաժամանակ պէտք է համահունչ լինի մեր ժողովրդի նպատակադրումներին։
Դրա համար անհրաժեշտ է վերադառնալ մեր պայքարի ակունքներին։
Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան լինելիութիւնը փոխշաղկապուած է, առանց Արցախի Հայաստանի անվտանգութեան համակարգը խիստ խոցելի է, դա տեսնում ենք Տաւուշում, Գեղարքունիքում, Ջերմուկում, Սիւնիքում։
Հետևաբար, չկայ առանձին Արցախի հարց և առանձին Հայաստանի հարց, դրանք փոխկապակցուած են։ Աւելին՝ նոյն հարցն է։
Հենց այստեղից էլ բխում է այլընտրանքային հայեցակարգի առաջին դրոյթը, առաջին բանը որ մենք, որպէս ազգ և պետութիւն, պէտք է ասենք աշխարհին․ Արցախյան հակամարտութիւնը կարգաւորուած չէ՛, Ադրբեջանը չի՛ կարող ուժով և ուժի սպառնալիքով հարցեր լուծել տարածաշրջանում, մենք երբեք չե՛նք հաշտուելու դրա հետ։
Պատերազմական հանդերձագործութիւնով զուգորդուած ագրեսիան միջազգային հանրութիւնը չի կարող ընկալել հակամարտութեան կարգաւորման ընդունելի միջոց։
Այսօր աշխարհի միայն երկու՝ Ալիևի և Փաշինյանի կառավարութիւններն են շարունակ խօսում Արցախի Հանրապետութեան լուծարման, Արցախեան հարցի փակուած լինելու մասին:
Ի միջի այլոց, մէկ անգամ ևս ուզում եմ յայտարարել՝ հայ-ադրբեջանական բանակցութիւններում Արցախի հարցը ներառուած չէ։ Քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գտնուում է Բաքուում, իսկ Ադրբեջանի զօրքերը՝ ՀՀ ինքնիշխանութիւնն տարածքում, հայ-ադրբեջանական բանակցութիւններն անուանել խաղաղութեան բանակցութիւն, դա սուտ է և կեղծիք, դա ըստ էութեան՝ նոր և աւելի խորը կապիտուլյացիայի մասին բանակցութիւններ են։
Երկրորդ հիմնադրոյթը, որը պէտք է դառնայ համազգային նոր ուղենիշ` արցախահայերի հայրենիք վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնն է։
Արցախցին իրաւունք ունի ապրելու սեփական հայրենիքում։ Հենց այս հարցն է, որ պէտք է ներառել բանակցային օրակարգում։ Դրան զուգահեռ հարկաւոր է՝
● ապահովել արցախցիների կոմպակտ բնակեցումը Հայաստանի Հանրապետութիւնում,
● կանխել արցախցիների արտագաղթը,
● ամեն գնով կանխել ներազգային թշնամանքի սերմանումը,
● տարբեր ատեաններում բարձրացնել արցախցիների բոլոր, այդ թուում՝ գոյքային իրաւունքների հարցը,
● միջազգային հարթակներում հասնել նրան, որ ճանաչուի արցախցիների ցեղասպանութեան, բռնի տեղահանման և էթնիկ զտման փաստը՝ դրանից բխեցնելով արցախցիների վերադարձի իրաւունքը։
Այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ հարցն օրակարգ բերելով՝ մենք ոչ միայն չենք վնասում Հայաստանին, այլ հակառակը՝ պաշտպանում ենք հայկական շահերը։ Արցախեան հարցը բանակցութիւնների օրակարգից դուրս բերումը, Արցախ վերադարձի իրաւունքը չքննարկելն է հանգեցրել այն իրականութեանը, որտեղ տաւուշյան առաջնագծից զօրքերի են ետ քաշուում կամ քննարկուում է Հայաստանից նոր զիջումների հարցը։
Արցախ վերադարձի օրակարգն է, որ հասկանալի է մեր բոլոր գործընկերներին։ Արցախ վերադարձի իրաւունքից է, որ խօսում են ԵԱՀԿ մինսկի խմբի գրեթէ բոլոր երկրների ներկայացուցիչները։ Նաև այս պատճառով է Ալիևը ցանկանում լուծարել Մինսկի խումբը։ Արցախ վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնն է, որ կարող է թոյլ տալ բանակցային սեղանին բացի հայկական կողմի զիջումներից իսկապէս ունենալ բանակցային օրակարգ։ Ուրեմն Արցախ Վերադարձը պէտք է վերածուի ազգային նոր ուղենիշի։ Արցախ վերադարձին պէտք է ուղղուած լինեն մեր համազգային ջանքերը։ Արցախի և Հայաստանի պաշտպանութիւնը նորից պէտք է դրուի մեր մտածողութեան հիմքում, որպէսզի կարողանանք պաշտպանել մեր կենսական շահերը։
Կարևորագոյն խնդիր է Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցը, առանց որի մենք մի քայլ էլ կհեռանանք Արցախ վերադարձի նպատակադրումից։ Այստեղից էլ բխում է երրորդ հայեցակարգային դրոյթը․ Արցախի պետական ինստիտուտները պէտք է պահպանուեն, պէտք է ապահովուի Արցախի ժողովրդի ընտրութեան արդիւնքում ձևաւորած իշխանութեան մարմինների գործունութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում։
Այժմ Արցախը պետութիւն է, որի տարածքն ամբողջութեամբ օկուպացուած է, սակայն կա Արցախի Հանրապետութեան սուբեկտայնութեան հիմքը՝ Արցախի ժողովուրդը։
Արցախի ժողովրդի կողմից ձևաւորած պետական ինստիտուտներն են, որ պէտք է դառնան Արցախ վերադարձի իրաւունքն առաջ տանող առաջնային սուբյեկտները։ Հենց նրանք պէտք է սահմանեն այն իրաւունքները, որն անհրաժեշտ է արցախցուն իր հայրենիքում ապրելու, և այն անվտանգութիւնը, որը բաւարար է այդ իրաւունքների ապահովման համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախեան հարցում և արտաքին քաղաքական ոլորտում այլընտրանքային մեր մօտեցումների ներկայացումը մէկ նպատակ է հետապնդում՝ ցոյց տալ, որ կա՛ ներկայ իշխանութեան առաջ քաշած ինքնաոչնչացման ճանապարհի այլընտրանքը։
Այսօր դուք լսեցիք ուղերձներ տարբեր մայրցամաքներից, որոնք վկայում են, որ սեփական շահերի ձևակերպման և դրանց պաշտպանությանը միտուած քաղաքականության դեպքում մենք հասկանալի և ընկալելի ենք աշխարհի համար։
Ուստի կեղծ և թշնամական է անզօրութեան այն քարոզը, որն ամենուր ուղեկցում է մեզ։ Սու՛տ է, թէ մենք միայնակ ենք և չունենք դաշնակիցներ։
Դաւաճանակա՛ն է թէզը, թէ մենք մեր հարցերը լուծելու և մեր կենսական շահերը պաշտպանելու ներքին ուժ չունենք։
Մենք ցեղասպանութիւնից յետոյ պետութիւն կերտած, Արցախեան ազատամարտ յաղթած, հազարամեակների պատմութիւն և մշակոյթ ունեցող ժողովրդի զաւակներ ենք և այդ հազարամեայ պատմութեան ընթացքում բազմիցս ապացուցել ենք, որ անհնարին ոչինչ չկայ։ Եթէ մենք ունենք ազգային գաղափարախօսութիւնն, ազգային երազանք և այդ երազանքն իրականացնելու կամք և վճռականութիւն։
Մեր անելիքն այսօր՝ այնպէ՛ս ապրել, այնպէ՛ս գործել, այնպէ՛ս պայքարել, որ վաղը լիաձայն կարողանանք ասել՝
կեցցէ՛ Հայաստանը,
կեցցէ՛ Արցախը,
կեցցէ՛ հայութիւնը։
Իր ելոյթում Արցախի ԱԺ նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը մասնաւորապէս ասաց․ «Դաշնակցութիւնը միշտ եղել է Արցախի կողքին, ինչպես նաև՝ այս ծանր օրերին ունենալով իր ուրոյն և ազդեցիկ դերակատարութիւնը»։
Միջոցառման տարբեր հատուածներում մեծադիր էկրաններին ցուցադրուեցին աշխարհի տարբեր անկիւններից ստացուած՝ Հայ դատի, հայ ժողովրդի և Արցախի բարեկամ խորհրդարանականների և պետական ու քաղաքական գործիչների ուղերձները՝ դրանց հեղինակների ընթերցմամբ: Դա ևս մէկ անգամ ամրագրեց այն քաղաքական պնդումը, որ իր իրաւունքների համար պայքարում հայ ժողովուրդն ու արցախահայութիւնը միայնակ չեն:
Միջոցառումն աւարտուեց Արցախի Անկախութեան օրուան նուիրուած համերգով: Գեղեցիկ կատարումներով հանդէս եկան Հայաստանի վաստակաւոր արտիստուհի Շուշան Պետրոսեանը, Արցախի պետական և ստեղծագործական երաժշտական խմբեր, անհատ կատարողներ:
Հիմնական աղբիւրը՝ aravot.am