Եւրոպական խորհրդարանը հաստատեց բանաձեւ, որում խիստ դատապարտուում են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից մարդու իրաւունքների շարունակական խախտումները: Եւրոպատգամաւորները Ադրբեջանից պահանջում են քաղբանտարկեալների անյապաղ ազատ արձակումը, հետապնդումների դադարեցումը եւ արցախահայության իրաւունքների պաշտպանութիւնը:

2024 թ հոկտեմբերի 24-ին Եւրոպական խորհրդարանը ընդունել է կարևոր բանաձև, որը վերաբերում է “Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրաւունքների և միջազգային իրաւունքի խախտումների ու Հայաստանի հետ յարաբերութիւններին”: Բանաձևին կողմ է քուէարկել 453 պատգամաւոր, 31-ը՝ դէմ, և 89-ը՝ ձեռնպահ, ինչը վկայում է պատգամաւորների մտահոգութեան մասին տարածաշրջանում մարդու իրաւունքների վիճակի վատթարացման կապակցութեամբ:

Արմենպրես“-ի փոխանցմամբ, Բրիւսէլում ընդունուած այս բանաձևով Եւրախորհրդարանի պատգամաւորները խստագոյնս դատապարտում են Ադրբեջանի իշխանութիւնների իրականացրած բռնաճնշումները ընդդիմութեան առաջնորդների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ, ինչպես երկրի ներսում, այնպէս էլ դրա սահմաններից դուրս: Այսօրինակ խախտումները, առաւել ևս, սրուել են COP 29-ի նախաշեմին, ինչը պահանջում է անյետաձգելի քայլեր:

Բանաձևը կոչ է անում անյապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկեալներին, որոնք կալանաւորել են կամայական հիմքերով, և դադարեցնել բոլոր տեսակի հետապնդումները և բռնաճնշումները: Պատգամաւորները կարևոր են համարում երկրում ստեղծուած վախի մթնոլորտը, որը ուղղուած է քաղաքացիական հասարակութեան գործունէութեան սահմանափակմանը:

Բանաձևում շեշտուում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ: ԵՄ ղեկավարներին, մասնաւորապէս Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, առաջարկուում է օգտագործել այս միջազգային հարթակը, որպէսզի Ադրբեջանին յիշեցնեն իր միջազգային պարտաւորութիւնների մասին և լուրջ քննարկեն երկրի մարդու իրաւունքների վիճակը:

Եւրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ պետութիւններին ձեռնարկել վճռական միջոցներ, որպէսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովները չհիւրընկալուեն այն երկրներում, որտեղ մարդու իրաւունքների ցուցանիշները բացասական են: Բացի այդ, անհրաժեշտութիւն կա դադարեցնել ԵՄ-ի կախուածութիւնը ադրբեջանական գազից և կասեցնել 2022 թուականի փոխըմբռնման յուշագիրը էներգետիկայի ոլորտում:

Պատգամաւորները շեշտում են, որ բոլոր քաղաքական բանտարկեալների ազատ արձակումը և իրաւական բարեփոխումների իրականացումը պէտք է լինեն ապագայ ԵՄ-Ադրբեջան գործընկերութեան նախապայմանները: Նրանք նաև նշում են, որ Ադրբեջանը պէտք է պատրաստակամութիւն ցուցաբերի հաւատարմօրէն մասնակցելու Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագրի բանակցութիւններին և յարգել Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքները:

Եւրոպական խորհրդարանը կրկին հաստատում է իր աջակցութիւնը թէ՛ Հայաստանի, թէ՛ Ադրբեջանի ինքնիշխանութեանը և տարածքային ամբողջականութեանը: Այն աջակցում է երկու երկրների համայարաբերութիւնի կարգաւորմանը՝ հիմնուելով փոխադարձ ճանաչման սկզբունքների վրայ՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի: Բանաձևը պահանջում է, որ ադրբեջանական զօրքերը դուրս գան Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից և կոչ է անում Ադրբեջանին յարգել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը:

Բանաձևը շեշտում է, որ տարածաշրջանում հաղորդակցութիւններին վերաբերող խնդիրները պէտք է լուծուեն բացառապէս՝ յարգելով Հայաստանի ինքնիշխանութիւնը: ԵԽ պատգամաւորները զգուշացնում են, որ Հայաստանի դէմ ցանկացած ռազմական գործողութիւն անընդունելի է և կունենայ լուրջ հետևանքներ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների վրայ:

Բացի այդ, ԵՄ-ն պէտք է պատրաստ լինի կիրառել պատժամիջոցներ ցանկացած անձի և կազմակերպութեան նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը և տարածքային ամբողջականութեանը: Պատգամաւորները գնահատում են Եւրոպական խաղաղութեան հիմնադրամից Հայաստանի զինուած ուժերին տրամադրուած օգնութիւնը և կոչ են անում Հայաստան-ԵՄ համագործակցութիւնն ամրապնդել անվտանգութեան և պաշտպանութեան ոլորտում:

Եւրոպական խորհրդարանը մտահոգութիւն է յայտնում Ադրբեջանի կողմից հնչող զրպարտիչ յայտարարութիւնների վերաբերյալ և կոչ է անում ԵՄ-ին երկարացնել առաքելութեան մանդատը: Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցութիւն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կարողութիւնների ուժեղացմանը:

Բանաձևը պահանջում է ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին և կոչ անում Ադրբեջանին կատարել Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները, ներառեալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, անարգել ու արագ վերադարձը: Պատգամաւորները կոչ են անում սկսել համապարփակ և թափանցիկ երկխօսութիւն արցախահայության հետ և ապահովել նրանց պաշտպանութեան, հողի և սեփականութեան իրաւունքները:

Խորապէս մտահոգուելով Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգութեան պահպանմամբ, եւրոպական պատգամաւորները կոչ են անում Ադրբեջանի իշխանութիւններին զերծ մնալ մշակութային և պատմական ժառանգութեան հետագայ ոչնչացումից: Նրանք պնդում են, որ Ադրբեջանը պէտք է ապահովի մուտքը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպէսզի պաշտպանուի հարուստ բազմազանութիւնը:

Բանաձևը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի պաշտօնեաների կողմից ԵՄ անդամ երկրների ընտրուած պաշտօնեաների դէմ ուղղուած վիրաւորանքներն ու սպառնալիքները: Այս համատեքստում, Եւրոպական խորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանի պաշտօնեաների մուտքը ԵՄ կառոյցների շէնքեր արգելուի մինչև հետագայ ծանուցում:

Մեկնաբանելով բանաձեւի ընդունումը՝ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը մասնաւորապէս նկատել է․
«Այս բանաձևի ընդունումը տրամաբանական շարունակութիւնն էր Եւրոպական խորհրդարանի նախկին բանաձևերի և հոկտեմբերի 22-ի քննարկման։ Մենք շնորհակալ ենք Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին, գնահատում ենք նրանց սկզբունքայնութիւնն ու հետևողականութիւնը, ինչը, ցանկանում ենք հաւատալ, որ կբերի նաև Ադրբեջանի հետ ԵՄ գործադիր իշխանութեան քաղաքականության վերանայման։

Այս բանաձևի մասով, յատուկ ցանկանում եմ կարևորել, որ խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան իրաւապայմանագրային յարաբերութիւնների հետագայ զարգացման համար նախապայմաններ է սահմանում՝ մասնաւորապէս քաղբանտարկյալների ազատ արձակումը, Հայաստանի հետ խաղաղութեան բանակցութիւններում անկեղծ պատրաստակամութեան դրսևորում, ինչպես նաև արցախահայության իրաւունքների յարգումը։
Ցանկանում եմ շեշտել՝ Ադրբեջանի հետ Եւրոպական միութեան ենթադրեալ նոր համաձայնագրի վաւերացման հարցն ամբողջութեամբ Եւրոպական խորհրդարանի իրաւասութեան ոլորտում է, և այս հարցով գործադիր իշխանութիւնը կաշկանդուած է Եւրոպական խորհրդարանի դիրքորոշմամբ։ Հետևաբար, ԵՄ գործադիր իշխանութեան քաղաքականության զարգացումը որոշակի հանգրուանում կախուած է լինելու խորհրդարանի դիրքորոշումից, ուստի գործադիր իշխանութիւնը չի կարող անվերջ հաշուի չառնել խորհրդարանի կարծիքը։
Մենք արդեն իսկ նշմարում ենք արտաքին գործողութիւնների եւրոպական ծառայութեան կողմից Ադրբեջանի հետ խօսոյթի որոշակի կոշտացում և մեզ համար ընդունելի օրակարգերի ներառում։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակն այս ուղղութեամբ ևս շարունակելու է իր աշխատանքները»։

Հիմնական աղբիւրը՝ aysor.am