Մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին մօտալուտ աղէտին, եթէ չասեմ աւելին. հիմնաւոր տպաւորութիւն էր ստեղծուել, կարծես ողջ աշխարհը գիտեր վերահաս պատերազմի մասին, բացառութեամբ՝ Հայաստանի։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը զրուցել է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր-անդամ Արա Այվազեանի հետ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Վ. Հ. — Դուք արտգործնախարար դարձաք 2020թ. նոյեմբերի 9-ից օրեր անց՝ մեր երկրի պատմութեան ամենաբարդ ու ամենաանորոշ օրերին: Ես առաջարկում եմ սկսել մեր զրոյցը հենց այդ օրերից: Կա՞ր արդեօք որևէ ստրատեգիական հաշուարկի, պլանաւորման հնարաւորութիւնն, թէ՞ աշխատանքը օրուայ ռեժիմով էր: Որքա՞ն էր շոկը դիւանագիտական կորպուսում, որքա՞ն էր բարդ գիտակցել, որ դու պարտուած պետութեան արտգործնախարար ես, բայց պարտաւոր ես շարունակել չպարտուածի կեցուածքով աշխատել: Յետադարձ հայեացքով, այնուամենայնիւ, որո՞նք էին անձամբ Ձեր առաջնահերթութիւնները:

Ա.Ա. — Նախ պէտք է արձանագրել, որ մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին մօտալուտ աղէտին, եթէ չասեմ աւելին. հիմնաւոր տպաւորութիւն էր ստեղծուել, կարծես ողջ աշխարհը գիտեր վերահաս պատերազմի մասին, բացառութեամբ՝ Հայաստանի, չհաշուած որոշ վերլուծաբանների: Այդուհանդերձ պէտք է նշել, որ միշտ յետադարձ հայեացքով հեշտ է «ճիշտ» վերլուծութիւններ և յայտարարութիւններ անելը, և այսօր էլ պակաս չի զգացուում յաճախ իրարամերժ հաստատումների համար, որոնց հիմնական նպատակն է՝ գտնել կամ կարգել 2020թ. ողբերգութեան մեղաւորներին: Չեմ ցանկանում մտնել այս տեսակ բանավէճի մէջ, փոխարէնը կփորձեմ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք ուղղորդող եղան այդ բարդ ժամանակահատուածում իմ և նախարարութեան աւագ դիւանագիտական կազմի գործունէութեան համար:

Նախ, մեր խօսոյթում, որպէս կանոն, առանձնացնում ենք Ղարաբաղեան 1-ին, 2-րդ (2016թ. քառօրեայ) և 3-րդ պատերազմները: Ճիշտ է, 1994թ. անժամկէտ զինադադարի արդիւնքում ռազմական գործողութիւնները դադարեցուել էին, բայց մեր հաւաքական գիտակցութեան մէջ ամրագրուել էր այն գաղափարը, որ պատերազմն աւարտուել է: Մինչդեռ, իմ կարծիքով, վերը թուարկուածը մէկ չընդhատուող պատերազմի տարբեր փուլեր էին, որովհետև պատերազմը միայն ռազմադաշտում կռուելը չէ: Այդ իմաստով 2020թ. նոյեմբերի 9-ը վերջ դրեց միայն ռազմական գործողութիւններին, և պատերազմը վերադարձաւ դիւանագիտութեան դաշտ: Գիտակցելով այն ծանր վիճակը, որում յայտնուել էին հայկական երկու պետութիւնները, այդուհանդերձ գտնում էինք, որ մեր ապրած ողբերգութիւնը մահախօսական չէր: Չպարտուածի կեցուածքով մեր նախարարութեան հանդէս գալը հենց այդ տրամաբանութեան մէջ էր և ոչ թէ կենացային հայրենասիրութեան դրսևորում:

Պատմութիւնը լի է համոզիչ օրինակներով, թէ ռազմադաշտում պարտութիւն կրած երկրները խելամիտ դիւանագիտութեան շնորհիւ ինչպես են կարողացել ուղղել իրենց մէջքը:

Երկրորդը. ի թիւս աւանդական և կարևոր գործառոյթների, դիւանագիտութեան հիմնական և առանցքային դերը բազմապիսի բաց, փակ և գաղտնի տեղեկատուական հոսքերի հիման վրայ խորքային վերլուծութեան արդիւնքում ճիշտ գնահատականներ ներկայացնելն է՝ անվտանգային իրավիճակի փոփոխութեան վերաբերյալ, և դրանցից բխող համապատասխան առաջարկութիւններով հանդէս գալը: Որևէ ձևով չեմ ցանկանում սրբագրել որոշումներ կայացնողների թոյլ տուած ճակատագրական սխալները, բայց պէտք է նաև ընդունել, որ 2020թ. սեպտեմբերի 27-ը չէր հասունացել մէկ կամ երկու ամսում. այն գագաթնակէտն էր, ինչպես հրաբխի ժայթքումին նախորդում են խորքային աննկատ ու չերևացող ներքին խմորումներ և գործընթացներ:

Ասել է թէ՝ ստեղծուած իրավիճակից ելքեր փնտրելու համար պէտք էր և´ դասեր քաղել մեր սխալներից, և´ ճիշտ վարքագիծ որդեգրելու համար հասկանալ՝ ինչու՞ փլուզուեց ձևաւորուած ստատուս քուոն: Աւելացնեմ միայն, որ յաճախ մեծ պատերազմներին նախորդում, ուղեկցում կամ յաջորդում են փոքր պատերազմներ, և այդ առումով 2020 թուականը ուժերի հաւասարակշռութեան մօտալուտ փլուզման նախերգանքն էր աւելի լայն իմաստով:

Վերջապէս, 2020 թուականի դառը դասերից էր մեր ռազմավարական մտածելակերպի բացակայութեան կամ լիակատար ձախողման փաստը: Բոլոր պատերազմների փորձը վկայում է, որ պարտութիւնը թէև չափազանց ցաւագին և թանկարժէք, բայց ամենալաւ դպրոցն է ստրատեգների համար: Մենք քաջ գիտակցում էինք մեր անբաւարար կարողութիւնները, և այդ պատճառով նաև նպատակադրուած էինք նախարարութեան հարկի ներքոյ հաւաքել մեր փորձագիտական և վերլուծական համայնքի արժէքաւոր ներկայացուցիչներին՝ համապարփակ վերլուծական և ռազմավարական պլանավորման մասնագիտական կարողութիւնները զարգացնելու համար: Դէպքերի հետագայ զարգացումները արգելակեցին այդ գաղափարի կենսագործումը, բայց նորաստեղծ Դիւանագէտների համահայկական խորհրդի առանցքային նպատակներից է հենց այդ տեսակ ինստիտուցիոնալ կարողութիւնների ձևաւորումն ու ներդրումը:

Մենք մշակել էինք միջնաժամկէտ ռազմավարութեան ամփոփ պատկերացումը, բայց յետպատերազմեան իրականութիւնը թելադրում էր իր օրակարգը, երբ ստիպուած էինք գրեթէ շաբաթական կտրուածքով դիմակայել հերթական ճգնաժամային իրավիճակին, ուղիներ փնտրելով ամրապնդելու դեէսկալացիոն գործընթացները և միաժամանակ չհատելու մեր «կարմիր գծերը»:

Շարունակական և տևական ճգնաժամերի ժամանակ դիւանագիտութեան արդիւնաւէտութիւնը խիստ սահմանափակուած է, և հենց այդ իրավիճակում էինք մենք գործում 2020թ. նոյեմբերին յաջորդող ամիսներին:

Վ.Հ. — Դուք թիմով հրաժարական տուեցիք և հետագայում ձեզ պահեցիք բաւական պարկեշտ, երբեք չզազրախօսելով նրանց մասին, ում հետ աշխատել էք և երբեք յանուն անձնական PR-ի չասելով մի բան, որը կարող է վնասել Հայաստանի շահերին: Դա միասնական որոշո՞ւմ էր, թէ՞ կրթուած դիւանագէտի պահուածք:

Ա.Ա. — Այդ ծանր շրջանում համակարգն իսկապէս գործում էր որպէս մէկ միասնական թիմ: Նման բարդ իրավիճակում մէկ անձի սխալ որոշումները կարող էին կործանարար հետևանքների հանգեցնել, հետեւաբար բնական էր, որ որոշումները կայացուում էին կոլեգիալ, բազմակողմանի քննարկումների արդիւնքում, որոնցում ընդգրկուած էին ոչ միայն նախարարութեան աւագ կազմը, այլեւ մեր դեսպանութիւնները, երբեմն նաեւ նախկին արտգործնախարարները, ինչպես նաեւ որոշ փորձագէտներ: Ընդհանուր հասկացողութիւն կար, որ մեր 30-ամյա ինստիտուտի այս լրջագոյն փորձաքննութեան արդիւնքը ազդելու է մեր պետականութեան եւ հայ ժողովրդի ապագայի վրայ: Այդուհանդերձ, երբ բարձրացաւ նախարարութիւնում մեր աշխատելու նպատակայարմարութեան հարցը, ամենայն անկեղծութեամբ պէտք է ասեմ, որ չեն եղել միասնական հրաժարական ներկայացնելու վերաբերյալ քննարկումներ. իւրաքանչիւրն իր որոշումն է կայացրել:
Բոլորիս համար լինում են հանգամանքներ, որոնք ինքնաճանաչման եւ ուրիշներին ճանաչելու լաւ առիթ են հանդիսանում: Մղձաւանջային այս վերջին տարիները որոշ իմաստով ռենտգենի դեր կատարեցին իւրաքանչիւրութիւնիս շրջապատի, իսկ աւելի լայն իմաստով՝ մեր հասարակութեան համար:

Չեմ յաւակնում որեւէ գնահատական տալ, բայց շարունակում եմ համոզուած լինել, որ հայ դիւանագէտն առաջին հերթին պէտք է հաստատուն սկզբունքների կրողը լինի: Իմ շատ գործընկերների վարքագիծը նախարարութիւնից հեռանալուց յետոյ թելադրուել է հենց պետականաշինութեան անփոփոխ կեցուածքով, որը երբեք կաշկանդուած չի եղել օրուայ իշխանութիւններով:

Վ.Հ. — Նոյեմբերի 9-ից յետոյ կար երկու ճանապարհ: Մէկը՝ կառչել այդ թղթից ու փորձել առաւելագոյնս պաշտպանել հայկական շահը, միւսը՝ ինչ արեց այս իշխանութիւնը. գնաց արեւմտեան ավանտյուրայի ճանապարհով, սխալ հաշուարկի պատճառով մտաւ միջազգային հակառուսական կոալիցիայի մէջ, ինչը բերեց Արցախի կորստին եւ Հայաստանի պետականութեան կորստի վտանգին: Ո՞ր պահից Ձեզ հասկանալի դարձաւ, որ իշխանութիւնը որդեգրել է հենց այդ ճանապարհը, եւ որո՞նք էին ըստ Ձեզ հիմնական սխալները:

Ա.Ա. — Իրաւացի էք, կար երկու ճանապարհ, բայց իմ պատկերացումը տարբերուող շեշտադրում ունի: Միջազգային յարաբերութիւններին, համաշխարհային պատմութեանը, դիւանագիտութեան փորձին եւ պատերազմ-խաղաղութիւն իրար յաջորդող եւ սերտօրէն շաղկապուած երեւոյթին քիչ թէ շատ ծանօթ մարդիկ գիտեն, որ պատերազմները մղուում են ոչ թէ ռազմադաշտում յաղթանակ ունենալու, այլ՝ դրա արդիւնքում հակառակորդին կամքը թելադրելու համար: Մենք յաղթանակած դուրս եկանք 1994 թուականին, բայց չկարողացանք մեր կամքը վերջնականապէս պարտադրել հակառակորդին:

Ներկայումս իրավիճակը վերափոխում է յօգուտ Ադրբեջանի, եւ թուրքական երկու պետութիւններն աննախադէպ հնարաւորութիւնն են ստացել՝ ամրագրելու իրենց ռազմական յաղթանակը նաեւ դիւանագիտութեան միջոցով: Նրանց 100-ամյա ռազմավարական պլանները չեն փոխուել, եւ երկուսն էլ զգում են, որ եկել է իրենց «ռազմավարական պահը»: Կարծում եմ՝ քչերն են հաւատում խաղաղութեան մասին Բաքուից եւ Անկարայից հնչող խօսոյթներին, դրանք թուրքական խաղաղութեան մասին են, որում Հայաստանը եւ հայկական շահերը որեւէ կերպ չեն տեղաւորուելու:

Այս գործընթացի վերջում չի լինելու խաղաղութիւն, այլ՝ անվերջանալի նուաստացումներ եւ միակողմանի ցաւագին զիջումներ: Ակնյայտ է, որ ձեւաւորուած աշխարհակարգի փլուզման պայմաններում, երբ չեն գործում միջազգային կառոյցները, իսկ միջազգային իրաւունքն առաւել քան երբեւէ անզօր է, միջպետական յարաբերութիւնների որոշիչ գործօնը դարձել է ուժային քաղաքականութիւնը: Միջազգային այս քաոսային իրավիճակում կրկին ուժն է ծնում իրաւունք, իսկ պարտուածներն ու թոյլերը պէտք է ընդունեն այն, ինչ յաղթողներն իրենց կթելադրեն: Սա է պատերազմների ցիկլի անհերքելի իրականութիւնը: Նման իրավիճակներում միակ միջոցը ուժի դիմաց հակաուժ ստեղծելն է՝ ձեւաւորելով ուժային նոր հաւասարակշռութիւնն եւ զսպելով հակառակորդի՝ օրեցօր աճող յաւակնութիւնները: Հակաուժի տակ նկատի ունեմ թէ´ մեր ներքին կարողութիւնները, թէ´ առաջին հերթին ռազմավարական շահերի համադրմամբ դիւանագիտութիւն միջոցով բնական եւ իրավիճակային դաշնակիցների ձեռքբերումն ու նոր դաշինքների ձեւաւորումը: Այդ ուղղութեամբ սկզբնական հեռանկարային քայլեր արդեն իսկ արել էինք: Մեր միջավայրում, իմ համոզմամբ, դեռ երկար ժամանակ միայն այսկերպ հնարաւոր կլինի ապահովել կայունութիւնը եւ հայկական շահը: Հասկանալի է, որ նման սցենարը բարդ ու ռիսկային է, բայց ռազմավարական իրատեսական պլանաւորման եւ հաշուարկների ճշգրտութեան արդիւնքում՝ իրագործելի: Հայաստանի գործող իշխանութիւնները նախընտրել են այլ ճանապարհ՝ այսպէս կոչուած «իրատեսական» մօտեցում, իսկ իրականում՝ նուազագոյն դիմադրութեան միջոցով «յաղթողների» կամքն ընդունելը, ինչի արդիւնքում վտանգաւոր եւ անթուլատրելի դրսեւորումներ ենք տեսնում՝ ուղղուած մեր ինքնութեան եւ հաւաքական յիշողութեան դէմ եւ, որպէս հետեւանք՝ միակողմանի զիջումներ:

Մեր տարաձայնութիւնները չեն ծագել ինչ-որ յատուկ պահի, այլ գործունէութեան արդիւնքում պարզ է դարձել, որ ԱԳՆ-ի եւ քաղաքական ղեկավարութեան պատկերացումները իրավիճակի կառավարման վերաբերյալ էականօրէն տարբերուում են: Հաշուի չառնելով ներկայ իրողութիւնները, երբ ցանկացած երկիր՝ մեծ եւ փոքր, հետապնդում է բացառապես իր սեփական շահերը, մի կողմ դնելով արժէքները, Հայաստանի գործող իշխանություններն «արժէքների» շուրջ են դաշնակիցներ փնտրում: Ինչպէս տեսանք, անհրաժեշտ պահերին ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վեհ արժէքները կրող եւ քարոզող դերակատարները խոր քնի մէջ էին եւ չպաշտպանեցին ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հայաստանը:

Վ.Հ. — Հայ-ռուսական յարաբերութիւններ. հիմա շատերն են գնում Մոսկուա, հանդիպում ինչ-որ շրջանակների հետ, արտաբերում կրկնուող տեքստեր՝ «ընդմիշտ միասին», «բազմադարեայ եղբայրութիւն» եւ այլն: Փաստն այն է, որ այսօր մեր յարաբերութիւններում կա լուրջ խնդիր, որը հնարաւոր է յաղթահարել իրավիճակի գրագէտ պատկերացմամբ ու փոխադարձ գրագէտ քայլերով: Ակնյայտ է, որ թէ´ Հայաստանից, թէ´ Ռուսաստանից պահանջուելու են լուրջ ջանքեր՝ յարաբերութիւնների վերականգնման համար: Ըստ Ձեզ, որո՞նք են նոր իրականութեան մէջ անհրաժեշտ գրագէտ քայլերը, որոնք պէտք է անեն Հայաստանի յաջորդ իշխանութիւնը եւ Ռուսաստանը:

Ա.Ա. — Դուք շատ դիպուկ նշեցիք, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը: Մեր յարաբերութիւնների հարուստ պատմությունը եւ բազմաբնոյթ համապարփակ օրակարգը մեզ մօտ համոզմունք էին ստեղծել, թէ այդպէս լինելու է միշտ: Մինչդեռ մեզ վիճակուել է ապրել արմատական վերափոխումների ժամանակաշրջանում, որոնք անդրադարձել են նաեւ մեր յարաբերութիւնների վրայ: Բուն թեման շատ ընդարձակ է եւ պարունակում է տարբեր երանգներ, ինչը, թերեւս, առանձին հետազօտութեան նիւթ է: Այս ձեւաչափի մէջ կցանկանայի կենտրոնանալ անվտանգային հարթութեանը, որը ներկայիս պայմաններում ամենակարեւորն է եւ որից բխում է մնացածը:
Ռազմական եւ ռազմավարական տեսութիւններում գոյութիւն ունի «ծանրութեան կենտրոն» (Center of gravity) հայեցակարգը, որը նշանակում է ուժի, հաւասարակշռութեան եւ կայունութեան ֆունդամենտալ աղբիւր, իւրատեսակ ողնաշար՝ մարտական գործողութիւններ վարելու համար: Պատերազմներում հակառակորդները ձգտում են նոյնականացնել եւ թիրախավօրել թշնամու «ծանրութեան կենտրոնը», ինչը վճռական յաղթանակի ճանապարհ կարող է հարթել: Օրինակ, Առաջին աշխարհամարտի ժամանակ այդ կենտրոնը Արեւմտեան ճակատն էր, իսկ Երկրորդում՝ Արեւելեան ճակատը: Դրա հետ մէկտեղ «ծանրութեան կենտրոն» կարող են լինել ենթակառուցուածքային կարեւոր հանգոյցներ, մայրաքաղաքներ, առաջնորդներ (Ադոլֆ Հիտլեր) եւ վերջապէս դաշնակիցներ: Իմ կարծիքն է, որ մեր «ծանրութեան կենտրոնը» եղել է մեր Զինուած ուժերի եւ հայ-ռուսական դաշնակցութեան համադրութիւնը: Ակնյայտ է, որ տարբեր հանգամանքների եւ գործընթացների կումուլյատիվ արդիւնքում չէզոքացուեց մեր ռազմավարական զսպման կարեւորագոյն օղակը՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցութիւնը, ինչն իր ճակատագրական ազդեցութիւնն ունեցաւ դէպքերի հետագայ զարգացման վրայ:

Հետեւաբար, գալիս ենք տրամաբանական հարցին՝ ինչո՞ւ դա տեղի ունեցաւ: Ակնյայտ էր, որ այստեղ գործ ունենք գլոբալ իրավիճակի փոփոխութեան արդիւնքում սխալ կամ կարճաժամկէտ իրավիճակային հաշուարկների եւ շահերի առաջնահերթութեան վերանայման խնդիրների հետ: Եւ վերջապէս, անհրաժեշտ է խորքային վերլուծութիւն անել երկկողմ եւ բազմակողմ (ՀԱՊԿ) անվտանգային համագործակցութեան բացթողումների վերաբերյալ: Ինձ համար միանգամայն ակնյայտ է, որ մեր յարաբերութիւններում անպայման կարեւոր տեղ է գրաւելու Արցախի հիմնախնդրի հետ կապուած ՌԴ դիրքորոշումը:

Ենթադրում եմ, որ ներկայիս իրավիճակը չի կարող գոհացնել ո´չ Հայաստանին, եւ ոչ էլ Ռուսաստանին: Անկայունութեան եւ անորոշութեան այս շրջանը, ցաւօք, դեռ երկար է տեւելու, եւ նոյնիսկ Ուկրաինայում ռազմական գործողութիւնների դադարեցումը չի բերելու խաղաղութիւն, փոխարէնը ձեւափոխուելու է քայքայիչ երկարատեւ հակադրութեան եւ նորանոր սպառնալիքների: Այս պայմաններում ցանկացած երկիր, նոյնիսկ ամենահարուստ ռեսուրսներով, առաւել քան երբեւէ կարիք է ունենալու գործընկերների եւ դաշնակիցների՝ այնպէս, ինչպես Հայաստանը վստահելի դաշնակիցների կենսական կարիք ունի: Հետեւաբար, ինչ-որ պահի հասունանալու է առանց փոխադարձ մեղադրանքների դաշնակցային հարաբերութիւնների շարունակականութիւնն ու հեռանկարները քննարկելու անհրաժեշտութիւնը՝ շահերի փոխադարձ ապահովման եւ մարտահրաւէրները համատեղ յաղթահարելու յանձնառութեան հիման վրայ: Սրանք զուտ բառեր չեն, այլ՝ երկուստեք ռազմավարական վարքագիծ որդեգրելու համար անհրաժեշտ նախադրեալներ: Քաղաքական եւ ռազմավարական համադրուելիք տեսլականների հիման վրայ յուսալի, փոխշահաւէտ եւ արդիւնաւէտ անվտանգութեան արդիականացուած ճարտարապետութեան համատեղ ձեւաւորումը երկարաժամկէտ կտրուածքով կապահովի համագործակցութիւնը տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Հակառակ պարագայում, ներկայիս փոխգործակցութեան որոշ առաջանցիկ ոլորտներ կյայտնուեն աշխարհաքաղաքական վայրիվերումների սպասուող եւ անսպասելի տատանումների փլատակների տակ:

Վ.Հ. — Համարենք՝ մի պահից Հայաստանն ունի նոր սոլիդ իշխանութիւն: Որո՞նք են յետպատերազմեան Հայաստանի վերականգնման արտաքին քաղաքականության հիմնական կէտերը:

Ա.Ա. — Պէտք է յստակ պատկերացնել, որ ցանկացած նոր իշխանութիւն առերեսուելու է բազմաթիւ խնդիրների յաղթահարման հրատապ հրամայականի հետ: Այդուհանդերձ, ամենալուրջ մարտահրաւէրները շարունակելու են սպառնալ արտաքին ճակատից: Համոզուած եմ, որ առաջիկայ տարիներին հենց արտաքին քաղաքական ոլորտն է լինելու մեր պետականութեան պաշտպանութեան առաջնային բնագիծը: Առաջնային խնդիրն այս իմաստով լինելու է արտաքին քաղաքականութիւնը՝ որպէս ներքին քաղաքականության տրամաբանական շարունակականութիւն, իր բնական հուն վերադարձնելու նոր իշխանութիւնների կարողութիւնը: Այսօր, իմ գնահատմամբ, իրավիճակը գլխիվայր շրջուած է, եւ արտաքին գործօններն ու դերակատարներն են էական ազդեցութիւն ունենում մեր որոշումների վրայ:

Երկրորդը. արտաքին քաղաքականութիւնը պէտք է ունենայ բովանդակութիւն, որն արտացոլելու է մեր ռազմավարական նպատակները: Ներկայիս պայմաններում հարկ է լինելու իրատեսականօրէն վերաձեւակերպել մեր ազգային շահերն ու նպատակները միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ կտրուածքի համար, ինչպես նաեւ ուրուագծել եւ պլանավորել դրանց հասնելու միջոցներն ու ուղիները: Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականութիւն ոչ միայն վերածուում է իմիտացիոն գործունէութեան, այլեւ խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողութիւնները:
Նոյնիսկ ամենախորիմաստ դիւանագիտութիւնը չի կարող արդիւնաւէտօրէն գործել, եթէ այն չի վայելում հասարակութեան մեծամասնութեան ըմբռնումն ու աջակցութիւնը: Յաջորդ իշխանութիւնները պէտք է քաղաքական դաշտի եւ հանրութեան լայն զանգուածների համար ընկալելի դարձնեն արտաքին քաղաքական լուծումների տրամաբանութիւնը՝ միեւնոյն ժամանակ համազգային կոնսենսուս ձեւաւորելով մեր «կարմիր գծերի» վերաբերյալ:

Եւ վերջապէս, մենք յաճախ ենք արձանագրում մեր ռազմավարական մտքի թերի վիճակը: Դրան զուգահեռ՝ պէտք է հաշուի առնել, որ այդ գաղափարների եւ նպատակների իրագործողները անհատներն են: Մեր ձեռք բերած լաւ ու վատ փորձը հուշում է, որ ռազմավարական մտածելակերպի առկայութիւնն անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է: Այն արդիւնաւէտ կլինի այն ժամանակ, եթէ մշտապէս ուղեկցուի որոշում կայացնողների եւ որոշումներն իրականացնողների հետևողական վարքագծով»:

Հիմնական աղբիւրը՝ tert.am