
«Երբ աշխարհը լռեց, Թէհլիրեանը գործեց։ Այսօր մեզ էլ են փորձում լռեցնել, բայց մենք չենք խոնարհուի։ Դաւաճանները թո՛ղ չուրախանան. արդարութեան օրը անխուսափելի է։ Մենք կա՛նք և կլինե՛նք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»,- ահա այս պատգամը հնչեց այս կիրակի Մարսելի Բոմոն թաղամասում կայացած հաւաքի ընթացքում, որ նուիրուած էր Սողոմոն Թէհլիրեանի արդարադատութեան գործողութեան 104-րդ տարեդարձին՝ կազմակերպած ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան կողմից։
Ի շարս այլոց՝ հանդիսաւոր միջոցառմանը ելոյթ ունեցաւ Ֆրանսիայի սենատոր, քաղաքական գործիչ Վալերի Բուայէն՝ շեշտելով, որ ահաւասիկ վտանգուած է տարածաշրջանի մշակութային բազմազանութիւնն է.
Իհարկէ, մտածում եմ յատկապէս նրանցից ամենայայտնի ներկայացուցիչների մասին, և յատկապէս՝ Ռուբէն Վարդանեանի, ով այս պահին անճանաչելի է դարձել՝ հիւծուած ու նիհարած։ Այսօր նրա հացադուլի 23-րդ օրն է։ Սակայն ես յիշում եմ նաև բոլոր միւսներին, որոնց անունները չեմ կարող այստեղ թուարկել, բայց ում հանդիպելու պատիւն ու երջանկութիւնն եմ ունեցել Արցախում։ Նրանք բոլորն էլ մարմնաւորում են ժողովրդի արժանապատուութիւնն ու դիմադրութիւնը։
Առանձնայատուկ կերպով յիշում եմ Դաւիթ Բաբայեանին, Բակոյ Սահակեանին, բոլոր նրանց, ում մենք տեսել ենք դատարանում։ Նրանք արդեն իսկ ուժասպառ էին ձերբակալումից առաջ, իսկ այսօր՝ ամբողջութեամբ հիւծուած։ Ես մտածում եմ նրանց մասին, նրանց ընտանիքների, նրանց անբարոյական կալանաւորման պայմանների մասին, այդ ստալինեան դատավարութիւնների մասին, որոնք ընթանում են այն պահին, երբ համաձայնագրեր են ստորագրուում։
Հենց այդ պատճառով այսօր ես այստեղ ներկայ եմ։ Որովհետև, լինի՛ Ազգային Ժողովում, թէ՛ Սենատում, ես միշտ ձգտել եմ բարձրաձայնել արդարութեան ու ճանաչման ձայնը։ Սակայն, ցաւօք, տարեցտարի դժուարութիւնները խորանում են, կոտորածները շարունակուում են։ Եւ այսօր, այս երկրում, որը ապաստան է տուել հայերին, մենք պարտաւոր ենք լինել վկաներ, լինել պահապաններ՝ ասելու համար, թէ ինչ է տեղի ունեցել և ինչ է դեռ շարունակուում։
Սա է, ինչ մենք պէտք է փոխանցենք մեր արևմտեան ժողովրդավարութիւններին. 1915-ից յետոյ ոչինչ չի դադարել։ Դա շարունակուում է, միջազգային անտարբերութեան ներքոյ, որ պէտք է կոտրել։ Եւ այսօր, երբ բանակցութիւններ են ընթանում, ինչպէ՞ս կարող ենք խօսել համաձայնագրերի մասին, երբ մի ամբողջ ժողովուրդ պատանդ է վերցուած, երբ նա լռեցուում է սպառնալիքների ներքոյ։ Ինչպէ՞ս կարելի է բանակցել, երբ ատրճանակը քունքիդ է պահուած, երբ դիմացդ կանգնած է թուրք-ադրբեջանական հզօր մեքենան՝ 100 միլիոն թուրք, 10 միլիոն ադրբեջանից, նաւթային ու գազային հսկայական հարստութեամբ, և կոռուպցիայով, որը դատապարտւում է ամենուր։
Մենք սա յստակ տեսնում ենք, յատկապէս ԵԱՀԿ-ում. ադրբեջանական իշխանութիւնների ազդեցութիւնն ահռելի է։ Բայց, այնուամենայնիւ, դուք այստեղ էք։ Դուք կրում էք արդարութեան ու ճշմարտութեան ջահը։ Դուք վկայում էք, անգամ երբ դա դժուար է։ Եւ դրա համար ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ», եզրափակեց Վալերի Բուայէն։
ՀՅԴ Հրայր Մարուխեան կոմիտեութեան անունից խօսք առաւ Քրիս Չոփուրեանը՝ նոյնպէս ընդգծելով, որ այսօր այստեղ մենք չենք հավաքուել միայն Թեհլիրյանի յիշատակի համար։ «Հաւաքուած ենք այսօր յիշելու Սողոմոն Թէհլիրեանը եւ իր կատարած «Յատուկ Գործը»։ Աս հերոսը, որ 15 Մարտ 1921-ին սպանեց Թալեաթ Փաշան Բեռլինի մէջ, երբ աշխարհը լուր մնաց Հայոց ցեղասպանութեան առջեւ։ Մէկ ու կէս միլիոն հայ մորթուեցան, խաչուեցան, չարչարուեցան եւ աշխարհը լուր մնաց, մինչեւ որ եկաւ Սողոմոն Թէհլիրեանն ձեռքը որ աս «լռութեան պատը» քանդեց։ «Դաշնակցութիւն ժողով արեց…» եւ որոշեց Թէհլիրեանն յանձնել աս «Յատուկ Գործ»-ը, որ 6 տարի վերջ հայ ժողովուրդի վրէժը լուծեց, երբոր աշխարհը կը փոխուեր կոր եւ ամեն մարդ իր քաղաքական շահերուն ետեւէն կը վազեր կոր, մոռնալով մարդկային իրաւունքները եւ հայերուն իրաւունքները, ապրելու ազատ անկախ իրենց հողերուն վրայ։Ինչպէս որ ըսաւ Թէհլիրեանը․ «Ես մարդ սպանեցի, բայց ոճրագործ չեմ»։ Այն ատեն փորձեցին ոճրագործ ընել Սողոմոն Թէհլիրեանն, ինչպէս որ այսօր կ’ըսեն Դաշնակցութիւնը սիրուած չէ եւ կը փորձեն Դաշնակցութիւնը քարկոծել, միայն որովհետեւ հայոց իրաւունքները կը պաշտպանենք եւ որովհետեւ միջազգային ալիքին չենք հետեւիր։ Վնաս չունի։ Այն ատեն ալ Թէհլիրեանն դէմ շատերը ելան եւ ոճրագործ հանեցին, նոյնիսկ եթէ մի քանի տարի վերջ եւ մինչեւ հիմա կը հպարտանան իրմով եւ իրենց հերոսը կ’ընեն եւ ձեւակերպութիւններ կ’ընեն։Այո, թերեւս խենթեր ենք. Դեռ հայ Յեղափոխական Դաշնակցութիւն ենք, որովհետեւ հակայեղափոխականութիւնը ամեն մարդու չէ։ Իրենք ալիքին հետը կը քալեն ինչպէս հիմակուան Հայաստանի իշխանութիւնը եւ մենք կը մնանք յեղափոխականները Թէհլիրեանի ոգիով։Այսօր չենք յիշեր միայն Սողոմոն Թէհլիրեանն եւ «Յատուկ Գործ»-ը, բայց նաեւ կը յիշեցնենք բոլոր աշխարհին Թէհլիրեանն ոգին։ Այո, ձեւերը փոխուեցան, բայց ոգին նոյնը կը մնա։ Թերեւս թշնամիները եւ դժբախտաբար դաւաճան խամաճիկները հանգիստ են որ դարը փոխուեցաւ եւ ձեւերը նոյնը չեն ալ բայց մեր պարտականութիւնն է ասոնց յիշեցնենք ամեն օր որ Թէհլիրեանի ոգին դեռ մեր մէջն է, շատ պզտիկ, եւ օրը պիտի գայ եւ այս քարը պիտի իյնայ ինչպես որ ուրիշներուն կարգը եկաւ հիմա… Այս խամաճիկները, որ դաւաճանեցին հայ ազգը եւ հայրենիքը կարծելով որ աշխարհը պիտի իշխեն։ Արցախը յանձնեցին, 120 հազար հոգիի տեղափոխուելուն մասնակցեցան, թշնամին հետ ձեռնուեցան, թրքական մամուլը ընդունեցին, եւ ահաւասիկ երեկ ստորագրեցին խաղաղութեան պայմանագիրը թշնամիին հետ… ասոնց ալ օրը պիտի գայ ընկերներ։ Մենք ալիքին չենք հետեւիր։ Մենք հայոց իրաւունքներուն կը հետեւինք եւ կը պաշտպանենք։ Եւ կը մնանք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»։
Միջոցառմանը ներկայ գտնուեցին 11-րդ և 12-րդ շրջանների քաղաքապետ Սիլվեն Սուվեստրն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի սենատոր հայանուեր Վալերի Բուայեն, 11-րդ և 12-րդ թաղամասերի քաղաքապետի առաջին տեղակալ Ֆիլիպ Կոզեանը, Բոմոնտի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Անդրանիկ սարկաւագը, ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը, ՀՅԴ Հրայր Մարուխեան կոմիտեութեան ներկայացուցիչ Սարգիս Աֆարեանը։
Մարսելում Սողոմոն Թէհլիրեանի յուշարձանի գաղափարի հեղինակ հայազգի Օհան Հեքիմեանը, ով նաև նուիրաբերել է արձանը քաղաքին, հիւանդութիւն պատճառով ներկայ չգտնուեց այս հանդիսաւոր արարողութեանը։
Յիշեցնենք, որ Սողոմոն Թէհլիրեանի կիսանդրին զետեղուել է 2024 թ մարտի 15-ին, Մարսելի հայաբնակ Բոմոն թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուց մի քանի քայլ հեռաւորութեան վրայ՝ Լուի Պաստորի անունը կրող հրապարակում։
Հիմնական աղբիւրը՝ yerkir.am