Ադրբեջանի դատախազությունը պահանջել է առավել խիստ և քաղաքական շարժառիթներով պայմանավորված պատժաչափեր՝ Արցախի պատանդառված ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ։

Հերթական խամաճիկային դատավարության ժամանակ ադրբեջանական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների համար:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին:

Ընդ որում, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և ադրբեջանական գերության մեջ հայտնված Մադաթ Բաբայանին դատախազությունը պահանջել է դատապարտել 20 տարվա ազատազրկման:

Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկարաձգել է Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանված ժամկետը: Ինչպես հաղորդել են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչությունից, ՄԻԵԴ-ը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը: «Ըստ այդմ, Ադրբեջանից համապատասխան տեղեկատվությունը Եվրոպական դատարան կներկայացվի մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերոգրյալը ՝ այս պահին ՀՀ կառավարությունը չի տիրապետում հայցվող տեղեկատվությանը», — հաղորդել են ներկայացուցչությունից։ Միաժամանակ հավելել են, որ ՄԻԵԴ-ի կողմից քննվող տեղեկատվությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու պայմանով այն կարող է հրապարակման ենթակա չլինել:

Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են 23 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Հարկ է շեշտել, որ Ադրբեջանը բռնապետություն է, և հայերի դատավարությունը ծառայում է նախագահ Ալիևի հեղինակության բարձրացմանը: Մարդու իրավունքները բազմիցս և կոպտորեն խախտվում են այդ երկրում: Ավելին, Ադրբեջանում այլևս չեն գործում որոշ միջազգային հաստատություններ և կառույցներ: Հայ բանտարկյալների հարազատները մտահոգված են սեպտեմբերի 3-ից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի գործունեության դադարեցմամբ: Փաստորեն, Ադրբեջանը վարում է իր մոտ պահվող հայերին արտաքին աշխարհից մեկուսացնելու ակնհայտ քաղաքականություն:

Կարո՞ղ ենք արդյոք մենք հաշտվել այդ իրականության հետ: Մենք տեղյակ ենք բազմաթիվ բողոքի ցույցերի մասին, որոնք ամենուր անցկացնում են այնպիսի ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսինք են աշխարհում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը տարբեր երկրներում, Եվրոպայում՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը և, մասնավորապես, շվեցարիահայ համայնքի ներկայացցչական կառույցը, և ուրիշներ, որոնք բարձրաձայնում են մեր պատանդների անհապաղ և առանց նախապայման վերադարձի հարցը թե՛ միջազգային ատյաններում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները այս հիմնահարցում: Ենթադրվում է, թե հայ պատանդների վերադարձը պետք է, որ լիներ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգերի առաջնահերթությունը: Սակայն, չնայած արտգործնախարարի պնդումներին, որ նրանք՝ ՀՀ իշխանությունները, օգտագործում են բոլոր միջազգային հարթակները՝ բանտարկյալների վերադարձն ապահովելու համար, չկա և ո՛չ մի արդյունք: Ավելին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ն, հայտարարում է, որ ունի մեկ այլ օրակարգ. Արցախի քաղաքական ղեկավարության ճակատագիրը և մեր մյուս բանտարկյալների ազատ արձակումը գերությունից ընդհանրապես առաջնահերթություն չի Փաշինյանի թիմի համար: Դրա ապացույցը վերջերս կայացած Եվրանեսթի աշնանային նստաշրջանն էր, որտեղ քաղաքական մեծամասնության, պատգամավորները պարզապես հրաժարվեցին միանալ ընդդիմադիր պատգամավորների առաջարկին՝ Ադրբեջանում մեր բանտարկյալներին՝ պատանդներին, անվերապահորեն ազատ արձակելու և վերադարձնելու վերաբերյալ։ Բացահայտորեն, պաշտոնական Երևանը մտադրություն չունի հայ գերիների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիներ վերադարձը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հետ. Փաշինյանը դա ուղիղ կերպով հայտարարել է։ Արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ նա ինքը չի՛ կարողանում կամ չի՛ ցանկանում դա անել։ Ահա՛, թե որն է հարցը։ Որքան երկար ձգձգվում են խաղաղության պայմանագրի բանակցությունները, այնքան ավելի հաճախ է նա սկսում նշել, որ «գերիների ազատ արձակումը պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո լուծվող հարց է»։ Բաքվից եկող լուրերը լավատեսության ոչ մի առիթ չեն տալիս, իսկ Փաշինյանի և Միրզոյանի հայտարարությունները Ադրբեջանում պատանդառված մեր հայրենակիցների թեմայի վերաբերյալ զգալիորեն տարբերվում են նրանց 2021 թ հայտարարություններից, որտեղ նրանք հղում են կատարում 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստին, ըստ որի բոլոր ռազմագերիների պարտադիր վերադարձի մասին կետի վերաբերյալ, և նրանց ներկայիս պարտվողական հայտարարություններից։


Ադրբեջանական կալանքի ներքո հյուծվող՝ մեզ հայտնի, 23 հայ ձերբակալվածներից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասն են կազմում, 6-ը՝ գերեվարված քաղաքացիական անձինք են և 9-ը՝ հայ ռազմագերիներ։

Առկա է հայ բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունից խաղաղության բանակցությունների շրջանակներում պահանջած քաղաքական զիջումների հետ կապելու Ադրբեջանի ցինիկ մանևր՝ այս մարդկանց ներկայացնելով մի շարք լուրջ և անհեթեթ մեղադրանքներ։ Ըստ էության, նրանք բոլորն էլ պատանդ են։

Հիմնական աղբյուրը՝ armeniatoday.am