Հարցումը ցոյց է տալիս նաև, որ արցախցիները կապուած են իրենց հայկական ինքնութեան հետ, բայց իրենց համարում են առաջին հերթին Արցախի քաղաքացի կամ բնակիչ։

Օրերս մամուլում նշուեց, որ Ստեփանակերտում հիմնուած քննարկումների, բանավէճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման «Մեր սարերը» կենտրոնի բացման ժամանակ ներկայացուել են՝ Հայգեյթ Քոնսալթ ընկերութեան կողմից Արցախում անցկացուած սոցիոլոգիական հետազօտութիւն մի շարք արդիւնքներ, մասնաւորապէս՝ երկրի անվտանգութեանը վերաբերող հատուածը, գրում է yerkir.am-ը։

Հաղորդուեց նաև, որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալութեան համահիմնադիր, Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը այդ հանդիպման ընթացքում նշել է, որ ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ, դրա թիրախային՝ կենսական խնդիրների լուծման համար կարևոր է նախ և առաջ հասկանալ ժողովրդի մօտեցումը, հիմնական մտահոգութիւններն ու խնդիրները: 

Ի՞նչ են յայտնում ուրեմն համապարփակ, մի քանի փուլով անցկացուած վերջին սոցհարցման արդիւնքները։ 

Ի լրումն այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ Արցախում անվտանգութիւնը, ուսումնասիրութիւնը լուսաբանում է պետական կառավարմանը քաղաքացիական մասնակցութեան, սփիւռքահայերի հետ համայարաբերութիւնի, ինքնութեան և սոցիալական հաւասարութեան, ինչպէս նաև շատ այլ բազմաթիւ և բազմաբնոյթ հարցեր։

«Հարցումը մեկնարկեցինք 2022 թուականի դեկտեմբերի 10-ին, և քիչ ժամանակ անց փակուեց Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Այդ է պատճառը, որ մարդասիրական ճգնաժամի հետ կապուած հարցերը արտայայտուած չեն հարցման մէջ։ Միևնոյն ժամանակ հետաքրքրական է անվտանգութեան վերաբերեալ արցախցիների տեսակէտները՝ արդեօ՞ք նրանք արցախեան հասարակութիւնը համարում են արդա՞ր, իրենց առաջին հերթին տեսնում են որպէս քաղաքացի՞, արցախցի՞, ընտանիքի՞ անդամ, հա՞յ, թէ՝ իրենց հողի պաշտպա՞ն»,- բացատրում է հարցման հեղինակ, սոցիոլոգ Հայկ Գյուզալեանը։ 

Հարցման ժամանակ արցախցիներին տրուել են օրինակ նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպէ՞ս եք վերաբերուում սփիւռքահայի հետ ամուսնութեան գաղափարին, համարո՞ւմ եք, որ Արցախում ընդհանուր հարստութեան արդար մասնաբաժինն ունեն և այլն։

Այսպիսով, Արցախցիների գրեթէ 83 տոկոսն յայտնել է, որ ակտիվորեն հետաքրքրուած է քաղաքական գործերով, դրսևորում է քաղաքական ակտիվութիւն և ակտիվորեն մասնակցում է ընտրութիւններին, չնայած որ բոլորը չէ, որ հաւատում են, որ իրենց ձայնը ազդում է ընտրութիւնների արդիւնքների վրայ․ տպաւորիչ ցուցանիշ, որը մատնանշում է, որ տարածաշրջանի բնակչութիւնը կամենում է տնօրինել իր ապագային։ Այնուամենայնիւ, բոլոր արցախցիները չեն, որ կարծում են, որ իրենց քուէն իրական ազդեցութիւն ունի ընտրութիւնների ելքի վրայ։ Այսպիսով, բնակչութեան 11 տոկոսը թերահաւատօրէն են վերաբերուում իր ձայնի արդիւնաւէտութեանը։  Ընդհանուր առմամբ, հարցուածների 79 տոկոսն պատասխանել է, որ իրենք հետաքրքրուած են քաղաքականութեամբ։

Աւելացնենք, որ միայն փոքրամասնութիւնն է Արցախը համարում լիովին ժողովրդավարական երկիր։ Արցախը լիովին ժողովրդավարական է կամ ժողովրդավար՝ որոշ մանր խնդիրներով համարել է հարցուածների միայն 17 տոկոսը: Սա նշանակում է, որ արցախցիների մեծ մասը՝ 78 տոկոսը, խոստովանում է, որ Արցախում դեռևս կան ժողովրդավարութեան հետ կապուած խնդիրներ։ 

Հարցումը ցոյց է տալիս նաև, որ արցախցիները կապուած են իրենց հայկական ինքնութեան հետ, բայց իրենց համարում են առաջին հերթին Արցախի քաղաքացի կամ բնակիչ։

Մինչ հայկական երկրորդ հանրապետութեան անվտանգութեան հարցը մնում է չլուծուած, հետաքրքրական է ուսումնասիրել, թէ Արցախի պաշտպանութեան գործում ո՞վ է, ըստ բնակչութեան կարծիքի, դերակատարութիւն ցուցաբերում: Հետազօտութիւն համաձայն՝ երկրի անվտանգութեան պահպանման գործում բարձր ցուցանիշով՝ 95 տոկոսով, առաջատար է Արցախի պաշտպանութեան բանակը։ Ռուս խաղաղապահները, որոնք պատասխանատու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մոնիտորինգի համար, նոյնպէս առաջատար են՝ 89 տոկոս ցուցանիշով։

Արցախեան հասարակութիւնն՝ հաւաքական առումով, ընդհանուր առմամբ հաւաքել է պատկառելի 82 տոկոսը՝ տարածաշրջանի անվտանգութեան գործում ունեցած ներդրման համար։ Նրանցից քիչ ետ են մնում քաղաքացիական պաշտպանութեան կազմակերպութիւնները և տեղացի կամաւորները՝ 77 տոկոս:

Սակայն հարցման արդիւնքները ցոյց են տալիս նաև, որ Արցախի անվտանգութեան ապահովման գործում սահմանափակ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետութիւնը՝ ընդամէնը 52 տոկոս։ Արևմտեան երկրները այդքան էլ ներգրաւած չեն՝ հաւաքելով միմիայն 23 տոկոս:

Արդիւնքում երևում է, թէ Արցախի տեղական ուժերն ամենաակտիվն ու արդիւնաւէտն են իրենց տարածաշրջանը պաշտպանելու հարցում։ Սակայն միջազգային հանրութիւնը այնուամենայնիւ կարող է աւելի կարևոր դեր խաղալ Արցախի երկարաժամկէտ անվտանգութեան և կայունութեան ապահովման գործում։

Ինչ վերաբերւում է քաղաքացի-պետութիւն փոխյարաբերութեան հարցին, ապա Արցախի բնակչութեան 74 տոկոսը համարում է, որ պետութիւնը մարդկանց սոցիալական ապահովութեան համար պէտք է կրի աւելի մեծ պատասխանատուութիւն, մինչդեռ 23 տոկոսը կարծում է, որ մարդիկ իրենք պէտք է կրեն աւելի մեծ պատասխանատուութիւն իրենց սոցիալական ապահովութեան համար։ 

79 տոկոսը այն կարծիքին է, որ պետութիւնը ծնողի է նման, իսկ մարդիկ երեխաների պէս են և որ պետութիւն պէտք է հոգ տանի մարդկանց մասին։ Այնինչ ըստ բնակչութեան 18 տոկոսի կարծիքը, ընդհակառակը, այն է, որ պետութիւնը վարձու աշխատողի պէս է՝ մարդիկ պէտք է տնօրէնի նման վերահսկեն պետութեանը: 

Հարցուածների 68 տոկոսը այն կարծիքին է, որ մարդիկ պէտք է մասնակցեն իշխանութեան դէմ բողոքի ակցիաներին, քանի որ դա ցոյց է տալիս, որ ժողովուրդը պահանջատէր է: Միայն 25 տոկոսն է կարծում, որ մարդիկ չպէտք է մասնակցեն իշխանութեան դէմ բողոքի ակցիաներին, քանի որ դա վտանգում է երկրի կայունութեանը։

Արցախցիների ճնշող մեծամասնութիւնը՝ 78 տոկոսը, համարում է, որ կառավարութիւնը միշտ պէտք է հաշուի առնի ժողովրդի կարծիքը, բայց զգալի փոքրամասնութիւնը՝ 17 տոկոսը, համաձայն չէ և այն կարծիքի է, որ որոշ դէպքերում կարող է նախընտրելի լինել, որ կառավարութիւնը որոշումներ կայացնի՝ առանց ժողովրդի կարծիքը հաշուի առնելու։

Մեծամասնութիւնը չի տեսնում արտահերթ ընտրութիւնների կարիքը։ Արցախի Ազգային ժողովի հերթական ընտրութիւնները պէտք է տեղի ունենան 2025 թուականին: Այն հարցին, թէ՝ տեսնո՞ւմ եք առաջիկայ վեց ամսուայ ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անհրաժեշտութիւն, բոլոր 865 հարցուողներից «այո՛» պատասխանել են 34 տոկոսը, իսկ «ո՛չ»՝ 55 տոկոսը։  Նշենք, որ սփիւռքահայերի նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է՝ ներառեալ հնարաւոր ընտանեկան փոխյարաբերութիւններ։ Արցախցիների ճնշող մեծամասնութիւնը ողջունում է սփիւռքահայերի ներգրաւուածութիւնը Արցախի կեանքում՝ բացառութեամբ նախագահի պաշտօն զբաղեցնելուն։ 

Արցախցիների համար կարևոր է տեսնել իրենց որպէս ընտանիքի անդամ և անկախ անհատ։ Ընկալումը որպէս Արցախի քաղաքացի երրորդ տեղում է, գրեթէ մէկ երրորդը տեսնում է այդ դերը որպէս ամենաքիչ կարևորը։ Թերևս հայ լինելը ամենակարևորն է։ Արցախցի և քրիստոնեայ լինելը հարցուողների համար գրեթէ նոյնքան կարևոր է։ 

Շատերը չեն տեսնում Արցախի հասարակութեան մէջ ռեսուրսների արդար բաշխում։ Արդարութիւնն ու հաւասարարութիւնը բնակիչների հիմնական սպասելիքներն են անվտանգութեան ապահովումից յետոյ։ Մեծամասնութիւնը՝ 64 տոկոսը, համաձայն չէ, որ ստանում է երկրի բարեկեցութեան արդար մասնաբաժինը։ Հարուստների և աղքատների միջև եկամուտների տարբերութիւնը անարդարացիորեն մեծ է՝ կարծում է 61 տոկոսը։

Մեծամասնութիւնը՝ 59 տոկոսը, համաձայն չէ, որ բաւարար ջանքեր գործադրելու դէպքում, բոլորը հաւասար հնարաւորութիւններ ունեն աշխատանք գտնելու։ Հասարակութիւն համարւում է արդար, եթէ ջանասիրաբար աշխատողներն աւելի մեծ գումար են վաստակում։ Գրեթէ նոյնքան հարցուողներ համարում են, որ աւելի արդար է այն հասարակութիւնը, որը հոգ է տանում աղքատների և կարիքաւորների մասին։ Մեծամասնութիւնը տեսնում է մասնագիտական կարողութիւնները և կրթութիւնը որպէս աշխատանքում առաջ գնալու համար հիմնական գործօններ։ Երրորդ տեղում բարեկամների օգնութիւնն է։ Արցախի ժողովուրդը Արցախի նոր կառավարութիւնից սպասում է անվտանգութիւն և արդարութիւն։ 

Քաղաքական և հասարակական գործիչներից ամենաշատը վստահում են Դաւիթ Բաբաեանին և Ռուբէն Վարդանեանին։ Մեծամասնութիւնը՝ 78 տոկոսը, ողջունել է Վարդանեանի՝ պետական նախարարի պաշտօնին նշանակուելը։

Տուեալ հարցման թերևս ամենակարևոր կէտն այն է, որ ըստ Արցախահայութեան կարծիքի՝ հակամարտութեան լուծման նախընտրելի ձևն անկախութիւնն է։


Տուեալ սոցհարցումը անցկացուել է երկու փուլով՝ 2022 թ. դեկտեմբերի 10-ից 25-ը և 2023 թ. հունուարի 21-ից փետրուարի 2-ը։ Ընդհանուր առմամբ հարցուել է 871 անձ՝ տնային տնտեսութիւններում անհատական հարցազրոյցի պայմաններում։ Ներկայացուած տուեալները կշռուած են ըստ հարցուողների սեռի և տարիքի մասին վերջին յայտնի տուեալների, ինչպէս նաև ըստ քաղաքային և գիւղական բնակչութեան բաշխման և չորս շրջանների՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի բնակչութեան թուի։ Աւելացնենք, որ այն իրականացուել է հայաստանեան ՝ Հայգեյթ Քոնսալթ ընկերութիւնը, և մասնաւորապէս՝ վերջինիս տնօրէն սոցիոլոգ Հայկ Գյուզալեանը։ Վերջինս ղեկավարում է մեթոդաբանութեան կիրառումը՝ Գիւլբէնկեան հիմնադրամի կողմից ֆինանսաւորուող Հայկական սփիւռքի հետախուզութեան համար, որն ընդգրկել է աշխարհի աւելի քան 15 հայկական համայնքներ՝ Բուենոս-Այրեսից մինչև Դոնի Ռոստով, Բէյրութից մինչև Մոնրեալ:

Հայկ Գյուզալեանը Երևանի պետական համալսարանում ու London School of Economics-ում ուսումնասիրել է սոցիոլոգիա ու սոցիալական քաղաքականութիւն և սոցիոլոգիական հարցումների բնագաւառում աշխատում է արդեն քսանհինգ տարի: Զարգացման սոցիոլոգիա, սոցիալական քաղաքականութիւն և սոցիոլոգիայի հիմունքներ առարկաները դասաւանդել է ԵՊՀ-ում և Երևանի պետական լեզուաբանական համալսարանում և London King’s College-ում ու այլ համալսարաններում և մասնաւոր ընկերութիւններում վարել է հարցումների մեթոդաբանութեան ուսուցողական թրենինգներ: Լոնդոնում և Բրիւսելում աշխատել է համաշխարհային խոշորագոյն հետազօտական ընկերութիւնների՝ Ipsos MORI-ի և Kantar / TNS / Kantar Public-ի գլխաւոր գրասենեակներում, վերով հարիւրաւոր հետազօտական նախագծերի՝ կառավարութիւնների, եւրոպական յանձնաժողովի և եւրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի գործակալութիւնների, Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եւրոպական բանկի, համալսարանների և շատ այլ պատուիրատուների համար:

Հիմնական աղբիւրը՝ yerkir.am