Հայաստանը ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալի՝ իր քուոտայից հրաժարուելու առաջարկ է ներկայացրել: Այլ պարզաբանում չհնչեց։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Վարչապետ կոչեցեալը կատարում է հերթական դաւաճանական քա՞յլը։

«Այսպիսով, վարչապետ կոչեցեալը կատարում է հերթական դաւաճանական քայլը՝ հրաժարւում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի տեղակալի պաշտօնից»,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։ «Պարզ է, յաջորդ քայլը ՀԱՊԿ-ց դուրս գալն է լինելու։ 2018թ․ այդ արարածը հետեւողականօրէն գործում է Ռուսաստանի դէմ՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք, Վլադիմիր Պուտինի «ընդունելութիւն», Նավալնի եւ այլն։ Արդեն համոզուած եմ, որ 2022թ․ սեպտեմբերի երկօրեայ պատերազմը համաձայնեցուած էր Ադրբեջանի «բարեկիրթ» գործընկերոջ հետ։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքնուրոյն որոշում կայացներ Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ անդամ երկիր ներխուժելու մասին։ Ներքին պայմանաւորուածութիւն է եղել, որ Ադրբեջանը յարձակւում է, հայկական կողմը չի դիմադրում եւ յետոյ դիմում ՀԱՊԿ-ին, իմանալով, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը, միջազգային այս խառը իրավիճակում պատերազմ չեն սկսի Ադրբեջանի դէմ։ Իսկ եթէ, այնուամենայնիւ Ռուսաստանը մտներ Ադրբեջանի թեմ պատերազմի, սա նոյնպէս ձեռնտու կլիներ վարչապետ կոչեցեալի տէրերին՝ երկրորդ ճակատ բացելով ընդդէմ Ռուսաստանի։ Այսպիսով , սեպտեմբերին զոհելով 200-ից աւելի երիտասարդ կեանքեր, վարչապետ կոչեցեալը կատարեց հերթական դաւաճանական քայլը, հետեւողականօրէն Հայաստանն ու Արցախը տանելով կործանման։ Եւ այս ամենը յանուն փողի», եզրակացնում է Իշխանեանը։

«Հայաստանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղարի տեղակալի՝ իր քուոտայից հրաժարուելու առաջարկ է ներկայացրել: Այլ պարզաբանում չհնչեց, բայց քննարկումներ սկսեցին, թէ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս։ Այդ քննարկումները կան դեռ շուտուանից, այսպէս ասած՝ նախերգանքը կար։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում, եկէք վերլուծենք միասին։ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը 3 տեղակալ ունի։ Ինչպէս յայտնի է, այդ պաշտօնը եւ տեղակալները եւս, ռոտացիոն համակարգով է։ Հայաստանի՝ այդ պաշտօնից հրաժարումը կարող է մի քանի պատճառ ունենալ․ ես հաշուել եմ 5 պատճառ»,- նշում է Սեւակ Յակոբեանը՝ ըստ 7or.am-ի։

«Պատճառներից մէկը՝ ուղղակի չունեն յարմար թեկնածու եւ կամ էլ Հայաստանին հասկացրել են, որ ոչ համապատասխան թեկնածու չառաջադրի։ Բանն այն է, որ այսօր Հայաստանում չկայ բարձրաստիճան զինուորական կամ գրեթէ չկայ, որը կարող է հեղինակութիւն վայելել․ Հայաստանում անգամ նման անվիճելի հեղինակութիւն չկայ, ուր մնաց դրսում լինի։ Գեներալներին հռչակել են գող ու աւազակ, հեղինակազրկել են, գեներալներն իրենք կապիտուլյացիայից յետոյ Նիկոլ Փաշինեանի դէմ դուրս եկան, չնայած յետոյ կարծես յարմարուեցին։ Ու սա տեսնում են նաեւ ՀԱՊԿ երկրներում։ Հայաստանը ունեցել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար, որին այդտեղ բոլորը յարգում էին, իսկ մերոնք վատ ձեւով հանեցին՝ հեղինակազրկելով այդ կառոյցը։ Հայաստանն ունեցել է ՀԱՊԿ միացեալ շտաբի պետի տեղակալ՝ Հայկազ Բաղմանեանը, որին 2020 թուականին ազատեցին պաշտօնից, ու ընդամէնը մի քանի օր առաջ յայտարարեց, որ դատախազութիւնում անցնում է ինչ-որ քրէական գործով։ Այսինքն՝ ում էլ նշանակի, մէկ է՝ կամ հիմա է, կամ յետոյ քրգործերով է անցնելու։ Դրա համար եմ մտածում, որ հնարաւոր է՝ հասկացրել են, որ եթէ այդպէս էք անելու, եղբայր, աւելի լաւ է չառաջադրէք։

Պատճառներից երկրորդը կարող է լինել այն, որ Հայաստանը ցոյց է տալիս, որ ինքը դժգոհ է ՀԱՊԿ-ից, որովհետեւ Հայաստանը 2021 թուականի մայիսի 12-ից սկսած անընդհատ ոտնձգութիւնների է ենթարկւում Ադրբեջանի կողմից, արդեն 150 քառակուսի կիլոմետր խորացել են, բայց ՀԱՊԿ-ից սպասուած արձագանք չկայ։ Ի՞նչ ասեմ, երեւի, էս դէպքում էլ՝ ոնց դուք, էդպէս էլ մենք տարբերակով են շարժուում։

Երրորդ պատճառը կարող է լինել այն, որ սպասում են մեզ մօտ տարածաշրջանային ինչ-որ զարգացումներ։ Վերջերս՝ ԱՄՆ պետքարտուղարի Իսրայէլ այցից յետոյ, վաստակեցուեց, որ Իսրայէլը պատերազմ կսկսի Իրանի նկատմամբ, ու այդ պատերազմի համար կօգտագործեն որպէս հենման կէտ՝ Ադրբեջանի տարածքը։ Իրանի դէմ պատերազմը ամբողջ Արեւմուտքը կողջունի, ու դէպի Արեւմուտք ձգտումներ ունեցող Հայաստանի իշխանութեան համար սա կարող է դիտարկուել հնարաւորութիւններ եւ իրենք էլ այդ պատերազմում ներդրում ունենան, ինչը չեն կարող անել լինելով ՀԱՊԿ անդամ։ Սա էլ այսպէս։

Չորրորդ պատճառը կարող է լինել այն, որ ՀԱՊԿ-ի առաջ դեմարշ անելը, եւ ի վերջոյ, դուրս գալը գաղափարական քաղաքական ուղղութիւն է, որով այս իշխանութեան ներկայացուցիչները գնում են, ու դա նոր չէ։ Հայաստանում յեղափոխութիւնից շատ կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինեանը օրինագիծ էր բերել խորհրդարան եւ պահանջում էր դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Օրինագիծը, բնականաբար, չանցաւ։ Յետոյ, երբ եկաւ իշխանութեան, սկսեց լրիւ հակառակ ելոյթները ունենալ երկու կառոյցների մասին էլ։ ԵԱՏՄ նիստերում նա ամենաշատն է գովաբանում այդ կառոյցը, իսկ ՀԱՊԿ-ի մասին մէկ անգամ չէ, որ դիֆերամբներ է ձոնել մինչեւ 2020 թուականը։ Բայց ՀԱՊԿ-ի՝ որպէս միջազգային ռազմական միաւորի հեղինակութիւնը սասանել է, քար է նետել այդ կառոյցի վրայ հենց Նիկոլ Փաշինեանը 2018 թուականի որոշմամբ, որով ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչեց այդ պաշտօնից եւ շինծու քրէական գործի մէջ մտցրեց։ Դեռ այն ժամանակ էին շատերն ասում, որ ՀԱՊԿ-ին Փաշինեանն է Հայաստանի դէմ հանում, ու այս ամենի արդիւնքը մենք մի օր զգալու ենք մեր մաշկի վրայ։ Ու երբ ամեն անգամ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտութիւն է ունենում, միշտ յիշում են շատերը հենց այդ տհաճ միջադէպը։

Բնականաբար, եթէ դու այդ կառոյցում ոչինչ չես կարողանում անել, քեզանից բան չես ներկայացնում, ձեւական ներկայութեան իմաստը ո՞րն է։ Յիշեցնեմ, որ երբ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահող երկիր էր, դա անցած տարին էր, մենք ունեցել ենք ագրեսիա ՀՀ տարածքի նկատմամբ, ու նախագահող երկիրը ոչինչ չի կարողացել անել։ Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները ցանկացած համապատասխան խնդրի դէպքում կկարողանան այդ կառոյցի ներուժը օգտագործել, բայց Հայաստանի դէպքում կարծես վերաբերմունքը այլ է եւ դա նոր է, վերջին 5 տարիներին։ Ղազախստանի օրինակը ունենք, մէկ օրում գործը գլուխ եկաւ։ Բայց հերթը հասաւ Հայաստանին ու ոչինչ, ոչ մէկ մատը մատին չտուեց, անգամ Հայաստանը լինելով նախագահող, բան չարեց։ Այս դէպքերը ցոյց տուեցին, որ ՀԱՊԿ-ը իդէալական կառոյց չէ, աւելին, իդէալականին մօտ անգամ չէ, բայց արդեօ՞ք մեր մեղադրանքները ճիշտ հասցէով ենք ուղղում, երբ մեղադրում ենք ղազախներին, ռուսներին, բելարուսներին եւ այլոց։ Այդ երկրները վերջին տարիներին շատ աւելի մօտ յարաբերութիւններ ունեն Ադրբեջանի հետ, քան մեր․․․ Իսկ զարմանու՞մ ենք․․․ Իսկ ո՞ր երկիրն է առհասարակ մեզ հետ աւելի լաւացրել յարաբերութիւնները։ Ոչ մէկ, իսկ վատացրե՞լ՝ գրեթէ բոլորը։ Բոլոր պատմականօրէն բարեկամ պետութիւնները մեզ հետ ունեն անհասկանալի, անվստահելի, կիսատ, մի խօսքով՝ աւելի շուտ վատ յարաբերութիւն, քան լաւ։ Հիմա սրանց թողէս, կասեն բա Փելոսին որ եկաւ Երեւան, դա աննախադէպ էր, ես էլ կասեմ եւ՞, բա էդ Փելոսին ու իր երկիրը ինչո՞ւ իրենց չեն ճղում, երբ Արցախը էս 3 ամիս է՝ բլոկադայի մէջ է, ինչո՞ւ սանկցիաների տարափ չեն ուղարկում Ադրբեջանի գլխին, ինչքան որ Ռուսաստանի վրայ են անում, ինչո՞ւ, բա էլ ո՞ր օրուայ համար է այդ ձեր լաւ յարաբերութիւնը։ Այդ ամենը ֆիկցիա է, բառեր, բառեր եւ վերջ, տակը բան չկայ, ինչպէս եւ չկար 44-օրյայի ժամանակ։

Բայց, մեր հանրութիւնը այդքան չի խորանում, հանրային է նայում, որտեղ բոլորը մեղաւոր են բացի մեր իսկական պատասխանատուներից։ Այսօր եթէ Հայաստանի քաղաքացիների շրջանում հարցում անէք, թէ ո՞վ է մեղաւոր, որ ՀԱՊԿ-ը իր գործառոյթները չի իրականացնում, կասեն՝ Ռուսաստանը խաղեր է տալիս, Տաջիկստանից, Ղրղզստանից բան չես հասկանում, Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ ախպէր են եւ այլն։ Բայց հարց՝ այդ ամենում Հայաստանի իշխանութիւնը կապ չունի՞։ Հենց միայն այն, որ 1992 թուականից գոյութիւն ունեցող ՀԱՊԿ-ի մասին ՀՀ քաղաքացին իմացաւ 2020 թուականին, նշանակում է, որ մեղաւոր է Հայաստանը․ որովհետեւ քաղաքացին իր խնդիրներով է զբաղուել, ոչ թէ ՀՀ անվտանգութեան խնդիրներով մտահոգուել, սաղ օր դրած դա ենք քննարկում։ Բացի այդ, ՀԱՊԿ-ը լաւ է աշխատում, թէ վատ, իմ պահանջը, որպէս քաղաքացի, ՀՀ իշխանութիւնից է։ Երբ որ ՀԱՊԿ-ը վատ է աշխատում, ինձ ոչ թէ պէտք է ՀՀ կառավարութիւնն ասի՝ ժողովուրդ, դէ ինչ անեմ, իրենց պարտականութիւնը չեն կատարում, այլ պէտք է էնպէս աշխատի, որ կատարեն․ քաղաքացուն հետաքրքրում է՝ այդ կազմակերպութեան անդամ ես՝ աշխատացրու։ Ինձ ոչ Պուտինն է ապագայ խոստացել, ոչ Լուկաշենկոն կամ Աթամբաեւը, ինձ խոստացել է Նիկոլ Փաշինեանը։ Հիմա դու պէտք է խոստանաս, Տոկաեւը գայ քո խոստումները կատարի՞։ Հայաստանի ու Արցախի արանքում միջանցք է փակուել, ես ինչի՞ պէտք է պահանջեմ ռուսներից, ադրբեջանցիներից։ Ռուսները որքան էլ բարեկամ են, այլ երկիր է, այլ ժողովուրդ, Ադրբեջանը առհասարակ թշնամի է, ես պահանջում եմ ՀՀ իշխանութիւնից։ Սա մեր իշխանութեան անկարողութեան թեման է, որովհետեւ մեզ եթէ սովորեցնում են պահանջել ամեն ինչ ուրիշներից, դա դառնում է խասյաթ։ Եթե մեր սահմանի պաշտպանութիւնը պէտք է Լուկաշենկոյից պահանջեմ, բա մեր սահմանների կահաւորումը, որ զրոյական է, ո՞ւմից պահանջեմ։ Խնդիրներ կա՞ն ՀԱՊԿ-ի հետ․ այո, կան։ Բայց այդ խնդիրները նախ դու ես ստեղծել, բացի այդ, եթէ չես կարողանում լուծել, դա քո խնդիրն է, էնպէս արա, որ լուծես։

Եւ վերջապէս 5-րդ պատճառը, թէ ինչու է Հայաստանը գնում ՀԱՊԿ-ի հետ համայարաբերութիւնի վատացման ճանապարհով, կարող է լինել հետեւեալը․ տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանը ամենօրեայ կտրուածքով կեղծ լուրեր է տարածում, թէ Հայաստանը խախտել է հրադադարը, կրակում է, վերջերս էլ ինչ-որ մի մտացածին պլան էին գծել, թէ Հայաստանը պատրաստւում է յարձակում։ Ալիեւը հո բոլորիցս լաւ գիտի, որ Նիկոլը ո՛չ հրարձակուող է, ո՛չ դիվերսիա անող, սրանք մեզ վրայ յարձակման ժամանակ էին կոչ անում նահանջել ու չկրակել, էլ ուր մնաց՝ հրարձակուեն։ Ադրբեջանը զէնք է առնում, սրանք՝ դղեակներ ու հիմա, երբ դիրքերը չկահաւորելով, զէնք չառնելով, բանակցութիւններում չյաջողելով էլի պատերազմի շեմին են հասել, որոշել են գնալ թոյլ երեւալու, խղճահարութիւն առաջ բերելու ճանապարհով։ Տես, Ադրբեջան ու Թուրքիա, մենք հրաժարուեցինք ՀԱՊԿ-ի զօրավարժութիւններից, մենք հրաժարուեցինք ՀԱՊԿ-ի ռազմական օգնութիւնից, դիտորդներից, մենք հրաժարուեցինք ՀԱՊԿ-ում մեր պաշտօններից, տեսէք, մեր մօտ ընդամէնը ԵՄ անզեն դիտորդներ են։ Ո՛չ սահմանն ենք կարգի բերում, ո՛չ զօրանոց ենք սարքում, ո՛չ զէնք ենք առնում, բանակի թիւը կրճատում ենք, ռուսական զօրքն արդեն սպառնալիք ենք հռչակել, մեզնից վտանգ մի սպասէք, զինաթափուած ենք, զօրք չունենք, զէնք չունենք, չունենք դաշնակից, բաց ենք, թափանցիկ ենք, մաքուր ենք, տկլոր ենք, մեզ վրայ մի յարձակուեք, խղճացէք մեզ։ Իրենց կարճ խելքով՝ խղճահարութիւն են առաջացնելու։ Բայց երեւի չեն էլ մտածել, որ դրանով ընդամէնը հեշտացնում են Ադրբեջանի ու Թուրքիայի գործը։ Թէ էն ժամանակ օրինակի համար՝ 7 կորպուս էին ուղարկում Հայաստանի դէմ, հիմա կուղարկեն մէկ-երկու բրիգադ։Կարճ ասած՝ չկայ մի որեւէ քայլ, որ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը անում է հաշուարկով, վերլուծութեամբ։ Վարչապետ դարձած դեղին մամուլի խմբագիրը երկիրը կառավարում է իր տեղեկութիւնների հիման վրայ։ Ինչպէս որ Արցախ մտաւ թշնամին Հայաստանի իշխանութեան աջակցութեամբ, նոյն կերպ էլ մտնելու է Հայաստան։ Մտան Լաչին, Աղաւնոյ, Հայաստանում՝ Որոտան, Շուռնուխ ու այլ բնակավայրեր։ Անվտանգութիւն պահելը ցանկացած իշխանութեան թիւ մէկ պարտաւորութիւնն է։ Հայաստանի պայմաններում անվտանգութեան պահպանումը արդեն թողնում են մեր թշնամիներին՝ իր բոլոր հետեւանքներով»,- եզրակացնում է Սեւակ Յակոբեանը։

։

Հիմնական աղբիւրը՝ 7or.am