Պարտութիւնը կարող էին կանգնեցնել բարձրաստիճան զինուորականները, բայց պարզուեց, որ իրականում նրանք զուրկ էին սպայական պատուի, նաեւ հայրենիքի զգացումից: Հակառակ դէպքում նրանք չէին ենթարկուի, բանակի ղեկավարումը կը վերցնէին իրենց ձեռքը եւ բեկում կը մտցնէին պատերազմում, շեշտում է ՀՀ Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

-Պարոն Իշխանեան, աւտորիտար ռեժիմների բնութագրերը բաւականին ընդհանրական են: Դուք անդրադարձել էք այդ հարցին նաեւ ձեր վերջին՝ «երեք վարկած» վերագրմամբ յօդուածում, փաստօրէն ՀՀ-ում կառավարման անկայունութիւնը նորմ է դարձել եւ երկիրը գլորւում է դէպի աւտորիտարիզմ, իրավիճակի այլընտրանքներ տեսնո՞ւմ էք:

— Շատ բարդ հարց էք տալիս։ Նախ, աւտորիտարիզմը նոյնպէս միանման չի։ Կան աւտորիտար, նաեւ բռնապետական երկրներ, որոնք նաեւ ուժեղ պետութիւններ են, ազգային գաղափարախօսութեամբ, ուժեղ բանակով: Ցաւօք, Հայաստանում հաստատւում է բռնապետութիւն, առանց ազգային նպատակի, միայն յանուն իշխանութեան։ Եւ յանուն այդ իշխանութեան ու իշխանական վայելքների, այսօրուայ Հայաստանի ղեկավարութիւնը պատրաստ է զոհաբերել ոչ միայն մեր ազգային արժէքները ու ազգային յիշողութիւնը, այլեւ թշնամուն նուիրել հայրենիքը մաս առ մաս։ Եւ ամենամեծ ողբերգութիւնն այն է, որ պատերազմում կրած խայտառակ պարտութիւնից յետոյ, այդ ազգադաւները շարունակում են մնալ իշխանութեան եւ «յաջողութեամբ» շարունակում են իրենց սեւ գործը։ Տեսականօրէն, իհարկէ այս վիճակից ելքեր կան։ Բոլոր ընդդիմադիր ուժերը պէտք է մի կողմ դնեն միմեանց միջեւ հակասութիւնները եւ միաւորուեն։ Ցաւօք, տպաւորութիւն ունեմ, որ ամէն ընդդիմադիր ուժ մտածում է, եթէ ես չեմ հասնելու իշխանութեան, ապա սա թող մնայ։ Նրանց կողմից իրական ցաւ չեմ զգում։ Եւ այսօրուայ իշխանութեան ուժը, ոչ թէ ոստիկանութիւնն է, այլ ընդդիմադիր ուժերի պարտատրուածութիւնը։ Մի խօսքով ես շատ յոռետես եմ դարձել եւ կարծում եմ միայն պատահականութիւնը, այն է տարբեր երկրների շահերի բախումը գուցէ մեզ համար փրկութիւն լինի։ Ցաւօք, մենք ի վիճակի չեղանք երկիր պահելու եւ հզօրացնելու։

-Հազարամեակների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեծ շնորհ ու ձիրք ունեցող ժողովուրդ ենք, եւ պարտաւոր ենք գնալ այդ ճանապարհով՝ ոչ միայն ապահովելու մեր ապագայ սերունդների արժանապատիւ ու ազատ կեանքի համար:

-Իսկ ինչպէ՞ս է հնարաւոր լուծել այն մեծ խնդիրները, տարաձայնութիւնները, որոնք առկայ են հասարակութեան, քաղաքական ուժերի եւ ժողովրդի միջեւ, որպէսզի հնարաւոր դառնայ ապահովել այդ միասնութեան կերտման ճանապարհը: Այո, մենք դարերի ընթացքում ունեցել ենք, մեծ ձիրք, տաղանդ ունեցող, նաեւ հանճարեղ անհատներ: Բայց միեւնոյն ժամանակ չենք կարողացել ստեղծել եւ պահել ուժեղ պետութիւն, միշտ յոյսներս դրել ենք հզօր հովանաւորի վրայ, յետոյ հիասթափուելով հերթական «հովանաւորից», աչքներս յառել ենք մէկ ուրիշի վրայ։ Հազուագիւտ դէպքերում ունեցել ենք նուիրեալ գործիչներ, ինչպիսին էր Արամ Մանուկեանը, նաեւ Նժդեհը, ովքեր մի կողմ դրեցին անձնականը եւ նուիրուեցին պետականաշինութեանը։ Ցաւօք, նոր Հայաստանի քաղաքական գործիչների մէջ նուիրեալներ չեղան ու այսօր էլ չկան։ Եթէ լինէին, այս թիւրիմացութիւնն իշխանութեան չէր գայ, գալուց յետոյ էլ, արդէն հեռացուած կը լինէր։

-Առաջնորդութեան մասին էք ակնարկում, իսկ մեր ժամանակից պատմութեան մէջ պարտութիւնը կասեցնող առաջնորդներ այդպէս էլ չյայտնեցուեցին, թէ՞ որոնումը չի հասունացել:

— Պարտութիւնը կարող էին կանգնեցնել բարձրաստիճան զինուորականները, բայց պարզուեց, որ իրականում նրանք զուրկ էին սպայական պատուի, նաեւ հայրենիքի զգացումից: Հակառակ դէպքում, նրանք տեսնելով վարչապետ կոչեցեալի կողմից պատերազմի, մեղմ ասած, ապիկար կառավարումը, նրան չէին ենթարկուի, բանակի ղեկավարումը կը վերցնէին իրենց ձեռքը եւ բեկում կը մտցնէին պատերազմում։ Դրա փոխարէն, նրանք ոտքի էին կանգնում եւ պատիւ առնում պարտութեան պատասխանատուի առջեւ։ 2021թ. փետրուարի 25-ին միայն Զինուած ուժերի գլխաւոր շտաբը փոխանակ գործողութիւն անելու, վախուորած պահանջեց վարչապետ կոչեցեալի հրաժարականը։ Իսկ պարտութիւնից յետոյ, արդէն, բոլոր քաղաքական ուժերը պէտք է միաւորուէին եւ քշէին պարտութեան խորհրդանիշ՝ վարչապետ կոչեցեալին։

— Մեր քաղաքական ներկապնակն այնպիսին է, որ բոլորը մեղադրում են մէկը միւսին, եւ չեն կարողանում գտնել այս իրավիճակից դուրս գալու ելքերը: Եթէ, օրինակ, դիտարկենք Արամ Մանուկեանին նա շատ հեռատես քաղաքական գործիչ էր։ Դեռեւս 1915 թ., երբ բոլշեւիկեան կուսակցութիւնը ցաքուցրիւ վիճակում էր, Արամ Մանուկեանը, գրել է մի քաղաքական ծրագիր, որը կոչւում էր «Բոլշեւիկների հետ համագործակցութեան ծրագիր» եւ փորձել միաւորել ուժերը, միասնական պայքարել համազգային ծրագրերի համար։ Պարոն Իշխանեան, ո՞րն է նոր սերնդի առաքելութիւնը:

ընդի առաքելութիւնը: -Սիրելի Սիւնէ, այդ հարցին պատասխանելը շատ բարդ է եւ ծաւալուն։ Փորձեմ հնարաւորինս հակիրճ ներկայացնել իմ պատկերացումները։ Նախ, Հայաստանում պէտք է փոխուի կրթութեան որակը, նկատի ունեմ յատկապէս, հումանիտար առարկաները՝ հայ գրականութիւն, պատմութիւն, աշխարհագրութիւն։ Երեխաները փոքրուց պէտք է դաստիարակուեն Միքայէլ Նալբանդեանի, Ռափայէլ Պատկանեանի, Րաֆֆու, Յովհաննէս Թումանեանի, Վահան Տէրեանի, իհարկէ դրան զուգահեռ նաեւ համաշխարհային գրականութեան դասականների ստեղծագործութիւններով։ Բարձր դասարաններում ցանկալի կը լինէր, որ աշակերտները ծանօթանային մեր դասականների՝ Րաֆֆու, Յովհաննէս Թումանեանի, Վահան Տէրեանի, Ղեւոնդ Ալիշանի յօդուածներին, որոնցում մեծ ցաւով ներկայացւում են հայ ժողովրդի մէջ արմատացած արատները, դրանք քննարկէին եւ հետեւութիւններ արուէին։ Մեր պատմութիւնը պէտք է դասաւանդուի նոր՝ քննադատական հայեացքով, ներկայացնելով դարերի ընթացքում մեր կոպիտ սխալները։ Այս ամէնը կարծում եմ նոր, քննադատական մտածողութիւն կը ներարկէր նոր սերնդին, առանց ազգային սնապարծութեան, ունենալով մեծ ազգային նպատակ։ Իմ դիտարկումները ցոյց են տուել, որ Հայաստանի քաղաքացին, կոպիտ ասած չի ճանաչում իր հայրենիքը՝ լոռեցին Սիւնիքը, տաւուշեցին՝ Գեղարքունիքը եւ հայաստանցին՝ Արցախը։ Յաճախ, ոչ միայն չեն ճանաչում, այլեւ միմեանց թշնամական են վերաբերւում, նոյնիսկ հարեւան գիւղերի բնակիչները։ Դպրոցում պէտք է ներմուծուի նոր առարկայ՝ «Ճանաչիր հայրենիքդ»: Ցածր դասարաններում պէտք է տարբեր միջոցառումներ կազմակերպել հարեւան գիւղերի, բնակավայրերի երեխաների համար, որպէսզի նրանք միմեանց ճանաչեն, ընկերանան։ Միջին եւ բարձր դասարաններում, կազմակերպել սկաուտական արշաւներ՝ «Բարձրացիր բարձրացուր» նշանաբանով, դէպի տարբեր մարզեր, պատմական եւ բնական յուշարձաններ։ Այս ամէնը կը նպաստեն եւ միմեանց ճանաչման եւ խմբային մտածողութեանը եւ ամենակարեւորը սէր առ ողջ հայրենիք։ Հաշուի առնելով նաեւ մեր տարածաշրջանի մարտահրաւէրները, պէտք է հիմնադրել, ոչ թէ ձեւական, այլ իրական ազգ-բանակ, ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որտեղ բանակում չծառայած մարդն իր շրջապատում իրեն անյարմար զգայ։ Հնարաւո՞ր է արդեօք, նման հայեցակարգի ընդունումը։ Տեսականօրէն՝ այո, եթէ յայտնուեն իրական նուիրեալ գործիչներ, որոնց համար ոչ թէ կարեւորն իրենց իշխանութիւնն է, այլ ուժեղ պետութիւնը։ Եւ իհարկէ, այս ամէնը հնարաւոր է իրականացնել, միայն այսօրուայ դաւադիր իշխանութեանը հեռացնելուց յետոյ: Շնորհակալութիւն:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Աւետիք Իշխանեանի առողջական լուրջ խնդիրներ ունի ... «Առողջական լուրջ խնդիրներ ունեմ, արդէն շուրջ մէկ տարի։ Վիճակս օր-օրի վատանում է, այլեւս տնից դուրս չեմ գալիս։ Բազմաթիւ բժիշկներ են նայել, բազմաթիւ արեան, օրգանիզմի հետազօտութիւններ եւ ոչ ոք ոչինչ չի հասկանում, ախտորոշում չկայ։ Բայց բոլոր բժիշկները մի հարցում համակարծիք են, որ սա ուժեղ ստրեսի հետեւանք է, որն էլ կապուած է 2020 թ. պատերազմի հետ, այսինքն՝ ճիշտ էք, Հայաստանի»,- ասաց Աւետիք Իշխանեանը: Յետ գրութեան կարգով. «Ալիք»-ը շուտափոյթ բուժում եւ ապաքինում է մաղթում մարդու իրաւունքների հաւատարիմ եւ իրական պաշտպան, սկզբունքային մտաւորական՝ Աւետիք Իշխանեանին:

Հիմնական աղբիւրը՝ alikonline.ir