Որպէս համաեւրոպական ժողովրդական կազմակերպութիւն, որը ներկայացնում է Եւրոպայում հայկական սփիւռքի զգալի մասը, ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակն իր խորը հիասթափութիւնն ու վրդովմունքն է յայտնում նախագահ Շառլ Միշելի 2023 թուականի յուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինեանի հետ եռակողմ հանդիպման արդիւնքների վերաբերեալ մամլո յայտարարութիւնների առնչութեամբ։
Նախագահ Միշելի մօտեցումը, որը Աղդամից Լեռնային Ղարաբաղ/Արցախ «մարդասիրական պաշարներ» հասցնելու հարցը հաւասարեցնում է Լաչինի միջանցքի բացման կարևորագոյն խնդրին, սկզբունքորեն սխալ է։ Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցութիւնը Ադրբեջանի օրակարգին՝ օգտագործելու Աղդամը, այսպէս կոչուած, «մարդասիրական օգնութիւն» տրամադրելու նոյն հայ բնակչութեանը, որն արդեն աւելի քան եօթ ամիս է, ինչ ենթարկւում է Ադրբեջանի սովի, ահաբեկչութեան և շրջափակման։ Փաստօրէն, Ադրբեջանը դեկտեմբերից աստիճանաբար սեղմում է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութեան շուրջ մահաբեր շրջանակը՝ նրանց աւելի յուսահատութեան մղելով։
ԵՄ Խորհրդի նախագահը, արտայայտելով ԵՄ աջակցութիւնը Ադրբեջանի օրակարգին, ոչ միայն օրինականացնում է ավտորիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականութիւնը, այլեւ հակասում է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի փետրուարի 22-ի որոշմանը, որը. հրամայել է Ադրբեջանին անյապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մամուլի այս յայտարարութիւնները նաև խարխլում են 2023 թուականի մարտին Եւրոխորհրդարանի կողմից ընդունուած բանաձևը, որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարութեան պաշտօնեաների նկատմամբ, եթէ Ադրբեջանը անյապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանը։ ԵՄ ղեկավարութեան այս մօտեցումը թոյլ է տալիս Բաքուին խուսափել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ճնշումներից։
Կուլիսի 15-ին Շառլ Միշելի մամուլի յայտարարութիւններում կան մի քանի այլ խիստ խնդրայարոյց ասպեկտներ, օրինակ՝ «Ղարաբաղ» եզրոյթի օգտագործումը «Լեռնային Ղարաբաղ» բառի փոխարէն, որն ակնյայտօրէն քաղաքական ենթատեքստ է պարունակում: Աւելին, նախագահ Միշելի յայտարարութիւնը պատշաճ կերպով չի անդրադառնում 120,000 խաղաղ բնակիչների սարսափելի հումանիտար իրավիճակին, չի ուրուագծում Ադրբեջանի պարտաւորութիւնները միջազգային հանրութեան առաջ, անտեսում է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխօսութեան միջազգային երաշխիքների անհրաժեշտութիւնը և անտեսում Ադրբեջանի կողմից պատերազմի գերիների վերադարձի կարևորութիւնը:
Յուլիսի 14-ին, եռակողմ հանդիպմանը ընդառաջ, եւրոպական 470 կազմակերպութիւններ, ներառեալ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը, բաց նամակով դիմել են նախագահ Միշելին՝ 6 կոնկրետ պահանջներով, որոնք ուղղուած են բնիկ հայ բնակչութեան հիմնարար և անքակտելի իրաւունքների պաշտպանութեանը։ Թէև մենք երախտապարտ ենք հաստատուած հաղորդակցութեան համար, որպէս ԵՄ քաղաքացիներ հոյս ունէինք, որ դա կբերի կոնկրետ արդիւնքների։ Աւաղ, մամուլի յայտարարութիւնների բովանդակութիւնը հակառակն է ապացուցում։
Խաղաղութեան համար միջնորդութիւնը չի կարող հիմնուած լինել թոյլ կողմին աստիճանաբար աւելի շատ զիջումներ պարտադրելու տրամաբանութեան վրայ՝ դանդաղօրէն լեգիտիմացնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութիւնը։ Այս մօտեցումը ԵՄ-ին դարձնում է Լեռնային Ղարաբաղ/Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան մեղսակից։ Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում ԵՄ ղեկավարութեանը անյապաղ դադարեցնել այս մօտեցումը, քանի որ բանակցային գործընթացում ներգրաւուած իւրաքանչիւրութիւն ոք կրում է անմիջական պատասխանատուութիւն արդիւնքի համար և պատասխանատուութեան կենթարկուի։
Հաշուի առնելով վերոյիշեալ բոլորը՝ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը կոչ է անում նախագահ Միշելին վերանայել մամուլի իր յայտարարութիւնը։ Առանց նման վերանայման, նրա միջնորդական ջանքերը կարծես թէ կողմնակալ են: Մենք դեռ հոյս ունենք, որ արդարութեան ձայնը լսելի կլինի, և որ ԵՄ-ի հաւատարմութիւնը մարդու արժանապատւութեանն ու մարդու իրաւունքներին դատարկ սկզբունք չէ, որին հետևում են միայն այն դէպքում, երբ այն համահունչ է քաղաքական շահերին:
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակ
Հիմնական աղբիւրը՝ eafjd.eu