Բրիւսէլի սրտում, Եւրոպական խորհրդի շէնքի առջև յուլիսի 28-ին տեղի ունեցաւ լուռ բողոքի ցոյց, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ էին անում անյապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչութեան ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրութիւն հրաւիրել տարածաշրջանում սրուող հումանիտար ճգնաժամի վրայ, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թւում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահուան՝ 120,000 հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղուած սովի քաղաքականութեան պատճառով։
Արցախի Հանրապետութիւնը գտնուում է աղետալի շրջափակման մէջ՝ սկսած 2022 թուականի դեկտեմբերի 12-ից, որի պատճառով դադարեցուել են բնակչութեանը կենսականօրէն անհրաժեշտ մարդասիրական օգնութիւնն ու առաջին անհրաժեշտութեան մատակարարումները։ Այս անմարդկային գործողութիւնը սարսափելի հետևանքներ է ունեցել անթիւ խաղաղ բնակիչների կեանքի վրայ՝ պատճառելով աներևակայելի տառապանքներ և զրկելով նրանց գոյատևման համար անհրաժեշտ հիմնական պարագաներից և սննդից։ Լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրուած պաստառները ուղերձ էին միջազգային հանրութեանը, յատկապէս Եւորամիութեանը, անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի կողմից իրականացուող էթնիկ զտմանը։ Լուռ ակցիայի ընթացքում մասնակիցները երեխաների հետ միասին Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղուած նամակ յանձնեցին։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ ղեկավարութեանը անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով յանցագործ Ադրբեջանի նկատմամբ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների պահպանման և Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարևորութիւնը։ Նրանք պահանջում էին, որ աշխարհը աչք չփակի անմեղ քաղաքացիների, յատկապէս երեխաների տառապանքների վրայ, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրութիւնը։
Որպէս «Եւրոպացիները յանուն Արցախի» նախաձեռնութեան ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզուած են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցութիւնը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում։
Բրիւսէլի լուռ ցոյցը ևս մէկ անգամ յիշեցում է, որ աւելի քան երբևէ հրատապ են դարձել այն գործողութիւնները, որոնք կնպաստեն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն։ Այն կոչ է անում միջազգային հանրութեանը, յատկապէս Եւրամիութեանը, գործադրելու իր ամբողջ դիւանագիտական ազդեցութիւնն ու լծակները՝ պաշտպանելու անմեղ կեանքերը և պաշտպանելու արդարութիւնը տարածաշրջանում:
Հիմնական աղբիւրը՝ mailchi.mp