Կիրակի, 2023թ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին, Բրիւսէլում, եւրոյանձնախմբի հարևանութեամբ գտնուող Ռոբերտ Շումանի անվան հրապարակում տեղի ունեցաւ համաեւրոպական մեծ հանրահաւաք՝ տաս հազարին հասնող ցուցարարների մասնակցութեամբ։
Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Գերմանիայից ավտոբուսներով ժամանած բազմահազար մասնակիցները, յատկապէս՝ երիտասարդներ, ի զարմանս կազմակերպիչների, տեսան տեղադրուած փշալարերը՝ ի նշան ոստիկանութեան լուրջ մտավախութեան։ Այդ փշալարերը ևս մէկ անգամ ակնարկում են իրավիճակի սահմռկեցուցիչ բնոյթը առ այն, որ Ադրբեջանը և նրա մեղսակից Թուրքիան փորձում են ի կատար են ածում Հայոց ցեղասպանութեան վերջին փուլը։
Համաեւրոպական հանրահաւաքի կազմակերպիչը եւրոպական աւելի քան 500 կազմակերպութիւններ միաւորող «Europeans for Artsakh» («Եւրոպացիները յանուն Արցախի») համաեւրոպական համախմբումն է։ Ոչ միայն Բրիւսէլում, այլ նաև միաժամանակ քսան եւրոպական այլ քաղաքներում ցուցարարները եկել էին ո՛չ ասելու Հայոց ցեղասպանութեան շարունակութեանը, դատապարտելու Ադրբեջանի յանցագործութիւնները, ո՛չ ասելու Շարլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեղսակից քաղաքականութեանը։
«Եւրոպացիները յանուն Արցախի» համախմբման ցոյցերը կոչուած են դատապարտելու միջազգային ընտանիքի կողմից Արցախի հիմնախնդրի ճանաչումը որպէս Ադրբեջանի ներքին խնդիր և Ալիևի ցեղասպան ռեժիմի ներքոյ արցախահայութեանը ինտեգրմանը մղելը։
Ցուցարարները իրենց ցասումն արտայայտեցին նաև միջազգային լրատուամիջոցներում օրեցօր բառապաշարի ձևափոխումը յիշատակելով, ընդ որում՝ շեշտելով, որ արցախցիներին անջատողական անուանելը անընդունելի է։
Համաեւրոպական հանրահաւաքը նպատակ ունի եւրոպացի քաղաքական առաջնորդներին յորդորել միանշանակօրէն դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը՝ 120․000 խաղաղ հայ բնակչութեան, այդ թուում՝ 30․000 երեխաների հանդէպ կիրառուող բռնութիւնը։
Ցոյցի սկզբին, ժամը երկուսին, հոծ բազմութեան ներկայութեամբ հայ մանուկները կատարեցին Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների օրհներգերը, այսպիսով ընդգծելով, որ Արցախի հարցը փակուած չէ, պայքարն աւարտուած չէ և որ յուսալքութիւնն անընդունելի է։
«Իրականութիւնն այն է, որ արդարութիւնը և մարդու իրաւունքները գերակայում են միայն այն դեպքում, երբ ունենք դրանք պարտադրելու ուժ և միջոցներ: Եւս մէկ անգամ ականատես եղանք, որ ապարդիւն է յուսալ, թէ միջազգային հանրութիւնը կկանխի բռնապետ յարձակումը Արցախի բնիկ ժողովրդի վրայ, որ նա կկանխի էթնիկ զտումները, կամ նոյնիսկ, որ կգործադրի որևէ իրական ճնշում՝ Ալիևին իր մտադրութիւնից տարհամոզելու համար։ Չխաբուե՛նք, որ 21-րդ դարում ցեղասպանութիւն այլևս չի կարող լինել։ Զառանցանք է մտածելը, որ մարդու իրաւունքների պաշտպաններն աշխարհով մէկ դրան կդիմակայեն»,- Բրիւսէլում հաւաքած հանրութեանը դիմեց «Եւրոպացիները յանուն Արցախի» համախմբման համակարգող Թալին Թաշճեանը։
«Այսօր մենք որպէս ազգ մեր պատմութեան ամենադժուար և ողբերգական էջերից մեկն ենք ապրում: Վտանգուած է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Բայց նոյնիսկ ամենադժուար փորձութիւնների ժամանակ մենք կարող ենք օգտուել իրավիճակից՝ աւելի ուժեղ և իմաստուն դառնալ: Եւ մենք կարող ենք դա անել, եթէ ճիշտ հարցեր տանք և համապատասխանաբար գործենք:
Այժմ ժամանակն է դադարեցնել պաշտպանութեան մեր յոյսը ուրիշների վրայ դնել, կամ աւելի վատ՝ յուսալ, որ այլ երկրներ կամ այլ ուժեր կգան և կփրկեն մեզ։ Մենք պէտք է յոյսը դնենք առաջին հերթին սեփական ուժերի և սեփական ռեսուրսների վրայ։
Ժամանակն է, որ մենք՝ սփիւռքահայերս, Եւրոպայում և այլուր, սկսենք ինքնակազմակերպուել, որպէսզի ձեռք բերենք մեզ անհրաժեշտ միջոցները պաշտպանելու մեր շահերը, հայերի շահերը, Հայաստանի շահերը։ Ինքներս՝ որպէս սփիւռք, ուժեղ լինելով է, որ կարող ենք ամուր հենասիւն լինել, որի վրայ Հայաստանը կարող է հենուել իր մարտահրաւէրները յաղթահարելու համար։ Աշխարհը պատրաստ է աչք փակել մեր դէմ կատարուած անսարսափելի յանցագործութիւնների վրայ, բայց մենք թոյլ չենք տա, որ դա տեղի ունենայ։
Սա է պատճառը, որ մենք՝ եւրոպական երկրների հայ համայնքները, ներկայումս 15 երկիր ներկայացնող կազմակերպութիւններ, որ հաւաքուել ենք «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակի շրջանակներում, ցանկանում ենք, որ մեր կառոյցը համախմբուի և մնա կայուն։ Մենք ուզում ենք միաւորել ուժերը, ռեսուրսներ հաւաքել, ռազմավարութիւն մշակել և մեզ տալ մեր շահերը պաշտպանելու միջոցները։ Յուսով ենք, որ բոլոր եւրոպական երկրները ներկայացնող կազմակերպութիւնները կկարողանան մաս կազմել դրան։
Հոկտեմբերի 24-ին մենք կանցկացնենք մեր հանդիպումը՝ փոխկապակցուած կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Այս հանդիպմանը կքննարկենք մեր նպատակները և հետագայ անելիքները։
Հոկտեմբերի 25-ին կազմակերպում ենք նաև համաժողով Արցախի թեմայով, ինչպես նաև մամլոյ ասուլիս՝ մարդկութեան դէմ յանցագործութիւնների ականաւոր մասնագէտների ներկայութեամբ»,- եզրափակեց Թալին Թաշճյանը։
Աւելացնենք, որ «Եւրոպացիները յանուն Արցախի» համախմբման կոչը մինչ այժմ հաւաքել է Եվրոպայի աւելի քան 500 հայկական և ոչ հայկական կազմակերպութիւնների ստորագրութիւնները։ Այս աշխատանքը շարունակելու է և ընդլայնելու է համախոհների ցուցակը, և իր առջև նպատակ է դրել առաջիկայ ամիսներին հասնել 1000 ստորագրութեան, մասնաւորապէս՝ ոչ հայկական կազմակերպութիւններին ներգրաւելով։
Առաջիկայ ամիսներին «Եւրոպացիները յանուն Արցախի» գործողութիւնները հիմնականում ուղղուած են լինելու.
• Նպաստել Հայաստանի անվտանգութեան և զարգացման ամրապնդմանը այս վճռորոշ պահին.
• Անհրաժեշտ ջանք թափել՝ պաշտպանելու Արցախի հայերի իրաւունքները և ապահովելու բռնագաղթուած արցախցիների հիւրընկալումը Հայաստանում, լաւագոյնն պայմաններում ապահովելով հայրենակիցների համար.
• Աշխատել բոլոր մակարդակներում՝ տեղական և եւրոպական, որպէսզի պատժամիջոցներ սահմանուեն Ալիևի ռեժիմի և նրան աջակցող յանցագործների դէմ, որոնք պատասխանատու են Արցախում մարդկային ողբերգութեան համար:
Այդ գործողութիւնները պէտք է լինեն կոնկրետ, նպատակային, համակարգուած և ռազմավարական։ «Եւրոպացիները յանուն Արցախի»-ն կոչ է անում բոլոր համայնքային կազմակերպութիւններին, բոլոր ՀԿ-ներին և յուրաքանչյուրին մասնակցել այս ազգանպաստ և համամարդկային այս ջանքերին, իւրաքանչիւրը իր հնարաւորութիւնի չափով և միմեանց հետ համակարգուած»:
Հանրահաւաքին ելոյթ ունեցան Բելգիայի հայերի ասամբլեայի նախագահ Կարեն Թադևոսեանը, Նիդերլանդների հայկական միութիւնների ներկայացուցիչ Նուբար Վարտենեանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, Ֆրանսիայի Հայկական միութիւնների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանեանն ու Մուրադ Փափազեանը, Ֆրանսիայի նախկին պատգամաւոր, Ֆրանսիա – Արցախ բարեկամութեան խմբի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Իլ դը Ֆրանս շրջանի փոխնախագահ Պատրիկ Քարամը։
Բելգիա-Արցախ բարեկամական խմբերից ելոյթ ունեցան խմբի նախագահի տեղակալ, Բելգիա – Արցախ բարեկամական խմբի համակարգող ֆրանսախօս պատգամաւոր Անդրե դը Բուսը, Բելգիա – Արցախի բարեկամական ֆլամանդական խմբի անդամ, սենատոր, Ֆլամանդական խորհրդարանի անդամ Ալեսիա Կլասը, ֆրանսիացի պատգամաւոր (Կանաչների խումբ/Եւրոպական Ազատ դաշինք) Մարի Տուսենը, Եվրախորհրդարանի անդամ՝ Դանիայից Կարեն Մելխիորը, Հայ առաքելական եկեղեցու արևմտյան Եվրոպայի հայրապետական առաքելութեան ներկայացուցիչ Տէր Զատիկ վրդ․ Ավետիքեանը, Հայ կաթողիկէ համայնքի ներկայացուցիչ Համբիկ Թալաթինեանը, Ֆրանսիայի Հայ աւետարանական եկեղեցիների միութեան նախագահ Ժոել Միքաելեանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գևորգեանը, Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարար և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութեան հիմնադիր Բերնար Կուշները և ֆիլիսոփա, գրող Դանիել Սալվադոր Շիֆերը։
Եզրափակիչ ելոյթներով հանդէս եկան ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենեակից Լուսինէ Հայրապետեանը և Բելգիայի հայերի կոմիտէի նախագահ Ռոբերտ Ունուսեանը։
Հաւաքուածները խորհրդանշական երդում տուեցին` պայքարել յանուն Հայաստանի և Արցախի. «Չենք զիջելու և չենք հաշտուելու։ Հայաստանի և Արցախի հայութիւնը կարող է մեզ ապաւինել»։
«Europeans for Artsakh» («Եւրոպացիները յանուն Արցախի») համախմբման նախաձեռնութեամբ և հայ համայնքների ակտիվ մասնակցութեամբ նմանատիպ ցոյցեր տեղի ունեցան Բրյուսելից հեռու գտնուող եւրոպական մի շարք քաղաքներում, Բրյուսելի մայր ցոյցի հետ միաժամանակ, հսկայական էկրանի միջոցով Շումանի հրապարակում հաւաքուած բազմութիւնը կարողացան տեսնել Վարշավայում, Վիեննայում, Ստոկհոլմում, Աթենքում, Նիկոսիայում, Պրահայում, Լիսաբոնում, Բրատիսլավայում, Բուխարեստում,Պլովդիվում, Սոֆիայում, Ռուսում, Վարնայում, Լիոնում, Հռոմում, Կոպենհագենում, Մարսելում, Շատորուում, Կլերմոն-Ֆերանում և ֆրանսիական Վալանսում համաեւրոպական արդար բողոքը։
Յիշեցնենք, որ Լոնդոնում նոյնաբովանդակ ցոյցը կայացել էր նախորդ օրը։
Աւելացնենք, որ յատկապէս մեծաթիւ էր Մարսելի ցոյցը, ուր ավտոբուսներով ցուցարարներ էին ժամանել Մոնպելիեից և Մարսելի հարևանութեամբ գտնուող քաղաքներից։ Այստեղ էլ ցուցարարները հանդէս եկան նոյն պահանջներով՝ քաղաքական, կրօնական և մշակութային բոլոր ուղղութիւնները՝ միասնաբար։ Եւրոպական սփիւռքը ցոյց տուեց իր աներկբայ միասնականութիւնը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։
Այսպիսով, Համաեւրոպական հանրահաւաքի մասնակիցները․
1. Դատապարտեցին են Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականութիւնն Արցախում։
2. Դատապարտեցին են Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին՝ 2020 թ․ նոյեմբերի եռակողմ յայտարարութիւն ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու, այդ թուում նաև արցախահայութեան անվտանգութիւնը իր իսկ հայրենիքում չապահովելու համար։
3. Եւրոպական միութիւնից պահանջեցին արդիւնաւէտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինս կատարի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւն համաձայն ստանձնած յանձնառութիւնը, ապահովի բոլոր արցախահայերի, ինչպես նաև ապրանքների, բեռների անվտանգ, անխոչընդոտ տեղաշարժը Բերձորի (Լաչինի) միջանցքով։
4. ԵՄ-ից պահանջեցին թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության և վերջինիս բռնի տեղահանման համար։
5. Դատապարտեցին ԵՄ-ի շարունակական քաղաքական աջակցութիւնը Արցախի «ինտեգրմանը» Ադրբեջանին, չնայած այն ակնյայտ հեռանկարին, որ նշանակում է արցախահայութեան բռնագաղթ իր հազարամեայ հայրենիքից կամ էլ արցախահայութեան հպատակեցում բռնապետական խիստ վտանգաւոր պայմաններում։
6. Պահանջեցին են անյապաղ պատասխանատուութեան ենթարկել բոլոր այն պաշտօնեաներին, որոնք պաշտպանել են Արցախն Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականութիւնը, քանի որ դա օժանդակել է արցախահայութեան նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեանը։
7. Պահանջեցին ադրբեջանական զինուժից անյապաղ դադարեցնել Արցախի բոլոր հայկական քաղաքների, գիւղերի օկուպացիան և պաշարումը, հեռացնել ադրբեջանական ռազմական ներկայութիւնը Արցախից և հաւատարիմ մնալ 2020 թուականի նոյեմբերի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւններին։
8. Պահանջեցին, որ Ադրբեջանը անյապաղ և անվերապահօրէն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ռազմագերիներին և պատասխանատուութեան ենթարկուի ռազմական յանցագործութիւնների և մարդու իրաւունքների խախտումների համար՝ 2020 թուականի պատերազմի ընթացքում և դրանից յետոյ:
9. ԵՄ-ին կոչ արեցին անում են ճանաչել արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը՝ որպէս գոյաբանական հարց Ադրբեջանի շարունակուող էթնիկ զտումների քաղաքականության պայմաններում։
Ադրբեջանը ոչ միայն կոպտօրէն խախտում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, այլեւ անտեսում է իր միջազգային պարտաւորութիւնները, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումները, Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի՝ 2020 թուականին ընդունած համապատասխան բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի փորձագէտների, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպութիւնների կոչերը։
Յիշեալ համաեւրոպական հանրահաւաքը կայացաւ 2023 թ հոկտեմբերի 5-ի եւրոպական 47 երկրները համախմբող Եւրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի ընթացքում նախատեսուած է Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդութեամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հանդիպումը։
Հոկտեմբերի 5-ի Իսպանիայի Գրանադա քաղաքում է «Եւրոպացիները յանուն Արցախի» համախմբման նախաձեռնութեամբ հանրահաւաք է նախատեսուում։
Հիմնական աղբիւրը՝ arfd.am