Հարցեր Հայաստանի Կառավարութեանը երկրի անվտանգութեան առկայ սպառնալիքների չէզոքացման կամ մեղմանն ուղղուած հրատապ քայլերի վերաբերյալ՝ ըսն ՀՀ նախկին Վարչապետ ՀՀ Ազգային Ժողովի նախկին Նախագահ Խոսրով Յարութիւնեանի։

Այն հարցերը, որոնք ես շարադրում եմ ստորև ունեն մեր անվտանգութեան այսօրեայ խնդիրների հետ ուղղակի առնչութիւն և դրանց կատարմանը Կառավարութեան կողմից հաւուր պատշաճի անդրադարձը խիստ պահանջարկուած է թե՛ Հայաստանի հասարակութեան, թէ՛ արցախահայութեան և թէ՛ սփիւռքի մեր հայրենակիցների հիմնական հատուածի կողմից:

Ստորև ներկայացուող խնդիրներն ու հարցադրումները պահանջում են Հայաստանի Կառավարութիւնից ամենակարճ ժամանակահատուածում համապատասխան նախաձեռնութիւններով հանդէս գալ, թեպէտ որոշ խնդիրների լուծումը կամ կարգաւորումը կարող է ժամանակատար լինել:

Հայաստանի անվտանգութեան սպառնալիքների չէզոքացման և երկարաժամկէտ հատուածում արմատական լուծում պահանջող խնդիրներին սոյն հարցադրումներում անդրադարձ չի կատարուել:

Եւ այսպէս, որո՞նք են ներկայ փուլում Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումների լուսի ներքոյ հրատապ նախաձեռնութիւն պահանջող խնդիրները և/կամ ի՞նչ հարցերի պատասխաններ է ակնկալում հանրութիւնը Կառավարութիւնից:

1. Ադրբեջանն իր գործողութիւններն Արցախի և արցախահայութեան դէմ պաշտօնապէս ներկայացրեց, որպէս ահաբեկչականն գործողութիւն: Կարելի՞ է ենթադրել, որ իրականում տեռորիստական պետութեան պարագլուխ Ալիևը ակնարկում է, որ տարիներ շարունակ ԱՄՆ Կառավարութիւնն իր բիւջէից ֆինանսաւորում էր Արցախի Հանրապետութեան ահաբեկչական իշխանութեանը: Անշուշտ՝ ոչ:

Հետևաբար հարց.

Ինչու՞ Հայաստանի Կառավարութիւնն Արցախում Ադրբեջանի գործողութիւնները հակաահաբեկչական անուանելը պաշտօնապէս չգնահատեց որպէս արցախահայութեան հանդէպ իր ցեղասպան քաղաքականութիւնը քօղարկելու անյաջող փորձ:

Ինչու՞ Հայաստանի Կառավարութիւնը չտուեց այդ գործողութիւնների իրաւա-քաղաքական սեփական գնահատականը՝ արցախահայութեան ցեղասպանութիւն Ադրբեջանի կողմից (ցեղասպանութիւն այլ ոչ թէ էթնիկ զտում):

Ինչու՞ Հայաստանի Կառավարութիւնը չպահանջեց միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններից և հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի միջնորդ պետութիւնների ղեկավարներից տալ Արցախի հանդէպ Ադրբեջանի քաղաքականության իրաւական քաղաքական գնահատականը:

2. Ինչու՞ Հայաստանի Վարչապետը մեկնեց Գրանադա, յատկապէս այն դեպքում, երբ յայտնի էր, որ Ալիևը չի մասնակցելու հնգակողմ հանդիպմանը:

Արդեօ՞ք այն փաստաթուղթը, որը միակողմանիօրէն ստորագրուեց Հայաստանի կողմից կարող է յաւակնել ‹‹շրջադարձային›› կոչուելուն:

Մի՞թէ այդ փաստաթղթով չէզոքացւում են մեր պետութեան անվտանգութեան, սահմանների անձեռնմխելիութեան կործանարար այն սպառնալիքները, որոնք առկայ են այսօր:

Մի՞թէ ըստ այդ փաստաթղթի Ադրբեջանը պարտաւոր է լքել Հայաստանի սուվերեն տարածքից իր ռազմական վերահսկողութեան տակ վերցրած աւելի քան 150 քառ. կմ հատուածները և ռազմավարական կարևորութեան բարձունքներն, այդ թուում Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի բարձունքները, Սոթք-Խոզնավար հատուածը և Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը:

Շառլ Միշելի հետ հեռախօսազրոյցում Ալիևը փաստում է, որ ‹‹ադրբեջանական 8 գիւղեր Հայաստանն օկուպացրել է և դրանք պէտք է ազատագրուեն››:

‹‹Օկուպացրել են›› և ‹‹պէտք է ազատագրուեն›› եզրոյթների օգտագործումը վկայում է, որ Ալիևը ոչ միայն չի պատրաստւում դուրս բերել իր զօրքերը Հայաստանի տարածքից, այլեւ իրեն իրաւունք է վերապահում ուժով վերցնել այն անկլավները, որոնք նրան խոստացել է Հայաստանի Վարչապետը, և դրանք վերածել միլիտարիզացված յենակէտերի:

Այսինքն ստորագրելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքը ճանաչելու մասին յայտարարութիւնը Հայաստանի Վարչապետը փաստացի նպաստում է Հայաստանի անվտանգութեան նոր սպառնալիքների ձևաւորմանը:

Հարց. ինչու՞ և ու՞մ է դա պէտք:

Յատկանշական է, որ Ալիևն իր սերմնարտադրութիւնի մասին բարձրաձայնում է խաղաղութիւն հաստատելու միջնորդական առաքելութիւն ստանձնած եւրոպական բարձրագոյն ղեկավարի հետ զրոյցում և Հայաստանի Վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու մասին յայտարարութիւնը ստորագրելուց անմիջապէս յետոյ: Այս հանգամանքը փաստում է Շառլ Միշելի առաքելութեան անլուրջ բնոյթը և Ալիևի ոչ պակաս անլուրջ վերաբերմունքն այդ առաքելութեանը:

Նման պայմաններում ինչո՞վ էր պայմանաւորուած այդպիսի փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտութիւնը և մեր երկրի անվտանգութեան տեսակէտից ի՞նչ գործնական արդիւնքներ կարող է տալ այդ փաստաթուղթը:

Եթէ վերը շարադրուած սպառնալիքները չեն չէզոքացուում, այլ նաև նոր սպառնալիքներ են ձևաւորւում, ապա ինչո՞վ է պայմանաւորած իշխանութեան ներկայացուցիչների ոգևորութիւնը կապուած այդ փաստաթղթի ստորագրման հետ:

3. Ինչու՞ Գրանադայի եւրոպական ֆոոումին մասնակցութիւնը չօգտագործուեց արցախահութեան հանդէպ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության գնահատականի միջազգայնացման նպատակով:

Ինչու՞ չյայտարարուեց Ալիևի հետ առարկայական քննարկումներից հրաժարուելու մասին, մինչ ապօրինի ձերբակալուած Արցախի Հանրապետութեան իշխանութեան ներկայացուցիչների, ռազմական գործիչների և Ադրբեջանի բանտերում խոշտանգուող մեր գերիների ազատ արձակումը:

Ակնյայտ է, որ արցախահայութեան մեծ ողբերգութեան հարցում որոշակի առումով մեղաւորութեան զգացում ունեն նաև եւրոպական լիդերները և այդ հանգամանքը ստիպում է նրանց, գոնէ այս ընթացքում, համեմատաբար աւելի արցախահայանպաստ մօտեցումներ ցուցաբերել (այդ են վկայում Արցախի տեղահանուած ժողովրդին հումանիտար օգնութիւն ցոյց տալու պատրաստակամութեան մասին եւրոպական մի շարք լիդերների յայտարարութիւնները): Եթէ հաշուի առնենք նաև հայ-ադրբեջանական խաղաղ բանակցութիւնների անընդհատութեան ապահովման խնդրում եւրոպական մեր գործընկերների նախանձախնդիր մօտեցումը, ապա շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ փորձ չարուեց կորզել այդ նոյն լիդերների յայտարարութիւնն արցախեան մեր գործընկերներին և գերիներին անյապաղ ազատ արձակելու պահանջով:

4. Արցախի հայաթափման հետևանքով Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ նշանակութիւնը, ցաւօք, այլևս զրոյացուած է, յամենայնդէպս շօշափելի ապագայում:

Այդ պարագայում ինչու՞ է Հայաստանը շարունակում բանակցել Մեղրիով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապուելու տրանսպորտային հաղորդակցութեան հնարաւորութիւնն տրամադրելու շուրջ: Չէ՞ որ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ այդ կէտը յայտնուել է ի հակակշիռ Լաչինի միջանցքի պահանջի:

Ինչու՞ Հայաստանը չի յայտարարում այդ բանակցութիւններից դուրս գալու մասին, փոխարէնը առաջարկելով քննարկել երկու երկրների տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման և փոխշահաւէտ տնտեսական համագործակցութեան, ուստի և երկուստեք վստահութեան ձևաւորմանը նպաստող երկաթուղին գործարկելու հարցը՝ Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Երևան-Երասխ-Նախիջևան երթուղով:

Այդ երկաթուղին լոգիստիկ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու տեսակէտից, կարծում եմ, տնտեսական արդիւնաւէտութեան առումով համեմատութեան մէջ աւելի քիչ միջոցներ կպահանջի: Սակայն ամենաէականն այն է, որ երկու պետութիւնների միջև հաղորդակցութիւնն այդ երթուղով կազմակերպելու դեպքում չէզոքանում է տնտեսական և ոչ տնտեսական ազդեցութեան միջոցների օգտագործմամբ միակողմանի օգուտ կորզելու կողմերի գայթակղութիւնը: Աւելին, Ֆեոլետովո-Վանաձոր 35 կմ երկարութեան երկաթուղու հատուածը կառուցելու դեպքում հնարաւորութիւնն է ստեղծուում նաև նշեալ երթուղին կապել Ախուրյան-Ղարս երկաթուղու հետ և ստանալ տարածաշրջանի տարանցիկ կարողութիւնների տպաւորիչ աւելացում՝ ի լրումն Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու հնարաւորութիւնների:

Ապաշրջափակման այս ծրագիրը բաւարարում է նաև Ռուսաստանի պահանջները, քանի որ աւելի կարճ է, քան Ադրբեջանով-Մեղրիով-Նախիջևանով Ռուսաստանը Թուրքիայի հետ կապող երթուղին և յատկապէս, եթէ հաշուի առնել այն հանգամանքը, որ երկաթուղու հայաստանեան հատուածը ամբողջութեամբ տնօրինուում է ‹‹Հարաւկովկասեան Երկաթուղի›› ռուսական ընկերութեան կողմից:

Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ախուրյան-Ղարս երթուղին նաև հնարաւորութիւնն է տալիս Հայաստանին սեփական մասնակցութիւնն ունենալ Չինական ‹‹Մէկ գօտի — Մէկ ուղի›› ծրագրում՝ ներգրաւուելով Չինաստանը Եւրոպային կապող, այսպէս կոչուած, ‹‹Միջին Միջանցքում››: Վերջինն էապէս նպաստաւոր է մեր երկրի աշխարհաքաղաքական պոտենցիալը, հետևաբար նաև անվտանգութեան մակարդակը, բարձրացնելու ռազմավարական կարևորութեան խնդրի տեսանկիւնից:

Ուստի ինչու՞ Հայաստանի Կառավարութիւնը հանդէս չի գալիս նախաձեռնութեամբ երկու պետութիւնների միջև խաղաղութիւնը գործնականում անշրջելի դարձնելու երաշխիքներ պարունակող ապաշրջափակման այս ծրագրի քննարկումը սկսելու վերաբերյալ:

5. Յաջորդ հարցերի խումբը վերաբերուում է պետական սահմանի սահմանազատման հիմնախնդրին:

Ակնյայտ է որևէ հիմնաւորմամբ պետական սահմանի սահմանազատման խնդրից խուսափելը անթոյլատրելի է, այն պարզ պատճառով, որ միջազգայնօրէն ճանաչելի գործընթացների միջոցով պետութիւնների միջև սահմանազատուած և սահմանագծուած միջպետական սահմանը ցանկացած պետութեան միջազգային ճանաչման պարտադիր ատրիբուտներից է:

Հետևաբար Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատումն անխուսափելի անհրաժեշտութիւն է:

Պետութիւնների միջև սահմանազատման աշխատանքների արդիւնքում ձևաւորուած միջպետական սահմանը կարող է ունենալ միջազգային ճանաչում, եթէ այն ճանաչուել և իրաւական պատշաճ ձևակերպում է ստացել սահմանազատում իրականացնող պետութիւնների կողմից, իսկ վէճերի դեպքում՝ եթէ այն ձևաւորուել է համապատասխան իրաւասու միջազգային դատական ատեանների որոշումների հիման վրայ:

Սահմանազատման խնդիրներում պետութիւնների միջև վէճի առկայութեան դեպքում կարևոր է դառնում հարցը՝ արդեօ՞ք կողմերը սահմանազատման խնդիրների կարգաւորման գործում առաջնորդուել են միջազգայնօրէն ճանաչելի գործընթացներով: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրներում կարող են առաջանալ բազմաթիւ հարցեր և անհամաձայնութիւններ՝ որևէ կասկած չի յարուցում: Ուստի հաշուի առնելով այդ օբյեկտիվ իրողութիւնը՝ մի կողմից և սահմանազատում իրականացնելու անհրաժեշտութիւնը՝ միւս կողմից, հարց է առաջանում գոյութիւն ունի արդեօ՞ք խնդրոյ առարկային առնչուող փաստաթուղթ:

Իրականում նման փաստաթուղթ, որը սահմանում է պետութիւնների միջև միջպետական սահմանի սահմանազատման օրինակելի գործընթաց, գոյութիւն ունի և այն ընդունուել է ԵԱՀԿ Քարտուղարութեան կողմից 2017թ դեկտեմբերին և կոչուում է ‹‹Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, հրատապ խնդիրներ և լուծումներ››: Այդ փաստաթուղթը ընդունուել է յետխորհրդային պետութիւնների միջև սահմանազատման աշխատանքներին մասնագիտական աջակցութիւն ցոյց տալու նպատակով:

Ինչու՞մն է այդ փաստաթղթի առանձնայատկութիւնը: Այն առաջարկում և պահանջում է սահմանազատման աշխատանքներ իրականացնող պետութիւններին սահմանազատման աշխատանքները սկսել նախ այդ խնդրի կարգաւորման համար հիմք հանդիսացող սկզբունքների քննարկումից և համաձայնեցումից (այլ ոչ թէ աշխարհագրական քարտէզների ընտրութիւնից):

Ընդ որում փաստաթղթով առաջարկուում են բանակցութեան ենթակայ այնպիսի սկզբունքներ, որոնք շատ հրատապ և արդիական են մեզ համար: Օրինակ՝

ա/ ապագայ սահմանը չի կարող լինել անկայունութեան և սպառնալիքի աղբիւր:

Համաձայն այս սկզբունքի Ադրբեջանական ուժերը պէտք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքներից և ստրատեգիական նշանակութեան բարձունքներից, որոնք գրաւել են վերջին տարներին՝ Հայաստանի վրայ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով միակողմանի զիջումներ կորզելու նպատակով:

Այս սկզբունքի կիրառումը բացառում է նաև անկլավները Ադրբեջանին վերադարձնելու խնդիրը, քանի որ այդ կերպ Ադրբեջանը ստանում է մեր ռազմավարական կոմունիկացիաների վրայ անշրջելի սպառնալիքներ ձևաւորելու հնարաւորութիւն, ինչը որևէ կերպ չի կարող նպաստել տևական խաղաղութեան հաստատմանը:

բ/ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները սահմանազատման արդիւնքում չեն կարող զրկուել բնականոն կենսագործունէութիւնն իրականացնելու անհրաժեշտ երիվարավարութիւնից, այդ թուում ջրաղբիւրներից, տրանսպորտային ենթակառուցուածքներից, էլեկտրական հոսանքի մատակարարման հնարաւորութիւններից, խոտհարքերից, հեռագնայ արօտավայրերից և այլն:

Այս սկզբունքը փաստում է, որ չի կարող մարդու տունը գտնուել Հայաստանում, իսկ գոմը Ադրբեջանում: Դժուար է թերագնահատել այս սկզբունքի կարևորութիւնը մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար:

գ/ սահմանազատմանը նուիրուած խնդիրներում չեն կարող հաշուի չառնուել կադաստարային քարտէզները այն ընկալմամբ, որ եթէ հողի կամ անշարժ գոյքի նկատմամբ ֆիզիկական և իրաւաբանական անձանց սեփականութեան իրաւունքը ձեռք է բերուել ներպետական օրէնսդրութեամբ սահմանուած կարգով, ապա այն չի կարող անտեսուել սահմանազատման խնդիրների լուծման ընթացքում:

ԵԱՀԿ Քարտուղարութեան ընդունած փաստաթուղթը պարունակում է նաև այլ սկզբունքներ, որոնք նոյնպէս կարող են ներգրաւուել կողմերի ներկայացուցիչների միջև բանակցութիւններում:

Հիմա հարց. ինչու՞ Հայաստանի Կառավարութիւնը սահմանազատման խնդրում չի առաջնորդուում ԵԱՀԿ Քարտուղարութեան նշեալ փաստաթղթով, այլ անընդհատ առաջ է քաշում ինչ որ թուականին ընդունուած աշխարհագրական քարտէզները հիմք ընդունելու հարցը, այն դեպքում երբ այդ քարտէզները կարող են օգտագործուել որպէս լրացուցիչ նիւթ սահմանազատման սկզբունքների շուրջ բանակցելուց և համաձայնութեան գալուց յետոյ:

Ակնյայտ է, որ սահմանազատման խնդիրների կարգաւորման այս մօտեցումն Ադրբեջանի կողմից կարող է մերժուել, բայց ոչ թէ իրաւական որևէ հիմնաւորմամբ, այլ բացառապէս քաղաքական իր նպատակների իրականացմանը խոչընդոտելու նկատառումներից ելնելով, ինչն անշուշտ կթուլացնի նրա դիրքերը բանակցութիւններում:

Այս մօտեցումը չի կարող մերժուել կամ անտեսուել նաև միջնորդների կողմից՝ եւրոպացիների, ռուսների, ամերիկացիների կողմից, այն չի կարող մերժուել նոյնիսկ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից, քանի որ բոլորը հանդիսանում են ԵԱՀԿ անդամ պետութիւններ: Աւելին, Շառլ Միշելը առաջարկում էր իրենց խորհրդատուական աջակցութիւնը կողմերին սահմանազատման խնդիրներում և ակնյայտ է, որ նրա կողմից ներկայացուած փորձագէտները չեն կարող մերժել իրենց իսկ կողմից հաւանութեան արժանացած հայեցակարգային դրոյթների հիման վրայ հայկական կողմի տրամաբանուած դիրքորոշումը:

Նշեալ փաստաթղթով սահմանազատման աշխատանքներն իրականացնելու պարագայում վէճերի լուծումները ՄԱԿ-ի Արդարադատութեան Միջազգային Դատարանի կողմից նոյնպէս կգնահատուի պատշաճ իրաւական ապահովուածութեամբ իրականացուած գործընթաց, ինչն էական կլինի որոշումներ ընդունելու համար:

Անշուշտ սահմանազատման առաջարկուող մօտեցումը իրականում կլինի ժամանակատար և կարող է տևել ամիսներ, իսկ միգուցէ մէկ կամ երկու տարի: Իհարկե դա կարող առաջացնել ադրբեջանական կողմի դժգոհութիւնը, բայց չի կարող դառնալ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու առիթ, իւրատեսակ կազուս բելլի, քանի որ հայկական կողմը առաջարկում է առաջնորդուել անվտանգութեան ոլորտում միջազգային ամենահեղինակաւոր կառոյցի առաջարկած հայեցակարգով:

Այո, այդ աշխատանքները կպահանջեն մեծ ջանք և մասնագիտական լուրջ ներգրաւում: Դրանք կպահանջեն նաև ժամանակ, որի կարիքը մենք շատ ունենք, և այն ռացիոնալ և արդիւնաւէտ օգտագործելու դեպքում կարող ենք նաև աստիճանաբար վերականգնել արտաքին սպառնալիքներին դիմագրաւելու սեփական կարողութիւնները:

Հայաստանի Կառավարութեան կողմից որևէ հիմնաւորում չի կարող լինել սահմանազատման և սահմանագծման խնդրում միջազգայնօրէն ճանաչելի նշեալ փաստաթղթից հրաժարուելու համար:

Տեղեկանքի կարգով նշեմ, որ ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների ներկայացուող մօտեցումներն առաւել մանրամասն և մեկնաբանութիւններով ես շարադրել եմ դեռևս 2021թ գրուած ‹‹Հայաստանը մուրճի և սալի արանքում, ի՞նչ անել›› վերտառութեամբ իմ յօդուածում: Ցաւօք այդ հարցադրումները պետական իշխանութեան համապատասխան պաշտօնեաների կողմից մնացին անարձագանք:

Սրանք են կարճաժամկէտ հորիզոնում հրատապ կարգաւորում պահանջող այն խնդիրները և հարցերը, որոնք բխում են այս փուլում մեր անվտանգութեան առկայ սպառնալիքները մեղմելու և անվտանգային միջավայրն աստիճանաբար առողջացնելու նախադրեալներ ձևաւորելու հրամայականից:

Հարկ է նշել, որ առնուազն ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների շուրջ համաձայնութեան մասին փաստաթղթերն պատշաճ ձևակերպում ունենալուց յետոյ միայն կարել է ձեռնամուխ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև յարաբերութիւնների կարգաւորման մասին պայմանագրի մշակմանն ու ընդունմանը:

Հայաստանի Կառավարութիւնն ի դէմ Վարչապետի պարտաւոր է արձագանքել այս հարցադրումներին:

ՀՀ նախկին Վարչապետ ՀՀ Ազգային Ժողովի նախկին Նախագահ Խոսրով Յարութիւնեանի ֆեյսբուքեան էջից

9 հոկտեմբերի, 2023 թ

Հիմնական աղբիւր՝ 7or.am