Մինչ հայերը զբաղուած են Արցախի կորստով եւ փորձում են յաղթահարել դրա ողբերգական հետեւանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշաւ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքը իբրեւ թէ «Արեւմտեան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջօրէն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծուել է ընդամէնը մէկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը գոյութիւն ունի հազարամեակներ ի վեր: Նոյնիսկ «Կոկա Կոլան» աւելի հին է, քա՛ն Ադրբեջանը։Նախագահ Ալիեւի օրհնութեամբ «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» ստեղծումից յետոյ Ատրպէյճանը համաշխարհային արշաւ սկսեց՝ իր անհեթեթ ծրագիրն ամբողջ աշխարհում եւ ՄԱԿ-ում տարածելու համար: Այն հայերը, որոնք մտահոգուած են Հայաստանի Սիւնիքի մարզի կամ, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Ադրբեջանի ծաւալապաշտական ծրագրերով, պէտք է աւելի անհանգստացած լինեն ՝ ամբողջ Հայաստանի Հանրապետութիւնը գրաւելու Ադրբեջանի չափազանց մեծ ախորժակից՝ Արցախի բռնազաւթումից յետոյ։
Ահա այն չորս գործողութիւնները, որոնք Ադրբեջանը ձեռնարկել է վերջին ամիսներին ՄԱԿ-ում.
1) 2023 թ․ Յունուարի 17-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Եաշար Ալիեւը Գլխաւոր ասամբլեայի եւ Անվտանգութեան խորհրդի բոլոր անդամներին տարածեց «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» նամակը՝ յայտարարելով, որ «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարուած բոլոր ադրբեջանցիները եւ նրանց սերունդներն իրաւունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք»։
2) 2023 թ․ Փետրուարի 22-ին Ադրբեջանը ՄԱԿ-ին ներկայացրեց երկրորդ նամակը, որում հայերը մեղադրուում էին «բռնութեան, ցեղասպանութեան, ջարդերի, մարդկութեան դէմ այլ յանցագործութիւնների կատարման եւ մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարման մէջ։ Այս գործընթացը յատկապէս կատաղի եւ դաժան է եղել 1905–1906, 1918–1921, 1948–1953 եւ 1987–1991 թուականներին»։ Նամակում նշւում էր, որ «ներկայիս Հայաստանում ադրբեջանական պատմամշակութային ժառանգութիւնը, ներառեալ մզկիթներն ու գերեզմանները, զանգուածաբար ոչնչացուել են, տեղանունները փոխուել եւ պարբերաբար իրականացուել է ռասայական խտրականութիւն ադրբեջանցիների նկատմամբ»։
Աւելին, Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջեց ձեռնարկել հետեւեալ քայլերը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համար.
«–Իրաւաբանօրէն պարտաւորեցնող միջազգային համաձայնագրի ձեռքբերում՝ համապատասխան ստուգման եւ երաշխիքների մեխանիզմներով՝ ապահովելով ներկայիս Հայաստանի տարածքից վտարուած ադրբեջանցիների կամաւոր անվտանգ ու արժանապատիւ վերադարձն իրենց հայրենիք.
– Վերադարձի գործընթացի ապահովում անվտանգութեան, մարդասիրական եւ սոցիալ-տնտեսական աջակցութեան համապատասխան ծրագրերով.
– Միջազգային մոնիտորինգի, հաշտուողականութեան, անվտանգութեան, միջամտութեան եւ այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում` արտաքսման, խտրականութեան եւ վերադարձած բնակչութեանը վնասելու կրկնութիւնը կանխելու համար.
– Վերադարձնողների կայուն վերականգնման եւ վերաինտեգրման ապահովում՝ միջազգային հսկողութեան ներքոյ վերակառուցման եւ հաշտեցման միջոցառումների իրականացման միջոցով»:
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներն «անարգել հաղորդակցութիւն ունենան Ադրբեջանի Հանրապետութեան հետ»։ Սա շատ վտանգաւոր առաջարկ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը ցանկանում է իր վերահսկողութեան տակ ճանապարհ ունենալ Հայաստանի տարածքում։ Նամակում աւելացուել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներին ոչ թէ պէտք է ցրել ամբողջ երկրով մէկ, այլ միասնական պահել որպէս խումբ եւ ապահովել նրանց անվտանգութիւնն ու իրաւունքները։ Առաւել տագնապալի է պահանջը, որ ադրբեջանցիները կարողանան «ադրբեջաներենն օգտագործել [Հայաստանի] կառավարութեան օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմիններում»: Ադրբեջանն աւելացրել է նաեւ հետեւեալ անհեթեթ պահանջը. «Ադրբեջանցիներն իրաւունք ունեն ձեւաւորել տեղական անվտանգութեան ուժեր եւ համապատասխան դեր ստանձնել դատարաններում»։ Սա իրականում նշանակում է, որ Հայաստանը լինելու է Ադրբեջանի կցորդ, քան ինքնիշխան հանրապետութիւն։
Բացի այդ, Հայաստան վերադարձող ադրբեջանցիների անվտանգութիւնն ապահովելու համար Ադրբեջանը «անհրաժեշտ է համարում տեղակայել միջազգային անվտանգութեան առաքելութիւն՝ համապատասխան մանդատով եւ ներառելով արեւմտեան ադրբեջանցիների կողմից վստահութիւն վայելող երկրների ուժերն այն տարածքներում, որտեղ նրանք կվերադառնան»: Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է օտարերկրեայ զօրքեր տեղակայել Հայաստանի տարածքում, ինչը միանգամայն անընդունելի է։ Ադրբեջանը նաեւ յայտարարել է, որ «Հայաստանի կառավարութիւնը պէտք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գոյքի եւ համայնքային հողերի վերադարձը եւ փոխհատուցում վճարի գոյքի օգտագործումը խոչընդոտելու հետեւանքով պատճառուած գոյքային վնասի եւ կորուստների համար»: Նրանք, ովքեր նման խելագար պահանջներ են ներկայացնում, ապրում են երազային աշխարհում:
3) «Արեւմտեան Ադրբեջանի համայնքը» 2023 թ․ ապրիլին նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին՝ խնդրելով «ՄԱԿ-ի յատուկ առաքելութիւն ուղարկել Հայաստան՝ այդ երկրից վտարուած ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի գործընթացն սկսելու համար»։
4) «Արեւմտեան Ադրբեջանի համայնքը» 2023 թ․-ի հոկտեմբերին զեկոյց է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների հարցերով կոմիտէին։ Ըստ ադրբեջանական լրատուամիջոցների՝ ՄԱԿ-ի կոմիտէն «Հայաստանից պահանջել է անդրադառնալ «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» բարձրացրած հարցերին»։ Եթէ այս պնդման մէջ դոյզն-ինչ ճշմարտութիւն կայ, ապա յոյսով եմ, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին եւ բացայայտել ադրբեջանական կեղծիքը։
Սա այն ոխերիմ թշնամին է, որի հետ Նիկոլ Փաշինեանը միամտօրէն կարծում է, որ կարող է «Խաղաղութեան պայմանագիր» կնքել։ Այս անհարկի «Խաղաղութեան պայմանագիրն» իրականում կվնասի Հայաստան Հանրապետութեան շահերին։ Ադրբեջանն արդէն պահանջում է, որ «Հայաստանից վտարուած ադրբեջանցիների» իրաւունքները ներառուեն նման պայմանագրում՝ դրանով իսկ հիմք ստեղծելով Ադրբեջանի կողմից հետագայ ագրեսիայի եւ բռնազաւթման համար։ ՄԱԿ-ին ուղղուած ադրբեջանական նամակում, ըստ էութեան, կա այսպիսի տագնապալի դրոյթ. «[Ադրբեջանական] համայնքը կը ձգտի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքուելիք խաղաղութեան պայմանագրի մէջ ներառել արեւմտեան ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծումը որպէս Հայաստանի պարտաւորութիւնն»:
Այս անհեթեթութեանը վերջ տալու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանին անվերջ զիջումների գնալու կործանարար գործընթացը եւ մերժի նրա բոլոր անընդունելի պահանջները։
Հիմնական աղբիւրը՝ thecaliforniacourier.com