Յունուարի 27-28-ը, ի պաշտպանութիւն Արցախի, տեղի ունեցաւ համաեւրոպական երկրորդ խոշոր ձեռնարկը
«եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը 2024թ․ յունուարի 27-28-ը անցկացրեց իր տեսակի մէջ երկրորդ համաեւրոպական համախմբումը՝ ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023թ․ հոկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրիւսելում և եւրոպական 13 քաղաքներում կազմակերպուած բողոքի համաժամանակեայ ցոյցերն էին։
Այս անգամ, աւելի քան 50 եւրոպական քաղաքներում կազմակերպուած տարաբնոյթ ձեռնարկների միջոցով, «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը Եւրոպական միութեան, եւրոպական երկրների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավարութիւնից պահանջում էր էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին, զօրակցութիւն յայտնել բռնի տեղահանուած արցախահայութեանն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բաքուի նկատմամբ։
Եւրոպահայ հարիւրաւոր կազմակերպութիւններ միասնականութեամբ մասնակցեցին կազմակերպուած միջոցառումներին։ Համայնքային խորհուրդները, եկեղեցական, քաղաքական, բարեգործական, մարզական, երիտասարդական, մշակութային, տեղական և համահայկական միութիւններն իրենց կարևոր դերն ունեցան երկօրեայ միջոցառումների հաջողութեան մէջ։
Եւրոպահայութեան այս զօրաշարժի հիմնական նպատակն էր մերժել յուսալքութիւնն ու պարտուողական կեցուածքը, զգաստութեան և պայքարի կոչ ուղղել Եվրոպայի և առհասարակ աշխարհասփիւռ հայութեանը՝ պաշտպանելու իր շահերը։ Հայութեան բազմահազար ներկայացուցիչների մասնակցութիւնը ցոյց տուեց, որ եւրոպահայութեան մի ստուար հատուած Արցախի էջը փակուած չի համարում և վճռական է շարունակելու պայքարը։
Կազմակերպուած ձեռնարկները ներառում էին հաւաքներ, ցոյցեր, իրազեկման գործողութիւններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախօսութիւններ, ֆիլմերի ցուցադրութիւն և այլն, որոնց մասնակցութիւն են ունեցել նաև բազմաթիւ օտար քաղաքական կուսակցութիւններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դէմքեր, ինչպես նաև մեծաթիւ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նոյնպէս արտահայտել են իրենց պատրաստակամութիւնը շարունակելու պայքարը յանուն արցախահայութեան իրաւունքների վերականգնման։
Հաւաքների ընթացքում ընթերցուել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների ուղերձը, որով վերջիններս զուգակցութիւն էին յայտնում «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժմանը և աւելացնում․ «այս աղետալի պայմաններում յոյս ներշնչող բացառիկ ազդակներ են» և արցախահայութեան անունից «երախտագիտութիւն են յայտնում այն հոգատարութեան և աջակցելու պատրաստակամութեան համար, որը ցուցաբերում են եւրոպական հարիւրաւոր կազմակերպութիւններ՝ Արցախի օժանդակութեան նպատակի շուրջ օրակարգ ձևաւորելու մեծածաւալ աշխատանքի միջոցով»։
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը ընդլայնելու է իր ցանցը և 2023թ․ յունիսին իր պահանջներին միացած եւրոպական 470 կազմակերպութիւնների ցանկին աւելանալու են հայկական և օտար բազմաթիւ կազմակերպութիւններ։ Շուտով հանրութեանը կներկայացուի Եւրոպական միութեան և եւրոպական երկրների ղեկավարներին ուղղուած նոր պահանջագիր և դրան միացած հարիւրաւոր կազմակերպութիւնների նոր ցանկ։
Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլը
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խնդրի ներկա փուլը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և վերածվել է հակամարտության՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան Ադրբեջանի կողմից ագրեսիայի կիրառման արդյունքում: Ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է նախկին Խորհրդային Միության տարածքում առկա այլ հակամարտություններից նրանով, որ Արցախի ժողովուրդը իրավաբանորեն անթերի կերպով իրացրել է իր ինքնորոշման իրավունքը մինչև Խորհրդային Միության փլուզումը, և նախքան Ադրբեջանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալը։ Այդպիսով, Լեռնային Ղարաբաղը երբեք չի գտնվել անկախ Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանի խորհրդայնացման ժամանակ, 1920թ.-ին, այն նույպես Ադրբեջանի կազմում չէր։ Լեռնային Ղարաբաղը, համաձայն միջազգային և ԽՍՀՄ ներքին օրենսդրության, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ի «Խորհրդային Միությունից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի, անկախություն է հռչակել 1991թ․ սեպտեմբերի 2-ին, ինչը շուրջ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին ամրագրվել է համաժողովրդական հանրաքվեով։ Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու կամքին Ադրբեջանը հակադրեց սպանդերի եւ էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականություն։ Մասնավորապես, 1988թ․ փետրվարին Սումգայիթում, 1990թ․ հունվարին Բաքվում, 1992թ․ ապրիլին Մարաղայում և այլուր տեղի ունեցած ջարդերի, ունեզրկումների ու սպառնալիքների արդյունքում Ադրբեջանի տարածքը էթնիկ զտման ենթարկվեց, շուրջ 400․000 հայեր տեղահանվեցին, հազարավորներ, որոնց թիվը դեռևս հստակորեն հայտնի չէ, սպանվեցին։
Ադրբեջանն Արցախի ժողովրդի նկատմամբ մի քանի անգամ դիմեց պատերազմական հանցագործություններով զուգորդված ռազմական ագրեսիաների՝ 1991-1994թթ․, 2016թ․ ապրիլի 2-5-ը, 2020թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, 2023թ․ սեպտեմբերի 19-21-ը։ Վերջինիս նախորդել էր շուրջ տասն ամսյա շրջափակումը և ամբողջական պաշարումը՝ հանգեցնելով սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների գրեթե բացակայության և սովի։ Արցախում, 2023թ․ գրանցվեցին սովամահության, վաղաժամ մահերի, հղիության ընդհատումների բազմաթիվ դեպքեր։
Սեպտեմբերի 19-21-ի էթնիկ զտման ցեղասպանական գործողությունների արդյունքում վերջին 3000 տարվա մեջ առաջին անգամ Արցախը զրկվեց իր բնիկ բնակչությունից։ Ավելի քան 100․000 հայեր մի քանի օրվա ընթացքում լքեցին իրենց հայրենիքը և ֆիզիկական գոյությանն ուղղված սպառնալիքի տակ հարկադրված մեկնեցին Հայաստանի Հանրապետություն։ Ինչպես այդ օրերի ագրեսիայի, այնպես էլ դրան նախորդող շրջանում Ադրբեջանն իր կողմից վերահսկվող և փակ պահվող Լաչինի միջանցքում և հարակից տարածքներում զբաղված էր արցախցիների անօրինական գերեվարմամբ, ինչի գագաթնակետը Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում նախկին նախագահների, խորհրդարանի գործող նախագահի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալումն էր Լաչինի միջանցքում և Ստեփանակերտում։
Հայաստանում ապաստան գտած արցախահայերը բախվեցին հումանիտար, սոցիալական, հոգեբանական ծանր իրավիճակի։ Հայ ժողովուրդը եղբայրաբար ընդունեց Արցախի իր հայրենակիցներին և ամեն ինչ անում է նրանց վերասոցիալականացումն ու հնարավորինս բնականոն կյանքն ապահովելու համար։
Ադրբեջանը, իր իրականացրած գործողություններից հետո, որոնք համաձայն միջազգային առաջատար փորձագետների և 1948թ․ «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի», որակվում են որպես ցեղասպանություն, ներկայումս խոսում է Ղարաբաղյան հակամարտության՝ լուծված լինելու մասին։ Միջազգային հարաբերությունների կարևոր դերակատարները հակամարտության լուծում չեն արձանագրել։
Ստեղծված իրավիճակում ամբողջովին փոխվել է Ղարաբաղյան հակամարտության՝ շուրջ երեսուն տարի տևած բանակցային պարադիգման, որը, միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շրջանակներում առաջ էր մղվում ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության սկզբունքի և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման տրամաբանությամբ։ Այսօր արդեն առաջնային նշանակություն ունի Արցախի ժոովրդի իր հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման ապահովումը՝ միջազգային գործուն մեխանիզմների ու երաշխիքների կիրառման պայմաններում, ինչը հնարավոր կդարձնի հայրենիքում արցախցիների ազատ և արժանապատիվ կյանքը։ Դրան պետք է հասնել Ադրբեջանի հանդեպ միջազգային հուժկու ճնշում առաջացնելով, պատժամիջոցային քաղաքականությամբ ու պատերազմական հանցագործների հանդեպ համապատասխան իրավական պատիժների կիրառմամբ։
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներն ու ագրեսիան
2020թ․ արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո մի քանի անգամ, մասնավորապես 2021թ․ և 2022թ․ ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և օկուպացրել ավելի քան 200 քառ․ կմ։ Ադրբեջանական զինված ուժերը գերակա բարձունքներ են նվաճել Հայաստան-Իրան միջպետական միակ ճանապարհի շրջակա տարբեր հատվածներում, ինչպես նաև մի շարք խոշոր բնակավայրերի շրջակայքում։
Պատերազմից հետո արբդեջանաթուրքական տանդեմը մշտապես խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմնան անհրաժեշտության մասին՝ հաճախ չթաքցնելով այդ նպատակին հասնելու գործում ռազմական ուժի կիրառման պատրաստակամությունը։ Չնայած հայկական կողմը պատրաստ է իր մասով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և այդպիսով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հնարավոր դարձնելուն, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով արտատարածքային (extraterritorial) միջանցքի ձեռքբերում, որը վրա չի տարածվի ՀՀ ինքնիշխանությունը (sovereignty):
Ադրբեջանական պաշտոնական շրջանակները նույնիսկ բացեիբաց տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ վերջինիս տարածքը, այդ թվում մայրաքաղաք Երևանը համարելով «պատմական ադրբեջանական տարածքներ»։ Ադրբեջանական քաղաքական միտքն այնքան հեռու է գնացել, որ Բաքվում պետական հովանավորչությամբ առաջ է մղվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքական կոնցեպտը և շուրջ կես միլիոն ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Վերջինիս վերաբերյալ Ադրբեջանի Միլի Մեջլիսում դեկտեմբերի վերջին ընդունվել է համապատասխան հայտարարություն։ «Արևմտյան Ադրբեջանի» քարոզիչները նույնիսկ խոսում են Հայաստանի տարածքում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ինքնավարության ստեղծման հեռանկարների մասին։ Բաքուն մոռանում է նաև այն մասին, որ շուրջ 400 հազար հայեր բռնի տեղահանվեցին Ադրբեջանից։
Հայաստանի Հանրապետության տարածքն օկուպացրած ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ այնտեղ, իսկ 2024թ. հունվարի 10-ի հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այդ զորքերը չեն լքելու իրենց զբաղեցրած բնագծերը։ Ադրբեջանական զինված ուժերն ուղղակի սպառնալիք են Հայաստանի տասնյակ խաղաղ բնակավայրերի համար, իսկ հաճախ անհնարին են դարձրել գյուղատնտեսական աշխատանքները։
Հայաստանին ուղղված մեկ այլ սպառնալիք է այսպես կոչված անկլավների հարցը։ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանի տարածքից, գյուղատնտեսական նպատակներով, Խորհրդային Ադրբեջանին են տրվել որոշ տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունը Իրանին և Վրաստանին կապող ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհների վրա։ Այսօր Ադրբեջանը, պահանջում է այդ անկլավները, սպառնալով դրանք չտրամադրելու պարագայում կիրառել ռազմական ուժ։ Մինչդեռ Բաքում խոսք անգամ չի ասում Ադրբեջանի տարածքում գտնվող և վերջինիս շարունակական քաղաքականության արդյունքում անկլավի վերածված Արծվաշենի նկատմամբ։ Ավելին՝ Բաքվում անգամ հաշվի չեն առնվում, որ խորհրդային անկլավները եղել են հայկական պետության տարածքներ, որոնք Ադրբեջանի օգտագործմանն են տրվել ԽՍՀՄ ղեկավարության որոշմամբ՝ ելնելով գյուղատնտեսական նպատակներից։ Այսօր ԽՍՀՄ բացակայության պայմաններում վերանում է նաև այդ տարածքների օգտագործման ադրբջանական իրավասությունը։
Ադրբեջանական պետական ու մերձիշխանական շրջանակները չեն թաքցնում իրենց տարածքային հավակնությունները հատկապես Հայաստանի հարավի՝ Սյունիքի մարզի նկատմամբ՝ համարելով այն սեպ թյուրքական (Turkic) աշխարհի միավորման ճանապարհին։
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է հետապնդել հայատյացության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության համակարգն ամբողջապես կազմաքանդելու հետևողական քաղաքականություն, ինչը հղի է Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ամենատարբեր հանցագործությունների վտանգով։
Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը
Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումը ունի երկու կարևորություն՝
- Կանխելու այդ պետության կողմից խիստ հնարավոր համարվող հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
- Պատժելու Ադրբեջանին իբրև պետության, և դրա ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։
Մասնավորապես, Ադրբեջանը
- Հակառակ ՄԱԿ ԱԽ 1974թ․ դեկտեմբերի 14-ի «Ագրեսիայի ակտի սահմանման մասին» բանաձևի՝ ինքնորոշվող սուբյեկտի նկատմամբ (Արցախի Հանրապետություն) կիրառել է ագրեսիա
- Արցախի տեղաբնիկ ժողովրդի հանդեպ կիրառել է ցեղասպան քաղաքականություն՝ էթնիկ զտման հստակ քայլեր, այդ թվում բնակչությանը սովի մատնելու մարտավարություն
- Օկուպացրել է տարածքներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից
- Իրականացրել է արտադատական և անօրինական սպանություններ
- Գերիների, ռազմագերիների և պատանդ պահվող այլ անձանց նկատմամբ իրականացրել է անմարդկային կտտանքներ, տասնյակ դեպքերում սպանել նրանց
- Ունի քաղաքական բանտարկյալներ՝ իր քաղաքացիներին կամայականորեն հալածանքի ենթարկելով ու ձերբակալելով
- Խոչընդոտում է ազատ խոսքի, շարժումների, մեդիայի և կազմակերպությունների գործունեության ազատությանը
- Չունի դատական համակարգի անկախություն
- Չի երաշխավորում քաղաքական համակարգի մասնակցային ազատությունը
- Խտրական քաղաքականություն է վարում կանանց նկատմամբ և գենդերային հարցերում
- Սահմանափակում է կրոնական ազատությունը
- Ավերում կամ նենգափոխում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պատկանելիությունը
- Ունի երեխաների աշխատանքային շահագործման արատավոր ավանդույթներ
Հիմնական աղբիւրը՝ arfd.am