Հայկական կողմին հերթական զիջումների օրակարգը, թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները բաւարարելու համար Հայաստան ամերիկեան բարձրաստիճան պաշտօնեաների այցերի շքերթը և ամերիկեան անվերապահ աջակցութեան պատրանք ստեղծելու ջանքերը չարաբաստիկ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրմանն հասնելու համար են:

«Կառավարութեան նկատմամբ վստահութեան մակարդակը չափազանց ցածր է, ցաւօք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահութեանը, քանի որ մեր կառավարութիւնը ստում է, ստում է և ստում, և այն այլևս չի էլ փորձում ճշմարտութիւնն ասել, այն փորձում է պատմույթ (նարատիվ ) յօրինել»,- ֆեյսբուքեան էջում գրում է «Մայր Հայաստան» շարժման անդամ, դիւանագէտ Ձիւնիկ Աղաջանեանը

Ցանկացած ընթերցողի կթուա, թէ այս բառերն ասուել են ՀՀ գործող իշխանութիւնների մասին, սակայն սա ամերիկեան գործող վարչակարգի մասին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, մօտ երկու տասնամեակ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ խորհրդական, աշխարհի լաւագոյնն ուղեղներից մէկը համարուող Ջեֆրի Սաքսի խօսքերն են «չեղարկման քաղաքականության» զոհ դարձած, «Ֆոքս» հեռուստատեսութեան նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ վերջինիս հարցազրոյցի ժամանակ: Այնուհանդերձ, այս նոյն բնորոշումը հաւասարապէս կիրառելի է արեւմտեան աշխարհի գրեթէ բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների համար, ովքեր ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան ու առաջմղման դրօշը ծածանելով, ստի ու կեղծիքի քաղաքականութեամբ, սեփական գերակայութիւնը պահպանելու և տարածելու օրակարգին համահունչ, ստեղծել են մի պատրանքային աշխարհ, որտեղ լիբերալ արժէքների ներքոյ իրականացուում է մարդկային ու հասարակական խեղման գործընթաց՝ կամակատար հանրոյթ ստանալու համար: Եւ այդ նպատակներին հասնելու համար միջոցների մէջ խտրականութիւն չի դրուում, ինչպես ցոյց տուեց կորոնավիրուսի համաճարակը և արցախահայերի էթնիկ զտումը՝ տոտալ շրջափակման ու բռնի տեղահանութեան միջոցով:

Սակայն, ինչպես Աբրահամ Լինքոլն է նշել. «Հնարաւոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»: Արթնացման առաջին նշանակալից պտուղները գրանցուեցին Եւրախորհրդարանի ընտրութիւնների ժամանակ, յաջորդ փուլին ականատես կլինենք յաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ խորհրդարանական ընտրութիւններ կանցնեն Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ հանրային տրամադրութիւնների, գործող վարչակարգերը կկորցնեն տասնամեակից աւելի վայելած գերիշխող դիրքերը: Վերջնական որոշումներ կկայացուեն եւրոպական ղեկավարների մասով՝ ակնյայտօրէն պատմութեան գիրկն ուղարկելով կոռուպցիոն սկանդալների մէջ թաթախուած ֆոն դեր լայեններին, դրախտային մտածողութեամբ ապրող բորելներին ու միշէլներին: Վերջիններիս ստի ու կեղծիքի քաղաքականության հետևանքները ամենօրեայ կտրուածքով իր վրայ է զգում հայ ժողովուրդն ու Հայաստան պետութիւնը՝ գրանցելով կորուստ կորստի հետևից պատրանքային խոտումների դիմաց:

Յունիսի վերջին նշանակալից զարգացումներ են սպասուում նաև Միացեալ Նահանգներում: Յունիսի 27-ին նշանակուել են ամերիկեան պատմութեան մէջ ամենավաղ նախագահական դեբատները: Տարբեր մեկնաբանութիւններ կան այս առումով: Սակայն, տպաւորութիւն է ստեղծուում, որ իշխող կուսակցութեան ներկայացուցիչներն արդարացուած պատճառ են ստեղծում իրենց թեկնածուի՝ Ջո Բայդենի փոփոխութեան համար: Փորձարկուել են տարբեր հնարաւոր թեկնածուներ, այդ թուում՝ տիկին Օբաման, հոյս ունենալով հանրային աջակցութիւն գեներացնել նաև գենդերային տարրն օգտագործելով, սակայն ապարդիւն: Եւ, ակնյայտօրէն, որոշում է կայացուել «փորձուած թանն անփորձ մածնով չփոխել»՝ առաջադրել Բարաք Օբամայի թեկնածութիւնը, նաև այն պատճառով, որ ընտրարշաւի համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց գործող վարչակազմը գործում է «բիզնԷս սովորականի պէս» տրամաբանութեամբ, առանց հասկանալու, որ ամերիկեան քաղաքական դաշտի պահանջները փոխուել են, քաղաքացիական պատերազմի շեմին հայտնուած հանրութիւնն իրական փոփոխութիւն է ուզում, ոչ զուտ դերակատարների տեղափոխում: Արդեն իսկ մէկ անգամ բողոքի ու դժգոհութեան քուէարկութեամբ մերժել են Հիլարի Քլինթոնին, Թրամփի դէմ ներկայիս քաղաքական հետապնդումներն աւելի ու աւելի են բզկտում խորապէս բաժանուած հասարակութիւնը՝ գրեթէ անհնարին դարձնելով ընդունելի արդիւնքով ընտրութիւնների անցկացումը:

Բայդենի՝ առողջական վիճակի հանգամանքով փաստական իշխանութիւն չիրականացնելու արդիւնքում առաջ են մղուել երկրորդ էշելոնի դերակատարները, ովքեր շատ լաւ հասկանալով առկայ ռիսկերը՝ աւելի են արագացնում գործընթացները՝ հոյս ունենալով, նախապէս ծրագրուած սցենարների իրականացմամբ, ի վերջոյ, ինչ-որ հաջողութիւններ գրանցել, որոնք կօգտագործուեն ընտրութիւններում քուէներ պոկելու համար:

Սրանով է պայմանաւորուած դէպի Հայաստան ամերիկեան բարձրաստիճան պաշտօնեաների այցերի շքերթը, անգամ ջանքերն օգտագործելու հայկական համայնքի հետ առնչութիւնները՝ ջանալով ամերիկեան անվերապահ ու ակնկեղծ աջակցութեան պատրանք ստեղծել, մի կողմից, և շտապողաբար առաջ մղել հայկական կողմից հերթական զիջումների օրակարգը՝ բաւարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները, հոյս ունենալով, ի վերջոյ, հասնելու մշտապէս սպրդող, չարաբաստիկ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրմանը:

Ամերիկեան կողմը շատ լաւ հասկանում է, որ Ադրբեջանի նման պետութեան հետ հապճեպ ձևակերպուած, իրականում անբովանդակ փաստաթղթի ստորագրումը որևէ անվտանգութեան ու խաղաղութեան հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն դա այն պայմանն է, որից յետոյ կկարողանան ադրբեջանական կողմից պահանջելու իր յանձնառութիւնների կատարումը Իրանի հանդէպ, որից թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան ամեն կերպ խուսափում են ակնյայտ դարձող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ կիրառելով «մէկ քայլ առաջ, երկու քայլ ետ» քաղաքականութիւնը: Երկու պարագայում էլ հետևանքների համար վճարողը լինում է Հայաստանը, քանի որ հետքայլերի ժամանակ պահանջների անսպառ ցուցակից հերթականներն են առաջադրուում արևմտեան կենտրոններին, իրենց կողմից փոքր զիջումների գնալով, որոնք որևէ ստրատեգիական նշանակութիւն չունեն, ինչպես հայ ռազմագերիներից ոմանց ազատելը կամ ադրբեջանական բանտերում գտնուող հարիւրաւոր քաղաքական գործիչներից ոմանց համաներմամբ ազատ արձակելը:

Հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակով բանակցութիւնների անցկացմանը համաձայնութիւն տալու համար ամերիկեան միջնորդներին ներկայացուում է պահանջների շարք, որոնք բաւարարւում են Հայաստանի գործող կառավարչի կողմից՝ հայ ժողովրդին ու պետութեանը հերթական բաց, արնածոր ու չամոքուող վէրքը պատճառելով:

Շատ լաւ հասկանալով, որ ձեռքի տակ եղած կամակատար եւրոպական ղեկավարների շարքն արագօրէն նօսրանում է, ինչն էապէս դժուարացնելու է սեփական հեգեմոնիկ շահերի բաւարարումն ու ծրագրերի իրականացումը համախումբ «միջազգային հանրութեան» կերպարով՝ ամերիկեան կողմն արագացնում է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» կեանքի կոչուելը, որի վերահսկողութիւնը, գործող հայկական վարչախմբի արբանեակ լոբբիստների ներկայացմամբ, իրականացուելու է արևմտեան ընկերութեան կողմից, ինչին էր ուղղուած նաև ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում վերջին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ թուրքական կողմից արտահոսած աղբիւրների՝ ապրիլին Վրաստանում հայ-ադրբեջանաթուրքական արձանագրութիւն է ստորագրուել այսպէս կոչուած «Թուրքիայի Հանրապետութեան «խաղաղութեան խաչմերուկում» մասնակցութեան մասին», ինչի առնչութեամբ հեռուստալուսաչափութիւնից մէկի եթերում խօսել է նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցուածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Մինչև յուլիսի սկիզբ զարգացումները կգան ամրագրելու այս բազմաշերտ յանձնառութիւնները, որոնք էլ աւելի կրիտիկական կդարձնեն Հայաստանի Հանրապետութեան առանց այն էլ ճգնաժամային վիճակը»։

Հիմնական աղբիւրը՝ yerevan.today