Հայաստանում սխալ տպաւորութիւն կա, թէ Ամերիկան իսկապէս հետաքրքրուած է Հայաստանով, Հայաստանի անկախութեամբ, խաղաղութեամբ կամ անվտանգութեամբ: Այդպէս չէ, Ամերիկան ոչ մի հետաքրքրութիւն չունի Հայաստանում: Ամերիկան ունի աւելի կարևոր հետաքրքրութիւն, որն իր շահերից է բխում, ոչ թէ՝ Հայաստանի:

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման նախօրէին Ադրբեջանի արտգործնախարարը յայտարարել էր, թէ Հայաստանը պէտք է ընտրի տարածաշրջանային համագործակցութեան, այլ ոչ թէ՝ տարածքային պահանջների ճանապարհն այն դեպքում․ երբ հայկական կողմը շարունակ զիջում է, իսկ Ադրբեջանի պահանջներն աւելանում են։ Հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել է, թէ Համաձայնագիրը երկարաժամկէտ է, արժանապատիւ. «Այն բացառիկ հնարաւորութիւններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացեալ Նահանգների հետ իրենց յարաբերութիւնների համար»։

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխաւոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Յարութ Սասունեանից հետաքրքրուեցինք՝ ինչո՞վ է պայմանաւորում ԱՄՆ ակտիվութիւնը տարածաշրջանում, ԱՄՆ-ը արդեօ՞ք պատրաստ կլինի նույն Բլինքենի նշած «արժանապատիւ համաձայնագրի» իրագործման երաշխաւորը լինել։

«Հայաստանում սխալ տպաւորութիւն կա, թէ Ամերիկան իսկապէս հետաքրքրուած է Հայաստանով, Հայաստանի անկախութեամբ, խաղաղութեամբ կամ անվտանգութեամբ: Այդպէս չէ, Ամերիկան ոչ մի հետաքրքրութիւն չունի Հայաստանում: Ամերիկան ունի աւելի կարևոր հետաքրքրութիւն, որն իր շահերից է բխում, ոչ թէ՝ Հայաստանի: Քանի որ կա Ուկրաինայի պատերազմը, որը ոչ միայն Ռուսաստանն ընդդէմ Ուկրաինայի է, այլեւ Ռուսաստանը՝ ընդդէմ ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի դէմ պատերազմ է, Ամերիկան անում է ամեն ինչ՝ ոչ միայն Կովկասում, այլեւ՝ այլ հատուածներում, որպէսզի Ռուսաստանին հեռացնի այդ շրջաններից, և ԱՄՆ-ը ինքը փոխարինի ՌԴ-ին այդ շրջաններում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Յարութ Սասունեանն ընդգծեց՝ հայ ժողովուրդը մշտապէս մտածել ու մտածում է, թէ դրսից փրկիչներ են գալու ու մեզ փրկեն. «Ամբողջ մեր պատմութեան ընթացքում միշտ սպասել ենք՝ ինչ-որ ուժ գայ՝ մեզ փրկի: Բոլորը մեզ վրայ յարձակուել են, ցեղասպանել են, կործանել են մեզ, երբեք որևէ մէկը չի եկել մեզ փրկելու, բայց մեր ժողովուրդը շարունակում է երազել, որ մեզ փրկելու են: Հիմա էլ այդ նոյն վիճակում ենք: Երբ 2020-ի պատերազմի ժամանակ, 2021-ին Հայաստանի վրայ յարձակման ժամանակ ՌԴ-ն մեզ օգնութեան չհասաւ, ժողովուրդը սկսեց ասել՝ Ռուսաստանը մեզ չի փրկելու, բայց երանի այդտեղ կանգնէին, որ մեզ չի փրկելու, բայց շարունակում են՝ նշելով, թէ Ամերիկան, Ֆրանսիան, Իրանը կամ Հնդկաստանը մեզ փրկելու են: Այսինքն՝ մենք անընդհատ փրկիչների փնտրտուքի մէջ ենք: Մենք երբեք չենք եզրակացնում, որ միայն մենք կարող ենք մեզ փրկել: Ամերիկան չի կարող այդ համաձայնագրի երաշխաւորը լինել, քանի որ Ամերիկան ունի ՆԱՏՕ-ի գլխաւոր դաշնակից անդամ Թուրքիան, որը պատասխանատու է այդ տարածաշրջանի համար, իսկ Թուրքիայի փոքր եղբայրն Ադրբեջանն է: ԱՄՆ-ը կարիք չի տեսնում մեզ պաշտպանելու, որովհետև արդեն Թուրքիան և Ադրբեջանը կան: Ո՛չ փրկիչ ունենք, ո՛չ դաշնակից: Պէտք է մենք մեզ համոզենք, որ մեզ փրկողը, մեր անվտանգութիւնն ապահովողը մենք ենք»:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի գլխաւոր պրոբլեմը Նիկոլ Փաշինեանն է. «Նա ո՛չ քաղաքական փորձառութիւն ունի, ո՛չ ռազմավարական: 6 տարի է՝ հետևում եմ իր ելոյթներին, նա ամեն հարցում սխալ որոշման է հասնում, սխալ յայտարարութիւններ է անում: Այս մարդն անկարող է երկիր ղեկավարել, և չի կարող ոչ մի ճիշտ որոշում կայացնել ո՛չ դաշնակցի, ո՛չ թշնամու վերաբերյալ: Ինձ հարցնում են՝ արդեօք Փաշինյանը ճի՞շտ է անում, որ ՌԴ-ից հեռանում է, մօտենում է ԱՄՆ-ին, ես պատասխանում եմ՝ Փաշինեանն այնքան անկարող մի մարդ է, որ չի կարող ո՛չ ՌԴ-ի հետ նորմալ յարաբերութիւնն մշակել, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի: Եթէ կարող մարդ լիներ այդ աթոռի վրայ, բոլոր երկրների հետ լեզու կգտներ, կիմանար՝ ոնց յարաբերուել տարբեր երկրների հետ, որովհետև ամեն երկիր իր շահերն ունի: Պէտք է քո շահերը համապատասխանի այդ երկրի շահերին, որևէ երկիր իր շահերը չի զոհելու Հայաստանի համար: Ամեն երկրի գլխաւոր պարտականութիւնն է՝ զարգացնել իր շահերը, ոչ թէ՝ Հայաստանի»:

Նա շեշտեց՝ թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան, դժբախտաբար, ունեն այնպիսի ղեկավարներ, որոնք շատ լաւ խաղում են երկու թելերի վրայ՝ թէ՛ Արևելքի, թէ՛ Արևմուտքի. «Թուրքիան, լինելով ՆԱՏՕ անդամ, ունի սերտ յարաբերութիւններ ՌԴ-ի հետ, Ադրբեջանը շատ մօտ լինելով ՌԴ-ին՝ ունի շատ լաւ կապեր Եվրոպայի հետ, իր գազը վաճառում է այնտեղ: Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն՝ ինչպես խաղալ այդ դիւանագիտական խաղը: Դրա համար եմ ասում՝ եթէ ունենայինք մի կարող ղեկավար, նա բոլորի հետ այդ խաղերը կխաղար, բայց դա յատուկ քաղաքական գիտելիքներ է պահանջում, որը Փաշինյանը չունի»:

Նա պարզաբանեց, թէ ինչու է ԱՄՆ-ը պարբերաբար խօսում Հայաստանի ժողովրդավարութեան մասին. «Փաշինյանը թէեւ անփորձ և անկարող է, բայց խորամանկ է, և շատ լաւ հասկանում է՝ ինչպես խաբել ժողովրդին, և ինքն էլ է անընդհատ խօսում ժողովրդավարութեան մասին: Իրեն դուր է գալիս, որ Եւրոպան և Ամերիկան իրեն գովերգում են՝ որպէս ժողովրդավար երկիր: Անշուշտ, գովերգում են ոչ թէ ժողովրդավարութեան պատճառով, այլ, որովհետև Փաշինեանն անում է այն ամենը, ինչ իրենք ուզում են: ԱՄՆ վերջին ուզածը Հայաստանից Զանգեզուրի միջանցքն է. ուզում են, որ Հայաստանը միջանցքի արտօնութիւն տա, որովհետև դա հնարաւորութիւնն կտա, որ ասիական երկրներից մինչև Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եւրոպա՝ ճանապարհն աշխատի: Դա բոլորի շահերից է բխում՝ բացի  Հայաստանից: Նրանց չի հետաքրքրում՝ ով է Հայաստանի ղեկավարը, այլ նայում են, թէ իրենց շահերը ոնց կարող են հետապնդել: Եթէ վաղը Փաշինյանը չլինի ղեկավար, ընդդիմութիւնից որևէ մէկը լինի, Ամերիկան շարունակելու է նոյն իր դիրքորոշումը հետապնդել»:

Յարութ Սասունեանն անհիմն է համարում այն խօսակցութիւնները, թէ Արևմուտքն է Փաշինեանին բերել իշխանութեան, որ Հայաստանը կործանի. «Ես այդ ամենին չեմ հաւատում, դրանք անհիմն խօսակցութիւններ են, որևէ փաստ չկայ»:

Դիտարկմանը՝ ասում են՝ Փաշինեանն Արևմուտքի, կամ աւելի վատ՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերն է պաշտպանում Հայաստանում, հետևաբար՝ նրանց կողմից է բերուել իշխանութեան, նա արձագանքեց. «Դա փաստարկ չէ, դա վերլուծութիւն է, որի իրաւունքը մարդիկ ունեն: Եթէ ես լինէի Արևմուտքում քաղաքական ղեկավար, իսկ Արևմուտքը շատ լաւ գիտի Փաշինյանի անցեալը, ներկան, կարողութիւնները, ես ոչ մի հոյս չէի կապի Փաշինյանի հետ: Փաշինեանն անկարող մարդ է և չի կարող ոչ մի ճշգրիտ յարաբերութիւն մշակել որևէ մէկի հետ»:

Հիմնական աղբիւրը՝ 168.am