Արևմուտքի քաւորութեամբ «նշաձողի իջեցում» տերմինի տակ պէտք է հասկանալ Արցախի հայաթափում և պետական ինսիտուտների լուծարում։

«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհաւանական առաջընթաց են գրանցել խաղաղութեան բանակցութիւններում։ Խաղաղութեան համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղութեան և տարածաշրջանի անվտանգութեան համար։

Մենք կարծում ենք, որ գործարքը հնարաւոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրութիւններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Այսպիսով, մենք պատրաստուում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնութիւնները և վերջնական համաձայնութեան հասնելու համար»,-այս մասին օրերս յայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Առաջին հայեացքից սովորական դիւանագիտական յայտարարութիւնն է և, որ ամենակարևորն է` երկու կողմերին փոխզիջման կոչ անող։ Բայց սա միայն առաջին հայեացքից, և այս յայտարարութիւնն իրականում Հայաստանին պարտադրուող նոր ծանր զիջումների մասին է։

ԱՄՆ-ում սովոր են անգամ ամենաաղետալի որոշումները փաթեթաւորել այնպէս, որ շարքային ընթերցողի համար այն կարող է անգամ դրական մի բան թուալ։ Միայն մեզ հետ կապուած մի քանի օրինակը ցոյց կտան, թէ ինչի մասին է այս յայտարարութիւնը։

2018 թուականին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, թէ պէտք է Հայաստանում հրաժարուեն պատմական կաղապարներից, ինչը նոր հնարաւորութիւնների դուռ կբացի։ Յետոյ պարզուեց, որ «պատմութեան կաղապարներ» գեղեցիկ ձևակերպման տակ իրականում թաքնուած էր Հայոց ցեղասպանութեան պահանջատիրութիւնից հրաժարուելը և Արցախի հարցում Ադրբեջանի պահանջները բաւարարելը։

2022-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քաւորութեամբ տեղի ունեցած հանդիպումներից յետոյ ՀՀ Ազգային ժողովում յայտարարեց, որ միջազգային հանրութիւնը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրէք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովէք Հայաստանի ու Արցախի շուրջ: Յետոյ պէտք է Հայաստանում հասկանային, որ Արևմուտքի քաւորութեամբ «նշաձողի իջեցում» տերմինի տակ պէտք է հասկանալ Արցախի հայաթափում և պետական ինսիտուտների լուծարում։

Մի քանի ամիս է՝ Արևմուտքի և յատկապէս ԱՄՆ-ի կողմից ակտիվորեն քարոզուում է այսպէս կոչուած Միջին միջանցքի գաղափարը, որը պէտք է անցնի Ադրբեջանով և Հայաստանով։ Միջին միջանցք անվան տակ Արևմուտքն իրականում փորձում է կեանքի կոչել Ադրբեջանի կողմից այդքան պրոպագանդուած այսպէս կոչուած Զանգեզուրի միջանցքը, որի մասով, ի դէպ, Հայաստանի համաձայնութիւնն արդեն կայ, ու սրա մասին մենք խօսել ենք մեր նախորդ հովածներից մէկում։

Վերջին ամենաթարմ օրինակն Արևմուտքի կուլիսային քաւորութեամբ այսպէս կոչուած դելիմիտացիայի գործընթացն էր, որն իրականում Տաւուշից հողերի յանձնման և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից մէկի աշխատանքների խաթարման մասին էր։ Ադրբեջանը չտուեց ոչինչ Հայաստանի այս քայլերի դիմաց։ Բայց կարևորն այն է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ողջունեցին այս գործընթացը և անունն էլ դրեցին դելիմիտացիա։

Այսքանն էլ բաւական է հասկանալու համար, որ Արևմուտքը և մասնաւորապէս ԱՄՆ-ն քաղաքական փաթեթաւորման գիտակներ են, ու այն, ինչ իրենք անվանում են «փոխզիջում», իրականում միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Փաստօրէն, հիմա ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչ Միլլերը յայտարարեց առաջիկայում Հայաստանի կողմից սպասուող ծանր զիջումների մասին, բայց որպէսզի հայ ժողովրդի տրամադրութիւնը չընկնի, անունը կդնեն «փոխզիջում»։ Սիմվոլիկ մի քայլ էլ կանեն, որպէսզի քարոզչական դաշտում ասելիք լինի։ Օրինակ, Սիւնիքով Ադրբեջանին միջանցք յանձնելու դիմաց Ադրբեջանն էլ կյայտարարի, թէ այդ միջանցքով իր մեքենաները կերթևեկեն 60 կմ/ժ արագութեամբ, ոչ աւելին։ Էլ ինչ զիջում է պէտք, որպէսզի Հայաստանում ապրեն ուրախ և երջանիկ։

Հիմնական աղբիւրը՝ politik.am