ԱՄՆ Պետդեպին դուր չի եկել Ալի Խամենեիի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին:

ԱՄՆ Պետդեպին դուր չի եկել Ալի Խամենեիի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Մենք հաճախ ստիպված ենք լինում վերադառնալ 2018 թվականի իրադարձություններին, քանի որ հենց այն ժամանակ մեր երկրի համար խնդիրների մի ամբողջ շարք է առաջացել։ 2018 թվականին էր, որ «հեղափոխական հարթակներից» երկրի ժողովրդին խոստացան տարբեր բարիքներ, այդ թվում՝ երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացում։ Այս խոստումը միշտ հիշեցնելու ենք Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին: Դա արժե անել այն ֆոնին, ինչ կատարվում է մեր երկրի հետ վերջին 6 տարիներին։

Եվ այսպես, նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել այդ մոտեցումը։ Այս ուղերձը հղվել է ոչ միայն Թուրքիային, Ադրբեջանին և «Զանգեզուրի միջանցքի» արևմտյան շահառուին, այլ նաև Հայաստանի իշխանությունների համար, որոնք, դատելով մի շարք նշաններից, այնքան էլ չեն դիմադրում նման հաղորդակցությունների ի հայտ գալուն որի վերահսկողությունը Երևանի համար, մեղմ ասած, երաշխավորված չէ։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են Հայաստանի ինքնիշխանության բարձրացման անհրաժեշտության մասին «բղավող» իշխանությունները համաձայնել հանձնել միջանցքն՝ առանց դրա նկատմամբ վերահսկողության։ Նախ՝ Արցախի ամոթալի կորստից հետո ինչ-որ բան հանձնելու հարցը այլևս չպետք է բարձրացվի ՀՀ-ում, քանի որ ամենամեծ կարմիր գիծը հատվել է 2022 և 2023 թվականներին։

Երկրորդ՝ Հայաստանի «ինքնիշխան իշխանությունները» դա անում են, քանի որ միջանցքը հիմնված է Անկարայի և Վաշինգտոնի շահերի վրա։ Ավելին, «խաղն» այնքան բաց դարձավ, որ Ալի Խամենեիի հայտարարություններից բառացիորեն մի քանի ժամ անց նրան արձագանքեց ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենը։

Ամերիկացի դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից նոր ցամաքային ճանապարհ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ «Նայե՛ք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Փաշինյանի գործընկերները դադարել են «քողարկվել», ու սա մի իրավիճակում, երբ հայ պաշտոնյաները ժպիտները դեմքներին ասում են, որ «Ռուսաստանը եկավ, խլեց Ղարաբաղը Հայաստանից և հանձնեց Ադրբեջանին»… Բոլոր նրանք, որոնք ասում են նման բաներ, ակնհայտորեն շատ վատ կարծիք ունեն իրենց լսողների և ընտրողների IQ-ի մասին։

Եկեք անկեղծ լինենք․ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ միջանցքի հարցը դամոկլյան սրի պես կախված է երկրի գլխին։ Իսկ քարոզչությունն ասում է, որ «Փաշինյանը այլընտրանք չունի, և միջանցքը պետք է զիջի»։ Իսկ որպես փաստարկ բերում են 2020 թվականի պատերազմում պարտությունը։ Իսկ գուցե այնպես լինի, որ պատերազմը տանուլ է տրվել, Արցախը 2022 թվականին ճանաչվել է Ադրբեջանի մաս հենց նրա համար, որ ստեղծվի տեղեկատվական փուչիկ, որը բոլորին կհամոզի՝ «միջանցքի հանձնմանն այլընտրանք չկա»։

Կասկածն ավելի է հիմնավոր է դառնում, երբ կարդում ենք Նիկոլ Փաշինյանի 2001 թվականի հոդվածը, որտեղ այն ժամանակ դեռ «լրագրող» Փաշինյանը խոսում էր այն տնտեսական օգուտների մասին, որոնք սպասվում են Հայաստանին, եթե «Մեղրիի միջանցքը բաց լինի ԱՄՆ-ի և Թուրքիայի համար»:
«Թե սա քանի միլիոն դոլար է մեր բյուջեի համար, թող հաշվեն տնտեսագետները»,- գրում էր նա 2001-ին:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Փաշինյանը սա գրել 2001թ-ին: Իսկ ինչպե՞ս եք նայում 2018 թվականից հետո երկրում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին այն բանից հետո, երբ իմանում եք, թե ինչի մասին էր մտածում «երիտասարդ ու անփորձ» Փաշինյանը 21-րդ դարի հենց սկզբին։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմնական աղբիւրը՝ alphanews.am