Որպէսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանութեան, կամ կորսուած հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների յստակ ձևակերպում։ Այս մասին իր յօդուածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը:
Նա, մասնաւորապէս, նշել է. «Հայաստանում չի կարող լինել քաղաքականութիւն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձևակերպուած չէ որպէս քաղաքական օրակարգ, Հայաստանի հետ չեն կարող լինել յարգալից բանակցութիւններ, քանի դեռ հայկական Արցախի հարցը բանակցային օրակարգում չէ։
Չի կարող լինել որևէ «Մեծարգոյ», քանի դեռ այս վիճակում ենք, չի կարող լինել «Առաջնորդ», որը չի հաւատում հայկական Արցախին։
Մենք չենք կարողանալու ոտքի կանգնել, քանի դեռ մեր հաւաքական միտքը որպէս ազգային երազանք չի ձևակերպել հայկական Արցախի տեսլականը։ Մեզ լուրջ չեն վերաբերուելու այնքան ժամանակ, քանի դեռ ռացիոնալ, սառը հաշուարկուած ծրագրեր չունենք, թէ ինչպես հասնել երազանքին, ինչպես երազանքը վերածել ռացիոնալ ծրագրի։
Այսօրուայ միջազգային կոնյունկտուրան և ՀՀ կենսական շահը պահանջում են, որպէսզի Հայաստանը հայկական Արցախի հարցը վերադարձնի օրակարգ։
Մենք իրաւունք չունենք խօսելու արժանապատուութիւնից, քանի դեռ հանդուրժում ենք մեզ այս օրին հասցրած իշխանութեանը։
Մենք չենք կարող մեզ համարել պատմական մեծ ժառանգութեան կրողը, եթէ էլեմենտար չենք յիշում, որ ընդամէնը 4 տարի առաջ հեծանուով Սոթք-Քարուաճառով հասնում էինք Արցախ։
Մենք ճոխ սեղանների շուրջ, թանկ հագուստների մէջ և դիզած գոյքի ֆոնին չենք կարողանալու ունենալ սովորական, կենցաղային երջանկութիւն, քանի դեռ Բաքուի բանտերում ունենք հայորդիներ, և հայը գտնուում է այսքան խեղճացած վիճակում։
Հիմնական աղբիւրը՝ news.am