ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թէ 2010 թուականին ընդունուած «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Ալէն Սիմոնեանի պնդումը ակնյայտօրէն փաստերի խեղաթիւրում է, քանի որ միջազգային իրաւունքի համատեքստում ընդունուած է, որ ներքին օրենքները չեն կարող սահմանել կամ փոփոխել միջազգային սահմանները։
Այդպէս, պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան ՀՅԴ-ական պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հարցին՝ Սիմոնեանն ասել է․ «Երբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնք էիք քննարկում և ընդունում՝ անձամբ Ձեր կուսակցութիւնը (նկատի ունի՝ ՀՅԴ-ն), և նշում էիք, որ դա Ադրբեջան ա, բա ի՞նչ էիք անում»։
Սիմոնեանին արձագանքել է նոյն խմբակցութեան մէկ այլ ՀՅԴ-ական պատգամաւոր Արծուիկ Մինասեանը։ ԱԺ նախագահն էլ, ի պատասխան, Մինասեանին է մեղադրել ստելու մէջ ու պնդել, որ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամաւորները ժամանակին կողմ են քուէարկել այդ օրէնքին, «որում սահմանից էն կողմ գրուած է Ադրբեջան»։
Ներքին օրէնքներով արտաքին սահմանները չեն որոշուում․ Փաշինեանի մանիպուլյացիան
«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է Սիմոնեանի ու ՔՊ-ական պաշտօնեաների այդ պնդմանը՝ ցոյց տալով, որ այն կեղծ է ու չի համապատասխանում իրականութեանը։ Կեղծ պնդումն առաջինը շրջանառել է վարչապետը։
«Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքի վերաբերյալ քննարկումները սկսուել են 2020 թ 44-օրյա պատերազմից յետոյ՝ դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, հայկական տարբեր բնակավայրերից ու ճանապարհներից որոշակի հատուածներ ադրբեջանական վերահսկողութեանը յանձնելն արդարացնելու նպատակով, օրէնքից արել էր ՀՀ պետական սահմանի որոշ հատուածներ նկարագրող մէջբերումներ։
Ֆեյսբուքեան իր էջում նման առաջին գրառման մէջ Փաշինյանը նշել էր Սիւնիքի մարզի Շուռնուխ և Որոտան գիւղերի սահմանագծերի, իսկ աւելի ուշ մէկ այլ գրառման մէջ՝ արդեն Գեղարքունիքի մարզի Սոթք գիւղի սահմանագծերի նկարագրութեան մասին։
Նոյն պնդումը վարչապետն արել էր նաև Հանրային հեռուստաընկերութեան եթերում. «Ես վկայակոչել եմ 2010 թ. ընդունուած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը, որտեղ Սիւնիքի մարզի Որոտան գիւղը սահմանակցում է Ադրբեջանին։ Տրուում է կոնկրետ նկարագրութիւն դեռ 2010 թ: Եթէ իրենք նկատի են ունեցել, որ ՀՀ տարածքի ներսում գոյութիւն է ունեցել Ադրբեջանի տարածք, այդ ինչպէ՞ս են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք, այսինքն՝ ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն»:
Հետագայում թէ՛ Փաշինյանը և թէ՛ այլ ՔՊ-ական պաշտօնեաներ այդ պնդումը բազմիցս արել են հանրային տիրոյթում։
Ներքին օրէնքով արտաքին սահմաններ չեն որոշուում
Fip.am-ը նախկինում թեմայի վերաբերյալ խօսել է մասնագէտների հետ՝ պարզելու, թէ արդեօ՞ք օրէնքով հնարաւոր է որոշել արտաքին սահմանները։
Քարտեզագէտ Անուշաւան Բարսեղեանի կարծիքով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը գրուել է սովետական գաղտնի քարտէզի հիման վրայ։ Բարսեղեանը նաև նշել էր, որ իր տեսած քարտէզներում, օրինակ, Շուռնուխ գիւղն ամբողջութեամբ հայկական էր։
«Իմ տեղեկութիւններով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը գրուել է՝ հիմք ընդունելով սովետական քարտէզները, այսինքն՝ հիմք ընդունելով՝ որ բարձրութեամբ, որ բլուրի վրայով, որ կէտով ու ոնց է անցնում սահմանը, բայց օրէնքով համայնքների սահմաններն են նշուում, այս օրէնքը չի սահմանում պետական սահմանը»,- ասել էր Բարսեղեանը։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողովի անդամ Լեւոն Գեւորգեանն էլ պնդել էր, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը պետութեան ներքին բաժանումների վերաբերյալ է, այն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է կարգաւորում, այլ ոչ թէ այլ պետութիւնների հետ սահմանները յստակեցնում։
«Սահմանի որոշումն Ազգային ժողովի լիազօրութիւններից դուրս է։ Հայաստանի սահմանը որոշուում է միջպետական համաձայնագրերով, դրա համար յստակ ընթացակարգ կա։ Միջազգային համաձայնագրերը, որոնք սահման են որոշում, քաղաքական բնոյթի որոշումներ են, բնականաբար, պէտք է Սահմանադրական դատարան նաև մտնեն և այլ փուլերով անցնեն»,- fip.am-ի հետ զրոյցում ասել էր Գեւորգեանը։
Գեւորգեանը նշել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը իրականում երբեք որևիցէ միջազգային պայմանագրով չի յստակեցուել՝ ո՛չ համաձայնագրով, ո՛չ որևէ միջպետական յանձնաժողովի աշխատանքների արդիւնքներում, ո՛չ էլ միջազգային միջպետական վէճի մակարդակում՝ որևէ դատական ատեանի կողմից։
Բացի դա, եթէ նոյնիսկ համարենք, որ հնարաւոր է «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով միջպետական սահման որոշել, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք ընդհանուր սահման չի ունեցել Հայաստանի Հանրապետութեան հետ, իսկ ԼՂ-ին հարակից շրջանների՝ Ադրբեջանին պատկանելու փաստը Հայաստանի իշխանութիւնները, գոնէ միջազգային գործընկերների հետ հանրային յայտարարութիւններում, չեն վիճարկել և բանակցել են Ադրբեջանին դրանք վերադարձնելու շուրջ:
Այսպիսով, Սիմոնեանը հերթական անգամ կեղծ պնդում է անում՝ նշելով, թէ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով 2010 թ ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Հիմնական աղբիւրը՝ 168.am