Նշելով, որ մենք կարող ենք քննադատութեան ենթարկուել «Դաշնակցութեան» կազմակերպութեան մաս կազմելու, ռուսական ֆինանսաւորում ստանալու կամ «կեղծ տեղեկութիւններ» տարածելու համար՝ մենք՝ Լեմկինի ինստիտուտը, ևս մէկ անգամ կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինեանին զերծ մնալ անորոշ և կասկածելի լեզուական մեկնաբանութիւններից. համահունչ են ցեղասպանութեան ժխտման ռազմավարութեանը։ Այսօր, երբ Հայոց ցեղասպանութիւնը դե ֆակտո պատմականօրէն ճանաչուած է ողջ աշխարհում, Հայաստանի վարչապետի նման համայարաբերութիւնը կհամարուեն ինչպես դիւանագիտական, այնպէս էլ պատմական ժխտման անթոյլատրելի ակտ:
Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջերս արտայայտած մտքերի՝ կապուած Հայոց ցեղասպանութեան հետ: Ծաւալուն յայտարարութիւն մէջ Լեմկինի ինստիտուտը քննադատել է վարչապետին և կոչ արել աւելի զգուշաւոր լինել իր խօսքերում
Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտն այսօր յայտարարութիւն է տարածել, ուր քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ վերջերս հնչեցրած մտքերի համար:
Յիշեցնենք, որ վերջերս Հայաստանի վարչապետը շուէեցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ դեռ պէտք է հասկանալ, թէ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանութեան ժամանակ:
«Մենք Հայոց ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք, պէտք է հասկանանք, լաւ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպէս ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թուին Հայոց ցեղասպանութեան օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանութեան օրակարգ յայտնուել է: Սա մենք պէ՞տք է հասկանանք, թէ՞ չպէտք է հասկանանք»,- ասել էր վարչապետը ՀՀ կառավարութեան տարածած տեսանիւթի համաձայն:
Իր ծաւալուն յայտարարութիւն մէջ Լեմկինի ինստիտուտը շեշտում է՝ վարչապետ Փաշինեանի հարցադրումները մարտահրաւէր են նետում Հայոց ցեղասպանութեանը՝ որպէս հաստատուած պատմական փաստի։ Վարչապետի խօսքերը Լեմկինի ինստիտուտը դիտարկում է վտանգաւոր, քանի որ դրանք սպառնում են «համարձակութիւն հաղորդել Հայաստանի հարևաններին՝ ընդդէմ Հայաստանի»։
«Լեմկինի ցեղասպանութեան կանխարգելման և մարդկային անվտանգութեան ինստիտուտը ևս մէկ անգամ ուշադրութիւն է հրաւիրում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ վարչապետ Փաշինեանի վերջին յայտարարութիւններին, որոնք էլ աւելի են արձագանքում թուրքական ժխտողական խօսոյթները։ Նրա իմաստազուրկ յայտարարութիւններն անտեսում են Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ տասնամեակների պատմական հետազօտութիւնները, այդ թուում՝ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից, կանգնում Ցեղասպանութեան զոհերի արդարութեան համար շարունակուող պայքարի ճանապարհին և ստեղծում աշխարհաքաղաքական վտանգաւոր դինամիկա, յատկապէս Ադրբեջանի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանութեան և Հայաստանի Հանրապետութեանը շարունակաբար սպառնացող վտանգների համատեքստում»,- նշուած է յայտարարութեան մէջ:
Յայտարարութիւն մէջ նշուած է. «1939 թուականին Հայոց ցեղասպանութեան քաղաքական համատարած ճանաչման բացակայութիւնը (Փաշինեանի ընտրութեան տարօրինակ տարի) կարելի է բացատրել բազմաթիւ գործօններով, որոնցից առանցքային է այն փաստը, որ «ցեղասպանութիւն» եզրը ստեղծուել է միայն 1943 թուականին։ Բայց կան նաև այլ պատճառներ. Եւրոպան, Ռուսաստանը և Միացեալ Նահանգները, այն տարածքները, որտեղ յայտնուեցին Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների մեծ մասը, զբաղուած էին իրադարձութիւններով, որոնք կհանգեցնէին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը. այն ժամանակ չկար վայրագութիւնները հասկանալու կամ դրանց ճանաչումը պահանջելու գլոբալ շրջանակ. սովորաբար մի քանի տասնամեակ է պահանջուում, որպէսզի վերապրած համայնքները վերախմբաւորուեն և գտնեն հաւաքական ուժ՝ սկսելու յիշատակման և ճանաչման դժուարին աշխատանքը. Ցեղասպանագիտութեան գիտական ոլորտը ի յայտ եկաւ միայն 1980-ականներին: Վարչապետին հիշեցնում ենք, որ պատերազմի աւարտին Օսմանեան կայսրութիւնը դատավարութիւններ է իրականացրել ցեղասպանութիւն իրականացնողների դէմ, որում շատերը մեղաւոր են ճանաչուել և կախաղան հանուել»,- ասուած է յայտարարութեան տեքստում:
Ըստ Լեմկինի ինստիտուտի՝ «1939-ին ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման բացակայութիւնը պայմանաւորած էր ոչ թէ այն պատճառով, որ իրադարձութիւնն ինքնին անհասկանալի էր կամ անյայտ, այլ այն պատճառով, որ իրաւական, հայեցակարգային և ինստիտուցիոնալ շրջանակը, որն նման վայրագութիւններն ամբողջութեամբ նկարագրելու և անդրադառնալու համար, դեռևս գոյութիւն չունէր: Նոյնիսկ Հիտլերն ինքը գիտեր Հայոց ցեղասպանութեան սարսափի մեծութեան մասին՝ այն նմանեցնելով դէպի արևելք էքսպանսիայի իր ծրագրերին»,- գրում է Լեմկինի ինստիտուտը:
Յայտարարութեան հեղինակները Հայաստանի վարչապետին կոչ են արել աւելի ուշադիր լինել իր արտայայտութիւններում՝ ընդգծելով, որ Ցեղասպանութեան վերաբերեալ անորոշ հռետորաբանութիւնը Հայաստանի շահերից չի բխում։
Հիմնական աղբիւրը՝ lemkininstitute.com