Ռուբէն Վարդանեանի որդի Դաւիթ Վարդանեանը դատապարտում է իր հոր դէմ Ադրբեջանի դատավարութիւնը որպէս խաբեութիւն։ Նա կոչ է անում հայ ռազմագերիների ազատման համար միջազգային գործողութիւնների, յատկապէս Ֆրանսիայի ու Միացեալ Նահանգների կողմից։

Ռուբէն Վարդանեանին որդին՝ Դաւիթ Վարդանեանը, պատասխանել է Ֆրանսիայում  գործող  AYPFM  հայկական ռադիոյի  հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացուում է հարցազրոյցը՝ որոշ կրճատումներով:

-Մինչև այսպէս կոչուած դատավարութեան սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբէն Վարդանեանը  համարձակ քայլի գնաց և յայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարութիւնն ամբողջութեամբ կեղծուած է՝ կեղծ փաստաթղթերով, իրականութեան հետ որևէ աղերս չունեցած արձանագրութիւններ ստորագրելու պարտադրանքով: Իրապէս, ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարութիւնից:

-Շատ կազմակերպութիւններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը,  “Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպութիւնը  Ադրբեջանը հռչակել են որպէս աշխարհի ամէնաանազատ երկրներից մէկը, այնպէս որ մենք մեծ յոյսեր չունենք այս “դատավարութիւնից”:  Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներենով, ունեցել է ընդամէնը երեք շաբաթ՝ աւելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանօթանալու՝  Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրուած թարգմանչի միջոցով: Տեղեակ չեմ, թէ ինչ է տեղի ունենում միւսների դեպքում, մեզ յայտնի է, որ հորս գործը միւսներից առանձին է քննուում, բայց ես կարծում եմ, որ միւսների դեպքում էլ նոյն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առաւել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող:  

-Այնուամենայնիւ, զգացել ենք, որ Ձեր հայրը մարտական է տրամադրուած, ցանկանում է պաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդեօք ունէ՞ք այն զգացողութիւնները, որ նա այս դատավարութիւնն օգտագործելու է որպէս հարթակ:

-Չնայած խոշտանգումներին և Բաքուում իր դէմ ուղղուած անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրաւունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրուած, անդրդուելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշմարտութիւնը: Յունուարի 17-ին՝ դատավարութեան առաջին օրը,  նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մէկ րոպէ լռութեամբ յարգել հակամարտութեան բոլոր զոհերի յիշատակը ՝ անկախ ազգութիւնից:  Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպէս էլ միւս հայերի հանդէպ բոլոր անարդարութիւններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրութիւնը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմեանց հետ բանակցէլն է և փոխադարձաբար միմեանց հասկանալը:

Հասկանալի է, որ այս դատավարութիւնը կողմնակալ է լինելու, և որ դատավճիռն ի սկզբանէ կասկած չի յարուցում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վրէժ լուծել Արցախից, բայց ի՞նչ կարելի է ակնկալել մասնաւորապէս Ֆրանսիայից կամ Եւրոպայից՝ այս ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:

-Ճիշտ նկատեցիք, որ  այս դատավարութիւնը սովորական, բաց դատավարութիւն չէ, Ադրբեջանում արդարադատութեան համակարգ գոյութիւն չունի, ահա թէ ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանութիւնը կարող է լինել միջազգային հանրութեան և դեմոկրատական երկների կառավարութիւնների գործողութիւնները: Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հաւուր պատշաճի պատրաստել իր պաշտպանութիւնը, ահա թէ ինչու Ադրբեջանից պէտք է պահանջել, որ եթէ դատավարութիւնը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պէտք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկայ գտնուել այդ նիստերին և լսեն, թէ ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետև չնայած յայտարարուած “բաց դատավարութեանը”, միայն  ադրբեջանական  պետական լրատուամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարութեանը՝ աւելի շատ խօսելու Ադրբեջանի այս անարդարութիւններից և ճնշում գործադրելու Եւրոպական միութեան վրայ, որպէսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև սեփական քաղաքացիների հանդէպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կա 300-ից աւելի քաղբանտարկեալ, և եթէ թուլ է տրուում, որ Ադրբեջանը նման կերպ վարուի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն աւելին կանի ընդդէմ Հայաստանի, ընդդէմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եւրոպացի զբոսաշրջիկների դէմ:

-Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան արդեն Հայաստանի կողքին է: Իսկ ահա բացի Ֆրանսիայից, էլ ո՞վ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրայ: Օրինակ՝ Դուք ինչ-որ բան ակնկալո՞ւմ էք Միացեալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփից: Արդեօք կարծո՞ւմ էք, որ նրա միջամտութիւնը կարող է ինչ-որ փոփոխութեան հանգեցնել:

-Մենք շատ սպասելիքներ ունէինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանութեան հետ կապուած, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարէց: Դրանք միայն խօսքեր էին, որոնց գործողութիւններ չյաջորդեցին: Այժմ մենք յոյսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապուած: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեաների իրաւունքները, և մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրաւունքների, յատկապէս՝ քրիստոնեաների իրաւունքերի հարցը շատ կարևոր է նրանց համար, ահա թէ ինչու մենք լիահոյս ենք, որ այս վարչակազմը և նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում:

-Եթէ դատավճիռը բարենպաստ չլինի, իսկ իրականում քիչ հնարաւորութիւն կա, որ այն բարենպաստ կլինի, արդեօք նախատեսում է՞ք դիմել միջազգային դատական ատեաններին՝ նրանց ազատ արձակման հարցը միջազգային դատարանների մակարդակում բարձրացնելու համար:

-Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել հասնելու համար նրան, որ Ադրբեջանի կառավարութիւնը յարգի հայերի իրաւունքները: Դա շատ կարևոր է, սակայն առանց միջազգային  քաղաքական աջակցութեան այդ քայլերը արդիւնաւէտ լինել չեն կարող:

Հիմնական աղբիւրը՝ pastinfo.am