
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղուած արշաւը Հայ Առաքելական Եկեղեցու դէմ փաստօրէն քրիստոնէութեան դէմ ուղղուած քայլ է։ Ըստ նրա՝ դա ներքին հակասութիւններից վեր է և համահունչ է Ադրբեջանի «Արևմտեան Ադրբեջան» ծրագրով՝ հայկական ինքնութեան վերջին հենասիւնը կազմալուծելու նպատակին։ Ծրագիրն իրականում ենթադրում է հազարաւոր անվանական փախստականների տեղաբաշխում Հայաստանում։ Հայաստանի իշխանութիւնների լռութիւնը Ադրբեջանի կրօնական ղեկավարի հակաեկեղեցական յայտարարութիւնների նկատմամբ և հետագայ ատելութեան քարոզը ցոյց են տալիս մտահոգիչ համընկնում։ Այս քաղաքականութիւնը վտանգում է խաղաղութիւնը, համազգային միասնութիւնն ու Հայաստանի անվտանգութիւնը։
Արման Թաթոյեանը ֆեյսբուքեան իր էջում գրում է․
«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էութեան, ուղղուած է քրիստոնէութեան դէմ։
Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցութեան ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամաւորներ փորձեն հակառակը համոզել , դա պարզից էլ պարզ է։
Իրավիճակի ու հրապարակային աղբիւրների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ այս արշաւը եկեղեցու դէմ տեղաւորւում է Հայաստանի զաւթման ադրբեջանական պետական ծրագրի շրջանակներում, հետեւաբար նպատակների սկզբնաղբիւրները, իրական շարժառիթները պէտք է փնտրել այդտեղ։
Ակնյայտ տպաւորութիւն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասիւնն է, որը պէտք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով՝ առաջ տանելու համար «արեւմտեան Ադրբեջանի» զաւթողական ծրագիրը որը ենթադրում է, որ ոչ միայն Հայաստանի տարածքն է «ադրբեջանական», այլեւ «հարիւր հազարաւոր, այսպէս կոչուած, փախստականներ պէտք է բնակութիւն հաստատեն Հայաստանում»։ Սա, իրականում, հումանիտար շղարշի ներքոյ Հայաստանի զաւթման ադրբեջանական պետական ծրագիր է:
Այս համատեքստում է տեղաւորուում և առնուազն հարցեր է առաջացնում այն, որ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենեակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ուղիղ յայտարարել է, որ «հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան տարածաշրջանային բոլոր երկրների համար»։
Հետաքրքիր է, որ այս յայտարարութիւնն այդպէս էլ անպատասխան մնաց ՀՀ վարչապետի կամ պետական որևէ մարմնի կամ պաշտօնեայի կողմից: Փոխարէնը, այդ յայտարարութիւնից անմիջապէս յետոյ ՀՀ վարչապետը մայիսի 29-ից սկսեց սաստիկ եկեղեցահալած քաղաքականութիւն` զուգորդուած ատելութեան ու վիրաւորանքների արշաւով:
Սա բնոյթով արդեն հակաքրիստոնէական արշաւ է, քանի որ ինքնին քրիստոնէութիւնը խաղաղութեան, հանդուրժողականութեան ու համերաշխութեան մասին է, իսկ այն, ինչ անում է ՀՀ վարչապետը և ՔՊ կուսակցութեան որոշ պատգամաւորներ ակնայայտ հակաքրիստոնէական մեթոդներ են:
Խաղաղութիւնը բոլորիս համար բարձրագոյն արժէք է, մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է, իսկ այդպէս խաղաղութեան չեն հասնում, դա միայն աղէտ է բերում` խաթարելով մեր ներքին կայունութիւնն ու պետականութեան հիմքերը, խարխլելով անվտանգութիւնը»:
Հիմնական աղբիւրը՝ oragir.news