
«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են նոյեմբերի 10-ի թողարկման համար։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ նրանց, ենթադրաբար, մեղադրանք է առաջադրվել «խուլիգանության» հոդվածով։
Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրել է, որ «Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Մելիքյանի խոսքով՝ ձերբակալությունները ուղղված են խոսքի ազատության դեմ, և քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն են։ «Սա ազատ խոսքի կոշտ սահմանափակում է»,- հայտարարել է փաստաբանը իր ավտոլայվի ընթացքում։
Ըստ «Ազատության»՝ քննիչը հայտնել է, մեղադրրանքը խուլիգանության համար է՝ «Իմնեմնիմի» փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկման բովանդակության պատճառով, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը անդրադարձել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
ՀՀ իշխանությունները շարունակում են ահաբեկել ընդդիմադիր գործիչներին, լինեն դրանք քաղաքական գործիչներ, ձեռնարկատերեր, լրագրողներ, փաստաբաններ կամ բլոգերներ։ Ընդ որում, շարունակում են ահաբեկել այնպիսի համառությամբ, որ այդ համառությունը թերևս ավելի լավ կիրառում կարող էր ունենալ: Ամեն օր իշխանությունը նոր «ռեկորդ» է սահմանում․ բլոգերների դաժան ձերբակալությունների այսօրվա տեսարանը «մամուլի և տեղեկատվության ազատության նոր «բարձունք» է ժողովրդավարության ամրոցում», — ասել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպան և սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով AntiFake.am խմբագրատան խուզարկությունը և բոլոր սարքավորումների առգրավումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին իրենց թողարկված բացառիկ թողարկման ընթացքում՝ 239 հազար դիտում, որը հրապարակվել էր «Անտիֆեյք» (AntiFake TV) հարթակում՝ 78,9 հազար բաժանորդ, հյուրն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիմնական աղբյուրը՝ yerkir.am

