Արեւմուտքը խաբեց Հայաստանին և Ադրբեջանից նաւթի ու գազի դիմաց վաճառեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին։ Իսկ արեւմտեան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցութիւններն ունեն մէկ խնդիր՝ հրահրել Բաքուի նոր ագրեսիան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկեանը։
Ըստ քաղաքագէտի Արևմուտքը ունի յստակ նպատակ այս բանակցութիւններում հասնել փաստաթղթի ստորագրման, կամաց–կամաց հայերին Արցախից դուրս հանել, իսկ վերջնանապատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։
«Արևմուտքը մեզ որևէ երաշխիք չի տալիս։ Մեր աչքի առաջ վաճառուեց 120 հազար մարդ Ղարաբաղում: ԱՄՆ պետքարտուղարութեան վերջին յայտարարութիւնը տեսե՞լ էք, որ ողջունում են Ադրբեջանի ղեկավարութեան պատրաստակամութիւնը «համաներում» կիրառելու մասին (խօսքը Արցախի ներկայացուցիչների մասին է,– խմբ.)։ Այսպէս խօսում են մի ժողովրդի մասին, որը 100 տարի առաջ Ցեղասպանութիւն է ապրել, որի հետ 30 տարի բանակցութիւն էին վարում, Մինսկի խմբի սկզբունքներն ենք յիշում, որ ուժով հարցը չլուծուի։ Այս ամենը դարձաւ զրօ, քանի որ Ադրբեջանից նաւթ ու գազ են ուզում, մենք էլ դարձանք խաղաքարտ։ Գեղեցիկ ձևով մեզ վաճառելու ժամանակ դեռ խօսում են ժողովրդավարութիւնից»,– ասաց Խաչիկեանը։
Ըստ քաղաքագէտի` հակառակ պատկերն է Ռուսաստանի մօտ, որը նպատակ է դրել այս տարածաշրջանում հայկական գործօնի պահպանման, և դա ոչ թէ նրա համար, որ սիրում է հայերին, այլ նրա, որ միայն դա է թոյլ է տալիս Ռուսաստանին պահպանել իր ռազմաքաղաքական ներկայութիւնն ու ազդեցութիւնն այստեղ։
Ներկայում փորձագէտը վտանգաւոր է համարում այն գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ։ Եւ սպառնալիքն առաջին հերթին պայմանաւորած է Հայաստանի իշխանութիւնների պարտուողական դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղը և այսպէս կոչուած անկլաւները յանձնելու պատրաստակամութեամբ։
«Նայենք փաստերին` Հայաստանից որևէ զիջում` և՛ Արցախի զիջումը, և՛ անկլաuների զիջումը, և՛ այդ ճանապարհների դիրքերի զիջումը չի փոխում Ադրբեջանի վարքագիծը։ Նրանց կողմից զրօ փոխզիջում։ Իրենք ամեն ինչ ուզում են անել ուժով։ Արցախը կուլ տալուց, մարսելուց յետոյ, նրանք միանգամից անցնելու են Սիւնիքով»,–կարծում է Խաչիկեանը։
Քաղաքագէտը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինեանի խոստացած «կադաստրի վկայականը» հետ կպահի Ադրբեջանին Սիւնիքի մարզի դէմ հաւանական ագրեսիայից:
Աւելի վաղ Քիշնեւում հնգակողմ բանակցութիւններին յաջորդած Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինեանը յայտարարել էր, որ ցանկանում է ժառանգներին թողնել Հայաստանի Հանրապետութեան «կադաստրային վկայականը»:
«Պէտք է խնդրել ՀՀ վարչապետին, որ իր ելոյթներում խուսափի «կադաստրի վկայական» մէտաֆորայից. Հայաստանի Հանրապետութիւնը միջազգայնօրէն ճանաչուել է 1991 թուականին։ Եթէ Հայաստանը չունէր «կադաստրի վկայական», ինչպէ՞ս նա հինգ տարի առաջ եկաւ իշխանութեան, ո՞ր երկրի վարչապետ նա ընտրուեց։ Այս պարզ մանկապարտէզային մէտաֆորիաներով խօսելը ցոյց է տալիս, որ նա ասելու բան չունի և սկսում է բառախաղերով զբաղուել»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ Հայաստանը ցանկանում է վերացնել և չէզոքացնել ապագայում հնարաւոր էսկալացիայի բոլոր առիթներն ու պատճառները, Խաչիկեանն ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիայի համար առիթ կա արդեն հիմա. Բագւում Հայաստանից միջանցք են պահանջում, պահանջում են ադրբեջանցիների վերադարձը իբր «պատմական հողեր»։
Նա խաղաղութեան պայմանագրի ստորագրման մէջ կայունութեան և երկարատև խաղաղութեան երաշխիք չի տեսնում։ Եւ դրա վառ օրինակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Մինսկի համաձայնութիւններն են։ Դրանց ստորագրումից տարիներ անց Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին առաջնորդներն ի վերջոյ ընդունեցին, որ փաստաթղթերն ընդամէնը Ուկրաինային ժամանակ շահելու համար էին։
«Հիմա Ադրբեջանը ժամանակ է ձգում, բայց երկար չի ձգելու։ Ինչքան հնարաւոր է շուտ իր հարցերը լուծելու է, և ուկրաիանական պատերազմի ներկայիս ընթացքը մեծացնում է Բաքւի կողմից ագրեսիայի սպառնալիքը։ Եւ մենք գնում ենք շատ ու շատ վտանգաւոր ճանապարհով»,–յաւելեց նա։
Թեպէտ բանակցային գործընթացում իրավիճակը փակուղային է թուում, սակայն մեր զրուցակիցը հակուած չէ կարծելու, որ Հայաստանը պէտք է հրաժարուի բանակցութիւններից։ Միայն պէտք է փոխել բանակցողին։
«Այս պարտութեան և ողբերգութեան պատճառը գործող ղեկավարութիւնն է, որը հինգ տարի առաջ եկաւ և տապալեց մեր արտաքին քաղաքականութիւնը` վեկտորը փոխելով, ՌԴ–ից Արևմուտք գնալով։ Դեմոկրատիան, թաւշեայ Հայաստանը մեզ ի՞նչ տուեց։ Արևմուտքն ո՞ւմ կողմից է` դեմոկրատական Հայաստանի՞, թէ՞ բռնապետ Ալիեւի»,–ասում է նա։
Յիշեցնենք, որ 2021 թուականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու պատրաստակամութեան մասին։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցութիւնների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են եղել` ԱՄՆ, Բրիւսէլ, Մոսկուա, ապա նաև Քիշնեւ։
Հիմնական աղբիւրը՝ 7or.am