
ՀՀ ընդդիմադիր ուժերի համազգային համախմբման ձևավորման մասին քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է, որ ընդդիմադիր 12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը կարող է դառնալ ոչ թե հերթական միավորման, այլ նոր քաղաքական օրակարգի ձևավորման հիմք։
Հեղինակի առաջարկով՝ հայտարարության չորս դրույթները պետք է վերածվեն հանրային գիտակցության մեջ ճանաչելի ինքնուրույն քաղաքական օրակարգի՝ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» անվամբ։
Դրանք են՝
- Ազգային ինքնիշխանություն՝ Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունման պարտադրանքի մերժում։
- Արժանապատիվ խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։
- Ազգային ինքնություն՝ ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։
- Ժողովրդավարական ազատություններ՝ քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարական ազատությունների վերականգնում։
Մարտիրոսյանի համոզմամբ՝ այս գերակայությունների շուրջ կարող է ձևավորվել Փաշինյանի քաղաքականությանը հակադիր բևեռ։ Սակայն դրա համար բավարար չէ պարզապես ընդդիմադիր կուսակցությունների կամ առաջնորդների միավորումը։
Հասարակությունը պետք է դառնա գործընթացի իրական մասնակիցը՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական առաջնորդների նկատմամբ վերաբերմունքից։ Քաղաքացիներին պետք է առաջարկվեն բովանդակային լուծումներ՝ երկրի խնդիրների փուլային կամ համապարփակ կարգավորման, հասարակական համակեցության արժեքների և պետականության ապագայի վերաբերյալ։
Հեղինակը հիշեցնում է, որ նախորդ տարիների ընդդիմադիր շարժումները նպաստել են հասարակության քաղաքական մասնակցության և ինքնագիտակցության աճին։ Ըստ նրա՝ ոչ իշխանական ուժերին տրված ձայների թիվը 2018 թվականի շուրջ 371 հազարից 2021-ին հասել է մոտ 590 հազարի, իսկ 2026-ին՝ շուրջ 730 հազարի։ Այդ թվերը, նրա գնահատմամբ, վկայում են աճող ընտրական ներուժի մասին, որը դեռ պետք է վերածվի կազմակերպված քաղաքական ուժի։
Մարտիրոսյանն առաջարկում է փոխել քաղաքական աշխատանքի մեթոդաբանությունը՝
- Հասարակությանը ներգրավել ոչ թե կուսակցությունների կամ առաջնորդների շուրջ, այլ ընդհանուր գերակայությունների հիման վրա։Քաղաքացիներին, մասնագիտական շրջանակներին, մարզային համայնքներին և սփյուռքյան կառույցներին տալ մասնակցության կոնկրետ հնարավորություններ։
- Ձևավորել մասնագիտական, համայնքային և կազմակերպչական ցանցեր։
- Ստեղծել մշտական, երկկողմանի և թափանցիկ հաղորդակցության համակարգ։
- Քաղաքացիներին դարձնել ոչ միայն քաղաքական որոշումների կատարողներ, այլև դրանց ձևավորման մասնակիցներ։
Հեղինակի եզրակացությամբ՝ քաղաքական բևեռը մարդկանց պարզապես ցուցակ չէ, այլ ընդհանուր գերակայությունների շուրջ կազմակերպված հասարակական կարողություն։
«ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» պետք է դառնան ոչ թե հերթական շարժման կամ կուսակցությունների համադրության անվանում, այլ հանրային հավաքագրման, կազմակերպման և քաղաքական պատասխանատվության հիմք։
Մարտիրոսյանի առաջարկած տրամաբանությամբ՝ միասնությունը պետք է լինի ոչ թե քաղաքական աշխատանքի նախապայման, այլ դրա արդյունքը։ Իսկ իշխանության փոփոխության քաղաքական բովանդակությունը պետք է ձևավորվի դեռևս իշխանափոխությունից առաջ։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունՄենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների լրջությունը, ունենալով տարբեր մոտեցումներ և տարակարծություններ մի շարք հարցերում, հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով հետևյալ առաջնային նպատակները․
- Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
- Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
- Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
- Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ ազգային առաջնահերթ խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ են անում միանալ ազգային այս համախմբմանը։
Հայտարարությունը ստորագրել են՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր»։
Հիմնական աղբյուրը՝ yerkir.am

