Դուք, Ձեր պահուածքով վերջնականապէս վարկաբեկում էք ժողովրդավարութիւն, իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ կոչուող արևմտեան արժէքները և այլևս ինչ իշխանութիւն էլ գայ Հայաստանում, Դուք իրաւունք չէք ունենալու նրանց քննադատել և նրանցից ժողովրդավարութիւն պահանջել։

ԲԱՑ  ՆԱՄԱԿ Հայաստանում հաւատարմագրած՝

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ԵԽ գրասենեակի ղեկավար Մարտինա Շմիդտին

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի

Միացեալ Թագաւորութեան դեսպան Ջոն Գալագերին

Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին

Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկիին

Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին

Շուեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին

Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև Անաստասովին

Մեծարգոյ տիկնայք և պարոնայք դեսպաններ,

Ձեզ եմ դիմում, որպէս ժամանակին Ձեզանից շատերի հետ սերտօրէն համագործակցող «Հայաստանի հելսինկեան կոմիտէ» իրաւապաշտպան, հասարակական կազմակերպութեան ղեկավար։ Արդիւնաւէտ համագործակցել և իրավապաշտպանական ծրագրեր ենք իրականացրել, յատկապէս ԵՄ-ի, ԵԽ ներկայացուցչութեան, ԱՄՆ և Չեխիայի դեսպանատների հետ։ 2010թ․ ԵՄ-ի կողմից հրաւիրուեցի Յորդանան, այնտեղ ներկայացնելու մեր համատեղ ծրագրերը, որոնք ԵՄ-ն համարում էր ամենայաջողուածներից։ Մէկ առանձին ԵՄ ծրագրում, ընտրուել եմ որպէս մարդու իրաւունքների փորձագէտ։ ԵՄ-ի պատւկերով, ԵԽ-ի կողմից իրականացուող արևելեան գործընկերութեան անդամ երկրների դատական համակարգերի գնահատման փորձագէտ եմ ընտրուել։ ԵՄ, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստանի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի շատ նախկին դեսպանների և դեսպանատների աշխատակիցների հետ ունեցել եմ փոխադարձ վստահութեան և անձնական ջերմ յարաբերութիւններ։ ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից Հայաստան այցելած բոլոր պատուիրակութիւնների հետ, հանդիպումների հրաւէր էի ստանում ներկայացնելու իմ կարծիքը` Հայաստանի ժողովրդավարութեան, դատական համակարգի և մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ։

Այս ամենը տևեց մինչև 2019 թուականը։ 2019թ․ Հայաստան այցելած հերթական ԵՄ պատուիրակութեան հետ հանդիպման ժամանակ, անհանգստութիւն յայտնեցի, նոր իշխանութեան կողմից դատական համակարգի և Սահմանադրական Դատարանի (ՍԴ ) դէմ կատարուող հակասահմանադրական և հակաօրինական գործողութիւնների հետ կապուած։ Եւ ի՞նչ․․․ Զարմանալիօրէն, պատուիրակութեան ղեկավարն ինձ հակադարձեց, ասելով, որ իրենք վստահում են նոր իշխանութեանը։ Ապշեցի, հարցնելով, ի՞նչ է նշանակում, թէ վստահում եք, այսինքն, դուք կո՞ղմ եք անօրինական գործողութիւններին: Եւ դա եղաւ իմ վերջին հանդիպումը` Հայաստան ժամանած, ինչպէս ԵՄ, այնպէս էլ ԵԽ պատուիրակութիւնների հետ։

ԵՄ նախկին դեսպան Անդրեա Վիկտորինին ճանաչել եմ, դեռևս Հայաստանում նրա Գերմանիայի դաշնութեան դեսպան եղած ժամանակներից։ Այն ժամանակ, նա յաճախ էր ինձ հրաւիրում հանդիպման` զրուցելու Հայաստանում ժողովրդավարութեան մասին։ Նոյն 2019թ․-ին, իմ խնդրանքով, հանդիպեցինք ԵՄ գրասենեակում։ Հանդիպմանը մանրամասն, փաստերով ներկայացրեցի, թէ ինչ անօրինական միջոցներով են ջախջախում ինչպէս դատական համակարգն, այնպէս էլ ՍԴ-ն։

Դատական համակարգի ջախջախման, որպէս օրինակներ բերեցի վարչապետ – Յատուկ քննչական կոմիտէի (ՀՔԾ) պետ – Ազգային անվտանգութեան ծառայության (ԱԱԾ) պետ գաղտնազերծուած հեռախօսավարութիւնը, դատարանների շրջափակումը։ ՍԴ-ի հարցում՝ հակասահմանադրական օրէնքների ընդունումը, ՍԴ նախագահի և նրա մերձաւորների հանդէպ քաղաքա – քրէական ճնշումները։ Եւ, ի՞նչ եք կարծում, ինչպէ՞ս արձագանքեց տիկին ԵՄ դեսպանը։ Նա ասաց, որ ՍԴ անդամներին, համաձայն սահմանադրութեանը առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարութիւնն ու դատաւորների միութիւնը։ Սրանով աւարտուեց մեր վերջին, շատ բովանդակալից խօսակցութիւնը։

Երկար սպասելուց յետոյ, որոշեցի այս բաց նամակով յայտնել իմ տարակուսանքները՝ Ձեր բոլորի պահուածքի վերաբերեալ։ Նկատի ունեմ Ձեր կողմից անտեսուող՝ Հայաստանում մարդու իրաւունքների հետևողականօրէն խախտումները։

Որպէս ուղեցոյց, օգտագործենք Մարդու իրաւունքների և ազատութիւնների Եւրոպական կոնվենցիայի յօդուածները։

Յօդուած 2. Կեանքի իրաւունք Հայաստանում, վերջին հինգ տարիներին վտանգուած է կեանքի իրաւունքը։

-2019թ․ Եղեգնաձոր քաղաքում, մարզպետի ներկայութեամբ և հաւանաբար հրահանգով, դաժան ծեծի ենթարկուեց պայմանագրային զինծառայող, փոխգնդապետ Արա Մխիթարեանը, ով չորս տարի մնալով կոմայի մէջ, մահացաւ։ Իսկ այդ ամենի պատասխանատու մարզպետն այսօր իշխող ՔՊ խմբակցութեան պատգամաւոր է։

-2022թ․ անհիմն մեղադրանքով կալանաւորուեց հասարակական գործիչ և ընդդիմադիր ցոյցերի ակտիվ մասնակից Արմէն Գրիգորեանը, ով ունէր լուրջ առողջական խնդիրներ։ Դատարանի դահլիճում, դատաքննութեան ժամանակ, Արմէն Գրիգորեանի սիրտը վատացաւ և նա մահացաւ տեսախցիկների առջև։ Որևէ մէկը պատասխանատուութեան չենթարկուեց։

-2022թ․ Վարչապետին ուղեկցող շարասեան մեքենաներից մէկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականեանին։ Վերջինս իր չծնուած երեխայի հետ մահացաւ։ Ոչ մէկը պատասխանատուութիւն չենթարկուեց։

-2022թ․ Ապարանում, իշխանութեան կողմնակիցները, հրազէնով սպանեցին երեք երիտասարդների։ Ոչ մէկը չենթարկուեց պատասխանատուութեան։ -2023թ․ զօրամասում, անյայտ հանգամանքներում, հրդեհի զոհեր դարձան 15 զինծառայողներ։ Չհաշուած, պատերազմի հազարաւոր զոհերը, խաղաղ պայմաններում զոհերի թիւը հասնում է տարեկան շուրջ 100 զինծառայողների։ Եւ ինչպէս վերը նշուած, բոլոր դէպքերում, նոյնպէս որևէ մէկը չի ենթարկուել պատասխանատուութեան։

Յօդուած 3. Խոշտանգումների արգելում

Ի դէպ, այս յօդուածն այն բացառիկներից է, որ սահմանում է բացարձակ իրաւունք։

Ստորև ներկայացնում եմ միայն այս՝ 2023թ․ արձանագրուած դէպքերը։

Ի դէպ, Հայաստանի ողջ պատմութեան ընթացքում առաջին անգամ ոստիկանութեան բաժիններում բռնութեան են ենթարկուել փաստաբանները։

-Յունուարի 12-ին ոստիկանութեան Չարենցաւանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապեանին, որին իր որդու վերաբերեալ գործով հրաւիրուել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայէլեանի՝ իր պաշտպանեալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասեանի ներկայութեամբ՝ վերջինիս աշխատասենեակում։

-Ապրիլի 10-ին ոստիկանութեան Դիլիջանի քրէական հետախուզութեան բաժնի պետ Արսէն Ղայթմազեանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահիւրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրեանին, ինչն ամրագրուել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազեանը եղել է ալկոհոլի ազդեցութեան տակ և դժգոհել էր, որ հիւրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապէս։ Ծեծի տեսանիւթի տարածումից յետոյ միայն քննչական գործողութիւններ են իրականացուել Արսէն Ղայթմազեանի դէմ։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազեանի նկատմամբ քրէական հետապնդում չի յարուցուել՝ «գործուն զղջալու» հիմքով։

-Յունիսի 17-ին իր տանը խուզարկութիւն իրականացնելուց յետոյ ոստիկանութեան աշխատակիցները ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելեանին տեղափոխել էին Քննչական կոմիտէ և խոշտանգել։ Նրա հաղորդմամբ ՀՀ քննչական կոմիտէի Երևան քաղաքի քննչական վարչութեան պետ Ազատ Գևորգեանի և ՀՀ քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քյարամեանի մասնակցութեամբ իրեն ենթարկել են ծեծի, էլեկտրահարել են թաց մարմինը, սպառնացել դուրս նետել պատուհանից, որից յետոյ ոստիկանները ստիպել են փոխել արիւնոտուած հագուստը՝ դէպքը կոծկելու համար։ Ըստ Տ․ Առաքելեանի՝ Ա․ Քյարամեանը անձամբ սպառնացել է ընտանիքին, ասելով, որ կնոջը և երեխային այլևս չի տեսնի, իր ընտանիքը վերացնելու են։ Քննչական կոմիտէն շտապեց հերքել տեղեկութիւնները, յայտնելով, որ Տ․ Առաքելեանը մեղադրուում է «շորթման և պաշտօնատար անձանց վերաբերեալ արատաւոր տեղեկութիւններ հրապարակելուն օժանդակելու համար», առանց նշելու, թէ ում։ -Փետրուարի 9-ին ՆԳՆ ոստիկանութեան Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկուել փաստաբաններ Մարզպետ Ավագեանը և Էմանուէլ Անանեանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանեալի առերեսման ընթացքում վիճաբանութիւն էր սկսուել առերեսուող օպերլիազորի հետ, հնչել էին վիրաւորանքներ։ Միջանցքում Մ․ Ավագեանը օպերլիազորից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել են ծեծի ենթարկել իրեն և Է․ Աւագեանին։ Միջադէպը դադարել էր քննիչների միջամտութիւնից յետոյ, որոնք գտնուում էին նոյն շէնքում։ Անչափահաս պաշտպանեալի խօսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով և ոտքերը դնելով իր գլխին։

ա-Յունիսի 7-ին ոստիկանութեան Կենտրոնի բաժնում բռնութեան էր ենթարկուել փաստաբան Կարեն Ալավերդեանը։ Ըստ Կ․ Ալավերդեանի՝ դատական նիստի աւարտից յետոյ փողոցում իրեն և իր պաշտպանեալին էին մօտեցել 20-ից աւելի ոստիկանութեան ծառայողներ՝ Երևանի տարբեր վարչութիւններից և պարեկային ծառայութիւնից, հրաւիրելով ոստիկանութեան բաժին։ Պաշտպանեալը համաձայնել էր և նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալավերդեանը հետևել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպէ թոյլ չէին տուել մուտք գործել։ Երբ ի վերջոյ փաստաբանին յաջողուել էր բարձրանալ պաշտպանեալի մօտ, դռան ետևից լսել էր, թէ ինչպէս է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարուածեն։ Մտնելով աշխատասենեակ, Կ․ Ալավերդեանը տեսել էր իր պաշտպանեալին ձեռնաշղթաներով գետնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկուելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել և կանգնել նրա և ոստիկանների արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնութիւնը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել և կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալավերդեանին ձերբակալել էին և անազատութեան մէջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղեակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թէև դա ուղղակիօրէն պահանջուում է օրէնքով։ Ինչ վերաբերում է պաշտպանեալին՝ նրա մօտ արձանագրուել էին բազմադթիւ վնասուածքներ, վնասուել էր ականջի թմբկաթաղանթը, դէմքին առկայ էին ծխախոտի այրուածքներ։

Յօդուած 5. Ազատութեան և անձեռնմխելիութեան իրաւունք

Սոյն յօդուածը խախտուել և խախտուում է համատարած կերպով։ Հայաստանում ստեղծուեցին նոր, անօրինական դատարաններ, այսպէս կոչուած, «նախաքննական» և «հակակոռուպցիոն», որոնցում, դատաւորներ նշանակուեցին, վարչապետին նուիրուած, ձևական իրաւաբանական կրթութիւն ստացած անձինք։ Հաշուի առնենք նաև այն փաստը, որ օրէնքով Քննչական կոմիտէն կառավարութեանը կից մարմին է, գտնուում է ուղիղ վարչապետի հսկողութեան տակ։ Գլխաւոր դատախազը, վարչապետի նախկին խորհրդականն է, ով խորհրդական եղած ժամանակ, նոյն վարչապետի ցուցումով ուղղորդում էր քննիչներին։ Եւ ահա, այդ մարմինները, վարչապետի հրահանգով քրէական գործեր են յօրինում ընդդիմադիր գործիչների դէմ և նշանակուած դատաւորները տալիս են կալանքի որոշումներ։ Նման անօրինական ձերբակալութիւնների և կալանքների թուերը հասնում են հարիւրների։ Ձերբակալուում և կալանաւորուում են, օրինակ՝ տեղական ընտրութիւններում իշխող ուժին յաղթած անձինք, ինչպէս Վանաձորում, Վարդենիսում, Գորիսում։

Յօդուած 6. Արդար դատավարութեան իրաւունք 2018թ․ գաղտնազերծուեցին վարչապետ – ՀՔԾ պետ – ԱԱԾ պետ հեռախօսազրոյցները, որոնցում վարչապետը յստակ ցուցումներ է տալիս՝ իր կողմից հրահանգուած և հարուածած քրէական գործերով կալանքների մասին։

2019թ․ դատաւոր Դաւիթ Գրիգորեանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն յաջորդեց դատարանները շրջափակելու վարչապետի հրահանգը։ Կարճ ժամանակ անց կեղծ մեղադրանք առաջադրուեց դատաւոր Դաւիթ Գրիգորեանին։

2022թ․ գաղտնազերծուեց Բարձրագոյն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրեան – ԲԴԽ նախկին նախագահ Ռուբէն Վարդազարեան զրոյցը, որտեղ Գագիկ Ջհանգիրեանը պարզորոշ բացայայտում է քրէական գործերի յարուցումների հրահանգաւորուած լինելը։

Այնուհետև, ԲԴԽ նախագահ է նշանակուում Արդարադատութեան նախարար, իշխող Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցութեան անդամ Կարեն Անդրկասպեանը։ Նրա տեղակալ Գրիգոր Մինասեանը նշանակուում է Արդարադատութեան նախարար։ Նրանք շարունակում են սերտօրէն համագործակցել, կատարելով վարչապետի ցուցումները։ Արդարադատութեան նախարարը, չենթարկուող դատաւորների դէմ կարգապահական գործեր է յարուցում ԲԴԽ, իսկ ԲԴԽ-ն դադարեցնում է դատաւորների լիազօրութիւնները։

2018թ․ սկսած հարիւրաւոր քրէական մեղադրանքներ են առաջադրուել ընդդիմադիր գործիչներին, նրանցից շատերը ամիսներ են անցկացրել կալանքների տակ, անցել են բոլոր ողջամիտ ժամկէտները և չկայ որևէ դատարանի վճիռ։
Այսօր էլ, աւելի քան յիսուն քաղաքական բանտարկեալներ կան Հայաստանի բանտերում։

Յօդուած 7. Պատիժ՝ բացառապէս օրէնքի հիման վրայ

Հայաստանում ընդունուեցին օրէնքներ, որոնք հակասում են միջազգային օրէնքներին, ինչպես ծանր վիրաւորանքը, որով դատուեցին բազմաթիւ ընդդիմադիրներ։ 2022թ․ ընդունուեց փոփոխութիւն, խաղաղ հաւաքների օրէնքում, որը հակասում է միջազգային իրաւունքին։ Այդ փոխուած օրէնքով կալանաւորուեց ընդդիմադիր գործիչ Աւետիք Չալաբեանը։

Յօդուած 8. Անձնական և ընտանեկան կեանքը յարգելու իրաւունք

Բազմիցս են եղել դէպքեր, երբ ոստիկանութիւնը, ԱԱԾ-ն, առանց դատարանի որոշումների, ներխուժել են քաղաքացիների բնակարաններ։ Իշխանութեանն անցանկալի պաշտօնեաներին ճնշելու նպատակով քրէական մեղադրանքներ են առաջադրուում նրանց հարազատներին, օրինակ՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասեանի հարազատների, ինչպես նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբէն Վարդազարեանի կնոջ դէմ։

Յօդուած 10. Արտայայտուելու ազատութիւն

2018 – 2023թթ․ բազմաթիւ դէպքեր են եղել լրագրողների դէմ, ինչպես ոստիկանութեան, այնպէս էլ իշխող ՔՊ կուսակցութեան անդամների կողմից ճնշումների և բռնութիւնների։ Այդ բազմաթիւ դէպքերով, ոչ մէկը չի ենթարկուել պատասխանատուութեան։ Ընդդիմադիր հայեացքներ ունեցող քաղաքացիներին և գործիչներին կալանաւորում են սոցիալական ցանցերում արուած արտայայտութիւնների համար։

Յօդուած 11. Հաւաքների և միաւորման ազատութիւն

Վերջին տարիներին, կարելի է ասել, որ հաւաքների ազատութեան իրաւունքը բացարձակ ձևով խախտուում է Հայաստանում։ Խաղաղ հաւաքների ժամանակ, ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, յաճախ առանց անձնական տարբերանշանների, անհիմն ուժ և բռնութիւններ են կիրառում հաւաքների մասնակիցների նկատմամբ։ 2021-2023 թթ․ տեղի ունեցած հաւաքների մասնակիցներին տեսախցիկների առջև ոստիկանների կողմից խմբակային ծեծի ենթարկելու տասնեակից աւելի դէպքեր են արձանագրուել։ Հարիւրաւոր խաղաղ ցուցարարներ ձերբակալուում են, նրանցից շատերը կալանաւորուում։ Գործերը որպէս կանոն, յարուցուում են բացառապէս ոստիկանների ցուցմունքներով։

Յօդուած 13. Իրաւական պաշտպանութեան արդիւնաւէտ միջոցի իրաւունք

Այս իրաւունքը, Հայաստանի գործող դատաիրաւական համակարգի պայմաններում, բացարձակապէս չի կարող գործել։

Յօդուած 14. Խտրականութեան արգելում

Հայաստանում գործում է իտալացի ֆաշիստ Բենիտո Մուսոլինիի սկզբունքը․ «Մեր ընկերներին թոյլ է տրուում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»։

Վերը փաստեր բերեցի իշխանութեան ներկայացուցիչների կողմից կատարուած հանդերձագործութիւնների և նրանց պատժելիութեան մասին։

Սահմանափակուենք այսքանով և այլ օրինակներ չբերենք Հայաստանում աննախադէպ չափերի հասած կոռուպցիայի մասին։

Արդ, ո՞րն է պատճառը, որ, ի տարբերութիւն մինչ 2018թ․-ի, այլևս Դուք չէք նկատում և քննադատում մարդու իրաւունքների համատարած խախտումները։

Իհարկե, ես այդքան միամիտ չեմ, որ չհասկանամ, որ Դուք ինքնուրոյն չէք, այլ ներկայացնում էք Ձեզ ներկայացնող երկրների և միութիւնների շահերը։ Եւ, բնականաբար, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերն այսօր համընկնում են Հայաստանի իշխանութեան վարած քաղաքականության հետ, այդ թուում՝ Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին յանձնելը։Այդ մասին է վկայում, 2022թ․ հոկտեմբերին, Պրահայում, Հայաստանի վարչապետի կողմից, Արցախից հրաժարման և հայ ժողովրդի շահերի դաւաճանմանը, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ձեր երկրների ղեկավարների ուրախ արձագանքն ու խրախուսանքը։ Եւ այդ է պատճառը, որ չնայած Հայաստանում ահագնացող մարդու իրաւունքների խախտումներին, Դուք ոչ միայն այդ ամենը չէք նկատում, այլեւ սերտօրէն համագործակցում էք Հայաստանի տարբեր գերատեսչութիւնների հետ։ ԱՄՆ, ԵՄ, Չեխիայի, Շվեդիայի դեսպանները հանդիպումներ են ունենում ՆԳՆ սադիստական հակումներ ունեցող նախարարի հետ և քննարկում հետագայ համագործակցութեան հարցեր։ Այսինքն՝ Դուք պատրաստ էք ֆինանսավորել և համագործակցել ՆԳՆ-ի հետ ապագայ խոշտանգումների, բռնութիւնների, խաղաղ ցուցարարների նկատմամբ ծեծի բնագաւառում։ Աւելին, Ձեզանից շատերը նմանատիպ հանդիպումներ և հետագայ համագործակցութեան հարցեր են քննարկում, դատարանների ջախջախման հեղինակներ՝ արդարադատութեան նախարարի և ԲԴԽ նախագահի հետ։

Ինչպէս նշեցի, ես հասկանում եմ, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերը։ Բայց, ներեցէք… այդ աստիճա՞նի, որ հրաժարւում էք, Ձեր իսկ հռչակած արժէքներից՝ ժողովրդավարութիւն, իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ։ Փաստօրէն, Դուք և Ձեզ ներկայացնող երկրների ղեկավարներն ընդամէնը ձևացնում էք, հռչակելով այդ արժէքները, քանի որ նոյնիսկ մեղմօրէն չէք քննադատում բռնապետական հակումներ ունեցող Հայաստանի վարչապետին։ Աւելին, նրա հետ ամեն հանդիպման ընթացքում Դուք նրա առջև խոնարհուում էք և ժպտալով խոստանում աւելի շատ ֆինանսական և բարոյական աջակցութեան ցուցաբերում։

Ձեր երկրների պատգամաւոր-ներկայացուցիչները վերջերս Ստրասբուրգում՝ Եւրախորհրդարանում, յոտընկայս ծափահարեցին անվերջ «ժողովրդավարություն» բառը կրկնող Հայաստանի բռնապետ – վարչապետին։ Այո՛, ժողովրդավարութիւն է, երբ բարձրաստիճան պաշտօնեան թքում է քաղաքացու դէմքին։Ժողովրդավարութիւն է, երբ քարոզարշաւի ընթացքում, վարչապետը մուրճով սպառնում է ընդդիմադիրներին կամ խոստանում, ասֆալտ ուտեցնել։ Բոլոր ծափահարողները հիանալի գիտակցում են, որ վարչապետը հեռու է ժողովրդավարական արժէքներից, բայց… ցինիկաբար հռհռում են հայ ժողովրդի վրայ։ Ահա և Ձեզ արևմտեան արժէքներ։ Եւ հենց Դուք և Ձեր իշխանութիւններն են վարկաբեկում այդ արժէքները, ինչպես միջնադարում, քրիստոնէական արժէքների անվան տակ, զբաղուում էիք ինկվիզիցիայով, վհուկների որսով, խաչակրաց արշաւանքներով, գաղութատիրութեամբ։

Ձեր կողմից միակ հակադարձումը, կարող է լինել, այն հարցը, թէ այդ դեպքում, մենք՝ հայ ժողովուրդն ինչպէ՞ս է հանդուրժում նման իշխանութեանը և ինչ ո՞ւ 2021թ․ նորից ընտրեց նրան։ Նախ, 2021թ․ ընտրութիւնների մասին։ Իսկ Ձեզ յայտնի՞ է, արդեօք, որևէ ոչ ժողովրդավարական երկիր, որտեղ ընտրութիւններով փոխուում է իշխանութիւնը, գուցէ Ձեր մերձաւոր գործընկեր Ադրբեջա՞նը։ Նոյն Ձեր շահերից ելնելով, 2021թ․ ընտրութիւնների ժամանակ, Դուք և Ձեր դիտորդները «չնկատեցիք» ահռելի վարչական ռեսուրսը, քրէական հետապնդումները, զինուորականների ուղղորդուած քուէարկութիւնը և այդ ֆարսը համարեցիք «արդար և ազատ»։ Այնուամենայնիւ, այս հարցում, Ձեզ հետ համաձայն եմ։ Նման ղեկավար ունենալ և շարունակել նրան հանդուրժել, առաջին հերթին մեր՝ հայ ժողովրդի ամօթն է և պէտք չէ մեղադրել այլ երկրների։

Վերջացնելով բաց նամակը, արձանագրենք, որ Դուք, Ձեր պահուածքով վերջնականապէս վարկաբեկում էք ժողովրդավարութիւն, իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ կոչուող արևմտեան արժէքները և այլևս ինչ իշխանութիւն էլ գայ Հայաստանում, Դուք իրաւունք չէք ունենալու նրանց քննադատել և նրանցից ժողովրդավարութիւն պահանջել։

Առանց պատասխանի ակնկալիքի, յարգանքներով՝

Հայաստանի հելսինկեան կոմիտէի նախագահ

Աւետիք ԻՇԽԱՆԵԱՆ

Հիմնական աղբիւրը՝ aravot.am