Գորիսում մեկնարկել է Բագրատ Սրբազանի հանդիպումը բնակիչների հետ։ «Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպէս, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են։ Ամփոփուելու է այնպէս, ինչպես մենք ցանկանում ենք և այդ ամփոփումը միայն ճշմարտութեան յաղթանակի մասին է։ Մեր բոլոր խնդիրների լուծումն այդտեղ է»,-ասել է Բագրատ Սրբազանը Գորիսում։
«2020 թուականի մեր հայրենական պատերազմից յետոյ ինչ տեղի ունեցաւ, դա էլ էր խաբեութիւն։ Այսպէս կոչուած պայմանագրում արձանագրուած էր, որ զօրքերը մնալու են այնտեղ, որտեղ կան, բայց զօրքերը չմնացին իրենց տեղում, այլ թշնամու զօրքերը եկան ձեր տուն։ Այսօր Շուռնուխում հայ մարդու սարքած տան գլխին թշնամու դրօշն է տնկած։ 2021 թուականին այդ մարդը եկել ժողովրդից քուէ է խնդրել, ասելով, որ ձեռքս կկտրեմ, բայց չեմ յանձնի, իսկ 2024 թուականին վերադարձել ու այդ նոյն ձեռքով սպառնացել է մարդկանց, որ եթէ չանէք, պատերազմը դուք էք բերելու մեր գլխին, այսինքն պատասխանատուութիւնը դրել է գիւղացիների ուսերին»-, ասել է Բագրատ Սրբազանը։
«Մենք մեր նորանկախ պատմութեան ծանրագոյն մարտահրաւէրների առաջ ենք կանգնած, ես դեռ մեղմ բառեր եմ օգտագործում: Այս մասին երէկ՝ յունիսի 30-ին, Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման անդամ, դիւանագէտ Վահագն Մելիքեանը:
«Նորանկախ դիւանագիտութեան ակունքներից սկսած մենք երբեք չենք ունեցել այսքան թոյլ, տկար եւ անողնաշար դիւանագիտութիւն: Դիւանագիտութիւնը կուլիսային հսկայական աշխատանք է, եւ երբ որ դու ունես նպատակ դու ունես տեսլական՝ օգտագործելով քո զինանոցում գտնուող ողջ արսենալը դու հասնում ես դրան»,-ասել է նա:
Մելիքեանը նշել է, որ նոյնիսկ անելանելի թուացող այս իրավիճակում գործընթացի սառեցման կամ կասեցման արդիւնքում հնարաւոր է յաջողութիւններ ունենալ. «Ինքը դա շատ լաւ հասկանում է եւ եթէ նկատել էք, երբեք չի ասել, որ «Տաւուշը յանուն հայրենիք»-ի շարժումը դա պատերազմի շարժում է: Ինչու չի ասել, որովհետեւ ստացել է նաեւ հիմնաւորումը, որ այս շարժումը բացի հաշտեցումից, բացի իր խորը, հոգեւոր արժէքներից, բացի արժանապատւութիւնից, առաջին հերթին խաղաղութեան շարժում է»:
Ըստ նրա՝ այս մարդիկ ասում են՝ ապրել էք ադրբեջանցիների հետ, էլի կապրէք։
«Բայց դուք ադրբեջանցիների հետ ապրել էք Խորհրդային շրջանում, թէպէտ այն ժամանակ էլ բախումներ եղել են, բայց ընդհանուր մեխանիզմները թոյլ չեն տուել վերածուեն աւելի լայնածաւալ բախումների։ Հիմա բացի նրանից, որ այդ մեխանիզմները չունենք, մենք այս վարչախմբի ապաշնորհ քաղաքականութեան ու տգէտ դիւանագիտութեան արդիւնքում այնքան թուլացած իրավիճակում ենք յայտնուել, որ ես ուղղակի սարսափով եմ մտածում, թէ այն, ինչ մենք տեսնում ենք մեր մասնագիտական աչքերով, շատերը չեն տեսնում։
Այսօր մեր թշնամու ախորժակը Սիւնիքն է, Տիգրանաշէնն էլ չի, անկլաւներն էլ չի, որովհետեւ Սիւնիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատուածն է։ Հիմա մեր թշնամիներն իրենց ձեռքում Փաշինեան անունով հրաշալի նուէր ունեն, որը իրավիճակը բերել է մի այնպիսի կէտի, որ վաղը Սիւնիքի գլխին կախուելու է այդ վտանգը։ Եթէ մենք Սիւնիքը կորցնենք, կը կորցնենք Հայաստանը։
Մենք յենուել ենք անվտանգային երկու ոտքի վրայ։ Մի ոտքը՝ Արցախը, ժամանակաւոր կորցրել ենք, միւս ոտքը Սիւնիքն է։ Այս ամէն ինչի տակ թաքնուած է այդ մեծ վտանգը»,-ասել է Մելիքեանը:
Հիմնական աղբիւրը՝ alikonline.ir