
Ամերիկահայ իրավաբան Գառնիկ Քերքոնյանը հայտարարում է, որ Երևանի կողմից հնչեցվող այն պնդումը, թե արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանությունը նպաստել է Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի ձևավորմանը, իրականությանը չի համապատասխանում։ «Պաշտոնական Երևանի կողմից առաջ քաշված անհեթեթ պնդումը, թե Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանությունը ինչ-որ կերպ հիմք է տվել կամ խթանել Բաքվի «Արևմտյան Ադրբեջանի» մասին նարատիվը, բացահայտ սուտ է», — գրում է Քերքոնյանը իր էջում։
Քերքոնյանի խոսքով՝ Ադրբեջանի իռեդենտիստական պահանջները վաղուց նախորդել են արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությանը։ Նա հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովում զգուշացրել էր Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» արշավի վտանգների մասին և անդրադարձել այսպես կոչված «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» քարտեզներին։
Իրավաբանի խոսքով՝ այդ կառույցը նույնիսկ 2022 թվականին ներկայացուցչություն էր բացել Անկարայում՝ Արցախի էթնիկ զտումից շուրջ մեկ տարի առաջ։
Քերքոնյանը շեշտել է, որ արցախահայության վերադարձի իրավունքը ձևավորվել է որպես պատասխան 2023 թվականի սեպտեմբերին 120 հազար հայերի բռնի տեղահանությանը և մնում է էթնիկ զտման ու ցեղասպանության անհրաժեշտ արձագանք։
Նրա գնահատմամբ՝ եթե հայ ժողովուրդը հրաժարվի էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի սկզբունքից, ապա ապագայում կարող է ստիպված լինել պաշտպանել արդեն Սյունիքից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
Հիմնական աղբյուրը՝ yerkir.am

