Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շուեյցարիայում կազմակերպել է «Կրօնական Ազատութիւն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգութեան պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։
Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին յայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցութեամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագործութիւն՝ բռնազաւթել և ամբողջապէս հայաթափել է Արցախը։ Գրաւել է Հայաստանի սահմանային կենսական նշանակութիւն ունեցող զգալի տարածքներ, խաղաղութեան պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։
Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարութիւն՝ միջազգային իրաւական նորմերի աղաղակող խախտումներով։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխաւոր քարտուղարը յայտարարել է, որ քրիստոնեաները կոչուած են լինելու ճշմարտութեան վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։
«Որպէս քրիստոնեաներ մենք կոչուած ենք լինելու ճշմարտութեան վկաներ, և զոհերի կողքին կանգնել, և չարի անունը բարձրաձայնել»,- իր խօսքում ասաց եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխաւոր քարտուղար գերապատուեալի պրոֆեսոր Ջրերի Փիլայը։ Նա նշեց որ 2023 թ սեպտեմբերին ադրբեջանի ռազմական գործողութիւններին ականատես լինելուց յետոյ, անսալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կոչին որոշուել է միջազգային կառոյցների ուշադրութիւնը հրաւիրել այս հարցի վրայ, և ընթացող համաժողովը այդ խոստումը յարգելու ձևերից մեկն է։
Համաժողովին, ի շարս այլոց, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական պատուիրակութեան կազմում մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը։
Հիմնական աղբիւրը՝ shoghakat.am