Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Եւրոպայի Հայ դատի՝ EAFJD, գրասենեակը աշխարհում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենեակներից է եւ գործում է մասնաւորապէս՝ Հայ դատի, Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների եւ Եւրոմիութեան միջեւ կապերի ամրապնդման համար, եւ պաշտօնապէս գրանցուած է Եւրոխորհրդարանում։ Իր դերակատարութիւնը, այդպիսով, եւրոպական գործադիր եւ օրէնսդիր մարմիններում կայացող պաշտօնեաների կամ պատգամաւորների որոշումների վրայ հայանպաստ ազդեցութիւն գործելն է։ Այն գտնւում է Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում։ Սրանից չորս ամիս առաջ գրասենեակը նշեց իր գործունէութեան 20-րդ ամեակը: ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի նախագահը Գասպար Կարապետեանն է, իսկ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի գործադիր տնօրէնն է Հեղինէ Էվինեանը։
Գրասենեակի հանդէպ ադրբեջանական հալածանքները ադրբեջանական օրեցօր աւելի ուժգին են դառնում, եւ աւելին՝ դրանց կիզակէտում յայտնուել է գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը։ Ալիեւի պահանջով 2018թ-ին ո՛չ միայն վերջինս գտնուել էր Ինտերպոլի ադրբեջանական ցուցակում, այլ նաեւ հասել է եւրոպական մեդիադաշտ՝ սկանդալային թիւր տպաւորութիւններ առաջացնելու նպատակ հետապնդող կասկածելի յօդուածագիրների գրչին, որոնց «գրեթէ հաւաստի» աղբիւրներն «զարմանալիօրէն» ադրբեջանական մամուլն են։ Գործը հասել է բէլգիական պատկառելի «Լը Վիֆ» (Le Vif) պարբերականին, որի սիւնակներում ոմն Սեբաստիան Բուսուան այս տարուայ մարտի 1-ին հրապարակել է «ԱրմենենԳեյթը տեսանելի՞ է, Եւրոպան պէ՞տք է մաքրի իր բարեկամական խմբերն» ֆրանսերէն շարադրուած անհիմն յօդուածը։ Հեղինակը ընդգծում է, որ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը Եւրոպայի ամենամեծ հայամէտ կազմակերպութիւնն է, այս տեղեկութիւնը շաղախելով կեղծ տուեալներով՝ հաւաստիացնելով, թէ այն ֆինանսաւորուում է «միլիոնատէր Գասպար Կարապետեանի կողմից»։ Ֆրանսիայի կողմից Եւրոպական ժողովրդական խմբի՝ եւրոպատգամաւոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիին անուանելով Հայաստանի եռանդուն պաշտպան, ինչը որ անհերքելի է, Բուսուան յայտնում է, որ գրասենեակի ազդեցութեամբ 22թ նոյեմբերի 19-ին մի խումբ խորհրդարանականներ ստորագրել են յայտարարութիւնն, որում մեղադրում են Ադրբեջանին «Հայաստանի դէմ ագրեսիա» իրականացնելու եւ «երկրի տարածքային ամբողջականութիւնը խախտելու» մէջ՝ մոլորեցնելով ընթերցողին, կարծես թէ յայտարարութեան բովանդակութիւնը չի համապատասխանում իրականութեանը։ ««ԿատարԳեյթից» յետոյ Եւրոպան կհանդիպի՞ «ԱրմենիենԳեյթի»»,- գրում է Բուսուան՝ կասկածի տակ առնելով Հայաստանի հետ կապուած բարեկամական խմբերի գործունութիւնը՝ յատկապէս։
Մարտի 3-ին՝ «Լը Վիֆ»-ի (ամբաստանիչ) հրապարակման յայտնուելուց ընդամէնը երկու օր անց, ադրբեջանական թերթերից մէկը վերնագրել է մի յօդուած՝ «Եւրոպայում նոր՝ «ԱրմենիենԳեյթ», կաշառակերային սկանդալ է բռնկուել» վերնագրով, «բացայայտում», որը նա վերագրել է «Լը Վիֆ»-ին: Այսպիսով, լրատուամիջոցները, միմեանց մէջբերելով, կարող են հանգեցնել զուգահեռ իրականութեան: Սակայն այդ քարոզարշաւները յաճախ ինքնաբուխ չեն. դրանք կազմակերպուում են միջազգային խորհրդատուական ընկերութիւնների կողմից։ Ապատեղեկատուական արշաւները Եւրոպայում ադրբեջանական ադրբեջանական ազդեցութեան ռազմավարութեան միայն մէկ տարրն են, եւ յիշեցնում է, որ մասնագիտացուած ՀԿ-ները, ի թիւս այլոց, բացայայտել էին «խաւիարային դիւանագիտութիւնն», ապա եւ «ադրբեջանական լուացքատուն» կոռումպացուած համակարգը։
Այնուամենայնիւ, ինչպէ՞ս է յաջողւում հասնել Եւրոպական կառոյցներում հայանպաստ բանաձեւերի ընդունմանը
«Մենք՝ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը եւ աշխարհում բոլոր ՀՅԴ Հայ դատի գրասենեակներն ու յանձնախմբերը իրականացնում ենք Հայաստանի քարոզչութիւնը»-, պարզաբանում է Գասպար Կարապետեանը։ «Եւրոխորհրդարանի հետ մեր հիմնական աշխատանքի կենտրոնում է Եւրոհանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լայենի, արտգործ յանձնաժողովի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համագործակցութիւնը։ Դրանից բացի, համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպութիւնների հետ՝ համատեղ կազմակերպում ենք հանդիպումներ եւ այլն։ Եւրոխորհրդարանում մէջ մեր ջանքերով կազմել ենք երկու բարեկամութեան տարբեր խմբեր․ մէկը՝ Արցախի հետ, միւսը՝ Հայաստանի, եւ դրանք մեծ թուով անդամներն ունեն։ Դրանից բացի, Բէլգիացի լրագրողներ, մեր միջնորդութեամբ, Հայաստան մեկնեցին նոյեմբեր, դեկտեմբերի ամիսներին, եւ հիմա՝ հինգ շաբաթ առաջ՝ նոյնպէս։ Պատերազմի՝ Ստեփանակերտի ռմբակոծման ընթացքում անգամ մէկ պատգամաւոր եւ երկու լրագրող Ստեփանակերտ ուղեկցեցուինք, եւ իրենք մեծ թուով յօդուածներ հրապարակեցին»,- նկարագրում է Գասպար Կարապետեանը։ «Զուգահեռաբար, Հեղինէ Էվինեանը եւ ես շարունակ գտնուում ենք հայկական եւ օտար մամուլի հետ կապի մէջ, ամեն տեղ հարցազրոյցներ տալիս, Եւրոխորհրդարանի պատգամաւորների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում։ Ընդհանուր առմամբ մեր աշխատանքը այս է։ Բարեբախտաբար շատ լաւ գործակցութիւն ունենք Հայաստանի դեսպանութեան հետ»։
Եւրոխորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրաւունքը
Գրասենեակի գործունութիւն ակներեւ հաջողութիւններից է մարտի 22-ին Փարիզում տեղի ունեցած Եւրոպայի խորհրդի Իրաւական հարցերի եւ մարդու իրաւունքների կոմիտի լիագումար նիստում յայտնած՝ Լաչինի միջանցքի մշտական խոչընդոտման պատճառով ծաւալուած հումանիտար ճգնաժամի կապակցութեամբ խոր մտահոգութիւնը: Դրանից առաջ, մարտի 15-ին կայացած Եւրոխորհրդարանի լիագումար նիստում հաստատուել էին փետրուարի 20-ին ներկայացուած Միջազգային հարցերի յանձնաժողովի երկու՝ ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների բանաձեւերը՝ յօգուտ հայկական կողմի որոշ լրացումներով։ Եւրոխորհրդարանը կոչ է արել Եւրոխորհրդին նպատակաուղղուած պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարութեան պաշտօնեաների դէմ, եթէ վերջինս անյապաղ չկատարի 2023 թուականի փետրուարի 22-ի Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռը, եւ որ աւելի կարեւոր է, Եւրոխորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրաւունքը։
Այսպիսով, Եւրոխորհրդարանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պահանջում է համապարփակ քաղաքական կարգաւորում՝ միջազգային իրաւունքին համապատասխան, ներառեալ՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան, ԵԱՀԿ 1975թ-ի Հէլսինկեան եզրափակիչ ակտի շրջանակներում, որոնցից մասնաւորապէս բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն կարգաւորման հիմնարար երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութիւնն եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքները, որոնց աւելացուել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թուականի հիմնական սկզբունքները։ Այդ մասին յայտնել էր ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակն՝ իր հաղորդագրութեան մէջ։
67 կէտերից բաղկացած ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների զեկոյցի 3-րդ կէտն այն փոփոխութիւններից է, որ հնարաւոր եղաւ աւելացնել թէ՛ գրասենեակի, թէ՛ ՀՀ Դեսպանութեան եւ թէ՛ եւրոպատգամաւորներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի եւ Նատալի Լուազոյի ջանքերով։ Նախնական զեկոյցի համեմատ Եւրոխորհրդարանը կարեւոր է համարել ընդգծել, որ խորապէս մտահոգուած է Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակմամբ, կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին երաշխաւորել այս միջանցքով տեղաշարժի ազատութիւնն ու անվտանգութիւնն, ինչպէս նախատեսուած է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով, եւ ընդգծում Ադրբեջանի վրայ դրուած պարտաւորութիւնները՝ նոյն Միջազգային դատարանի 2023 թուականի փետրուարի 22-ի վճռով:
Բացի այդ, Եւրոխորհրդարանն նոյն բանաձեւի երկրորդ կէտում դատապարտում է Ադրբեջանի ղեկավարութեան պահուածքը, որը տապալում է խնդրի կարգաւորման ուղղութեամբ գործադրուող ջանքերը, մասնաւորապէս՝ սպառնալով նոր յարձակումներով, պարբերաբար խախտելով սահմանները, յաւակնութիւններ ներկայացնելով այսպէս կոչուած Արեւմտեան Ադրբեջանի տարածքին եւ հայ բնակչութեան հանդէպ ատելութեան խօսք տարածելով՝ յատկապէս կրթութեան ոլորտում, եւ կոչ է անում Ադրբեջանի ղեկավարութեանը վերջ դնել նման պահուածքին:
Ըստ Գասպար Կարապետեանի, բոլոր փոփոխութիւնները կատարուել են ադրբեջանական զեկոյցում, եւ պատժամիջոցների կէտը ներառուած է ադրբեջանական բանաձեւի հենց առաջին կէտում, քանի որ Եւրոպական ժողովրդական խմբից՝ զեկուցող բուլղարացի Անդրեյ Կովաչեւի պատրաստած հայկական զեկոյցն արդեն լաւ մշակուած էր։
«Չի կարելի ասել, որ ադրբեջանական զեկոյցի հեղինակը՝ նոյն Եւրոպական ժողովրդական խմբից խորուաթացի Ժելիանա Զովկոն եղել է ադրբեջանամէտ, բայց ադրբեջանական զեկոյցում պատժամիջոցները ներառնելը իրական մարտավարական նշանակութիւն ունի՝ որպէսզի Ադրբեջանը պարտաւորուի կատարել այդ կէտը»– տեղեկացնում է Գասպար Կարապետեանը, պատմելով բանաձեւերի առաւել նպաստաւոր դարձնելու հնարաւորութիւնները։ «Կարգն այն է, որ զեկոյցը պատրաստ լինելուց յետոյ այն քննարկուում եւ փոփոխուում է Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում։ Եւ եթէ զեկուցողը տեղեկանում է նոր դէպքերի, որոնք կա՛մ ինքն է նկատել է, կա՛մ մենք ենք իրեն իրազեկել, կա՛մ դեսպանատունը, կամ մէկ ուրիշը, ապա նա կարող է կատարել իր լրացումները, եւ Եւրոխորհրդարանը նոյնպէս իրաւունք ունի իր փոփոխութիւններն առաջարկել, եթէ դրանք 71 պատգամաւոր ստորագրեն»,- պարզաբանում է նա։ Եւ հենց այս փուլում է, որտեղ որ ՀՅԴ Հայ դատի գրասենեակը կարողանում է դրանց վրայ առաւելագոյնս ազդել։ «Այսպիսով, հարկ է ընդգծել, որ Ֆրանսուա-Քսավյե Բելլամին եւ Նատալի Լուազոն մեծ ջանքեր են գործադրել մի շարք կարեւոր՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի յիշատակման եւ Ադրբեջանի հանդէպ պահանջուող պատժամիջոցների առաջարկները աւելացնելու ուղղութեամբ։ Եւ ես անձամբ մի քանի օր զանգահարել եմ պատգամաւորներին՝ 71 ստորագրութիւնները ստանալ նրանց օգնելու համար: Մենք Բելամիի հետ աշխատել ենք պատժամիջոցների փոփոխութիւնների շուրջ»-, բացատրում է Գասպար Կարապետեանը։
Առանձնացնենք, որ բանաձեւների ընդունմանը յաջորդող ելոյթները նամանաւանդ յատկանշական էին։ Այսպէս, Միք Ուոլեսը յայտարարել է, որ հայկական եւ ադրբեջանական տեքստերի միջեւ հնչերանգային տարբերութիւններն ապշեցնում են․ «Եւ մենք չենք կարող բաւականաչափ դատապարտել Ադրբեջանին իր ռազմական ագրեսիայի, քաղաքական եւ քաղաքացիական հասարակութեան ակտիվիստների հետապնդումների եւ մարդու իրաւունքների բոլոր տեսակի խախտումների համար: […] Այնուամենայնիւ, բռնապետ եւ ագրեսոր Ադրբեջանը մեր մտերիմ գործընկերն է»,– հնչեցրել է պատգամաւորը։ Նմանապէս, Քլէր Դալին ընդգծել է, որ Ադրբեջանի վերաբերեալ այս զեկոյցն իսկապէս հետաքրքիր է կարդալ։ «Այն պարունակում է պատերազմական յանցագործութիւնների […], խոշտանգումների եւ անդամահատումների, […], ռասիստական ատելութեան խօսքի, […], Բաքուում գտնուող գրոտեսկային դժնժակ ռազմավարի պուրակի, […] մասին մեղադրանքներ»,- թուարկել է եւրոպատգամավորը։
Հարկ է նշել, որ ի պաշտպանութիւն Ադրբեջանի ելոյթներ չեն արձանագրուել։ Դրա պատճառներից մեկն է նաեւ «խաւիարային դիւանագիտութեան» ազդեցութեան տակ լինելու պիտակաւորման մտավախութիւնը։
Ի՞նչ է կշտամբում Ալիեւը ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակին
Եւրոխորհրդարանում ընդունուած բանաձեւերը, այնուհանդերձ, անմիջական հետեւանք չունեն։ «Սակայն այս բանաձեւների արձանագրման կարեւորութիւնը այն է, որ ինչ-որ մի պահ դրանց հետ այնուամենայնիւ հաշուի նստելու են, եւ դրանք հանդիսանում են ճնշման համար միջոցներ։ Այդ է պատճառը, որ Ալիեւը խիստ զայրացած է»,- պարզաբանում է Գասպար Կարապետեանը։ «Սրանից 2-3 ամիս առաջ, երբ արտգործ յանձնաժողովի հետ Եւրոխորհրդարանի պատուիրակութիւն մեկնել էր Բաքու, արարողակարգից բոլորովին անդին Ալիեւը իրենց ծանր խօսքեր ասաց, շատ ծանր, որպիսիք չի կարելի կիրառել քաղաքականութեան մէջ։ Ամբաստանեց, նրանց յանդիմանելով, որ հայերի ձեռքին են գտնուում, որ Եւրոխորհրդարանը Հայաստանի խորհրդարանից էլ աւելի վատ բանաձեւեր ունի Ադրբեջանի հանդէպ։ Նա այնքան կատաղեց, որ բարձրաստիճան ներկայացուցիչներին ասաց, թէ դուք ինքներդ չէք որոշումներ կայացնում, որ այդ որոշումները կայացնում է բրիւսէլեան լոբբիստը, մենք՝ այսինքն, որ իրենք հանդիսանում են մեր գործակատարները։ Ալիեւը բոլորովին այլ իրականութեան մէջ է գտնուում»։
Ի՞նչ է կշտամբում Ալիեւը, եթէ այդ բանաձեւերն անմիջական ազդեցութիւն չունեն։ Խնդրին այն է, որ Ալիեւը լաւատեղեակ է, որ այսօրինակ բանաձեւերով ինքը եւ իր երկիրը վարկաբեկուում են, եւ եւրոպական կառոյցների հետ բանակցելու ընթացքում դրանք Ադրբեջանի դէմ խաղաքարտեր են, որ իրենից աւելին կպահանջեն՝ մատնանշելով, որ ահա թէ ի՛նչ է մտածում մեր խորհրդարանը։ Այս ամենը վաղ թէ ուշ իր դերակատարութիւնը ունի՝ լինի՛ այսօր, լինի՛ տասը տարի անց։ Սրանք են ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի հանդէպ այս բոլոր յարձակումների պատճառները։
Հիմնական աղբիւրը՝ yerkir.am