Նիկոլ Փաշինեանը խօսում էր «Զանգեզուրեան միջանցքի» տալու մասին դեռ 2001-ին, երբ խմբագիր, ասում է aravot.am-ից Նելլի Գրիգորեանի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը՝ բանակում 5-րդ շարասեան առկայութեան, 11 հազար դասալիքների եւ «Զանգեզուրեան միջանցքի» թեմաների շուրջ խօսելիս։
Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում, իր ելոյթում, պատգամաւոր Զահիդ Օրուջն օրերս ասել էր. «…Հայաստանը համաձայնել է բացել «Զանգեզուրի միջանցքը», սակայն հրաժարուել է երկու երկրների ճնշումներից յետոյ: Իրանը նրանցից մէկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինեանին, որն ասաց․ «Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղութեան պայմանագիր կը ստորագրեմ», ուստի Իրանը Փաշինեանին վերջնագիր է ներկայացրել»: Փաշինեանին տապալել ցանկացող միւս երկիրն, ըստ ադրբեջանցի պատգամաւորի, ՌԴ-ն է: Նման յայտարարութիւն Փաշիեանն իսկապէս արել էր՝ 2022 թուականի սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում, ապա, նոյն օրը երեկոյեան, ֆէյսբուքեան ուղիղ եթերում, վերախմբագրել էր իր յայտարարութիւնն այն բանից յետոյ, երբ Բաղրամեան պողոտայում ինքնաբուխ հանրահաւաք սկսուեց: Վերջին մի քանի ամիսների զարգացումների եւ Տեղ ու Կոռնիձոր համայնքներում ադրբեջանական զինուած ուժերի անարգել առաջխաղացման, այժմ փաստացի սահմանագծման աշխատանքների իրականացման համատեքստում, ի՞նչ ենթադրութիւններ ունէք:
— Ցաւօք, աւելի քան համոզիչ են ադրբեջանցի պատգամաւորի խօսքերը։ Շեշտենք, որ թիւրքական աշխարհի համար, որի մաս է կազմում Ադրբեջանը, Սիւնիքն աւելի կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունի, քան Արցախը։ Այն, որ Արցախից յետոյ, Ադրբեջանի «ախորժակը» բացուելու է, կասկած չունէի։ Չէի կասկածում նաեւ, որ թէկուզ որեւէ խաղաղ զիջմանը, զիջող կողմին, այն է՝ Հայաստանին ստիպելու էին գնալ այլ զիջումների։ Եւ այդ ճնշումները լինելու էին անվերջ, ինչին այսօր ականատես ենք լինում։ Իսկ, այսպէս կոչուած «Զանգեզուրեան միջանցքին» համաձայնել, նշանակում է յանձնել ողջ Սիւնիքը։ Իսկ այն, որ վարչապետ կոչեցեալը համաձայնել է յանձնել Սիւնիքը, իբր կոմունիկացիաների բացման անուան տակ, այն է «Զանգեզուրեան միջանցք» տալով թշնամուն, կան նաեւ այլ փաստեր։ Դեռեւս 2001 թուականին, արդէն քաղաքական գործչ ի յայտ ներկայացրած «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, այսօրուայ վարչապետ կոչեցեալը, հիացմունքով գրում է միջանցքի «օգտակարութեան» մասին, բացայայտ նշելով, որ այն թիւրքական աշխարհի վաղեմի ցանկութիւնն է։ Եւ քանի որ եւ այն ժամանակ եւ այժմ նրա մտածողութիւնը ոչ թէ պետական է, այլ միայն ու միայն շահոյթ ստանալու, ապա կարելի է վստահաբար պնդել, որ գալով իշխանութեան, նա հետեւողականօրէն իրականացնում է այս դաւադիր ծրագիրը։ Այստեղից կարելի է եւ այլ հետեւութիւն անել․ չէ՞ որ առանց Արցախի հարցը լուծելու, այն է՝ յանձնելու, «Զանգեզուրեան միջանցքի» մասին նոյնիսկ խօսակցութիւններ չէին կարող լինել։ Երկրորդը փաստը Հայաստանի իշխանութեան խօսափողներից Ստեփան Գրիգորեանի հարցազրոյցն է, տուած 2021թ․ թուրքական «Անադոլու» գործակալութեանը։ Հարցազրոյցում սոյն գործիչը առաջարկում է տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով եւ դրական է համարում «Զանգեզուրեան միջանցքի» գաղափարը։ Ինչպէս նշեցի, Ստեփան Գրիգորեանը պատահական գործիչ չի, նա ցանկալի հիւրն է, ինչպէս վարչապետ կոչեցեալի, այնպէս էլ իշխանական լրատուամիջոցների։ Եւ նրա այս խօսքերին չհետեւեց ոչ մի իշխանական պատգամաւորի հակահարուածը (նրա վրայ թքելով, լեզուն կկտրելով եւ այլն)։
Այնպէս որ, իսկապէս վարչապետ կոչեցեալը պատրաստ էր այդ համաձայնագիրն, այսինքն՝ հերթական կապիտուլեացիան ստորագրելու, եթէ նրան չխոչընդոտէին առաջին հերթին Իրանն ու Ռուսաստանը, նաեւ 2022թ․սեպտեմբերի 14-ի ինքնաբուխ հաւաքը։ Բնականաբար, եւ Իրանը եւ Ռուսաստանը դէմ են «Զանգեզուրեան միջանցքին»՝ ելնելով իրենց ազգային շահերից, որոնք էլ համընկնում են Հայաստանի ազգային, բայց զարմանալիօրէն՝ ոչ Հայաստանի իշխանութեան շահերին։ Աւելի հեռահար ապագայով պայմանաւորուած, միջանցքին դէմ են նաեւ Հնդկաստանը, Չինաստանը, ողջ արաբական աշխարհը։ Յիշեցնենք, որ 1919-1921թթ․ Լեռնահայաստանի հերոսամարտի ժամանակ, Գարեգին Նժդեհին օժանդակում էր Պարսկաստանը։ Ամենազաւեշտալին այն է, որ Հայաստանի շատ հակառուս գործիչներ լուրջ դէմքերով խօսում են, իբր «Զանգեզուրեան միջանցքը» ռուս-ադրբեջանա-թուրքական ծրագիր է, մի պահ «մոռանալով» իրենց համախոհ եւ գործընկեր Ստեփան Գրիգորեանի անկեղծութիւնը։ Միջանցք տալ, նշանակում է ցամաքային կապ ստեղծել ողջ թիւրքական աշխարհի համար, վտանգելով Հիւսիսային Կովկասը, ապա ողջ Ռուսաստանը։ Ի դէպ, այդ մասին գրել է նաեւ վերոնշեալ յօդուածում նախկին լրագրող, այժմ վարչապետ կոչեցեալը։ Եւ վերջապէս, Հայաստանը ողջ աշխարհում, յատկապէս մեր տարածաշրջանում լուրջ գործօն էր, արցախեան յաղթանակներով, այժմ դադարել է լուրջ գործօն լինելուց։ Եթէ Հայաստանը կորցնի Սիւնիքը, ապա ընդհանրապէս ողջ աշխարհում որեւէ հետաքրքրութիւն չի ներկայացնի, կը լինի բոլորի կողմից արհամարհւած, մոռացուած տարածք։ Իսկ Ադրբեջանը Թուրքիայի աջակցութեամբ եւ դրդմամբ, հետեւողականօրէն, շարունակում է իր նկրտումները ողջ Հայաստանի, առաջին հերթին Սիւնիքի ուղղութեամբ, այն անուանելով արեւմտեան Զանգեզուր եւ քայլ առ քայլ առաջ շարժւում Տեղ եւ Կոռնիձոր գիւղերի ուղղութեամբ, զարմանալիօրէն՝ առանց հայկական կողմի դիմադրութեան։ Գուցէ դիմադրութեան բացակայութիւնը եւս մէկ անգամ ապացուցում է ադրբեջանցի պատգամաւորի խօսքի ճշմարտութիւնը։ Եւ արդեօք այդ համատեքստո՞ւմ չէ ՀԱՊԿ զօրավարժութիւններից հրաժարուելը։
— Կառավարութիւնը նաեւ որոշեց, որ ԱԱԾ սահմանապահ զօրախումբը պէտք է սահմանային հատուածներում ծառայութիւն իրականացնի՝ բանակի փոխարէն. սա՞ ինչ է նշանակում, Ձեր կարծիքով:
— Արդէն չգիտես ինչ գնահատական տալ։ Սահմանապահները, որպէս կանոն, հսկում են հակամարտութիւն չունեցող երկու երկրների սահմանները, օրինակ՝ Հայաստան-Վրաստան։ Իսկ թշնամական յարաբերութիւններ ունեցող երկրի հետ սահմանները լինում են յատուկ ամրացուած, կահաւորուած, համապատասխան զօրքերի եւ զինտեխնիկայի առկայութեամբ, կուտակումներով։ Այսօր հայ-ադրբեջանական, արդէն Ադրբեջանի կողմից խախտուած սահմաններին բանակը փոխարինել սահմանապահ ծառայութեամբ, պատկերաւոր ասած, նշանակում է թշնամուն հրաւիրել խեղճուկրակ գիքորական «Էստի համեցէք» գոչելով։
— Վերջին իրադարձութիւնների ֆոնին յատկապէս ուշագրաւ է դառնում իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը՝ բանակում 5-րդ շարասեան առկայութեան մասին: Այդ յայտարարութիւնը, թէեւ շատ քննարկուեց, սակայն, արդէն ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումների ֆոնին, դա կարծես նոր իմաստ է ստանում:
— Անշնորհակալ գործ է նրա յայտարարութիւնները մեկնաբանելը, բայց փորձենք։ Վարչապետ կոչեցեալը, փորձում է իր բոլոր ձախողումները գցել այլոց վրայ։ Բանակում, եթէ նոյնիսկ եղել է 5-րդ շարասիւն, ապա դրա պատասխանատուն գլխաւոր, գերագոյն հրամանատարն է, ուրիշ ոչ ոք։ Դու ես ստանձնել երկիրն ու բանակը ղեկավարելու պատասխանատուութիւնը, այնպէս որ մի գցիր քո ծանր մեղքերը, այն է՝ Արցախի 75%-ի եւ Հայաստանի տարածքների կորուստը, հազարաւոր զոհերն ու անհետ կորածները, հաշմանդամ դարձածները, տասնեակ գերիների առկայութիւնը, այլոց վրայ։ Եթէ նոյնիսկ բանակում եղել են դաւաճաններ, ապա ու՞ր էին հետախուզական եւ հակահետախուզական յատուկ ծառայութիւնները։ Եւ վերջապէս, այդ 5-րդ շարասի՞ւնն էր կարգադրել պարտադիր զօրակոչը փոխարինել կամաւորական ջոկատներով, թէ՞ 5-րդ շարասիւնն էր մերժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները պատերազմը դադարեցնելու, թէ՞ նոյն 5-րդ շարասիւնն էր արգելել կիրառելու «Իսկանդեր» հրթիռները։
— Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութեան տրամաբանական շարունակութիւնն էլ կարծես իր կնոջ՝ Աննա Յակոբեանի յայտարարութիւնն էր 44-օրեայ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիքների մասին, մինչդեռ, 168.am-ին դատախազութիւնից փոխանցել էին, որ դասալքութեան յատկանիշներով 214 քրէական գործ է յարուցուել 44-օրեայ պատերազմից յետոյ եւ, որպէս մեղադրեալ է ներգրաւուել է 59 զինծառայող: Այս ակնյայտ խեղաթիւրումն ի՞նչ նպատակ է հետապնդում։
— Նախ փաստենք, որ Հայաստանում իշխում է ոչ թէ ինչ-որ քաղաքական ուժ, կուսակցութիւն կամ կոալիցիա, այլ մի ընտանիք՝ ամուսիններ, գուցէ նաեւ դուստրեր։ Իսկ վարչապետուհու խօսքի նպատակը նոյնն է՝ սեփական ձախողումներն ու մեղքերը գցել այլոց վրայ։ Սակայն, այս առիթով կը ցանկանայի զուգահեռներ անցկացնել 2016թ․ 4-օրեայ եւ 2020թ․ 44-օրեայ պատերազմների միջեւ։ Յիշում եմ, թէ ինչպիսի անհանգստութիւն եւ միասնութիւն էր տիրում 2016թ․ 4-օրեայ պատերազմի օրերին։ Փողոցում, խանութում, ամենուր այդ մթնոլորտն էր, ոչ մի կատակ, քեֆ-ուրախութիւն։ Այդ պայմաններում անհնար էր պարտուել։ Իսկ ինչպիսի մթնոլորտ էր տիրում Հայաստանում 44-օրեայ պատերազմի օրերին․ ռեստորաններն ու սրճարանները լեփ-լեցուն, երիտասարդ տղաները ուրախ զուարթ կատակում էին։ Այս մթնոլորտին նախորդել էր իշխանութիւնների հակաարցախեան հռետորաբանութիւնը, ժողովրդի պառակտումը՝ նախկիններ-ներկաներ, սեւեր-սպիտակներ եւ այլն։ Եւ չնայած այս իրավիճակին, ինքս չեմ հաւատում վարչապետուհու ներկայացուած թուերին, որը հերքուեց նաեւ իրենց ենթակայ դատախազութեան կողմից։ Բայց հարց է ծագում, այդ ինչպէ՞ս եղաւ, որ վարչապետուհու եւ Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահի կողմից հայ դասալիքների մասին թուերը մէկը մէկին համընկան։ Ո՞վ է այդ թիւը փոխանցել Ադրբեջանի նախագահին, 5-րդ շարասի՞ւնը։ Եւ ո՞վ է կրկնում Ադրբեջանի նախագահին, նոյնպէս 5-րդ շարասիւ՞նը։ Իհարկէ, ամէն երկրում, յատկապէս պատերազմի ժամանակ, լինում են դասալիքներ։ Բայց եթէ նրանց քանակն, իսկապէս շատ է, ապա պատասխանատուն տուեալ երկրի իշխանութիւններն են, որոնք չեն ապահովել համապատասխան ազգային միասնականութիւն ապահովող մթնոլորտ։ Երկրորդ, եթէ նոյնիսկ ունեցել ենք մեծաքանակ դասալիքներ, ապա այդ մասին հնչեցնելն, այն էլ թիւն ուռճացնելով, առնուազն պետական անվտանգութեանը սպառնացող վտանգ է։ Երրորդ, հետաքրքիր է, այդ ՔՊ կոչուող խմբակից քանի՞ հոգի են զօրակոչուել, ներեցէք՝ կամաւոր մեկնել ռազմաճակատ։ Հաստատ ոչ ոք։ Նրանք մաս կազմո՞ւմ են այդ դասալիքներին։ Եւ վերջապէս, ով ով, վարչապետուհին իրաւունք չունի խօսել դասալիքների մասին, չէ՞ որ իր «Նրանք զոհւում են յանուն ոչնչի» խօսքերով նա խրախուսել է դասալքութիւնը։
Հիմնական աղբյուրը՝ aravot.am