Հայաստանի իշխանութիւնը, պատմական Հայաստանի տարածք՝ Արցախն, իր բնիկ, դարերով իր հողի վրայ ապրող, մաքառող հայրենակիցներին յանձնում է 1918թ․ ստեղծուած Ադրբեջան կոչուող, տարածաշրջանում եկուոր, հայատեաց ցեղերի պետութեան քմահաճոյքին, գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

« ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցութիւնների քննարկուող թեմաներից մէկը, երկու երկրներում էթնիկ փոքրամասնութիւնների իրաւունքների եւ անվտանգութեան հարցերն են »,- գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

“Հետաքրքրական է, սա նշանակո՞ւմ է արդեօք, որ կողմերը քննարկում են, օրինակ՝ Հայաստանում եզդիների, ասորիների, մոլոկանների եւ այլ ազգային փոքրամասնութիւնների, իսկ Ադրբեջանում՝ ուդիների, թաշիշների, թաթերի, լեզգիների եւ նոյնպէս այլ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները։ Բնականաբար՝ ոչ։

Կարծում եմ, որ բոլորին պարզ է, թէ ինչ նկատի ունեն՝ Ադրբեջանի կազմում հայ էթնիկ փոքրամասնութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը։ Չեմ բացառում նաեւ, որ քննարկման առարկայ է նաեւ, մօտ ապագայում, Հայաստանում ադրբեջանցի էթնիկ փոքրամասնութեան իրաւունքների եւ անվտանգութեան հարցերը։

Այսինքն, Հայաստանի իշխանութիւնը, պատմական Հայաստանի տարածք՝ Արցախն, իր բնիկ, դարերով իր հողի վրայ ապրող, մաքառող հայրենակիցներին յանձնում է 1918թ․ ստեղծուած Ադրբեջան կոչուող, տարածաշրջանում եկուոր, հայատեաց ցեղերի պետութեան քմահաճոյքին։

Նման, այլ բառ չեմ գտնում՝ նման դաւաճանութիւն, սեփական հայրենիքի եւ հայրենակիցների նկատմամբ աներեւակայելի է։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի կազմում Արցախը կարճ ժամանակում կը հայաթափուի։ Յիշենք 1903-05թթ․ հայ-թաթարական (այն ժամանակ ադրբեջանցիների անուանումը) բախումները, 1919թ․ Բաքուի ջարդերը, 1920թ․ Շուշիի ջարդերը, խորհրդային տարիներին Նախիջեւանի հայաթափումը, Արցախի ժողովրդագրական էական փոփոխութիւնը, 1988-1990 թթ․ Սումգայիթի, Բաքւի, Գանձակի (Կիրովաբադ) ջարդերը, հետագայում Գետաշէնի եւ այլ հայկական գիւղերի ջարդերը, Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացումը, էլ չեմ ասում Գուրգէն Մարգարեանի, հայ գերիների վայրենաբար սպանութիւնների մասին։ Արցախը, ԽՍՀՄ տարիներին, չնայած Բաքուի բոլոր ջանքերին, չհայաթափուեց, շնորհիւ արցախահայութեան կամային յատկութիւնների։ Սակայն, այլեւս Ադրբեջանի ղեկավարութիւնը չի հանդուրժի Արցախում հայ բնակչութեան առկայութեանը։ Ոչ մի միջազգային երաշխիք պարզից էլ պարզ է, չի աշխատի։

Եթէ, այսպէս կոչուած, միջազգային հանրութեանը, իսկապէս անհանգստացնէր Արցախի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան հարցերը, ապա վաղուց ճանաչած կը լինէին Արցախի ինքնորոշումն ու անկախութիւնը, ինչպէս Կոսովոն։ Միջազգային հանրութիւն կոչուածը, շատ լաւ գիտակցում է, որ Ադրբեջանի կազմում լինելու դէպքում, Արցախը լաւագոյն դէպքում կը հայաթափւի։ Ոչինչ, նոյն միջազգային հանրութիւնը մտահոգութիւններ կը յայտնի եւ խստօրէն կը դատապարտի հայ ժողովրդի հերթական ցեղասպանութիւնը։

Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ում քննարկման առարկայ է նաեւ ադրբեջանցիների, այսպէս կոչուած փախստականների վերադարձն ու նրանց իրաւունքների եւ անվտանգութեան ապահովումը Հայաստանում, բնականաբար հայկական կողմից ոչ մի խօսք հայ փախստականների վերադարձի մասին հայկական պատմական հողեր՝ Գանձակ, Գետաշէնի տարածաշրջան, նաեւ Բաքու։ Ադրբեջանցիների հնարաւոր վերադարձին կը հետեւի, որեւէ սադրանք եւ որն էլ առիթ կը հանդիսանայ թուրք-ադրբեջանական ներխուժմանը, ահաբեկչութեան դէմ պայքարի անուան տակ, ինչպէս Կիպրոս, Սիրիա, Իրաք։

Այսպիսով, հայ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում Արցախի, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի դէմ դաւադրութիւն եւ այն էլ Հայաստանի իշխանութիւնների համաձայնութեամբ եւ ակտիւ մասնակցութեամբ։

Եւ ամենազարմանալին եւ ցաւալին այն է, որ այս ամենին, կարծես բոլորս համակերպուել ենք, չկայ լուրջ դիմադրութիւն։ Հասկանանք վերջապէս, այս դաւադրութեան իրականանալու դէպքում, միայն Հայաստանի դաւաճան իշխանութիւնը չի լինի պատասխանատու եւ մեղաւոր։

Մեղաւոր կը լինենք բոլորս, հայ ժողովրդի բոլոր խաւերը՝ տարբեր, միմեանց խանդող եւ չմիաւորուող ընդդիմութեան ներկայացուցիչները, հասարակական գործիչները, մտաւորականները, երիտասարդները, ուսանողները, գործարարները, քաղաքաբնակներն ու գիւղացիները, սփիւռքահայերը եւ մնացեալ ողջ հայ ժողովուրդը”, — գրում է իրաւապաշտպանը։

Աւելացնենք, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակուում են, aysor.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Անի Բադալեանը։

«Քննարկումներն այսօր էլ շարունակուում են։ Ըստ անհրաժեշտութեան՝ ընթացքի և արդիւնքների վերաբերեալ կլինի հաղորդագրութիւն», — յայտնեց Անի Բադալեանը։

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:

«Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ Ադրբեջանի գործողութիւնները, ամենաբարձր մակարդակով հնչած անհանդուրժողականութեան խօսքերը և ուժի կիրառման բացայայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մտադրութիւնների և իրական սպառնալիքի մասին։ Նշուել է, որ տարածաշրջանում համապարփակ կարգաւորման և երկարաժամկէտ կայունութեան բանալին զօրքերի դուրսբերումն է, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ երկրների միջև սահմանազատումը, ժողովրդի իրաւունքների և անվտանգութեան հարցերի լուծումը։ Լեռնային Ղարաբաղի՝ միջազգայնօրէն երաշխաւորուած երկխոսութեան մեխանիզմի շրջանակներում»,- նշել են ԱԳՆ-ում։

Հիմնական աղբիւրը՝ 168.am