Հայաստանի Հէլսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը՝ բրիւսէլեան բանակցութիւնների մասին զրուցել է aravot.am-ի զրուցակից Նելլի Գրիգորեանի հետ։
— Բրիւսէլում տեղի ունեցած հանդիպումից յետոյ ԵԽ նախագահ Շառլ Միշէլը յայտարարեց, որ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականութեան ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ և յարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։ Ըստ էութեան, այդ յայտարարութիւնը Նիկոլ Փաշինեանը կրկնեց նաեւ Ռեյկյավիկում։ Առաջիկայում էլ նախատեսուած է ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկուայում, ապա բանակցութիւնները կշարունակուեն Քիշնեւում: Ի՞նչ տպաւորութիւններ ունէք, ի՞նչ է տեղի ունենում:
-Բրիուսէլեան հանդիպումը Պրահայի հանդիպման ժամանակ եղած համաձայնութիւնների հաստատումն էր, այն է՝ Հայաստանն իր վարչապետ կոչեցեալի դէմքով, հրաժարուում է Արցախից, այն համարելով Ադրբեջանի տարածք։ Յիշենք, որ ըստ «Մադրիդեան սկզբունքների», Արցախի հարցի լուծումը դիտարկուում էր, ինչպես երկրների տարածքային ամբողջականութեան, այնպէս էլ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներից ելնելով։ Առաջին հայեացքից թուում է, թէ այս համատեղ հռչակուած սկզբունքները միմեանց հակասում են։ Բայց յարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը չէր նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն ինքնորոշուել և անկախութիւն էր հռչակել, մինչ Ադրբեջանի կողմից անկախութիւն հռչակելը։ Բացի այդ, Ադրբեջանն իրեն հռչակել էր 1918թ․ Ադրբեջանի հանրապետութեան ժառանգորդ, իսկ Արցախն այն ժամանակ Ադրբեջանի կազմում չէր և համարուում էր վիճելի տարածք, ինչպես Սիւնիքը։
Այս ամենը հաշուի առնելով, չեմ բացառում, որ շատերը յոյսեր ունէին, որ երբ վարչապետ կոչեցեալը յայտարարում էր, որ ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառ․ կմ տարածքը և Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, այն չէր նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք։ Եւ հենց այս «բացը» լրացնելու համար ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլը բրիւսէլեան հանդիպումից անմիջապէս յետոյ յայտարարեց որպէս Հայաստանի տարածք 29,8 հազար քառ․ կմ, Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառ․ կմ, այսինքն՝ ներառած Արցախը։
Յիշենք մի կարևոր հարցի մասին, որ ամեն պետութիւն ցանկացած հարցում, այդ թուում՝ Արցախի, շարժուում է միայն ու միայն իր ազգային շահերից ելնելով։ Այս տեսանկիւնից պէտք է դիտարկել Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի առաջարկը՝ Արցախի հարցի լուծումը թողնել հետագային, քանի որ Ռուսաստանին տարածաշրջանում իր ներկայութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է այստեղ ունենալ զինուած ուժեր։ Պարզ է, չէ՞, որ եթէ Հայաստանը կատարում է Ադրբեջանի պահանջը, Արցախը նուիրելով Ադրբեջանին, ապա ռուսական խաղաղապահներն այլևս անելիք չունեն։
Սա այն դէպքն էր, երբ մեր և Ռուսաստանի շահերը համընկնում էին։ Սակայն Պրահայում Հայաստանի վարչապետ կոչեցեալը, այլ բառեր չեմ գտնում, հրապարակային ուրացաւ Արցախն՝ այն ճանաչելով Ադրբեջանի տարածք։ Պրահային յաջորդած Սոչիում հանդիպմանը Ադրբեջանի նախագահը յղում արեց Պրահայի պայմանաւորուածութիւնը և համատեղ յայտարարութիւնից դուրս մնաց Արցախի հարցը։
Այնպէս որ, Մոսկուայում սպասուելիք արտգործնախարարների հանդիպումից մեծ սպասելիքներ չունեմ։ Ուղղակի Ռուսաստանը փորձեր է անում դուրս չմնալ Հայաստան-Ադրբեջան բանակցութիւններից։ Եւ տուեալ դէպքում, արդեն դժուար է ասել, թէ Ռուսաստանն ինչպիսի՞ դիրքորոշում կունենայ ընդհանրապէս հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման հարցում։
Այստեղ կուզենայի զուգահեռներ տանել 1921թ․ և մեր օրերի միջև։ Յայտնի է, որ Կավբիւրոյի 1921թ․ երկու նիստերում (յունիսի 3-ին և յուլիսի 4-ին) որոշուել է Արցախը միացնել Հայաստանին։ Մեզ չեն ասում, թէ ինչեր են եղել այդ վերջին որոշումից յետոյ, այլ միայն ասում են, որ հաջոցդ իսկ օրը՝ յուլիսի 5-ին, նոյն Կավբիւրոն նորից նիստ է հրաւիրել և այս անգամ որոշել՝ Արցախը յանձնել Ադրբեջանին կամ Ռուսաստանը հայկական Արցախը տուեց Ադրբեջանին։ Իրականում, յուլիսի 4-ի որոշումից յետոյ, Ադրբեջանի կառավարության նախագահ Նարիմանովը և բոլոր ադրբեջանցի բոլշևիկներն ընդվզել են, իսկ հայ բոլշևիկները՝ Լևոն Կարախանը և միւսները չեն հակաճառել իրենց ադրբեջանցի գործընկերներին։ Եւ ի՞նչ էք կարծում, ինչպես պէտք է վարուեր Ռուսաստանը, երբ մի կողմը դէմ էր Արցախը զիջելուն, իսկ միւս՝ հայկական կողմը համաձայն էր բուն հայկական Արցախը զիջելուն, յանուն երկու ազգերի բարեկամութեան։ Եւ եթէ չլիներ Գարեգին Նժդեհի կողմից կազմակերպուած Սիւնիքի ինքնապաշտպանութիւն-հերոսամարտը, ապա հաւանաբար հայ բոլշևիկները Սիւնիքը նոյնպէս «կնուիրէին» «եղբայրական» Ադրբեջանին։
Այսպիսով, շուրջ 100 տարի անց, պատմութիւնը կրկնուում է։ Եւ էթէ այսօր նոյնպէս, Ռուսաստանը, ելնելով երկու հակամարտող կողմերի դիրքորոշումներից՝ երբ հայկական կողմը ամեն զիջումների պատրաստ է, երբ ինչ-ինչ դիրք զբաղեցնի, տարիներ անց, նոյնպէս Արցախի կորուստը կբարդենք Ռուսաստանի վրայ։ Մի առիթով ասել եմ, եթէ ռուսը, վրացին, ադրբեջանցին առաջին հերթին ռուս է, վրացի, ադրբեջանցի, յետոյ նոր բոլշևիկ, լիբերալ, ժողովրդավար, իրաւապաշտպան, ապա հայն առաջին հերթին բոլշևիկ է, լիբերալ, ժողովրդավար, իրաւապաշտպան, յետոյ գուձէ, շեշտում եմ՝ գուցէ և հայ։ Սակայն, կարծում եմ 1921թ․ հայ բոլշևիկների և այսօրուայ հայ «ժողովրդավարների» միջև կա մէկ էական տարբերութիւն։ Եթե հայ բոլշևիկներն իրականում, գաղափարական գործիչներ էին, ապա այսօրուայ քպ-ականները՝ «ժողովրդավարութեան» դիմակի, իրականում՝ անգաղափար, անհայրենիք նիւթապաշտներ են։
Ինչ վերաբերում է սպասուելիք Քիշնեւի հանդիպմանը, ես մտավախութիւն ունեմ, որ այնտեղ հերթական հակահայկական փաստաթուղթ կստորագրուի։ Այսպիսով, մի քանի բրիւսէլեան, Պրահայի, սպասուելիք Քիշնեկի հանդիպումներն ու դրանց յաջորդած յայտարարութիւններն ապացուցում են, որ քաղաքակիրթ արևմուտքին բացարձակապէս չի հետաքրքրում, որ 120 000 արցախցի հայեր կենթարկուեն ցեղասպանութեան։ Այսպիսին է եղել և շարունակում է նոյնը մնալ, մեր առաջադէմ գործիչների երկրպագած արևմուտքի պրագմատիկ քաղաքականութիւնը։ Ինքս բնաւ չեմ մեղադրում ինչպես հաւաքական արևմուտքին, այնպէս էլ Ռուսաստանին, հասկանալով, որ ամեն երկիր, ի տարբերութիւն՝ Հայաստանի, շարժուում է, ոչ թէ մարդասիրական կամ հայասիրական մոտիվներով, այլ միայն իր ազգային շահերով։
— Հայաստանի իշխող խմբի պաշտօնեաները չեն յայտարարում, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, աւելին, տեսակէտներ են հնչում, որ Արցախը կարող է պայքարել իր ինքնիշխանութեան համար: Տրամաբանակա՞ն է այս մօտեցումը, ինչպէ՞ս էք պատկերացնում Արցախի պայքարը:
— Անկեղծ ասած, չեմ լսել նման յայտարարութիւններ։ Իհարկէ, ձեզ հաւատում եմ, որ եղել են նման պաշտօնեաներ, բայց նրանց՝ ոչ։ Եթէ նրանք անկեղծ են, ապա պէտք է խիստ յայտարարութիւնն անեն և հրաժարական տան։ Հակառակ դէպքում, նրանք ուղղակի, վարչապետ կոչեցեալի համաձայնութեամբ, ձևեր են թափում։
Ինչ վերաբերում է Արցախի ապագային, ապա ես համոզուած եմ, որ անելանելի վիճակներ չեն լինում։ Եթէ մենք համակերպուենք Արցախի, այն է՝ Հայաստանի, այո՛ ողջ Հայաստանի կորստի հետ, ապա բոլորս, ողջ հայ ժողովուրդը պատասխանատու կլինի հայրենիքի կորստի համար։ Ինչպէս արցախեան շարժումը բերեց և Արցախի և Հայաստանի ազատագրմանն ու անկախութեանը, այնպէս էլ, Արցախի անկումը կբերի տարածաշրջանում ողջ հայկական աշխարհի վերացմանը։ Այս դաւադրութեան դէմ պէտք է վճռական պայքարի ելնենք բոլորս՝ Հայաստան, Արցախ, Սփիւռք և հաւատացնում եմ, այդ դէպքում հաջողութեան կհասնենք։ Եւ այդ պայքարը պէտք է սկսուի հնարաւորինս շուտ, առնուազն մինչ քիշնեւեան հերթական դաւադրութիւնը։
— Ի դէպ, Սամուել Բաբաեյանը կրկին ակտիվացել է, Արցախում հանրահաւաք արեց՝ պահանջելով պետնախարարի պաշտօնը: Արայիկ Յարութիւնեանն էլ ընդառաջ է գնացել, քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում. Արցախն ի՞նչ գործընթացի մէջ է:
— Սամուել Բաբայեանն իմ ամենամեծ հիասթափութիւններից է։ Նրա նկատմամբ չունեմ դոյզն իսկ վստահութիւն։ Եւ նրա այս «նախաձեռնութիւնը» շատ կասկածելի է և ամենայն հաւանականութեամբ՝ համաձայնեցուած Հայաստանի վարչապետ կոչեցեալի հետ
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին, ապա համոզուածութիւն ունեմ, որ նա իր ամեն քայլը համաձայնեցնում է Հայաստանի վարչապետ կոչեցեալի հետ։
Եւ եթէ Արցախում չլիներ լուրջ դիմադրութիւն, ապա կարծում եմ,որ նա կհամաձայնուեր Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հետ։ Սամուել Բաբայեանի նախաձեռնութիւնը տեսնում եմ այս համատեքստում։
-Օրերս բաւական ուշագրաւ յայտարարութիւնն արեց նաեւ ՀՀ-ում ԵՄ պատուիրակութեան դեսպան Անդրեա Վիկտորինը. դեսպանն ասաց, որ ԵՄ դիտորդները Սոթքում եւ հայ-ադրբեջանական սահմանի միւս թեժ կէտերում չեն եղել՝ բախումների շրջանում, բայց սահմանին բաւական զգալի երկայնքով ներկայ են: Աւելին, դեսպանը խօսեց նաեւ այն մասին, որ 1-2 կէտով հայկական զօրքերը գտնուում են Ադրբեջանի սահմանին : Ի՞նչ էք կարծում, ի՞նչ նկատի ունի դեսպանը եւ ինչո՞ւ ԵՄ դիտորդները թեժ հատուածները չեն դիտարկում, հետեւաբար, ո՞րն է դիտարկումների նպատակը:
– Հայաստանում ԵՄ դեսպանն, ի պատիւ իրեն, ասաց ճշմարտութիւնը, ցրելով շատերի անիմաստ յոյսերը ԵՄ դիտորդների հետ կապուած։ Ցանկացած տրամաբանութիւն ունեցողի համար պարզից էլ պարզ էր ԵՄ դիտորդների ներկայութեան, եթէ ոչ վտանգաւորութիւնը, այլ առնուազն անիմաստութիւնը։ Պարզ էր որ ԵՄ դիտորդներն իրենց կեանքը չէին վտանգելու յանուն բազմաչարչար հայ ժողովրդի։
ԵՄ դիտորդների վերաբերյալ հետաքրքրական տեղեկութիւն տուեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը։ Պարզւում է, որ դիտորդների առաքելութեան մէջ է մտնում շփումները սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ և վստահութեան մթնոլորտի ստեղծումը։ Հարց է առաջանում, վստահութեան մթնոլորտ ո՞ւմ հետ, ադրբեջանցիների՞։ Ո՞ր ադրբեջանցիների, նրանց ում մանկուց սովորեցրել են ատել և սպանել հային և որոնք պէտք է «վերադառնան» որպէս փախստականնե՞ր։ Արդեօք աւելի ճիշտ չէ՞ր լինի, որ ԵՄ դիտորդներն այդ դաստիարակչական աշխատանքը տանէին Ադրբեջանում, որն իհարկէ, Ադրբեջանի նախագահը կարգելեր։ Իսկ անիմաստ, քանի որ Ադրբեջանը շատ լաւ գիտակցում է, որ ԵՄ-ն երբեք Ադրբեջանի դէմ որևէ քայլ, յայտարարութիւնն չի անի։ Այսօր Ադրբեջանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է, որի մասին բացայայտ յայտարարում են ԵՄ բարձրաստիճան պաշտօնեաները։ Վտանգաւոր, քանի որ, նրանց ներկայութիւնն անհանգստացնում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ մեր բնական դաշնակից Իրանին։ Իսկ այն, որ ըստ ԵՄ դեսպանի հայկական զինուած ուժերը գտնուում են 1,2 ադրբեջանական տարածքներում, ապա կարծում եմ, նա կրկնում է Ադրբեջանի պահանջն, այսպէս կոչուած անկլանելիի մասով։
Հիմնական աղբիւր՝ aravot.am