Երևանում ընթանում էր «Ժողովրդավարութեան հայկական ֆորում» անուանումով համաժողովը, գրում է Հայաստանի Հէլսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը։
Ըստ համաժողովի դահլիճի պատերի պաստառների, կարելի է ենթադրել, որ այն հովանաւորել է ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսաւորող « Ֆրիդոմ հաուզ» իրաւապաշտպան կազմակերպութիւնը։
Թռուցիկ հետևելով համաժողովի, ներեցէք՝ ֆորումի աշխատանքներին և որոշ ելոյթներին, նկատեցի, որ բացի Թագուհի Թովմասեանից, այլ՝ այսօրեայ իշխանութեանը լուրջ քննադատող գործիչ հրաւիրուած չէր։ Ելոյթ ունեցողները, թոյլատրելի սահմաններում քննադատում էին իշխանութեանը, իրականում՝ «ջան ասում, ջան լսում»։
Բնականաբար, ֆորում կոչուածը հիանալի առիթ էր աշխարհի ամենաժողովրդավար վարչապետի համար հերթական անգամ ինքնացուցադրման և ճառասացութեան համար։ Նրա հերթական «դարակազմիկ» մտքերից անդրադառնամ երկուսին․ «․․․Ժողովրդավարութեան բացակայութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում կամ ժողովրդավարութեան նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպէսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտութիւնը Ղարաբաղի հարցի մասին»։
Այս խօսքերից հետևում է, որ ժողովրդավարութիւնը նաև ճշմարտախօսութիւնն է՝ բաց և անկեղծ խօսակցութիւնն ժողովրդի հետ։
Ուստի, կարելի է պնդել, որ «թաւշեայ» յեղափոխութեան ժամանակ իրական էր Աբաջյանի պապիկը, տեսախցիկները վերացնելու խոստումը, հետագայում՝Ցեղասպանութեան յուշարձանային պապիկը, և այլն։ Վարչապետ կոչեցեալն իր խօսքում երբեք չի օգտագործում Արցախ անվանումը, որպէսզի չնեղացնի իր բարեկիրթ գործընկերոջը։ Իհարկէ, նա Արցախի հարցում եղել է միանգամայն անկեղծ և ճշմարտախօս․ «Ինչ ուզում, այն էլ բանակցում ենք․․․Ինչ որ պէտք է, էն էլ բանակցում ենք․․․Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ վա՜յ, էդ ի՞նչ էք բանակցում, և այլն»։
Յաջորդ միտքն այն էր, որ պարզուում է՝ 2021թ․ մարտին նա հրաժարական էր տուել և․․․ և Հայաստանը մնացել էր առանց կառավարության, որից էլ օգտուեց Ադրբեջանը՝ գրաւելով նոր տարածքներ։ Ա՛յ քեզ բան, պարզուում է՝ վարչապետը հրաժական էր տուել, լքել կառավարական առանձնատունը, թիկնապահներին, և ինչպես 2017թ․՝ ավտոտնակների տանիքներին թռչկոտելով քարոզարշաւ էր անում։ Իսկ ընդդիմադիր գործիչներին թխուած մեղադրանքների առաջադրման, նրանց կալանաւորման հրահանգներ տուող, վարչական հսկայական ռեսուրսով մուրճը ձեռքին ճառ ասող արարածն ո՞վ էր արդեօք։
Ամենահետաքրքրականը կոռուպցիային նուիրուած քննարկումն էր, ներեցէք՝ պանելը։
Պանելին մասնակցում էին Հակակոռուպցիոն կոմիտէի նախագահ Սասուն Խաչատրեանը և Թրանսփարանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազեանը։
Քանի որ ֆորումը նուիրուած էր ժողովրդավարութեանը, ապա պնդում եմ, որ որևէ իրական ժողովրդավարական երկրում անհնար էր, որ 2018թ․ յայտնի եռակողմ հեռախօսային խօսակցութեան բացայայտումից յետոյ նման գործիչը շարունակեր պաշտօնավարել, այն է՝ հլու-հնազանդ կատարել վարչապետի յանձնարարականները։ Էլ չխօսենք շուկայականից էականօրէն էժան շքեղ բնակարան ձեռք բերելու մասին։
Ուշադրութեամբ լսեցի Հայաստանի կայացած քաղհասարակութեան ականաւոր ներկայացուցիչ, կոռուպցիայի դէմ անխոնջ պայքարող Սոնա Այվազեանի ելոյթը։Պատկերացնում էի, որ նա կթուարկի քաղաքական կոռուպցիայի երևոյթները․
-Պատգամաւոր, նախարար, պաշտօնեայ-ազգականներ,
-Վարչապետուհու հիմնադրամին միլիոնների փոխանցումներ,
-Ծաղկաձորի հիւրանոցի կասկածելի օտարում և վաճառք։
-Զանգեզուրի կոմբինատի և Ամուլսարի բաժնետոմսերի պետական ռեկետ,
-ԱԺ խօսնակի եղբոր ասֆալտի ծաղկող բիզնես,
-Վարչապետի եղբօր նոյնպէս ծաղկող բիզնես, 50 000 դրամով ՀԷԿ-ի գնում,
-Մէկ անձից բազմաթիւ պետական գնումներ։
Բնականաբար, շարքը շարունակելի է։
Սակայն Սոնա Այվազեանը միայն ցաւով նշեց, որ Հայաստանը 2019-ի համեմատ կոռուպցիայի ընկալման հարցում անկում է ունեցել և մեծ յոյսով յղում անելով իր պաշտելի վարչապետի խօսքին՝ հաւաստիացրեց, որ այն կշտկուի․․․ընդամէնը․․․
Հայաստանի քաղհասարակութեան ականաւոր միւս դերակատարներին չլսեցի, բայց համոզուած եմ, ֆորումում չեն հնչել հետևեալ հարցերը․
-2018թ․ հարուցուած քրէական գործերի ֆիասկոն, քանի որ մինչ այժմ չկայ որևէ դատավճիռ,
-Պատուիրուած տասնեակ քաղաքական հետապնդումները,որպէս ապացոյց՝ Ջհանգիրեան-Վարդազարեան գաղտնազերծուած զրոյցը,
-Խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանութեան վայրագութիւնները,
-Արմէն Գրիգորեանի ողբերգական մահը,
-Սոնա Մնացականեանի, այո՛, սպանությունը,
-Էդգար Ղազարեանի ծեծը,
-Իշխանական էլիտայի անպատժելիութիւնը, նրանք կարող են սպայ, լրագրող ծեծել, թքել քաղաքացու դէմքին, կատարել սպանութիւններ՝ ինչպես Ապարանում, և մնալ անպատիժ։
Ինչպէս կոռուպցիայի դէպքերը, այնպէս էլ մարդու իրաւունքների խախտումների թուարկումը սպառիչ չէ։
Ֆորումում ելոյթներ ունեցան նաև ԱՄՆ և ԵՄ դեսպանները։ Նրանք հիացած են Հայաստանում ժողովրդավարութեան մակարդակից։ Նրանց լսելիս, թուում է, թէ գտնուում ենք Շվեյցարիայում։
Տիկին դեսպանները նոյնպէս չեն նկատում վերը նշուած մարդու իրաւունքների խախտումները։ Հարց է առաջանում, իսկապէ՞ս չեն նկատում, թէ՞․․․
Իհարկէ՝ թէ, քանի որ անհնար է չտեսնել։
Այսպիսով, արևմտեան ժողովրդավարութեան ջահակիր ԱՄՆ-ը և ԵՄ-ն, իրենց շահերից ելնելով, իրականում Հայաստանում վարկաբեկում են ժողովրդավարութիւն, իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ, պայքար կոռուպցիայի դէմ հասկացողութիւնները և խրախուսում են բռնապետութիւն և ստախօսութիւն արժէքները։
Իսկ ո՞րն է նրանց շահը։Արդեն պարզից էլ պարզ է՝ հրաժարուել Արցախից, հեռացնել այնտեղից ռուս խաղաղապահներին, բախտի քմահաճոյքին թողնելով արցախահայերին,իրականում՝ ցեղասպանութեան ենթարկել նրանց։
Վերջում նկատեցի, որ ֆորումում ներկայ էր յայտնի ստախօս, Զանգեզուրի միջանցքի ջերմեռանդ ջատագով Ստեփան Գրիգորեանը։
Այնպէս որ, ֆորումի նպատակն աւելի պարզ է դառնում։
Հ․Գ․ «Ֆրիդոմ հաուզ» իրաւապաշտպան կազմակերպութիւնը, ինչպես յօդուածի սկզբում նշեցի, անկախ կառոյց չի։ «Ֆրիդոմ հաուզ»-ն արտայայտում է ԱՄՆ քաղաքական շահերը՝ մարդու իրաւունքների շղարշի տակ։Մինչև 2005թ․ Ուզբէկստանում տեղի ունեցած Անդիջանի դէպքերը, «Ֆրիդոմ հաուզ»-ն Ուզբէկստանը համարում էր կայացած ժողովրդավարական երկիր:
Հիմնական աղբիւրը՝ 168.am