Փաշինեանի՝ մայիսի 22-ին արուած յայտարարութիւնը, թէ՝ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, բուռն քննադատութիւնների արժանացաւ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփիւռքում: Դատապարտող յայտարարութիւններով հանդէս եկան սփիւռքեան շատ կարեւոր կառոյցներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
«Շուեդիայի Հայկական Կազմակերպութիւնների միութիւնը (UAAS) խստօրէն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի մայիսի 22-ի յայտարարութիւնն առ այն, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Յայտարարութիւնն ակնյայտօրէն հակասում է միջազգային իրաւունքի այնպիսի դրոյթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, ինչպես նաև սուվերենութիւնը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրաւունքը։ Յայտարարութիւնը հակասում է նաև 1991 թուականի դեկտեմբերի 10-ի հանրապետական հանրաքուէի ժամանակ արտայայտած Արցախի պետական անկախութեան հռչակագրին։ Արցախի կարգավիճակն արդեն որոշուել է ժողովրդի արտայայտուած կամքով, այնուհետև մի քանի անգամ վերահաստատուել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից։ Վերջին վերահաստատումը եղել է Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնից անմիջապէս յետոյ։ Աւելին, Արցախի ժողովրդի համար ցանկացած կայուն և տևական լուծում պէտք է վայելի հակամարտութիւնում ներգրաւուած բոլոր կողմերի աջակցութիւնը։ Շուեդիայի հայկական կազմակերպութիւնների միութիւնը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի յայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղութեան, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետութեան ժողովրդի համար։ Ընդհակառակը՝ առաջարկուող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչութեան անվտանգութիւնը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ազգամիջեան հակամարտութեան պատճառ դարձան»։
«Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող մարմինը` CCAF-ը կտրականապէս դէմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանութեան սկզբունքին։ Մենք վճռականօրէն սատարում ենք Արցախում հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի ինքնորոշման կամքը՝ համաձայն Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեան 2-րդ յօդուածի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշուած սկզբունքների։ Միջազգային օրինականութեան խնդիր հանդիսացող այս իրաւունքն առաւել եւս անհրաժեշտ է, քանի որ արցախահայութիւնը էթնիկական զտումների գործընթացի թիրախ է, որն ակնյայտօրէն համահունչ է պանթուրքիզմին բնորոշ ցեղասպանական նախագծի շարունակականութեանը, ինչպես վկայուում է մասնաւորապէս 2020 թուականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայի և 2022 թուականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակման միջոցով:
CCAF-ը, որը միաւորում է Ֆրանսիայի տարածքում 1915 թուականի ցեղասպանութեան զոհերի ժառանգների կողմից ստեղծուած ասոցիացիաները, բողոքում է պատմութեան կրկնութեան ռիսկերի դէմ եւ կոչ է անում միջազգային մարմիններին զերծ պահել այս սպառնալիքից և պաշտպանել հայ ժողովրդին, այդ թուում՝ Լեռնային Ղարաբաղի, իր պապենական տարածքներում խաղաղ և ազատ ապրելու անքակտելի իրաւունքը։ CCAF-ը մասնաւորապէս կոչ է անում Ֆրանսիայի իշխանութիւններին օգտագործել իրենց ողջ կշիռը միջազգային ասպարէզում՝ պաշտպանելու ազատ և ժողովրդավարական Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը՝ ընդդէմ Ալիեւի ռեժիմի յանցաւոր նպատակների։ Առանց արդարութեան և ազատութեան հնարաւոր չէ խաղաղութիւն:
«Բէլգիայի հայերի կոմիտէն մեծ մտահոգութեամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը։ Այս շրջանի տեղաբնիկ հայ բնակչութիւնը, որը խիզախօրէն պայքարել է խաղաղութեան, ազատութեան և ժողովրդավար ապրելու համար, 2022 թուականի դեկտեմբերի 12-ից հայտնուել է շրջափակման մէջ։ Այս խայտառակ իրավիճակը դատապարտուել է մասնաւորապէս Արդարադատութեան միջազգային դատարանի, Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի, ինչպես նաև Եւրոխորհրդարանի կողմից։ Այս պայմաններում միջազգային հանրութեան պարտականութիւնն է բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրել՝ վերացնելու շրջափակումը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու իրաւունքը։ Ցաւով նշում ենք՝ ոչ միայն կոնկրետ ջանք չի գործադրուում այս ուղղութեամբ, այլ՝ ընդհակառակը, այս քննարկումներում ներգրաոուած միջազգային խաղացողները, կարծես թէ, բանակցում են տարածաշրջանի հազուագիւտ ժողովրդավարութիւններից մէկի կազմաքանդման պայմանների շուրջ՝ այն ամենավատ բռնապետութիւններից մէկի լծի տակ անցկացնելու համար։
Ի վերջոյ, կասկած չկայ, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կհանգեցնի նրա բնակիչների էթնիկ զտումներին և հայկական քաղաքակրթութեան բնօրրան պատմական մշակութային ժառանգութեան անհետացմանը։ Հայ ժողովրդի պատմությունը՝ Ցեղասպանութիւնից առաջ և յետոյ, մեզ ցոյց է տուել դրա բազմաթիւ օրինակներ։ Կեղծ կարճաժամկէտ առևտրային շահերի քողի տակ նոյնքան բացայայտ և անփութօրէն խրախուսելով ամենապտղութիւնն ու բռնութիւնը՝ մենք հող ենք պատրաստում տարատեսակ սանձարձակութիւնների համար։ Ուստի կոչ ենք անում Բէլգիային, նրա գործընկերներին և ընթացող քննարկումներում ներգրաւուած միջազգային խաղացողներին՝ չտրուել բռնապետութիւնների շանտաժին և սակարկութեանը, այլ վերանայել իրենց ներկայիս դիրքորոշումը և լիովին ձեռնամուխ լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայութեան՝ իրենց հայրենիքում խաղաղ, անվտանգ և ազատ ապրելու իրաւունքի գործին։ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին յայտարարութիւնները, ամենայն հաւանականութեամբ, չեն ազատի բանակցութիւնների գործընթացում անմիջականօրէն ներգրաւուած միջազգային հանրութեանը և Եւրոպային այն մօտալուտ ողբերգութիւնից, որին բախուել են Լեռնային Ղարաբաղի հայերը»։
Միացեալ Թագաւորութեան Հայ Համայնքային խորհուրդ եւ Իռլանդիայի թեմ.
«Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի վերջին շրջանին Հայաստան-Ատրպէյճան իրերայաջորդ քաղաքական հանդիպումներու լոյսին տակ կատարուող զարգացումները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն իւրաքանչիւր հայ անհատի մօտ, որ խորապէս մտահոգուած է Արցախի Հանրապետութեան շուրջ քննարկումներով։
Երկուշաբթի՝ մայիս 22-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ Ձեր արտայայտութիւնը, թէ՝ Հայաստան կը ճանչնայ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 86.600 քառակուսի կիլոմետրի սահմանումով, կը բացայայտէ Արցախի ժողովուրդի կամքի եւ իրաւունքի լրիւ անտեսումի Ձեր մտադրութիւնը։ Արցախի ժողովուրդը իր կամքը արտայայտած է 1991-ի դեկտեմբեր 10-ի հանրաքուէով, եւ համաժողովրդային կեցուածքով՝ համաձայն ՄԱԿ-ի որդեգրած ազգային ինքնորոշման սկզբունքներուն, եւ որեւէ իշխանութիւն իրաւասու չէ զայն վտանգի տակ առնելու կամ բեկանելու։ Որեւէ կոշտ ու անիրաւ ձեւակերպում, որ նկատի չ’առներ Արցախի հերոսական ժողովուրդի կամքն ու ինքնորոշման իրաւունքը, միաժամանակ կը խախտէ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագրի եւ երկրի Սահմանադրութիւնը։ Այս նամակով կը փոխանցենք մեր համայնքի հաւաքական վրդովմունքը Արցախի հարցի շուրջ Ձեր վտանգաւոր կեցուածքի եւ դանդաղ ցեղասպանութեան դուռ բացող դիրքորոշման համար։ Ցեղասպանութենէն ետք Սփիւռքի մէջ ապրող սերունդներու հայկական ինքնութեան պահպանումն ու ապագան, ամբողջականօրէն կապուած են Հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան հոլովոյթով, Հայաստանի եւ Արցախի մէջ ապրող մեր ժողովուրդի ազատութեան ու ապահովութեան իրաւունքներու պաշտպանութեամբ։ Այս պատճառներով է, որ Սփիւռքի հայութիւնը եւ այդ շարքին Միացեալ Թագաւորութեան մէջ ապրող հայութիւնը որեւէ պարագային երբեք չի կրնար հանդուրժել հայութեան իրաւունքներու ոտնահարումն ու շրջանցումը։ Արդեն բոլորիս պարզ է որ բռնապետ Ալիեւը խաղաղութեան որեւէ մտայնութիւն չունի։ Ան սպառնացեր է ուժի միջոցով վերցնել տարածքներ վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանութիւններուն, նշելով որ Արցախի խորհրդարանը պէտք է լուծարուի, ինչպես նաեւ պէտք է հրաժարական ներկայացնեն նախարարներն ու նախագահը, դիմում ներկայացնելով Ատրպէյճանի անցագրի ձեռքբերմանը: Միայն այս քայլերէն ետք Ալիեւը պիտի դիտարկէ Արցախի իշխանութիւններու համար համաներման հարցը քննարկելու հնարաւորութիւնը:
Որեւէ զիջում Հայաստանի կողմէ փաստօրէն հետեւանք կունենայ յաւելեալ պահանջներու եւ սպառնալիքներու։ Կը յորդորենք Ձեզ՝ հրաժարուիլ պարտուողական մտայնութիւնէն եւ անորմէ բխող կործանարար քայլերէն, համազգային մարտահրաւէրներու յաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիւ լուծումներ։
Պարտք կզգանք նշելու, որպէս Միացեալ Թագաւորութեան հայ Համայնք հաստատակամ կը մնանք Արցախի հերոսական ժողովուրդի կողքին՝ իր հայրենիքին մէջ ապրելու ու խաղաղ արարելու իրաւունքն ու կամքը պաշտպանելով։ Այս իրաւունքները անտեսելու կամ մերժելու միտուած որեւէ նկրտում կտրուկ մերժելի է»:
«Գերմանահայոց Կեդրոնական խորհուրդը զուգակցութիւնն է յայտնում Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութեանը՝ համարելով, որ ԱՀ-ն չի կարող ճանաչուել Ադրբեջանի մաս որեւէ կառոյցի կողմից, յատկապէս՝ ՀՀ-ի իշխանութեան: Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշուել է 1991թ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտայայտութեամբ, որը բխել է ՄԱԿ «Ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման մասին» բանաձեւից եւ որեւէ իշխանութիւն իրաւասու չէ այն վիճարկել:
Նիկոլ Փաշինեանը, փաստօրէն, իրա այդ յանձնառութեամբ խախտում է ՀՀ Անկախութեան հռչակագրի և Սահմանադրութեան ամրագրումներն Արցախի մասին։
Կոչ ենք անում համայն հայութեանը՝ համախմբուել Արցախի Ինքնորոշման իրաւունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանութեան շուրջ, եւ թոյլ չտալ ՀՀ օրուայ իշխանութիւնների կողմից Արցախի Հանրապետութիւնը եւ ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայութեան համախմբման շնորհիւ է միայն հնարաւոր յաղթական ելքը այս դժուարին իրավիճակից, այլապէս աղետալի հետեւանքները հայկական պետականութեան համար անխուսափելի կլինեն»:
Հ/Գ Յիշեցնենք, որ այս կառոյցները ընդունուում եւ ճանաչուում են եւրոպական տուեալ երկրների իշխանութիւնների կողմից, որպէս հայկական համայնքների օրինական ներկայացուցիչներ:
Հիմնական աղբիւրը՝ hraparak.am