Աւելի քան 470 եւրոպական ՀԿ-ներ և միաւորումներ նամակ են յղել Եւրոպական միութեան և Եւրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ յորդորելով անյապաղ և արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցէագրած է Եւրոպական խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի և Եւրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպէս նաև Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնների ղեկավարներին։ Յայտնում են Եւրոպացիներն Արցախի համար նախաձեռնութիւնից:
«Յանուն մարդու իրաւունքների հանդէպ յարգանքի, յանուն այն արժէքների, որոնց ջատագովն են եւրոպական ժողովրդավարութիւնները, յանուն ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի» եւրոպական կազմակերպութիւնները իրենց առաջնորդներից խնդրում են ձեռնարկել հետևեալ վեց կոնկրետ գործողութիւնները։
Ադրբեջանից կրկին պահանջել անյապաղ դադարեցնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին յայտարարութեան խախտումները, հանել Հակարիի կամրջի անցկէտը, որը տեղադրուել է Արդարադատութեան միջազգային դատարանի և միջազգային պարտաւորութիւնների կոպիտ խախտմամբ, ինչպէս նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց և ապրանքների ազատ ու ապահով շարժը դէպի Արցախ և հակառակ ուղղութեամբ։
Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ կիրառել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ռազմական յանցագործութիւնների, միջազգային պարտաւորութիւնները չկատարելու, Հայաստանի Հանրապետութեան տարածքի մի մասն օկուպացնելու և Արցախը շրջափակման համար։
Օգտագործել բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի ցանկացած վերահսկողութիւն Արցախի նկատմամբ, քանի որ դա անխուսափելիօրէն նշանակում է Արցախի տեղաբնիկ հայ բնակչութեան էթնիկ զտում։
Ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչութեան ինքնորոշման իրաւունքի իրացումը որպէս կենսական անհրաժեշտութիւն և օգտագործել բոլոր լծակները, որպէսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչութեան ժողովրդավարական կամարտայայտումը, ինչպէս նաև ստեղծի պայմաններ կայուն խաղաղութեան և անվտանգութեան համար։
Գործարկել օդային միջանցք՝ Արցախին շտապ տնտեսական և հումանիտար օգնութեան տրամադրելու և Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով օդային հաղորդակցութիւնների անվտանգութիւնը երաշխաւորելու նպատակով։
Իբրև խաղաղ բանակցութիւնների նախապայման՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինիս զօրքերը անյապաղ և առանց նախապայմանների դուրս հանելի ՀՀ ինքնիշխան տարածքից և վերջ տալ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշմանը»։
Նամակը յղուել է Եւրոպական միութեան առաջնորդներին, մասնաւորապէս՝ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թուականի յուլիսի 15-ին Բրիւսէլում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։
Հիմնական աղբիւրը՝ news.5tv.am