Եւրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները յուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանութեան շուրջ ձեռնարկուած և ձեռնարկուելիք միջոցառումները։ Այս մասին news.am-ին յայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակից:
«Մտքեր են փոխանակուել յուլիսի 6-ին Բրիւսէլում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերուած որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկայ գործողութիւնները։ Այս առումով վերարժևորուել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման շրջանակներում Եւրոպական խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի և Եւրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնների ղեկավարներին հասցէագրած գրութեանը եւրոպական աւելի քան 470 կազմակերպութիւնների միացման փաստը։
Հանդիպմանը մասնակից Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչները հանգամանօրէն ներկայացրել են Արցախում ստեղծուած հումանիտար և անվտանգային իրավիճակը՝ իր բնոյթով օրհասական։ Ընդգծուել է՝ վերահաս աղէտի կանխման համար անհրաժեշտ են միջազգային անյապաղ և գործուն քայլեր։
Յատուկ անդրադարձ է կատարուել ղարաբաղեան հակամարտութեան և հայ-ադրբեջանական համայարաբերութիւնի բանակցային գործընթացում Եւրոպական միութեան ներկայ դատապարտելի քաղաքական վարքին, մասնաւորապէս՝ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խնդրայարոյց յայտարարութիւններին։ Անընդունելի է համարուել Եւրոպական միութեան կողմից իր իսկ դաւանած արժէքներին հակառակ՝ Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտման քաղաքականութեան և շարունակուող վայրագութիւնների, ըստ էութեան, արդարացումը։ Եւրոպական միութիւնը, ի դէմս Եւրոպական խորհրդի, պէտք է քաղաքական կամք դրսևորի և արժէքների ու առևտրային յարաբերութիւնների միջև ընտրութեան գործում կողմնորոշուի դէպի արժէքները և կանխի մարդկութեան դէմ իրագործուող ադրբեջանական հերթական յանցագործութիւնները։
Մտքեր են փոխանակուել նաև Եւրոպայում Արցախի շուրջ յաւելեալ զօրակցութեան ապահովման, Արցախի շրջափակման վերացման, հումանիտար օժանդակութեան ապահովման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտութեան և այլ ուղղութիւններով առաջիկայ քայլերի վերաբերյալ։ Կարևորելով Եւրոպական միութեան ղեկավարութեան վրայ շարունակական ճնշման ապահովումը և Ադրբեջանի յանցագործ քայլերի ու Արցախի հիմնախնդրի կարգաւորման անհրաժեշտութեան հանրահռչակումը՝ հայ համայնքների ներկայացուցիչները համաձայնութեան են եկել սոյն հարթակի պահպանման և ընդլայնման, ինչպես նաև նմանաբնոյթ հանդիպումների պարբերաբար անցկացման շուրջ՝ աշխատանքների համադրման և գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման տեսանկիւնից։
Հանդիպման մասնակիցներն մէկ անգամ ևս իրենց անվերապահ զօրակցութիւնն են յայտնել Արցախի հերոսական ժողովրդին՝ գնահատելով վերջինիս անխորտակելի պայքարը յանուն հայրենիքի ու յանուն արժանապատւութեան»,- նշուած է հաղորդագրութիւնում։
Հիմնական աղբիւրը՝ news.am