Բաքուում կազմել են այսպէս ասած «Վերադառնալով «Արևմտեան Ադրբեջան» կոորդինատորների ցուցակներ, որտեղ Հայաստանի քաղաքների և գիւղերի անունները ներկայացուում են ադրբեջանական անուններով։ Այդ մասին գրում է Արման Թաթոյեանը, նշելով, որ․ «մարդասիրական քողի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:
Ադրբեջանի իշխանութեան ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտեան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմուել են, այսպէս կոչուած, «Արևմտեան Ադրբեջան» վերադարձնողների համար համակարգող մարդկանց յատուկ ցուցակներ:
Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գիւղերի անուանումները ներկայացուած են ադրբեջանական կեղծ անուանումներով։
Սա իրականում ադրբեջանական իշխանութեան ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արուում դրան տալ մարդասիրական բնոյթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետութեանն ուղղուած տարածքային նոր նկրտումները և սպառնալիքները։ Ընդ որում, խօսքը ոչ թէ 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ։
Յատկապէս ուշագրաւ է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արևմտեան Ադրբեջան» տերմինը գրեթէ չի գործածուել Ադրբեջանում։
Այս նոր եզրոյթն իր հայեցակարգով մշակուել և շրջանառուում է յատկապէս 2022թ. սկսած։
Ընդ որում, Ադրբեջանում պաշտօնեաներ են արդեն խօսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի և արդեն մօտ 300,000 մարդու մասին։
Այս ամենը պէտք է դիտարկել՝ որպէս ադրբեջանական իշխանութեան հայատեաց ֆաշիստական քաղաքականութեան մաս, որ իրականում որևէ առնչութիւն չունի խաղաղութեան հետ և իրացուում է ադրբեջանական շարունակուող թշնամանքի պայմաններում», գրում է Արման Թաթոյեանը։
Հիմնական աղբիւրը՝ 168.am