Դեսպան Սոբհանի. «Ադրբեջանական որեւէ հող չի գտնւում Հայաստանի հսկողութեան ներքոյ, որ Ադրբեջանն ուզենայ յարձակւել»։

Ադրբեջանական որեւէ հող չի գտնւում Հայաստանի հսկողութեան ներքոյ, ինչի համար Ադրբեջանն ուզենայ յարձակուել Հայաստանի վրայ, «Ազատութեան»-ը տուած բացառիկ հարցազրոյցում ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։

– Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրութիւնների օրը Դուք ասել էիք, թէ անկախ այն հանգամանքից՝ ովքեր կը լինեն իշխանութեան ղեկին Իրանում եւ Հայաստանում, Իրանի սկզբունքային քաղաքականութիւնը չի փոխուի․ Թեհրանը յարգում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու դէմ է միջազգայնօրէն ճանաչուած սահմանների ցանկացած փոփոխութեան։

Կը խնդրեմ փակագծեր բացէք, ի՞նչ է սա նշանակում՝ կոնկրետ քայլերի տեսքով։

– Սա փակագծեր չունի, եւ ամէն ինչ շատ յստակ է․ մեր մեծարգոյ նախագահը, պարոն Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում, շատ յստակ ասաց, որ յստակ դէմ ենք միջազգային սահմանների փոփոխութեանը եւ յարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականութիւնը։ Մենք յստակ դէմ ենք աշխարհաքաղաքական փոփոխութիւններին։ Բոլորը պէտք է յարգեն միջազգային օրէնքները։ Առաւել ի՞նչ փակագծեր բացեմ։

– Առաւել յստակեցնեմ, եթէ Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսա իրականացնել Հայաստանի դէմ, արդեօք Իրանը կը միջամտի՞, թէ՝ ոչ։

– Տեսէ՛ք, Դուք մի վարկած էք առաջ քաշում եւ դրա մասին հարց տալիս, նախկինում էլ մի քանի անգամ ինձ այդ հարցը տուել են, եւ ես ասել եմ, որ նման բան տեղի չի ունենայ։ Մենք առաջին հերթին ամէն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը յարգեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը։ Եւ կանխարգելումը շատ աւելի լաւ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջազգային հանրութիւնն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչուել է միջազգային հանրութեան կողմից եւ իր սահմանները յստակ են։ Եւ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղութիւնը եւ կայունութիւնը։ Այդ ցանկութիւնը, խաղաղութեան եւ սահմանների յստակեցումը ցոյց են տալիս, որ կողմերը չեն ուզում գնալ դէպի պատերազմ։ Եւ, ի վերջոյ, որեւէ արդարացում չկայ պատերազմի համար։ Որեւէ հող Ադրբեջանից չի գտնւում Հայաստանի հսկողութեան ներքոյ, որ դրա համար ուզենան յարձակուել Հայաստանի վրայ, ես կարծում եմ որ դա հաշուի կառնի նաեւ Ադրբեջանի կառավարութիւնը, որ պատերազմի համար չկայ արդարացում։ Այն վարկածը, որ դուք ներկայացրեցիք, եթէ դա տեղի ունենայ, բնականաբար, միջազգային հանրութիւնը բացասական կը վերաբերուի դրան։

– Ճի՞շտ հասկացայ, որ Դուք ասում էք, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիա չիրականացնի։ Այդ համոզմունքը Ձեզ որտեղի՞ց։ Դուք ասում էք, որ դա վարկած է, բայց Հայաստանի ԱԳՆ վերջերս չբացառեց, որ նոյեմբերին Բաքւում կայանալիք COP 29-ից յետոյ Բաքուն դիմի ռազմական ագրեսիայի։ Եւ ուզում եմ նշել, որ հէնց այս պահին էլ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից տարածքներ ե՛ւ Սիւնիքում, ե՛ւ Սոթքում, ե՛ւ Ջերմուկում։

– Տեսէ՛ք, այստեղ երկու հարց պէտք է հաշուի առնել, այդ տեղային բախումները կամ հրադադարի խախտումները եւ միւսը, ինչպէս դուք նշեցիք, պատերազմը, դրանք տարբերւում են իրարից։ Այն, որ Հայաստանի տարածքների մի մասը գտնւում է Ադրբեջանի հսկողութեան տակ, բնականաբար, բանակցութիւնների եւ սահմանների յստակեցման շրջանակներում պէտք է կարգաւորուի։ Երբ միջազգային սահմանների համաձայն պարզուեց, որ Ադրբեջանի տարածքների մի մասը գտնւում է Հայաստանի տարածքում, եւ այս հատուածը սահմանագծուեց, այդ տարածքները վերադարձուեցին։

– Ի՞նչ նկատի ունէք, որ 4 գիւղերի տարածքները տրուեցի՞ն Ադրբեջանին։

– Այո՛, եւ երբ այդ միջազգային գծերը յստակեցուեն, բնականաբար, պարզ կը լինի, թէ որ մասը որ երկրին է պատկանում։ Մենք լաւ յարաբերութիւններ ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, եւ օգտագործում ենք այդ լաւ յարաբերութիւնները ու ջանք ենք գործադրում, որ, ինչպէս դուք ասացիք, նոր պատերազմ չլինի։ Դիւանագիտութիւնը հարցերի լուծման ամենալաւ տարբերակն է։ Ինչո՞ւ սպասենք, որ պատերազմ տեղի ունենայ, յետոյ դիւանագիտութիւնը գործի։ Մենք պատրաստ ենք մեր ամբողջ պոտենցիալը օգտագործել, որ հարցերը լուծուեն խաղաղութեան միջոցով։ Մենք դա ասում ենք որպէս մի երկիրը, որը կարող է տուժել անկայունութիւնից եւ կարող է շահել կայունութիւնից։

– Կարճ ճշտում, եթէ Բաքւի կողմից տեսնենք ռազմական ագրեսիա, Իրանի կողմից կը տեսնե՞նք քայլեր։

– Սա Հայաստանն է, այն անկախ երկիր է, ունի ազգային ինքնիշխանութիւն, ունի տարածքային ամբողջականութիւն, եւ այս երկրում, ուրիշ երկրի ցանկացած գործողութիւն պէտք է լինի տուեալ երկրի համաձայնութեամբ։ Այն, թէ Իրանը Հայաստանի հետ համագործակցութիւնն ինչպէս առաջ կը տանի, կախուած է երկու երկրների համագործակցութիւնից։

– Հայաստանին ներկայացուող Բաքւի պահանջներից մէկն էլ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ն է, Ալիեւը պնդում է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ պէտք է կապ ունենայ Սիւնիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողութեան։ Ո՞րն է Իրանի դիրքորոշումն այս հարցում։

– Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ որոշում կայացնողը Հայաստանն է, բայց մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերեալ հետեւեալն է՝ մենք կողմնակից ենք, դէմ չենք սահմանային ապաշրջափակմանը։ Դուք հարեւան էք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, միշտ չէք կարող թշնամութեան մէջ լինել, եւ մի օր կը լուծէք այդ հարցերը նրանց հետ։ Եւ բնական է, որ երբ յարաբերութիւնները կարգաւորուեն, սահմանները կը բացուեն։ Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ։ Եւ սա պէտք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մենք հիմա Նախիջեւանի հետ սահման ունենք, եւ Ջուլֆայից կարող ենք ե՛ւ երկաթգծով միանալ Երեւանին, ե՛ւ ճանապարհով Շատախտիից՝ Երասխին։ Երթուղին շատ կը կարճանայ։ Այսինքն՝ Մեղրիից Երեւան մօտաւորապէս 6 ժամուայ ճանապարհ է, իսկ Շատախտից մինչեւ Երասխ ու Երեւան երեւի մէկ ժամից էլ քիչ կը լինի։ Այսինքն՝ եթէ բացուի ճանապարհը, բոլորը կօգտուեն։ Սա ոչ միայն արեւելք-արեւմուտք, այլեւ՝ հիւսիս-հարաւին է վերաբերում։ Բայց ապաշրջափակումն այդ բոլորը պէտք է ներառի իր մէջ՝ երկրների ազգային ինքնիշխանութեան շրջանակներում։ Ոչ ոք թոյլ չի տալիս, որ իր տարածքում իր օրէնքները չպահպանուեն, դա միջազգային իրաւունքի դէմ է եւ չպէտք է այստեղ որեւէ դիւիդենտ ստեղծուի։ Եւ օգուտն էլ պէտք է վերաբերի բոլորին։

– Այն, որ Դուք նշում էք, որ պէտք է յարգուի ինքնիշխանութիւնը, այդ մասին նաեւ Հայաստանն է խօսում, առաջարկելով «Խաղաղութեան խաչմերուկ»-ը։ Բայց Ռուսաստանը պնդում է, թէ նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ Նախիջեւան-Սիւնիք այդ հատուածը պէտք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եւ այժմ արդէն կան տեղեկութիւններ, որ այդ գործառոյթը կարող է վստահուել որեւէ եւրոպական կամ միջազգային կազմակերպութեան։ Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առաւել ընդունելի։

– Ես արդէն ասացի մեր դիրքորոշումը՝ մենակ կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանութեան ներքոյ։ Այն համաձայնագիրը, ինչի մասին դուք նշեցիք, դրանում առկայ պայմանաւորուածութիւնների մի մասն այլեւս գոյութիւն չունի։ Դուք միայն այդ պայմանաւորուածութիւնների մի մասն էք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաեւ ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մէջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի եւ Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց յղում անել։ Հիմա իրականում չկայ գործնական առումով գոյութիւն ունեցող փաստաթուղթ։

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ չի գործում այդ փաստաթուղթը։

– Այո՛, դա չի գործում։ Եւ այդ պայմանաւորուածութիւնների մի մասն արդէն գոյութիւն չունի։ Եւ մնացածն էլ, բնականաբար, գոյութիւն չունեն։

– Պարոն դեսպան, նշեցիք, որ կողմ էք, որ այդ ճանապարհները ապաշրջափակուեն, կարո՞ղ ենք ասել, որ Իրանը կողմ է, որ ապագայում, Բաքուն Սիւնիքով դուրս գայ Նախիջեւան։ Մենք գիտենք, որ Բաքուն այդ կապը հիմա ապահովում է Իրանի միջոցով։ Դուք, այսինքն, որեւէ խնդիր Ձեր շահերի հետ կապուած չէք տեսնո՞ւմ այս հարցում։ Հայաստանեան որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ սա Իրանի համար կարմիր գիծ է։

– Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզուի։ Այսինքն՝ այնպէս ստացուի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ։ Սա է մեր կարմիր գիծը։ Մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանութեան ներքոյ, տարածքային ամբողջականութեան շրջանակներում, յարգեն Հայաստանի օրէնքները։ Դուք շատ էք անդրադառնում այդ հարցին, նրանք մի բան ասում են, դուք այնքան էք անդրադառնում այդ հարցին, որ ուռճացնում էք։ Նրանք զբաղեցրել են ձեզ մի նախադասութեամբ։ Նայէ՛ք, եթէ մի երկիր ուրիշ երկրից դիւիդենտ է ուզում, արդեօ՞ք պատրաստ է ինքն էլ դիւիդենտ տալ այդ երկրին։ Երկրները միմեանց հետ խօսում են, որ դիւրացնեն իրենց յարաբերութիւնները, բայց չեն թողնի, որ իրենց ազգային ինքնիշխանութիւնը խախտուի, ուրիշները մտնեն իրենց տարածքի մէջ, եւ դա լինի իրենցը։ Եթէ Հայաստանն ուզենար, որ նման բան պատահէր, նման գին չէր վճարի։

– Պարոն դեսպան, ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շուրջ երկու տարի ընթացող խաղաղութեան գործընթացը։ Դուք հնարաւոր համարո՞ւմ էք, որ առաջիկայում փաստաթուղթ ստորագրուի։ Ինչպէս գիտէք, Բաքուն հերթական պահանջն է առաջ քաշել եւ պնդում է, որ պայմանագիրը չի ստորագրուի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրութիւնը։

– Մենք լաւատես ենք այդ հարցի շուրջ, տեսէք դուք, երբ երկխօսում էք, դուք կրակելու ժամանակ չունէք։ Սա պէտք է շարունակուի։ Ամէն դէպքում ամէն կողմ իր սակարկութիւնը բանակցութիւններում ուժեղացնելու համար հնարաւոր է ինչ-որ հարցեր առաջ քաշի։

– Մենք երկար խօսեցինք ինքնիշխանութեան կարեւորութեան մասին, բայց արդեօ՞ք երբ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել իր Սահմանադրութիւնը, սա հէնց ինքնիշխանութեան դէմ ուղղուած քայլ չէ։

– Սա արդէն Հայաստանի կառավարութիւնը պէտք է որոշի, դա դէ՞մ է իր ինքնիշխանութեանը, թէ՝ ոչ։

– Մենք ասում ենք, որ դա մեր ներքին գործն է։

– Բնականաբար, եթէ ասում էք՝ դա ձեր ներքին գործն է, ձեր կառավարութիւնն էլ համապատասխան դիրքորոշում կը կայացնի։

– Երեւանում արտախորհրդարանական մի շարք ուժեր նաեւ յորդորում են իշխանութեանն արդէն այս աշնանը ԵՄ անդամակցութեան հարցով հանրաքուէ անցկացնել։ Ինչպէս գիտէք, Հայաստանում են ԵՄ դիտորդները, ովքեր մոնիտորինգ են իրականցնում հայ-ադրբեջանական սահմանին։ Վարչապետ Փաշինեանը յայտարարել է, որ պատրաստ է լինել մօտ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ թոյլ կը տայ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը չի բացառել, որ մօտ ապագայում Հայաստանում կը լինի ԵՄ անդամակցութեան հանրաքուէն եւ հայ ժողովուրդը կասի՝ այո։ Հայաստանի ԵՄ անդամակցութեանը, Հայաստանի այս ձգտումներին Իրանն ինչպէ՞ս է արձագանգում, Իրանը դէ՞մ է։

– Հայաստանը անկախ երկիր է եւ մենք յարգում ենք Հայաստանի որոշումները։ Հայաստանի ժողովուրդն իրաւունքը ունի որոշել իր ճակատագիրը։ Եւ այն, որ Հայաստանը որոշել է իր քաղաքականութեան մէջ բազմազան ուղղութիւններով առաջ գնալ, դա էլ ենք յարգում։ Բայց մեզ համար կարեւորն այն է, որ այդ բազմազանութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ Իրան-Հայաստան յարաբերութիւններին չվնասի։ Հիմնական հարցը մեզ համար դա է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանայ, Հայաստանի ենթակառուցուածքները զարգանան, նաեւ պատրաստ ենք, որ երբ Եւրոպայից ներդրումները գան այստեղ, ծրագրեր, նաեւ մենք կարողանանք իրականացնել՝ ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ ոլորտում, որը կը նպաստի Հայաստանի բարգաւաճմանը։ Ենթադրենք ԵՄ-ն գայ եւ Քաջարանից մինչեւ Սիսիան ճանապարհի կառուցումը ֆինասնաւորի։ Բնականաբար, իրանական ընկերութիւնները կը ներգրաւուեն։ Ներկայ պահին Մեղրիում սահմանային մաքսակէտն իրանական ընկերութիւնն է վերանորոգում, եւ դա ֆինանսաւորել է Եւրոպական բանկը։ Մենք պէտք է նայենք ապագային։ Հայաստանի կառավարութիւնը մեզ ասել է, որ այլ երկների հետ փոխյարաբերութիւնները բացասական ազդեցութիւն չեն թողնի Իրանի հետ յարաբերութիւնների վրայ։ Եւ մենք հաւատում ենք նրան, ինչ մեզ ասում են։

Հիմնական աղբիւրը՝ alikonline.ir