
Սիմեոն Երևանցու և Գրիգոր Խոջաջանյանի հիմնադրած տպարանն արդեն 255 տարեկան է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում հիմնված տպարանը ոչ միայն գրքեր է հրատարակել, այլև պահպանել է պատմական հիշողություն, մշակութային ժառանգություն և հայ ժողովրդի ինքնության մասին կարևոր վկայություններ։
1771 թվականին Վաղարշապատում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, բացվեց երկար սպասված տպարանը՝ առաջինը Հայաստանի տարածքում։ Դրա նախաձեռնողն ու հիմնադիրը Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին էր։
Սիմեոն Ա-ն տպագրական գործին ծանոթացել էր դեռևս կաթողիկոսական գահին բարձրանալուց առաջ՝ Կոստանդնուպոլիս և Զմյուռնիա կատարած ուղևորությունների ընթացքում, և երկար տարիներ փայփայել էր հայրենիքում գրատպություն հիմնելու գաղափարը։
Տպարանի շենքի կառուցման համար անհրաժեշտ գումարը տրամադրել էր Հնդկաստանից մի հարուստ հայ վաճառական՝ Գրիգոր Խոջաջանյանը (Չաքիկենց)։ Ապագա «գրքի տունը» նրա վրա արժեցել էր 3106 ոսկեդրամ։ Սակայն գործը դրանով չէր ավարտվել։ Չնայած այն բանին, որ արդեն 1772 թվականին տպարանը սկսել էր առաջին գրքերի հրատարակությունը, գրահրատարակչական գործընթացի կազմակերպումը դժվար էր՝ դրա կարիքների համար ներմուծվող հումքի, առաջին հերթին՝ թղթի թանկության պատճառով։
1776 թվականին Գրիգոր Խոջաջանյանը կրկին որոշեց աջակցել տպարանին և 7800 պարսկական թուման հատկացրեց Հայաստանում թղթի գործարան հիմնելու համար։ Ակնհայտ էր, որ տեղում թուղթ արտադրելն ավելի հեշտ և էժան կլիներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվում է Արարատյան դաշտում, որը հարուստ է արտեզյան ջրերով։ Այստեղ նաև հնուց ի վեր մեր նախնիները զբաղվել են բամբակի մշակությամբ և վերամշակմամբ։ Այսպիսով, Վաղարշապատի մերձակայքում թղթի արտադրության համար բոլոր նախադրյալներն առկա էին։ Մնում էր գտնել թղթագործության տեխնիկային տիրապետող վարպետների։
Սիմեոն Երևանցու համաձայնությունը ստանալով՝ Գրիգոր Խոջաջանյանը Կոստանդնուպոլսից Հայաստան աշխատանքի հրավիրեց երկու ֆրանսիացիների՝ Բեյսոնին և Դեսիորին, որոնք մեծ համբավ էին ձեռք բերել թղթագործության ոլորտում։
Հայ վաճառականը խոստացավ երեք տարի շարունակ հոգալ նրանց բոլոր ծախսերը, սակայն վարպետները, թեև համաձայնել էին, մշտապես հետաձգում էին աշխատանքի սկիզբը։ Ինչպես պարզվեց, նրանք խոստացել էին չբացահայտել թղթի արտադրության գաղտնիքները։ Խոջաջանյանը ստիպված եղավ նրանց վրա ճնշում գործադրել, նույնիսկ խորամանկության դիմել՝ սպառնալով, որ պայմանավորվածությունից հրաժարվելու դեպքում նրանց բանտ կուղարկեն։ Վարպետներին այլ բան չէր մնում, քան ձեռնամուխ լինել գործին, և շուտով Էջմիածնի տպարանում հայտնվեց Հայաստանում արտադրված թղթի առաջին խմբաքանակը։
Բեյսոնի և Դեսիորի հայ աշակերտները արագ էին սովորում և շուտով յուրացրին թղթագործության նրբությունները՝ թանկարժեք հումքի արտադրությունը կազմակերպելով արդեն առանց ֆրանսիացիների օգնության։ Տպարանը սկսեց գործել ամբողջ հզորությամբ՝ հայ ժողովրդի պատմության մեջ մնալով որպես նրա մշակութային և լուսավորչական վերելքի վառ էջերից մեկը։
Այս պատմությունը ներկայացրել է պատմական գիտությունների թեկնածու Արման Մանասյանը՝ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած՝ Էջմիածնի տպարանի 255-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր հյուրը։
Տոնակատարության նախաձեռնողները գրադարանի Գիտական ընթերցասրահն ու Պարբերական հրատարակությունների սրահն էին։ Նրանք նաև պատրաստել էին տպարանի հին հրատարակությունների, տարբեր տարիներին դրա հարկի ներքո լույս տեսած գրքերի և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում պահվող այլ հազվագյուտ նյութերի ցուցահանդես, որոնք մատենագիտական արժեք են ներկայացնում։
Ավելի քան քառորդ հազարամյակի ընթացքում Էջմիածնի տպարանը փառավոր ուղի է անցել՝ համեստ տպագրատնից վերածվելով խոշոր հրատարակչական կենտրոնի։ Այսօր էլ այստեղ լույս են տեսնում ամենաարդիական թեմաներին նվիրված գրքեր՝ հայ քրիստոնեական կրոնին ու պատմությանը, ինչպես նաև ազգային ինքնության, մշակույթի և ժառանգության հարցերին վերաբերող։
Հիմնադրման օրվանից տպարանին տրվել էր Գրիգոր Լուսավորչի անունը, ինչն անմիջապես սահմանեց նրա առաքելությունը՝ ժողովրդին հասցնել լուսավորչական գաղափարները՝ հանուն հայ ժողովրդի հոգևոր և մտավոր զարգացման։
Թեև հայ գրատպության պատմությունը շատ ավելի վաղ է սկսվել՝ 1512 թվականից, երբ Վենետիկում հոգևորական Հակոբ Մեղապարտը հրատարակեց հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը», տպարանի հիմնադրումը հենց Հայաստանի տարածքում շրջադարձային իրադարձություն դարձավ հայրենական հրատարակչական գործի համար։ Երկրում սկսվեց հայերեն գրքերի ակտիվ հրատարակությունը, ինչը բարերար ազդեցություն ունեցավ հասարակության հոգևոր և կրթական կյանքի զարգացման, ազգային մշակութային ժառանգության պահպանման և տարածման վրա։
«Գրատպության գյուտից հետո առաջին իսկ տարիներից հայերը սկսեցին էլ ավելի մեծ կարևորություն տալ գրի և գրքի դերին՝ ձգտելով անել հնարավոր ամեն ինչ՝ այս առաջադեմ գործընթացին մասնակից դառնալու համար,– նշել է Արման Մանասյանը։ – Հայրենիքում գրքեր հրատարակելու հնարավորություն չկար՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանված լինելու պատճառով։ Ստիպված եղան տպագրական գործը կազմակերպել հայկական համայնքներ ունեցող քաղաքներում և երկրներում՝ սկզբում Վենետիկում, այնուհետև՝ Լիվոռնոյում, Կոստանդնուպոլսում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Նախիջևան) և այլ քաղաքներում»։
Մանասյանի խոսքով՝ հենց Հայաստանի տարածքում տպարանի հիմնադրումը հսկայական ձեռքբերում էր։ Մեկ տարի անց նրա տպագրական հաստոցներից դուրս եկավ երկրում տպագրված առաջին գիրքը՝ Սիմեոն Երևանցու 180 էջանոց «Հոգևոր պարտեզ» («Աղոթագիրք») աշխատությունը։ Ինչպես նշել է պատմաբանը, մինչև մեր օրերը դրա ոչ մի օրինակ չի պահպանվել, սակայն տպարանի առաջին հրատարակություններից բազմաթիվ այլ գրքեր են հասել մեզ, այդ թվում՝ «Սաղմոսարաններ», «Տաղարաններ», «Նոր կտակարաններ» և այլն։
Տպարանի առաջին շենքը մեկհարկանի էր, և միայն ավելի ուշ դրա վրա կառուցվեց երկրորդ հարկը։ Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների պատճառով տպարանը մինչև 1830-ական թվականները չէր գործում, երբ վերջապես հաջողվեց վերականգնել նրա գործունեությունը։ Իսկ 1889 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Մակար Ա Թեղուտցին վերակառուցեց վերին հարկը՝ այն ճարտարապետական միասնական ոճի բերելով ստորին հարկի հետ։ Սև տուֆից կառուցված ներկայիս շենքը հենց այդ նույն կառույցն է՝ 19-րդ դարի վերջին վերակառուցված տեսքով։
Արման Մանասյանը մեկ այլ կարևոր իրադարձություն է համարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական «Արարատ» ամսագրի հիմնադրումը, որը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ի շնորհիվ սկսեց հրատարակվել 1868 թվականից և դարձավ Կովկասում հայագիտության առաջին պաշտոնական պարբերական հրատարակությունը։
Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի օրոք տպարանը արդիականացվեց։ Այդ նպատակով Հայ առաքելական եկեղեցու Թիֆլիսի թեմի ներկայացուցիչ, քահանա Գյուտ Աղանյանցին գործուղեցին Եվրոպա։ Այնտեղ 1895–1896 թվականներին նրան հաջողվեց ձեռք բերել ժամանակակից տպագրական հաստոցներ և տեղափոխել դրանք Վաղարշապատ։ Արդեն 1896 թվականին Համառուսաստանյան տպագրական գործի ցուցահանդեսում Էջմիածնի տպարանն արժանացավ հատուկ մրցանակի։
Խորհրդային տարիներին «Արարատ» ամսագրի հրատարակությունը, ինչպես նաև բուն տպարանի աշխատանքը դադարեցվեց։ Հրատարակության վերածնունդը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ ամսագիրը սկսեց լույս տեսնել նոր՝ «Էջմիածին» անվամբ։
Իսկ «Գրիգոր Լուսավորիչ» տպարանի զարգացման նոր փուլը համընկավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի գահակալության շրջանին․ նրա նախաձեռնությամբ 1959–1962 թվականներին շենքը վերականգնվեց ԱՄՆ-ի հայ համայնքի նվիրատվությունների միջոցներով։
«Սա աստվածաբանական կամ դավանաբանական ամսագիր չէր։ Հիմնադրման պահից այն դարձավ ազգային կարևոր թեմաների և գաղափարների հարթակ։ Պատահական չէ, որ դրա էջերում տպագրվում էին տվյալ ժամանակաշրջանի տարբեր ոլորտների անվանի գիտնականների աշխատությունները։ Բավական է հիշատակել այնպիսի անուններ, ինչպիսիք են Սեդրակ Մանդինյանը, Նիկողայոս Զուրյանը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Ստեփան Մալխասյանցը, Գուրգեն Էդիլյանը, Կոմիտասը, որպեսզի հասկանանք այս հրատարակության արժեքը»,– շարունակեց Արման Մանասյանը։
Պատմաբանի խոսքով՝ տպարանի հարկի ներքո լույս տեսած գրքերի շարքում առանձնահատուկ պատմական և հայագիտական նշանակություն ունեն Ուխտանես Սեբաստացու «Հայոց պատմությունը», Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմը», որը V դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու աղբյուրներից մեկն է եղել, և բազմաթիվ այլ աշխատություններ։
Առանձնահատուկ նա շեշտեց եպիսկոպոս Հովհաննես Շահխաթունյանցի «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ» երկհատոր աշխատությունը։ Ինչպես ընդգծեց Մանասյանը, այս աշխատության եզակի արժեքն այն է, որ դրանում հիշատակված բազմաթիվ բնակավայրեր այսօր արդեն գոյություն չունեն, սակայն դրանց մանրամասն նկարագրությունները կարևոր վկայություն են դրանց՝ հայերին պատմականորեն պատկանելու և նախնիներով բնակեցված լինելու մասին։
1962 թվականին տպարանը հանձնվեց Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիային։ Միայն 1991 թվականին այն վերջնականապես վերադարձվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, հիմնովին վերանորոգվեց և համալրվեց տպագրության համար նախատեսված նորագույն սարքավորումներով։
Արդիականացման հերթական փուլն իրականացվեց 2015 թվականին, երբ բարերար Վաչե Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ տպարանում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ կատարվեցին։
Ավարտելով հոբելյանական միջոցառումը՝ Հայաստանի ազգային գրադարանի Գիտական ընթերցասրահի վարիչ Արևիկ Չախարյանն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տպարանի հիմնադրումը բեկումնային նշանակություն ունեցավ հայ գրատպության պատմության մեջ։ Նրա խոսքով՝ եթե Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ ժողովրդի գլխավոր հոգևոր զենքերից մեկը՝ այբուբենը, ապա Էջմիածնի տպարանը բազմապատկեց դրա ուժը՝ հայերեն գրքերը հասցնելով յուրաքանչյուր հայի տուն։
Հիմնական աղբյուրը՝ golosarmenii.am

