
Տարածաշրջանում ուժերի անհավասարակշռության և Հարավային Կովկասի՝ աշխարհաքաղաքական լուրջ ճեղքման ու վերաձևավորման փուլ մտնելու պայմաններում հայ-ադրբեջանական սահմանին, Վրաստանում կամ Իրանում ցանկացած կայծ կարող է դառնալ ռազմական գործողությունների վերսկսման առիթ։ Նման կարծիք է ArmInfo-ին հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
«Այսօր բավական փխրուն խաղաղության պահպանման համար որևէ նախադրյալ չեմ տեսնում։ Եվ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության «բարի» բնույթը՝ պատերազմը ավարտված համարել պետք չէ։ Այդ հայտարարության խախտումը դժվար թե իրավական գնահատական ստանա և միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ մի կերպ չի կարող որակվել։ Հետևաբար, նոր ռազմական ագրեսիայի դեպքում ռազմական գործողությունները վերսկսելու նախաձեռնողին ոչինչ չի սպառնա»,– կանխատեսել է նա։
Այս համատեքստում, դիվանագետի կարծիքով, Երևանը միջազգային ասպարեզում ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է նախապես հաշվարկի իր բոլոր քայլերը՝ ելնելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից։ Այս առումով նա առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի՝ տարբեր աշխարհաքաղաքական արկածախնդրություններից հեռու պահելու ծայրահեղ կարևորությունը՝ խուսափելու այնպիսի հակամարտությունների մեջ ներքաշվելու հեռանկարից, որոնք կապ չունեն Հայաստանի շահերի հետ։
Մեկնաբանելով Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Մելիքյանը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանի դիրքերն ավելի են վատթարացել։ Դրա դրսևորումներն են հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի տասնյակ զինծառայողների գերեվարումը, Հայաստանի Հանրապետության որոշ տարածքների օկուպացումը, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանին զինծառայողների և խաղաղ բնակիչների շարունակվող սպանությունները։
«Կարելի է արձանագրել, որ այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը միայն կատարվածի պատասխանատվությունը միմյանց վրա են բարդում՝ փորձելով իրենց շուրջ համախմբել անտարբեր դարձած հասարակությանը։ Ավելի կարևոր է նշել, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ներկայիս ողբալի իրավիճակից դուրս գալու որևէ հստակ ծրագիր չունեն։ Այդ պատճառով նրանք նախընտրում են ջանքեր գործադրել ոչ թե պետության պահպանման համար անհրաժեշտ ծրագիր մշակելու, այլ իշխանության համար պայքարելու ուղղությամբ։ Սա է Հայաստանի հետագա ուղու վերաբերյալ իմ եզրակացությունը»,– եզրափակել է դիվանագետը։
Հիմնական աղբյուրը՝ arminfo.info

