Վազգեն Մանուկեանը դիմում է հայկական ուժային կառոյցներին․ « Դուք չէ՛ք երդուել պաշտպանել Նիկոլ Փաշինեանին, դուք երդուել էք պաշտպանել Հայրենիքը, պետութիւնը, Սահմանադրութիւնն ու պետական օրէնքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինեանը, հակասում է նախեւառաջ մեր Սահմանադրութեանն ու օրէնքներին, հետևաբար Նիկոլ Փաշինեանն այլևս լեգիտիմ չէ»։

Այն, ինչ այժմ կատարւում է մեզ հետ, խորը մշակուած դաւադրութիւն է՝ ուղղուած մեր ժողովրդի դէմ։ Այդ դաւադրութիւնը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկութիւնը։ Այդ մասին գրում է Վազգեն Մանուկեանը՝ դիմելով հայկական ուժային կառոյցներին։

« Իրականում «խաղաղութեան» այն պայմանագիրը, որի անհրաժեշտութեան մասին գոռգոռում են բազմաթիւ արտաքին ուժեր, ամենակործանարար հարուածն է լինելու մեր ժողովրդին։

Անկլաւների մասին․ անկլաւների գոյութիւնը Խորհրդային միութեան որևէ օրէնքով ամրագրուած չէր։ Դրանք ժամանակին տրուել են Ադրբեջանին տեղական իշխանութիւնների համաձայնութեամբ, հետևաբար որևէ իրաւական ուժ չունեն, այսինքն մեր տարածքներն են նաև de jure։

Եթէ անկլաւները տրուեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լաւագոյնն հնարաւորութիւնները և ստեղծել գայթակղութիւն պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից։ Այդ պայմանագիրը ոչ թէ խաղաղութեան, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու։

Ինչ վերաբերում է Արցախին, ոչ միայն անհեթեթութիւն է այն միտքը, որ «Արցախից ազատուենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաև բարոյական կողմ․ համաշխարհային պատմութեան մէջ ցոյց տուէք մի դէպք, երբ որևէ ժողովուրդ իր հարիւրհազարանոց մի հատուածին պատանդ է թողնում (իմանալով, որ նրանց կոտորելու են և տեղահանելու)՝ սին յոյսեր ունենալով, որ ինքը լաւ է ապրելու։ Մեր ժողովուրդը լաւ չի՛ ապրելու, իսկ այդ խարանը հազարամեակներով մեր վրայից չի ջնջուելու։ Մենք ինքներս մեզ չենք յարգելու, յաջորդ սերունդները թքելու են մեր երեսին։ Մենք դժբախտացնում և նուաստացնում ենք մեզ և մեր սերունդներին՝ կատարելով անբարոյ քայլ և ազգային դաւաճանութիւնն՝ դրա դիմաց ստանալով պատերազմ և ոչ խաղաղութիւն։

Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականութիւնից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախութեան իրաւունքի ընդունումը և քաղաքական բոլոր միջոցներով այդ իրաւունքի իրացմանը նպաստելը, արդեն իսկ մեզ ստորնացնում է աշխարհի բազմաթիւ ժողովուրդների աչքի առաջ։ Ո՞նց կարելի է այսպէս ապրել։

Փաստօրէն ինչ-որ մէկը եկել ու ոչնչացնում է հազարամեակների մեր պատմութիւնը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ հոյս ունենալով, որ վերջում ամեն ինչ լաւ է լինելու, ժողովրդի մի հատուածն էլ ճիգեր է գործադրում փոխելու այս ամենը, բայց չի կարողանում։

Նման իրավիճակում շատ կարևոր դեր ունեն զինուորականութիւնը, ուժային կառոյցները, որոնց գլխաւոր նպատակն է պաշտպանել պետութիւնը։

Ես յատուկ դիմում եմ մեր ուժային կառոյցներին՝ դուք չէ՛ք երդուել պաշտպանել Նիկոլ Փաշինեանին, դուք երդուել էք պաշտպանել Հայրենիքը, պետութիւնը, Սահմանադրութիւնն ու պետական օրէնքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինեանը, հակասում է նախեւառաջ մեր Սահմանադրութեանն ու օրէնքներին, հետևաբար Նիկոլ Փաշինեանն այլևս լեգիտիմ չէ։ Իր յայտարարութիւններով, իր գործողութիւններով, իսկ հետագայում նաև իր ստորագրութեամբ նա դառնում է պետական յանցագործ, իսկ պետական յանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում էք ձեր երդումը, ինչը նոյնպէս պետական յանցագործութիւնն է։

Կոչ եմ անում ուժային կառոյցներին՝ ուշադիր հետևել, թէ ինչ է կատարուում մեր երկրում և ժամանակին կանխել պետական յանցագործութիւնը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատուածին, որը դիմադրում է ազգային ու պետական յանցագործութեան իրագործմանը և փորձում է կանխել ազգային աղէտն ու խայտառակութիւնը»։

Հիմնական աղբիւրը՝ 7or.am