Հնարաւոր իշխանափոխութիւնից յետոյ, նոր իշխանութիւններին մնալու է ահաւոր բարդ ժառանգութիւն, որը բացարձակապէս չի արդարացնի նրանց որեւէ բացթողում, քանի որ, նրանք այդ ամէնն իմանալով՝ վերցնում են պատասխանատուութիւն։

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ազգային ազատագրական նոր պայքար սկսելու անհրաժեշտութեան մասին զրուցել է Yerkir.am-ի հետ։

— Պարոն Իշխանեանայսօր մենք կարո՞ղ ենք խօսել կրիկն ազգային ազատագրական պայքար սկսելու անհրաժեշտութեան մասին՝ անգամ պետականութեան առկայութեամբ։

— Այսօր Հայաստանի պետականութիւնը զուտ ձեւական բնոյթ է կրում։ Իհարկէ, ձեւականօրէն, Հայաստանը ՄԱԿ-ի, նաեւ այլ միջազգային կառոյցներ՝ ԵԽ, ԵԱՀԿ անդամ պետութիւն է, բայց իրականում, 2020թ. նոյեմբերի 9-ից, յատկապէս 2021թ. յունիսի 20-ից յետոյ Հայաստանը կորցրել է իր հեղինակութիւնը բոլոր ե՛ւ երկրների, ե՛ւ միջազգային կառոյցների համար։ Բոլոր երկրները արհամարհանքով են նայում Հայաստանին, եւ այո՛, նաեւ ողջ հայ ժողովրդին, ոչ այնքան պարտութեան, որքան պարտութիւնից յետոյ, նոյն պարտութեան պատասխանատու իշխանութեանը հանդուրժելու համար։ Այսօր Հայաստանը, որպէս պետութիւն գոյատեւում է, զուտ այլ երկրների շահերի համընկնման շնորհիւ։ Բայց դա չի կարող երկար շարունակուել, եթէ Հայաստանում չկայանայ շուտափոյթ իշխանափոխութիւն։ Եւ, այո՛, այսօր մեզ անհրաժեշտ է ազգային ազատագրական պայքար… չզարմանաք՝ այս անգամ Հայաստանի իշխանութեան դէմ, յանուն հայոց պետականութեան։

— Ներկայ աշխարհաքաղաքական պայմաններում ի՞նչ կերպով հայ ազգը կարող է իրականացնել իր ազգային շահերը։

— Մարդկութիւնը գտնւում է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եթէ ոչ արդէն ընթացքում։ Եւ ինչպէս առաջին աշխարհամարտին, այսօր էլ հայ ժողովուրդին սպառնում է տեղահանութիւն եւ, լեզուս չի պտտւում՝ ցեղասպանութիւն։ Առաջին հերթին, նկատի ունեմ Արցախը, որին կը յաջորդի արդէն Հայաստանի Հանրապետութիւնը։ Եթէ առաջին աշխարհամարտի ժամանակ մենք պետականազուրկ ազգ էինք եւ ինչ-որ տեղ, խիստ պայմանականօրէն, քիչ բան էր մեզանից կախուած, ապա այսօր, պետութեան առկայութեան պայմաններում, վտանգները ոչ միայն չեն չէզոքացւում, այլեւ Հայաստանի իշխանութիւններն իրենց ապիկար, կամ, աւելի հաւանական է դաւաճանական քաղաքականութեամբ նպաստում են դրանց։ Այդ մասին են վկայում բազմաթիւ փաստեր, օրինակ՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին պաշտօնական Երեւանի յայտարարութիւնը։ Այնպէս որ, հնարաւոր հերթական ողբերգութեան դէպքում, այլեւս արտաքին մեղաւորներ չփնտրէք։ Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, փոխանակ էլ աւելի ամրապնդելու ռազմաքաղաքական յարաբերութիւնները դաշնակիցների հետ, ձեռք բերելով նոր դաշնակիցներ, նկատի ունեմ՝ Իրանը, իշխանութիւնն արեց հակառակը, թշնամանալով Ռուսաստանի հետ՝ յոյսը դնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի բարի կամքի վրայ։ Եւ նորից հարց է բարձրանում՝ յո՞ւյս, թէ դաւադրութիւն դարաւոր թշնամիների հետ։ Այնպէս որ, այսօրուայ Հայաստանի իշխանութիւնը ոչ թէ մտահոգուած է մեր ազգային շահերով եւ անվտանգութեամբ, այլ կատարում է մեր թշնամիների բոլոր պահանջները, հարց է՝ ինչի՞ դիմաց… Այնպէս որ, վերադառնանք ձեր առաջին հարցին։ Մեր ազգային շահերը պաշտպանելու համար, առաջին հերթին պէտք է շուտափոյթ հեռացնել այսօրւայ իշխանութեանը։

— Պարոն Իշխանեան, ըստ Ձեզ, ինչպիսի նոր ռազմավարութիւն ու մարտավարութիւն պէտք է մշակուի, որպէսզի հայ ազգը ելնի պայքարի։

— Հարցի պատասխանը շատ ծաւալուն կը լինի։ Փորձեմ, հակիրճ իմ պատկերացումները ներկայացնել։ Հնարաւոր իշխանափոխութիւնից յետոյ, նոր իշխանութիւններին մնալու է ահաւոր բարդ ժառանգութիւն, որը բացարձակապէս չի արդարացնի նրանց որեւէ բացթողում, քանի որ, նրանք այդ ամէնն իմանալով՝ վերցնում են պատասխանատուութիւն։ Նոր իշխանութիւնն առաջին հերթին պէտք է հրաժարուի բոլոր իշխանական արտօնութիւններից՝ կառավարական առանձնատներ, բազմաթիւ թիկնապահներ, ծառայողական մեքենաներ եւ այլն եւ, ինչպէս ասում են՝ թեւերը քշտած, օր ու գիշեր աշխատի։ Արագօրէն շտկի յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Իրանի հետ, դառնալով ոչ թէ վասալային, այլ՝ վստահելի դաշնակից։ Հապշտապ վերականգնել հայոց բանակը, վերադարձնելով փորձառու սպաներին։

Այս ամենին զուգահեռ, անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանի եւ Սփիւռքի տարբեր ոլորտների մասնագիտական խորհուրդներ, մշակելու համար ազգային, պետական ռազմավարական ծրագիր։ Այն պէտք է ներառի, ինչպէս պետական համակարգը, այնպէս էլ կրթական, մշակութային, տնտեսական, ռազմական, նաեւ ռազմարդիւնաբերական եւ այլ ոլորտները։ Այս անհրաժեշտութիւն է, որպէսզի այլեւս հայոց պետութիւնը չվտանգւի, եւ իշխանութեան չգան տգէտ, նիւթապաշտ, չտես, ապազգային փողոցայինները։ Հայաստանը պէտք է լինի խիստ, ազգային օրէնքների իրաւական պետութիւն։ Ես իմ պատկերացումներն ունեմ որոշ՝ պետական կառուցւածքի, կրթական համակարգի վերաբերեալ։

— Մեր իրականութեան մէջ հնարաւո՞ր համարում է ազգբանակ գաղափարը իրականացնել։

— Իմ համոզմամբ, մեր տարածաշրջանում, առանց իրական ազգ-բանակ հայեցակարգ ունենալու, չես կարող որպէս պետութիւն, ոչ միայն հզօրանալ, այլեւ նոյնիսկ՝ գոյատեւել։ Ազգ-բանակ հայեցակարգը պէտք է լինի ազգային ռազմավարութեան առանցքային հարցերից։ Բանակում ծառայելը ոչ միայն ամէն քաղաքացու պարտականութիւնը, այլեւ պատուի հարց պէտք է լինի։ Հայաստանում պէտք տիրի այնպիսի մթնոլորտ, որ նոյնիսկ օրէնքով բանակից ազատուածն, իր շրջապատում իրեն լաւ չզգայ։ Բանակում չծառայածը պէտք է ընդհանրապէս մոռանայ պետական ծառայութեան մասին։ Այնպէս պէտք է կազմակերպել զինուորական ծառայութիւնը, որ այն ոչ թէ դառնայ տարիների անիմաստ կորուստ, այլ այնպիսի մեխանիզմներ ներդրուեն, որ բանակում ծառայող երիտասարդը նաեւ ստանայ համապատասխան կրթութիւն։

Այս հարցում կարելի է օգտուել Շւէեյցարիայի, Իսրայէլի, Սինգապուրի փորձից։

Ուժեղ բանակ ունենալու դէպքում, կունենանք նաեւ յուսալի դաշնակիցներ, բայց նաեւ չենք ապաւինի միայն նրանց աջակցութեանը։ Հակառակ դէպքում, ինչպէս դարերի ընթացքում, կը փնտրենք հովանաւորներ, որոնց հետագայում կը մեղադրենք մեզ դաւաճանելու մէջ եւ կը փորձենք գտնել նոր, աւելի «լաւ, բարի, հայասէր» հովանաւորներ։

Հիմնական աղբիւր՝ yerkir.am