Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ «Ղարաբաղում հայկական անօրինական զինուած խմբաւորումներն ունակ են միայն որոշ մանր սադրանքների, որոնք իրենց համար «շատ վատ» աւարտ կունենան։

Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հասցէին։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ադրբեջանցի նախարարը յայտարարել է հետեւեալը.

«Ղարաբաղի տնտեսական շրջանում մնացած անօրինական հայկական զինուած կազմաւորումները (ԱԶԿ) լուրջ վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, ադրբեջանական բանակի մէկ կորպուսը կարող է դիմակայել դրանց։ Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինուած կազմաւորումների հնարավորութիւնները, որոնք մնացել են Ադրբեջանի ղարաբաղեան տնտեսական գօտու տարածքում։ Մենք գիտենք նրանց թիւը, սպառազինութիւնը, գիտենք նրանց բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թէ ինչի են նրանք ընդունակ։

Վստահեցնում եմ ձեզ, ինչպես նշել է պարոն նախագահը (Ադրբեջան), նրանք բացարձակապէս հնարաւորութիւնն չունեն ադրբեջանական բանակի դէմ որեւէ գործողութիւն իրականացնելու», — ադրբեջանական CBC հեռուստաալիքին տուած հարցազրոյցում ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ «Ղարաբաղում հայկական անօրինական զինուած խմբաւորումներն ունակ են միայն որոշ մանր սադրանքների, որոնք իրենց համար «շատ վատ» աւարտ կունենան։ «Սակայն, եթէ նրանք գնան սադրանքների, որոշեն ինչ-որ անօրինական գործողութիւններ իրականացնել Ադրբեջանի ԶՈւ դէմ, ապա ադրբեջանական բանակի մէկ կորպուսը, նոյնիսկ ոչ ամբողջական, կարող է դիմակայել այդ անօրինական զինուած կազմաւորումներին։

Մենք գիտենք եւ գիտենք, որ ուժերի և միջոցների համայարաբերակցութիւնը (Ադրբեջանի զինուած ուժեր եւ անօրինական զինուած կազմաւորումներ) նրանց օգտին չէ։ Այսպիսով, ստորաբաժանումներից մէկը կարող է զինաթափել այդ ապօրինի զինուած կազմաւորումները»։

Նախարարը նշել է, որ հետախուզական մեծ հնարաւորութիւնների շնորհիւ Ադրբեջանն ունի ամբողջական տեղեկատուութիւն ապօրինի զինուած կազմաւորումների մասին. «Մենք գիտենք նրանց սպառազինութիւնը՝ մի քանի տասնեակ տանկեր, որոնք պահանջում են տեխնիկական վերանորոգում եւ սպասարկում, մի քանի տասնեակ թնդանօթներ, որոնք նոյնպէս խնդիրներ ունեն։

Միանշանակ կարող եմ ասել, որ այդ «ստորաբաժանումները» Ադրբեջանի համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում, նրանց բոլոր հնարաւորությիւնները մանր սադրանքներ են, որոնք նրանք հնարաւոր է ծրագրում են։ Սակայն ես զգուշացնում եմ, որ այդ դէպքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կօգտագործուեն իրենց դէմ՝ համաձայն Ադրբեջանի օրէնքների, ինչը նրանց կստիպի կատարել բոլոր պահանջները»,- ասել է նախարարը։

Միաժամանակ նախարարը նշել է, որ «ակնկալում է , որ այդ կազմաւորումները կգիտակցեն, որ նրանք «այլ տարբերակներ չունեն, պէտք է գործեն միջազգային օրէնքների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում»։

«Այսինքն՝ ճանաչել ադրբեջանական օրէնքները, եւ թէ ով է ուզում  օրինական կարգով ապրել Ադրբեջանի տարածքում, խնդրեմ, թող ապրի, ով չի ուզում՝ ճանապարհը բաց է, կարող են գնալ ու ապրել այնտեղ, որտեղ ուզում են», — ընդգծել է Հասանովը։

Հիմնական աղբիւրը՝ news.am