Այս պահից սկսած Հայաստանի լրատուամիջոցները, իրենց կայքերի, թերթերի առաջին էջերում հրապարակելու են միջազգային կազմակերպութիւններին, երկրների քաղաքական, գիտական, մշակութային, կրօնական շրջանակներին, աշխարհին ուղղուած այս ահազանգը։

Հայաստանի ժուռնալիստների միութեան և հայաստանեան լրատուամիջոցների նախաձեռնութեամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխէ՛ք  Ցեղասպանութիւնն Արցախում: Դադարեցրէ՛ք շրջափակումը» արշաւը, որով  մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանութիւն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատուամիջոցներին, մեդիա-անհատներին, միջազգային և հայաստանեան մեդիա-կազմակերպութիւններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշաւին՝ տարածելով սոյն յայտարարութիւնը, լրատուամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևեալ բաններները՝ այնքան ժամանակ, մինչև կբացուի Արցախը Հայաստանին կապող ԿԵԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ:

«Արցախի՝ կէս տարուց աւելի շարունակուող ադրբեջանական շրջափակումը, իսկ հիմա արդեն՝ ամբողջական մեկուսացումով, հանգեցրել է հումանիտար ծայրայեղ ճգնաժամի: Արցախի 120.000 ժողովուրդը, այդ թուում՝ 30 հազար երեխաներ, ապրում են սննդամթերքի, մանկական կերի, դեղորայքի, բենզինի ու դիզելային վառելիքի, գազամատակարարման բացակայութեան և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, սովի մատնուելու վտանգի պայմաններում:

120.000 արցախցի ամեն օր ապրում է ֆիզիկական բնաջնջման, հայրենիքի կորստի, էթնիկ զտման, իր տնից և բնօրրանից զրկուելու բացայայտ սպառնալիքի ներքոյ: Իւրաքանչիւրութիւն օրուայ հետ իրավիճակը խորացնող ճգնաժամը սպառնում է մարդկային ճակատագրերով. մարդիկ ապրում են կեանքի համար իրական վտանգի պայմաններում՝ լինելով ադրբեջանական ամենօրեայ զինուած շրջափակման ներքոյ, չունենալով բժշկական օգնութեան հնարաւորութիւնն:

Արցախն ապաշրջափակելու՝ միջազգային հանրութեան հռչակագրային կոչերը գործնական հետևանքներ չեն ունենում, և Ադրբեջանն անարգել շարունակում է Արցախի էթնիկ զտման իր մտադրուած հակամարդկային ու յանցաւոր քաղաքականութիւնը:

Հայաստանի լրատուամիջոցները, այս պահից սկսած, իրենց կայքերի, թերթերի առաջին էջերում հրապարակելու են միջազգային կազմակերպութիւններին, երկրների քաղաքական, գիտական, մշակութային, կրօնական շրջանակներին, աշխարհին ուղղուած այս ահազանգը՝ փորձելով հրաւիրել բոլոր նրանց ուշադրութիւնը, ովքեր մարդուն, մարդկային կեանքը վեր են դասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահից:

Այս նախաձեռնութեամբ մենք՝ զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներս, կատարում ենք մեր քայլը՝ մարդկային կեանքեր փրկելու անյետաձգելի գործում:

Վաղը կարող է ուշ լինել»:

Հիմնական աղբիւրը՝ 168.am